Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Գլխավոր դատախազը Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի հետ հանդիպմանը կարևորել է առաքելության դերը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ լուծելու առումով

Գլխավոր դատախազը Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահի հետ հանդիպմանը կարևորել է առաքելության դերը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ լուծելու առումով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին: ՀՀ գլխավոր դատախազությունը 1999 թվականի մայիսի 17-ից անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի փոխնախագահին հրավերն ընդունելու համար և կարևորել Ասոցիացիայի դերն ու առաքելությունը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով: «Առավելապես կարևորում ենք Ասոցիացիայի կողմից անցկացված տարեկան համաժողովները, որին ՀՀ դատախազությունն ապահովում է իր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հատկանշական համարել Ասոցիացիայի կողմից հրատարակվող ամենամյա պարբերականը, որում ներառվում են հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների դատախազությունների փորձի վերաբերյալ տեղեկություններ: Աննա Վարդապետյանը կարևորել է նաև կայանալիք համաժողովին Ասոցիացիայի փոխնախագահի ներկայությունը և ընդգծել հանցավորության դեմ պայքարի համընդհանուր գերնպատակի իրականացման ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունը:
18:33 - 30 հունիսի, 2023
Խորվաթիայի գլխավոր դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը. Աննա Վարդապետյան

Խորվաթիայի գլխավոր դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած  Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել խորվաթ գործընկերոջը հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդումը՝ միտված երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, տնտեսական, մշակութային, պատմական և իրավական կապերի զարգացմանը: «1994 թվականին՝ Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո, մեր երկրների հարաբերությունները նոր ընթացք են ստացել: Կնքվել են համաձայնագրեր՝ տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Բացառություն չի կազմում նաև իրավական ոլորտը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ Խորվաթիայի գլխավոր պետական դատախազի տեղակալի Հայաստան կատարած այցը խորհրդանշում է երկու երկրների, այդ թվում՝ դատախազությունների միջև համագործակցության բարձր մակարդակը, այդ թվում՝ հանցավորության դեմ պայքարում միասնական դիրքորոշումը, որը հիմք է հանդիսանում հետագա գործընկերության զարգացման համար:
18:01 - 30 հունիսի, 2023
Հայաստանի գլխավոր դատախազն Էստոնիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Հայաստանի գլխավոր դատախազն Էստոնիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրես Պարմասի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել էստոնացի գործընկերոջը հրավերն ընդունելու և հերթական անգամ Հայաստան այցելելու համար՝ հավելելով, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների խորացումը՝ այդ թվում իրավական ոլորտում՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների: Հաշվի առնելով Անդրես Պարմասի մասնագիտական գործունեության հարուստ փորձը և որպես Էստոնիայի դատական իշխանության պարբերականի գլխավոր խմբագրի փորձառությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է էստոնացի գործընկերոջն ընդգրկվել ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում: ՀՀ գլխավոր դատախազը վստահությամբ ընդգծել է, որ Անդրես Պարմասի մասնագիտական ներդրումը կնպաստի նաև այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանը և իրավաբանության արդի հարցերի վերաբերյալ նորարարական մոտեցումների ձևավորմանը:
16:46 - 30 հունիսի, 2023
Գլխավոր դատախազը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Գլխավոր դատախազը Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի գրասենյակի ղեկավար Սեբաստիեն Մորասը և գործադիր տնօրենի գրասենյակի ավագ խորհրդական Իլյա Պուլովը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախաղությունից՝ ողջունելով հյուրերին՝ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցութունը՝ այդ համատեքստում կարևորելով 2021 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպոլի միջև կնքված աշխատանքային պայմանավորվածության համաձայնագիրը՝ ուղղված ԵՄ անդամ երկրների և ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը։ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության դերը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում, Դատախազության առաջնահերթություններն ու ողջունել համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հույս հայտնելով, որ դրանք կնսպաստեն հանցավորության դեմ արդյունավետ պայքարին հատկապես փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պատերազմական հանցագործությունների բացահայտման համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
15:07 - 27 հունիսի, 2023
Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը

Գլխավոր դատախազը հանցանքի մասին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ որպես վերջին միջոց, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանի ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությանը՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար: ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները ՀՀ գլխավոր դատախազի համակարգման ներքո են: Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ դեպքի առթիվ 2023 թվականի հունիսի 8-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նախաքննությունը շարունակելու համար այն ուղարկվել էր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Վերը նշված վարույթով Կարեն Ալավերդյանը ճանաչվել է տուժող, որոշում է կայացվել նրա վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միջոցներ են ձեռնարկվել դեպքի վայրում տեսագրող սարքերի առկայությունը պարզելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Միաժամանակ, 2023 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել էր մեկ այլ քրեական վարույթ, որի նախաքննությամբ հավաքված ապացույցների հիման վրա՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանին և նրա վստահորդ Գ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), վստահորդի եղբայր Ա.Բ.-ին և Հ.Վ.-ին ևս մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 - 26 հունիսի, 2023
Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:  Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել առաքելության ընթացքում դեսպանի ներդրումը հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու, երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը սերտացնելու գործում և վստահություն հայտնել, որ դեսպան Զոհուրիի մասնագիտական հարուստ փորձը և պատրաստվածությունը շարունակաբար կնպաստեն բարեկամ երկրի բարօրության զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման և արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
20:53 - 22 հունիսի, 2023
Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
 |panorama.am|

Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին |panorama.am|

panorama.am: Այսօր փաստաբանները ակցիա իրականացրեցին գլխավոր դատախազության շենքի դիմաց։ «Գլխավոր դատախազին նվիրեցինք «բաց ալիքներով» հեռուստացույց, որպեսզի հնարավորություն ստանանա Հ1-ից բացի այլ ալիքների հետևի և տեղեկանա, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում»,-ակցիայից մանրամասներ է երկայացրել փաստաբան Արսեն Բաբայանը՝ հիշեցնելով,  որ Ազգային Ժողովում Աննա Վարդապետյանը հայտարարել է՝  տեղյակ չի փաստաբանների այդ դեպքերից: Հիշեցնենք, որ մի խումբ փաստաբաններ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ հատուկ նվեր են փոխանցելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ գլխավոր դատախազությունում: Նշվում էր, որ նվերը կապված է գլխավոր դատախազի կողմից փաստաբանների ծեծի նկատմամբ դրսևորած անտարբերության հետ: Հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվել:
16:11 - 19 հունիսի, 2023
Աննա Վարդապետյանը Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ հանդիպմանը բարձրացրել է հումանիտար պահանջների լիարժեք կատարման հարցը

Աննա Վարդապետյանը Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ հանդիպմանը բարձրացրել է հումանիտար պահանջների լիարժեք կատարման հարցը

Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հումանիտար պահանջներն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու, իրավիճակն էսկալացնելու փորձերի կապակցությամբ։ «Հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են։ Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում Հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի պահանջները»,- նշել է Աննա Վարդապետյանը։ ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ Երասխ բնակավայրի մոտ և Տեղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ բացած կրակին՝ ընդգծելով, որ դրանք դատապարտող հստակ գնահատականի բացակայության, Ադրբեջանում պահվող անձանց չվերադարձնելու, ինչպես նաև Հայտարարությունից բխող այլ պայմանավորվածությունները չկատարելու ուղղակի հետևանք են։ «Ձեռքբերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումը թույլ կտար խուսափել նման դեպքերից։ Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպման ավարտին վերահաստատել է Հայաստանի առաջնահերթությունը՝ ուղղված մարդասիրական պահանջների կատարմանը և շեշտել, որ այդ պահանջներն առ այսօր Ադրբեջանի կողմից ամբողջությամբ կատարված չեն:
10:05 - 16 հունիսի, 2023
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը Համաժողովի հրավերի համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։ Աննա Վարդապետյանը կարևորել է նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, նախատեսված է դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ: Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։
17:34 - 15 հունիսի, 2023
Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ՝ հաստատված է համարվել Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կարգապահական խախտման առկայությունը, մեղավորությունը և դրական եզրակացություն է տրվել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությանը: Նախքան Գլխավոր դատախազի կողմից կարգապահական տույժ նշանակելը՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Գլխավոր դատախազի 2023 թվականի հունիսի 12-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց համապատասխան թույլտվության և հարգելի պատճառի, չորս օր աշխատանքի է ներկայացել ուշ՝ ժամը 14:00-ի, 14:15-ի, 14:20-ի և 15:30-ի սահմանում: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքային ժամին ծառայողական աշխատասենյակում, աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն չկապված տեսանյութ է նկարահանել և հրապարակել սոցիալական կայքում, որը տարածվել է համացանցում:
09:54 - 15 հունիսի, 2023
Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից՝ խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։ Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Աննա Վարդապետյանը հանձնարարել է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու նոր լիազորության շրջանակում ակտիվացնել ուսումնասիրություններն ու քայլեր ձեռնարկել՝ օրենքի խախտումներով օտարված հողերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ:
17:15 - 14 հունիսի, 2023
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Դատախազությունից հայտնում են, որ այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան և ընդգծել, որ համագործակցությունը զարգացնելուն ուղղված մեծ ներուժ կա եղբայրական պետությունների դատախազությունների միջև: Աննա Վարդապետյանը շնորհավորել է վրաց գործընկերոջը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար: Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը և ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը և գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին և քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու և ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են՝ կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է ընդհանուր «թշնամու»՝ հանցավորության դեմ պայքարում համագործակցված աշխատանքի և ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը:  
13:59 - 31 մայիսի, 2023
Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 19-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի սաներին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում առկա մարտահրավերներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առանձնահատկություններին, ինչպես նաև ատելության խոսքի պատժմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերին: Դպրոցի 22 սաների հետ հանդիպմանը մասնակցել են նաև հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը և դպրոցի համակարգող Անուշիկ Մկրտչյանը: Աննա Վարդապետյանը ողջունել է դպրոցի սաներին և շնորհակալություն հայտնել՝ հանդիպումը նախաձեռնելու համար: Գլխավոր դատախազը քննարկման մասնակիցներին ներկայացրել է դատախազության լիազորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ընդգծելով, որ դատախազությունը, թեև ընդունված ընկալման տեսանկյունից սահմանափակում է մարդկանց մի խմբի իրավունքները, սակայն, դրա հետ մեկտեղ, պաշտպանում է մեկ այլ խմբի՝ տուժողների իրավունքները: «Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ: Երբ գնում եմ մարզային այցերի, չհայտարարված այց եմ կատարում նաև տուն-ինտերնատներ և խնամքի կենտրոններ: Դա ոչ միայն իմ՝ որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ նաև որպես ՀՀ քաղաքացու վերաբերմունքն է: Ինչո՞ւ, որովհետև ես վստահ եմ, որ դատախազությունն այն անձանց ձայնն է, ում իրական ձայնը շատ ցածր է հնչում հասարակության մեջ՝ պայմանավորված նրանց խոցելի կարգավիճակով և կյանքի դժվարին պայմաններով: Երբ խոսքը վերաբերում է տուն-ինտերնատներին և խնամքի կենտրոններին, պատճառված վնասի չափը կարևոր չէ. նույնիսկ մեկ դրամի չարաշահումը Դատախազության համար պատժելի վարքագիծ է»,- նշել է Աննա Վարդապետյանը: Այս համատեքստում, որպես օրինակ, գլխավոր դատախազն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին Աբովյան քաղաքում գործող «Նարեկ» մասնավոր խնամքի կենտրոն կատարված չհայտարարված և չլուսաբանված այցին, ինչպես նաև Գավառի մանկատուն կատարված այցին հաջորդած պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու գործընթացին (այցի ընթացքում մանկատանը պատկանող հարակից այգում մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույք էր արձանագրվել): Անդրադառնալով պետական և արդեն համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահմանն առնչվող քրեական վարույթներին զուգահեռ, օրինակ՝ երբ օտարման ոչ ենթակա տարածքը օտարվել է երրորդ անձի, Դատախազությունը հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով այդ գույքը վերադարձնել պետությանը (համայնքին): Աննա Վարդապետյանն, ի պատասխան քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ընթացքում առաջացող մարտահրավերները հաղթահարելու հարցին, առանձնացրել է պայքարի երկու ուղղություններ՝ քրեաիրավական խիստ գնահատական կատարված արարքին, դրա դատապարտում և հասարակության անդամների արժեքային համակարգի փոփոխմանն ուղղված աշխատանքներ: Ատելության խոսքի, բռնության կոչերի բացառման հարցում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է հանդուրժողականության անհրաժեշտությունը: «Հանդուրժողականությունը մարդկության ամենամեծ ձեռքբերումներից է: Դրա շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կան իրավունքներ: Եթե բռնությանը հակազդում ես բռնությամբ, ծնում ես երրորդ բռնությունը, որն ավելի ռեպրեսիվ է լինելու: Բռնության արդյունավետ հակազդումը միայն օրենքով սահմանված անխուսափելի և արագ պատիժն է: Մեր առօրյա խոսքը՝ կենցաղում թե սոցիալական հարթակներում, պետք է լինի բարեկիրթ ու հանդուրժող: Մենք կարող ենք համաձայն չլինել զրուցակցի հետ, բանավիճել, բայց այդ ընթացքում իրար չվիրավորել, խտրական վերաբերմունք ցույց չտալ միմյանց նկատմամբ: Սա երկար ճանապարհ է, որը բոլորս պետք է սկսենք անցնել», - ընդգծել է Աննա Վարդապետյանը և պատասխանել Դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին:
13:35 - 20 մայիսի, 2023
Աննա Վարդապետյանը և ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

Աննա Վարդապետյանը և ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը դրական է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության առկա մակարդակը, Դատախազության կարիքների շուրջ շարունակական երկխոսությունը և անդրադարձ է կատարել գործընկերության ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ամերիկացի գործընկերների աջակցությունը Հայաստանի դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում և կարևորել է դատախազների շարունակական վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման ուղղություններով: Գլխավոր դատախազն ընդգծել է նաև Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանձնման մասին երկկողմ պայմանագիր կնքելու շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն թույլ կտա առավել արդյունավետ համագործակցել հետախուզվող անձանց հանձնման գործընթացում. Դրա արդյունքում ՀՀ-ում հանցանք կատարած և ԱՄՆ տեղափոխված անձինք չեն խուսափի արդարադատությունից:   Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև դատախազների գործունեության և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է այդ կապակցությամբ տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունները: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման և Դատախազության առաջնահերթությունները ներկայացնելու համար: Ջեյմս Էփլգեյթը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ շփման մակարդակը և Աննա Վարդապետյանի հետ քննարկել է մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները:
17:13 - 16 մայիսի, 2023