Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Համաշխարհային ֆորումին ՇՄ նախարարի տեղակալը ներկայացրել է ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով ՀՀ կողմից իրականացվող միջոցառումները

Համաշխարհային ֆորումին ՇՄ նախարարի տեղակալը ներկայացրել է ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով ՀՀ կողմից իրականացվող միջոցառումները

Մայիսի 18-ից 25-ը Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Ֆորումին մասնակցել են 160 երկրներից շուրջ 20․000 պատվիրակներ։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ֆորումի շրջանակներում մայիսի 19-21-ը անցկացված նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով: Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրպետության կողմից իրականացվող միջոցառումները՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ կառավարմանն ու վերականգնմանը: Նախարարի տեղակալը կարևորել է քաղաքական, տնտեսական, գիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումին՝ միտված ջրային ոլորտի կառավարմանը սպառնացող հրատապ մարտահրավերների բացահայտմանն ու կարգավորմանը: Հանդիպման շրջանակում ընդունվել է «Ջուրը՝ հանուն ընդհանուր բարգավաճման» խորագրով նախարարական հռչակագիրը:
13:32 - 30 մայիսի, 2024
Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը` 08։00 դրությամբ

Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը` 08։00 դրությամբ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 28-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում։ «Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 46 մ3/վ-ով և կազմել 142 մ3/վ, Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը նվազել է 8.10 մ3/վ և կազմել 55.4 մ3/վ, Գարգառ դիտակետում նվազել է 23 մ3/վ-ով և կազմել 57.7մ3/վ, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 28-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ նվազել է 11.2 մ3/վ-ով և կազմել՝ 44.0 մ3/վ, Տաշիր գետում ջրի ելքը նվազել է 0.60 մ3/վ-ով և կազմել՝ 16.0 մ3/վ։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 12.4 մ3/վ, որը մայիսի 28-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 1.1 մ3/վ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի 08։00-ի դրությամբ մայիսի 28-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 11.5 մ3/վ-ով և կազմել է 62.0 մ3/վ»,-նշված է հաղորդագրության մեջ։
10:30 - 29 մայիսի, 2024
Արդյո՞ք հնարավոր չէր կանխատեսել հեղեղումները․ Գագիկ Սուրենյանի մեկնաբանությունը
 |factor.am|

Արդյո՞ք հնարավոր չէր կանխատեսել հեղեղումները․ Գագիկ Սուրենյանի մեկնաբանությունը |factor.am|

factor.am: «Մայիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով սպասվող ինտենսիվ անձրևների մասին մայիսի 24-ի առավոտյան հատուկ նախազգուշացում ենք տարածել, ինչպես նաև տեղեկագրով հայտնել բոլոր գերատեսչություններին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Factor.am-ը Սուրենյանին հարց էր ուղղել՝ ինչպես է վերաբերվում այն քննադատություններին, որ հնարավոր հեղեղումների մասին պատշաճ չի ծանուցվել։ Factor.am-ն ուսումնասիրեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունները՝ պարզելու, թե առատ տեղումների և հնարավոր հեղեղումների մասին ինչ բնույթի ծանուցումներ են եղել։ Մայիսի 24-ին տարածված հաղորդագրության մեջ ասված է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ»։ Նշենք, որ հաղորդագրության մեջ թեև խոսվում է սպասվող ինտենսիվ անձրևների մասին, սակայն հնարավոր հեղեղումների մասին խոսք չկա։ Ըստ Սուրենյանի՝ իրենց տարածած հաղորդագրությունն, ըստ էության, ենթադրում էր, որ հանրապետության առանձին գետերում հնարավոր են գետերի ելքերի զգալի մեծացում։ Այդուհանդերձ, Factor.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եղել են այլ դեպքեր, երբ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը գետերից վտանգավոր ելքերի և հնարավոր հեղեղումների մասին հստակ նախազգուշացումներ է հրապարակել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:41 - 28 մայիսի, 2024
Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել

Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տվյալներ է ներկայացրել, թե ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը մայիսի 28-ի ժամը 8:00 դրությամբ։ «Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 խոր. մ/վ-ով և կազմել 214 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 խոր. մ/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 75.5 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 խոր. մ/վ), որը 10 խոր. մ/վ-ով ավել է մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 27-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 11.2 խոր. մ/վ-ով և կազմել 61.4 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 խոր. մ/վ), Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 խոր. մ/վ-ով և կազմել՝ 28.3 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 խոր. մ/վ)։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 16.0 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 խոր. մ/վ), որը մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 4.4 խոր. մ/վ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 28-ի 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 6.5 խոր. մ/վ-ով և կազմել է 86.0 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 խոր. մ/վ)։ Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 28-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 6.90 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 խոր. մ/վ): Անցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7 մմ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության
11:57 - 28 մայիսի, 2024
Երեկվա համեմատ այսօր դիտվել է ջրի մակարդակների նվազում․ ՇՄՆ

Երեկվա համեմատ այսօր դիտվել է ջրի մակարդակների նվազում․ ՇՄՆ

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 50 սմ-ով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։ Կիրանց գետի ավազանում 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 08։00-ին դիտված ջրի մակարդակը մայիսի 26-ի 08։00-ի մակարդակի համեմատ նվազել է 125 սմ-ով։ Ինչ վերաբերում է թափված տեղումների քանակին՝ մայիսի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում ու Տավուշում դիտվել է 40-54մմ անձրև, իսկ 26-ի ցերեկը և 27-ի գիշերը տեղումների քանակը կազմել է 2-7մմ, որը 38-47մմ պակաս է նախորդ օրը դիտված տեղումների քանակից։
10:21 - 27 մայիսի, 2024
Մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են․ ՇՄՆ

Մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկություն է տարածել Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների վերաբերյալ։ Ավելի վաղ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտարարել էր, որ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։ Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված՝ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։ Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։ Այսպես՝ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ, Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ, Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։ Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին` Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 759 մ3/վ, Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 395 մ3/վ,Տաշիր-Սարատովկա դիտակետում՝ 112 մ3/վ։ Արդյունքում ստացվում է որ նշված դիատկետերում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։ Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին՝ մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հետևում է իրավիճակին և ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
14:15 - 26 մայիսի, 2024
Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել
 |hetq.am|

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները։ Դրանցից երկուսը քանդվել են, ապա՝ վերականգնվել, մյուս երկուսը քանդվել են երկու անգամ և դեռևս չեն վերականգնվել։ Հայտնի չէ, թե ում միջոցներով պետք է վերականգնվեն։ Նախարարությունը քողարկում է իր աշխատակիցների անփութությունը եղանակային անբարենպաստ պայմաններով, ջերմատներ կառուցող ընկերությունը՝ մեղադրում անտառտնտեսությանը։  Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և ածխածնի կրճատմանը: Դրա շրջանակներում Հայաստանի կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ֆինանսավորվում են միջազգային դոնորների կողմից։ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կանաչ կլիմայի հիմնադրամի միջոցներով իրականացվում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Դրա իրականացմանը մասնակցում են նաև Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բոլցանո ինքնավար նահանգը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Ութամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է։ Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Կանաչ կլիմայի հիմնադրամն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 2 194 080 000 դրամ (շուրջ 5,5 մլն դոլար)։ Իրականացման պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է։ Ծրագրի նպատակն է նվազեցնել վառելափայտի պահանջարկը և ներդնել կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ, 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: Ծրագրի թիրախային տարածքներն են՝ Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև՝ անտառային կարևոր էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ «Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմում և հարմարվողականություն՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչի շրջանակներում փակ արմատային համակարգով տնկիներ աճեցնելու նպատակով պետք է կառուցվեր 500 քմ մակերեսով 6 ջերմատուն։ Ջերմատները կառուցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդան», «Սիսիան» և «Տաշիր» մասնաճյուղերի տարածքներում, որոնք 2022-2023թթ․ հանձնվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարմանը։ Սակայն դրանցից 4-ն այդպես էլ չի ծառայել իր նպատակին և չի գործել։ Տաշիրում կառուցված 2 ջերմոցները երկու անգամ քանդվել են ուժգին քամիներից, վերջին անգամ՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին։ Սիսիանում կառուցված ջերմոցը նույնպես քանդվել է այս ձմռանը՝ ձյան բեռնվածությանը չդիմակայելու պատճառով։ Գործում են միայն Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցները։ Շրջակա միջավայրի նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չեն գործել ջերմատները, հայտնել է, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կառուցված ջերմատները փորձարկումից հետո հանձնման-ընդունման ակտով փոխանցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կառավարմանը: «2023 թվականի դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը Սիսիանի տարածաշրջանում տեղացած առատ ձյան և քամու պատճառով «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա և նույն թվականի դեկտեմբերի 28-ին ուժգին քամիների պատճառով «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա ջերմատներն ամբողջովին վնասվել և քանդվել են։ Դրանք շահագործման ենթակա չեն եղել, ինչպես նաև նպատակահարմար չի եղել դրանց վերակառուցումը»,- գրությամբ հայտնել է ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։  Ով է կառուցել ջերմոցները Ջերմատների կառուցման մրցույթը հայտարարվել է 2022 թվականի հունիսի 2-ին։ Մրցույթին մասնակցել է 2 կազմակերպություն՝ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ն՝ 73 980  հազար դրամ գնային առաջարկով և «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն՝ 78 980 հազար դրամ գնային առաջարկով (շուրջ 200 հազար դոլար)։  ՇՄՆ-ն մեզ հայտնել է, որ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը մերժվել է, քանի որ չի համապատասխանել գնման ընթացակարգի հրավերի պահանջներին, մասնավորապես` ներկայացված հայտում բացակայել է հայտի ապահովման փաստաթուղթը։ 2022 թվականի հունիսի 13-ին գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՎԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն` որպես հրավերի պահանջներին բավարարող միակ մասնակից, որի հետ հուլիսի 15-ին կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր։ «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունիսի 2-ին, հիմնադիրը և միանձնյա բաժնետերը Վարդան Ասլանյանն է։ Ըստ նրա՝ ջերմոցների քանդման պատճառը Տաշիրի դեպքում՝ բնության, իսկ Սիսիանի դեպքում՝ մարդկային գործոնն է եղել, ոչ թե ձյունը կամ կառուցված ջերմոցի անորակությունը։ Իրենց կառուցած ջերմոցներն ու դրանցում առկա սարքավորումները փորձարկել և ընդունել է հատուկ հանձնաժողովը՝ 8-10 հոգուց բաղկացած, և եթե որևէ բան անորակ կամ վատ կառուցած լինեին, ապա հանձնաժողովը պարզապես չէր ընդունի։ Ջերմատների կառուցման տեխնիկական առաջադրանքի մշակման համար, ըստ ՇՄՆ-ի, հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշումը` փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների չափանիշները։ Կառավարության նշված որոշումը փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին է, որը պետք է նպաստեր գյուղատնտեսությունում տնտեսվա­րողների եկամուտների ավելացմանը։ Այս նպատակի իրագործման համար տնտե­սվա­րողներին ցուցաբերվել է պետական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխ­հատուցման միջոցով: Կառավարության նշված որոշման մեջ խոսվում է միայն գյուղատնտեսական բերքի՝ միրգ-բանջարեղենի մշակման, այլ ոչ թե բույսերի կամ տնկիների աճեցման ջերմատների մասին։ Այդուհանդերձ, Կառավարության որոշման հավելվածում հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչներում նշվում է, որ քամու դեմ դիմադրողականությունը պետք է լինի առնվազն 90 կմ/ժ (25 մ/վ), իսկ ձյան բեռնվածությունը՝ առնվազն 30 կգ/մ2։    Ինչու են քանդվել ջերմոցները Սիսիանում 2023թ․ դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով քանդվել են «Սիսիանի անտառտնտեսության» հաշվեկշռում եղած 2 ջերմատները։ Ջերմոցների քանդվելու պատճառը, ըստ ՇՄՆ-ի, միմիայն եղանակային պայմաններն են։ Սակայն կառուցող կազմակերպության հիմնադիրը մեղադրում է նաև Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցներին։ «Սիսիանի ջերմոցների փլուզման պատճառը Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի անփութության արդյունքն է»,- ասում է «ՎԷՍ Գրուպ»-ի հիմնադիր Վարդան Ասլանյանը։  Նրա խոսքով՝ Սիսիանի տարածաշրջանը 50-70 կգ-անոց ձյան բեռնվածության սանդղակում է։ Ջերմոցները կառուցված են եղել հատուկ նախագծով, եղել են տեխնիկական հագեցված հատուկ միջոցներ, որոնք պետք է տեղումների ճնշումները թուլացնեին։ Դրանք երկշերտ թաղանթապատ ջերմոցներ են, տեղադրված է հատուկ համակարգ, և երկու շերտի արանքում օդ է ներարկվում, այդ համակարգի միջոցով պոլիէթիլենն ավելի է ձգվում, ամրանում, և տեղումները վրայից արագ թափվում են։ Տեղադրված է եղել նաև երկնշանակության վառարան, որը կարող էր աշխատել գազով և դիզելով։ Այդ վառարանը տեղումների ժամանակ պետք է գործեր, որպեսզի ձյունը հալվեր և թափվեր պոլիէթիլենի վրայից։ Սիսիանի անտառտնտեսությունը պատճառաբանել է, թե տարածքը գազիֆիկացված չէ, դրա համար ջերմոցը չի գործում, սակայն Ասլանյանը պնդում է, որ եթե գազ չկար, վառարանը պետք է աշխատեր դիզելով։ «Ինչո՞ւ ոչ նա, ոչ էլ մյուսը չեն գործածվել։ Այդ իսկ պատճառով առաջացել է փլուզում»,- նկատում է կառուցող ընկերության հիմնադիրը։ Վառարանները գործի չդնելը, ըստ Ասլանյանի, անտառտնտեսության աշխատակազմի բացարձակ անփութության հետևանք է։ Ավելին, Ասլանյանը պնդում է, որ յուրաքանչյուր տնտեսություն պետք է ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացներ, մանավանդ, եթե ջերմոցները չեն գործել։ «Մենք կառուցել ենք 6 ջերմոց, նույնը եղել է Հրազդանում՝ Ծաղկաձորի կողքին, ինչո՞ւ Ծաղկաձորում չի փլուզվել, իսկ Սիսիանում փլուզվել է։ Որովհետև Հրազդանի տնտեսության ղեկավարությունն ու աշխատողները սրտացավ մոտեցում են դրսևորել, ձյուն է գալիս կամ տեղում է լինում, անմիջապես կատարում են համապատասխան աշխատանքներ։ Սիսիանի աշխատակազմը բացարձակ մատը մատին չի տվել, դրա վառ ապացույցն այն է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացրել։ Ամբողջ խողովակաշարը, պոմպակայանները տրաքել էին, որովհետև ջուրը մնացել էր մեջը մեր փորձարկման ժամանակվանից ի վեր։ Մենք վերականգնել ենք ջերմոցները, հիմա ինչո՞ւ չի գործում, որովհետև խողովակաշարը վնասված է, և ես ասել եմ՝ ինքներդ փոխեք, դրեք, որ աշխատի»,- բարկանում է Վարդան Ասլանյանը։ Ավելին, Վարդան Ասլանյանը հիշեցնում է, որ նույն ջերմոցից շուրջ 1 կմ հեռավորությամբ իրենք գյուղնախարարության մրցույթով հաղթած, Գյուղինստիտուտի համար նախատեսված նույնատիպ ջերմոց են կառուցել, որը նույն ձյան բեռնվածության պարագայում չի քանդվել, որովհետև համապատասխան միջոցառումները կատարվել են։  Սիսիանի անտառտնտեսությունը ղեկավարում է Տիգրան Համբարձումյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Մեզ հետ զրույցում Տիգրան Համբարձումյանը վստահեցրեց, որ ապրիլի 18-ից ջերմոցները գործում են, ցանքսը սկսել են՝ մոտ 50 հազար տնկի են դրել, սեզոնային բանվորներ են ընդունել աշխատանքի, ջերմոցն արդեն վարիչ ունի։ Ահա նրա հետ մեր հեռախոսազրույցը․  -Պրն Համբարձումյան, կառուցապատողը անտառտնտեսության աշխատակիցների անփութությանն է վերագրում ջերմոցի քանդմանը փաստը։ Ասում է, որ չեն գործարկել վառարանները, և դրա պատճառով ձյունը չի հալվել պոլիէթիլենի վրայից։  -Նման բան չկա, ես չգիտեմ, թե ով ինչ է ձեզ ասել, կարող եք գալ, մեր ջերմոցները տեսնել, ջերմոցները սաղ աշխատում են, ջուրը ընտիր գալիս է, հոսանքը ընտիր կա։  -Հիմա է աշխատում, բայց ինչո՞ւ է քանդվել։  -Հիմնարկում գազ չկա, այդ տարածքում ընդհանրապես գազ չկա, նախ՝ իրան դրած է գազի վառարան, որ պիտի գազով վառվեր, որ փչեր ցելոֆանները։ Շատ ձյուն գալու հետևանքով ջերմոցը վնասվել է, որը որ կարգավորվել է։ Ո՞վ է ասում, որ քանդվել ա, փլվել է։  -Գազ չկար, բայց վառարանները կարող էին դիզելով գործել։  -Մենք ընդհանրապես չենք փորձել, ես չգիտեմ, որովհետև կառուցապատողը պտի միացներ, փորձարկեր, կարմիր կնոպկան սեղմեր, հանձներ մեզ։ Քանի որ նման բաներ չի եղել, մենք չգիտենք՝ կաշխատեր, թե չէր աշխատի, որովհետև գաղափար չունենք։ Բայց ինչը որ էդպես լեգենդեր են պատմում, որ ջերմոցը չկա, նման ինֆորմացիան սուտ է։  -Եթե ջերմոցների հանձնման-ընդունման գործընթաց է եղել, ուրեմն «Հայանտառը» դրանք ընդունել է․․․ -Ես չգիտեմ՝ ով է հանձնման-ընդունման ակտը ստորագրել կամ ընդունել են, չեն ընդունել, ես տեղյակ չեմ։ Ես ընդամենը տեղամասի տնօրեն եմ, ոչ էլ ջերմոցների էդ ժամանակ պատասխանատու եմ եղել, քանի որ ջերմոցներն էդ ժամանակ ավարտ չեն ունեցել, ինձ թղթով չեն հանձնել, ես ո՞վ եմ, որ ասեմ․․․ -Հիմա հանձնվե՞լ են թղթով, որ Դուք կառավարում եք և աշխատեցնում։ -Ջերմոցները չեն հանձնել, ոչ։  -Ուրեմն հիմա ինչո՞ւ եք կառավարում, եթե չեն հանձնել։ -Ո՞նց, բա սերմերը էդքան հավաքել են, հո չէի՞նք փչացնելու։ -Բայց ասում եք՝ չէին հանձնել, չեք կառավարել, հիմա ինչպե՞ս եք կառավարում, եթե չեն հանձնել։ -Ես չեմ կառավարում, կա ջերմոցի վարիչ, կգաք էդ հարցերն իրան կտաք։ -Դուք չե՞ք անտառտնտեսության ղեկավարը։ -Կապ չունի, ջերմոցի վարիչ կա․․․ Տիգրան Համբարձումյանն անջատեց հեռախոսը։  Ջերմոցները կառուցած «ՎԷՍ Գրուպ» ընկերության հիմնադիր Ասլանյանն էլ հավաստիացնում է, որ իր բարի կամքի դրսևորմամբ և կազմակերպության միջոցներով Սիսանի ջերմոցները 100 %-ով արդեն վերականգնված են։  Թե ինչու է բարի կամք դրսևորել, կամ արդյոք կազմակերպությունը հավելյալ միջոցցներ ուներ ջերմոցները կրկին նորոգելու այն պարագայում, երբ իրենք մեղավոր չէին, Վարդան Ասլանյանը պատասխանում է․ «Նվիրատվություն եմ արել։ Անիմաստ է դա քննարկելը»։ Տաշիրում ջերմոցները երկու անգամ են քանդվել Տաշիրի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցների կրած վնասների հետևանքները վերացնելուց երկու ամիս անց՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին դրանք կրկին քանդվեցին։ Այդ օրն աննախադեպ քամիների  հետեւանքով Տաշիրում պոկվել են տանիքներ, եղել են մի շարք այլ ավերվածություններ։  Վարդան Ասլանյանը հաստատում է, որ ջերմոցները կառուցված են վայրկյանում 25 մ/վ քամու ուժգնության դիմակայունությամբ։ Սակայն Տաշիրում այդ օրը քամու ուժգնությունը եղել է 37 մ/վ։ Առաջին անգամ քանդվելուց հետո ամրացրել էին և դարձրել մինչև 30 մ/վ դիմակայունության, սակայն 37 մ/վ չէին կանխատեսել։  Կառավարության նույն որոշման հավելվածում նշվում է, որ ջերմատան հիմքերը պետք է տեղադրվեն առնվազն 80 սմ խորությամբ՝ բետոնային ամրակցմամբ։  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության ղեկավար Ռուբեն Վելիցյանը մեզ հետ զրույցում նշում է, որ անտառային տարածքներում բետոնե հիմքեր իրականացնել չի թույլատրվում, սակայն, հաշվի առնելով Տաշիրում խիստ քամիները, ջեմատան կառուցման ժամանակ որոշվել է գոնե սյուներն ամրացնել բետոնով։ Ռուբեն Վելիցյանն, այդուհանդերձ, հաստատում է, որ քանդվելու պատճառը միմիայն աննախադեպ քամին է եղել։ Սակայն, եթե հարևանությամբ գտնվող պահակակետի տանիքը չպոկվեր, ջերմոցին վնաս չէր հասցվի։ Պահակակետի տանիքը պոկվել և պատռել է ջերմոցի պոլիէթիլենը։  «Ջերմոցների կարևոր տեխնիկան, այսինքն իրենցից բարձր արժեք ներկայացնող գույքը չի վնասվել, տեղափոխվել է պահեստ։ Վնասվել են երկաթե կոնստրուկցիաները և պոլիէթիլնային թաղանթը։ Վերականգնման ենթակա միայն դրանք են։ Նախատեսվում է տարեվերջին ավարտել վերականգնումը և հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսությանը»,-ասում է Ռուբեն Վելիցյանը։ Նա վստահեցնում է, որ թանկարժեք ու ջերմոցի համար հիմնական գույք հանդիսացող պարագաները չեն վնասվել, հետևաբար, վերականգնելը դժվար չի լինի։  Հանձնաժողով, որի եզրակացությունը հաշվի չի առնվել Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք ջերմոցների քանդման փաստով եղել է քննություն, կամ ստեղծվե՞լ է հանձնաժողով՝ պարզելու քանդման պատճառները։ Պարզվում է՝ հանձնաժողովը ստեղծվել է միայն Տաշիրի դեպքի փաստով։ Սիսիանի ջերմոցների քանդման փաստը ՊՈԱԿ-ին չի մտահոգել։  2024թ․ հունվարի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, Տաշիրի անտառտնտեսության քանդված ջերմատների վնասի չափը գնահատելու, նորից վերակառուցելու նպատակահարմարության հարցերը քննարկելու նպատակով։ Հանձնաժողովի անդամներ են եղել նույն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ նախագահել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, մասնակցել են անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանը, գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի պետ, «Տաշիր» անտառտնտեսության մասնաճյուղի տնկարանի վարիչ Սարգիս Ալեքսանյանը։  Հանձնաժողովն արձանագրել է, որ՝ 1․ ջերմատները քանդված են հիմնովին և ենթակա չեն հետագա շահագործման, 2․ Տաշիրի տարածաշրջանում հաճախակի կրկնվող ուժգին քամիների պատճառով ջերմատների վերակառուցումը նույն վայրում նպատակահարմար չէ։    Չնայած հանձնաժողովի այս արձնագրությանը, Տաշիրում արդեն իսկ սկսել են նորոգել ջերմատները՝ նույն վայրում։ Ռուբեն Վելիցյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել ջերմոցների կառուցումը և հանձնել Տաշիրի անտառտնտեսությանը։ «Տաշիր անտառտնտեսություն» մասնաճյուղի ջերմատներն առաջին անգամ քանդվելուց հետո վերանորոգվել են կապալառու կազմակերպության կողմից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման: Երկրորդ անգամ, Վարդան Ասլանյանի ասելով, վերանորոգումն իրականացվում է համատեղ՝ «Վէս-Գրուպ»-ի և ՇՄՆ ԾԻԳ-ի միջոցներով։  ՇՄՆ-ն այս հարցին այլ պատասխան է տվել․ «Ջերմատները երկրորդ անգամ վերանորոգելու համար ընթանում են բանակցություններ կապալառու կազմակերպության, տարբեր դոնոր կազմակերպությունների հետ՝ համատեղ ուժերով ջերմատները վերանորոգելու նպատակով»: «Տաշիր անտառտնտեսություն մասնաճյուղի ջերմատների առաջին փլուզման պատճառները պարզելու նպատակով ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է ուսումնասիրություն, և, մասնագիտական եզրահանգմամբ, ջերմատները քանդվել են անոմալ քամիների պատճառով: Երկրորդ փլուզման պատճառները պարզելու համար ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կատարվել է հարցում քամու ուժգնության վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ այս անգամ ևս քամիները  գերազանցել են 25մ/վրկ արագությունը՝ հասնելով շուրջ 37մ/վրկ 133կմ/ժ: Ջերմատների դիմադրողականությունը քամիներին կազմել է 90կմ/ժ: Քամուց վնասվելուց հետո, ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից կազմակերպվել են խորհրդակցություններ ու քննարկումներ, որին մասնակցել են նաև ՊՈԱԿ-ի պատասխանատուները, և, հաշվի առնելով ջերմատների կարևորությունը Ծրագրի հետագա բարեհաջող ընթացքը ապահովելու գործում, հանձնարարվել է վերականգնել ջերմոցները»,- պատասխանել է ՇՄՆ-ն: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:15 - 20 մայիսի, 2024
Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ապրիլը մեր երկրում ամենատեղումնառատ ամիսներից մեկն է։ Մթնոլրտի շրջանառության մեջ գերակշռում են արևմուտքից, հարավ-արևմուտքից, երբեմն նաև հարավից ներթափանցող ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են առատ տեղումներ։ Ակտիվ է նաև տաք և ցուտ օդային հոսանքների շրջանառությունը։ Հատկապես ապրիլի առաջին տասնօրյակում, մեր երկիր կարող են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք իրենց հետ բերում են ջերմաստիճանի կտրուկ անկում, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով տեղումներ։ Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում մինչև 100մմ, համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում՝ այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Ամենատեղումնառատ ապրիլները դիտվել են 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011, 2020 թթ., երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը։ Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012 թթ․, երբ հանրապետության առանձին հատվածներում տեղումները կազմել է ամսական նորմայի 5-10 տոկոսը: Ինչ վերաբերում է 2024 թվականի ապրիլին, ապա ապրիլի 16-ից սկսած հանրապետության տարածքում մթնոլորտի շրջանառությունը կտրուկ փոխվել է։ Ցիկլոնային գործունեությունը աստիճանաբար թուլացել է, փոխարենը կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը, ինչի արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքում հաստատվել է տարվա այս ժամանակահատվածի համար մոտ 6-10 աստիճանով նորմայից բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով եղանակ։ Առաջիկա 7 օրերին օդերևութաբանական իրադրության փոփոխություն չի կանխատեսվում՝ սպասվում է առանց տեղումների եղանակ, ավելին օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
17:01 - 25 ապրիլի, 2024
Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն՝ ի դեմս դեկան Սարգիս Քելյանի, կնքել են համագործակցության հուշագիր։ Կողմերը համոզված են, որ ուսանողների ներգրավվածությունը կենտրոնի աշխատանքներին կնպաստի գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունումն անհրաժեշտ հիմքեր կստեղծի դրանց գործնական կիրառման արդյունավետության բարձրացման համար։ Հուշագրի շրջանակում կենտրոնում կկազմակերպվեն ուսանողների փորձառություններ, ուսումնական և մասնագիտական պրակտիկաներ. համատեղ կմշակվեն և կիրականացվեն կրթական ծրագրեր այդ թվում կներդրվի «ավիաօդերևութաբանություն» մագիստորսական ծրագիր. համատեղ կկազմակերպեն մոնիթորինգային աշխատանքներ. կողմերը համատեղ կմասնակցեն գիտահետազոտական և կրթական աշխատանքներին, տեղական և միջազգային նախագծերին դոնորների հետ բանակցություններ կվարեն և համատեղ ծրագրային հայտեր կմշակեն. Կբարելավվեն ֆակուլտետի լսարանային պայմանները, և կիրականացվի լաբորատորիաների վերազինում։ 
17:15 - 18 ապրիլի, 2024
Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

2017-2022 թվականներին ամբողջ աշխարհից Հայաստան են ներմուծվել գրեթե 4000 վայրի կենդանիներ, որոնց մեծամասնության ճակատագիրն անհայտ է մնում վիճակագրության բացակայության և մաքսային տվյալների ոչ լիարժեքության պատճառով։  ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը նույնպես չի տիրապետում կենդանիների ներմուծման և արտահանման վերաբերյալ լիարժեք տեղեկությունների, ինչպես իրենք են նշում, «օբյեկտիվ և սուբյեկտիվ» պատճառներից ելնելով, ինչպիսիք են, օրինակ, թերի լրացված մաքսային փաստաթղթերը։    Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստանի մասնավոր ընկերություններ 2021 թ. ՀԱՀ-ից Հայաստան են ներմուծվել 45 ընձուղտներ։ Նրանցից մեկն անկել է տեղափոխման ընթացքում, ևս մեկը՝ արդեն Հայաստանում։ Մյուս ընձուղտների ճակատագիրն անհայտ է։  Հայաստան ներմուծվելուց ամիսներ անց ընձուղտներից 30-ին վաճառելու գործարքներ են կնքվել։ Նրանցից 12-ի համար տրվել են վերաարտահանման թույլտվություններ դեպի ՌԴ Տուլա քաղաքում գտնվող «Օվացիա» ՍՊԸ, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ մսի և մսամթերքի մանրածախ առևտրով։ Եվս 12 ընձուղտներ պետք է ուղևորվեին «Յալթինսկիյ զօօպարկ «ՍԿԱԶԿԱ»» ՍՊԸ, իսկ մյուս 6 ընձուղտների արտահանման թույլտվությունը ստացել է ՖՏՂ ԱՁ Խաչատուրյան Էդուարդ Սերգեեվիչը, որի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում Հայաստանից ՌԴ վայրի կենդանիների  տեղափոխման կասկածելի գործարքների շրջանակում։ Այս բոլոր գործարքները, սակայն, տեղի չեն ունեցել, քանի որ դեռևս 2020 թ․ ՌԴ Ռոսսելխոզնադզոռը արգելել է ՀԱՀ ծագմամբ և դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների մուտքը Ռուսաստան։  Ընձուղտներին Հայաստան է ներմուծել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերը նախկինում կենդանիների առևտրի գործարքներ են իրականացրել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի միջոցով, որը 2017-ին սնանկացել է, իսկ հիմա արդեն լուծարվում է։ Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ տարածքը, որտեղ գրանցված է այս ընկերությունը, գրավադրված է և շուտով վաճառվելու է: Վաճառքը հետաձգվում է հողի կարգավիճակի հետ կապված խնդրի պատճառով։ Հայաստանի նվազագույնը չորս պետական կառույցներ թույլ են տվել, որ ներմուծման այս գործարքը կայանա՝ տալով թույլտվություններ և դրական մասնագիտական եզրակացություններ։ Այդ պետական կառույցներն են, մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ինչպես նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Այս կառույցներից որևէ մեկը, սակայն, լիարժեք տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։    Ի՞նչ կապ ունի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ընձուղտների ներմուծման հետ Բնության պահպանության միջազգային միության (IUCN/ԲՊՄՄ) դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում ընձուղտների քանակն էականորեն նվազել է։ 1985-2015 թվականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընձուղտների պոպուլյացիան 36-40%-ով կրճատվել է, ինչի պատճառը մարդու կողմից շահագործման ծավալների աճը (անթրոպոգեն գործոն) և արեալների կրճատումն է։  2016 թվականից ընձուղտներն ընդգրկվել են IUCN կարմիր ցուցակում և ստացել VU (խոցելի) կարգավիճակ։ IUCN-ը հաշվարկում է ընձուղտների մոտ 68 հազար 293 հասուն առանձնյակ։ 2019 թվականից ընձուղտներն ընդգրկվել են CITES («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին») կոնվենցիայի 2-րդ հավելվածում, ինչն ավելի է ընդգծում այս կենդանիներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր եզրակացություն է ուղարկել, ըստ որի՝ ընձուղտները Հայաստանի բնական կենսամիջավայրում չեն կարող գոյատևել։ Միևնույն ժամանակ, նույն եզրակացությունում ասվում է, որ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի տարածքները համապատասխանում են կենդանիների խնամքի բոլոր միջազգային նորմերին և ստանդարտներին, հետևապես՝ կենդանիները կարող են ժամանակավոր պահվել այդ ընկերության տարածքում։ Այդպիսով, գիտական կենտրոնն առանց որևէ գիտական հիմնավորման չի առարկել 45 ընձուղտների ներմուծումը։ Պաշտոնական փաստաթղթերում ընձուղտների ներմուծման նպատակ է նշվել կենդանիների առևտուրը և բուծումը։ Այսինքն, կենդանիների ներմուծման հիմնական նպատակը հետագա վերավաճառքն է։ ԳԱԱ գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել ներմուծման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, կլիմայական պայմանների փոփոխության ազդեցությունը կենդանիների վրա, ինչպես նաև կենդանիներին անազատ պայմաններում պահելու ազդեցությունները։    Ընձուղտներ և այլ վայրի կենդանիներ, որոնց ոչ ոք չի տեսել և չի լսել 2021 թ․ Հայաստան ներկրված 43 ընձուղտների գտնվելու վայրը և պահման պայմանները պարզելու համար մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել «Ֆաունա Զօօ» ընկերության հետ, բայց ապարդյուն․ մեր հարցերին հրաժարվել են պատասխանել։  «Ֆաունա Զօօ» ընկերությունը գրանցված է Գ․ Մահարի 148 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։ Հենց այս հասցեն է բոլոր փաստաթղթերում նշվում որպես կենդանիների ներմուծման վայր։ Ենթադրելով, որ ՀԱՀ-ից բերված ընձուղտներն այս հասցեում են, մենք դեռ 2022-ին ՍԱՏՄ գրավոր հարցում էինք ուղարկել՝ տարածքում պահվող կենդանիների վերաբերյալ։  ՍԱՏՄ-ից հրաժարվել են տրամադրել ընձուղտների քանակի մասին ճշգրիտ տվյալներ, բայց ընդհանրական պատասխանել են, որ տվյալ հասցեում պահվում են ընձուղտներ, զեբրեր, այծքաղներ, տնական այծեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, թութակներ և շնազգիներ։ Սա Գ․ Մահարի 148 հասցեում գտնվող ընձուղտների վերաբերյալ վերջին պաշտոնական տեղեկությունն է, որը մենք ունենք, քանի որ նույն թեմայի շուրջ մեր հետագա հարցերին ՍԱՏՄ-ն և ԲԸՏՄ-ն հրաժարվել են պատասխանել՝ հիմնվելով տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր համաձայնության բացակայության վրա։  Մեր այցելությունը «Ֆաունա Զօօ» ՍՊԸ գործող տարածք նույնպես որևէ նոր բան չտվեց։ Գ․ Մահարի փողոցը բնակելի է, սովորական երևանյան փողոց, սակայն անգամ հարևանությամբ բնակվող մարդիկ չգիտեն իրենց կողքին ապրող վայրի կենդանիների մասին։ Նրանք չեն տեսել, չեն լսել և չեն զգացել նման քանակի կենդանիների ներկայություն իրենց թաղամասում։ Սա այն դեպքում, երբ ՊԵԿ, ՇՄՆ և ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ այս տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր։    Ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին  տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։  Հայաստան ներմուծված և Հայաստանից արտահանվող վայրի կենդանիների քանակն ու մաքսային արժեքը, 2017-2023 Ներմուծված կենդանիներից արտահանվել են միայն 703-ը, որոնք հիմնականում եղել են փոքր թռչուններ։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տարածքում պետք է գտնվի 3238 ներմուծված կենդանի, բայց ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը տրամադրում է կենդանիների ներմուծման թույլտվությունները, չի տրամադրում կենդանիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին ամբողջական տեղեկություններ։  Ներմուծված կենդանիների մի մասին՝ որպես զվարճանքի միջոցների, կարելի է հանդիպել տարբեր մասնավոր տարածքներում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը, կամ «Հրաշք այգի» ռեստորանում, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է։ Իսկ կապիկներն, օրինակ, Հայաստանում շատերի համար հեշտ ձեռքբերում են դարձել։ Ավելին՝ կենդանիների վաճառքի գործում իրենց ներդրումն ունեն նաև ինֆլյուենսերները։    «Կոնվենցիան ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե նրանց առևտուրը խթանելուն» Հայաստան ներմուծման հիմնական գործընկեր երկրները Հարավաֆրիկյան Հանրապետությունն (18 կենդանատեսակ) ու Բենինն (16 կենդանատեսակ) են։ Աֆրիկյան այս երկրները հայտնի են հարուստ կենդանական աշխարհով, միևնույն ժամանակ՝ որսագողերով ու կենդանիների թրաֆիքինգով զբաղվողներով։ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), ըստ վտանգվածության աստիճանի,  կենդանատեսակները բաժանում է 3 հավելվածի՝  I, II և III։ I հավելվածում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են, և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է և՛ արտահանող, և՛ ներմուծող երկրի կողմից։  II հավելվածում ընդգրկված տեսակները վտանգված են և պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է միայն արտահանող երկրի կողմից։  III հավելվածում ներառված կենդանատեսակներն ավելի քիչ վտանգված են, սակայն նրանց տեղափոխումը ևս վերահսկվում և հաշվարկվում է, իսկ արտոնագիր չի պահանջվում։  2017-2022 թթ․ Հայաստան է ներմուծվել անհետացման վտանգի տակ գտնվող 9 (I հավելված) և վտանգված 32 (II հավելված) կենդանատեսակ։ Մնացած կենդանատեսակները ներառված են III հավելվածում կամ դեռևս չեն ընդգրկվել Կոնվենցիայի ցանկում։  Հաճախ Կոնվենցիայի նպատակը սխալ է ընկալվում և մեկնաբանվում հատկապես Հայաստանում և աֆրիկյան այն երկրներում, որտեղից հաճախ են կենդանիներ ներմուծում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, ՄԱԿ միջազգային կոնվենցիաների նիստերի մասնակից Մարիա Վորոնցովան պարզաբանում է․ «Այս կոնվենցիան ստեղծվել է, երբ պարզվել է, որ կենդանիներին կտրում են բնությունից և պտտում ամբողջ աշխարհով, իսկ ՍԻԹԵՍ-ը այն փաստաթուղթն է, որը այս ամենը կարգավորում է և փորձում է ինչ-որ կերպ կանգնեցնել ընթացքը։ ՍԻԹԵՍ-ը հենց միջսահմանային տեղափոխման մասին է։ Շատերը կարծում են, թե սա առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ։ Այն կարգավորում է սահմանների միջև տեղափոխումը և ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե առևտուրը խթանելուն։ ՍԻԹԵՍ երկրները պետք է ունենան իրենց ներքին օրենսդրությունը, որը համապատասխանում է Կոնվենցիային կամ դրանից խիստ է։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ թութակների շատ տեսակներ կան, ամբողջությամբ արգելել է դրանց արտահանումը և արել է դա ՍԻԹԵՍ-ի ամրապնդման համար։ Կոնվենցիան այդպիսի բան չի պահանջում, բայց Ավստրալիան հպարտանում է իր կենդանական աշխարհով և կարծում է, որ պետք չէ թութակներին հանել երկրից, քանի որ արդյունքում, որպես կանոն, ոչ մի լավ բան տեղի չի ունենում․ նրանք մահանում են»։  Մեկ այլ փորձագետի՝ EAZA (European Association of Zoos and Aquaria) կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանի կարծիքով կենդանիների առևտրում մեծ է նաև կոռուպցիոն ռիսկը․ «Ցավոք սրտի, Կոնվենցիան չի ստուգում պահման պայմանները և այն, թե արդյո՞ք երկիրն առհասարակ ունի հնարավորություն կենդանուն պահելու, թե՞ ոչ։ Այստեղ շատ կոռուպցիոն դրսևորումներ կան՝ մինչև անգամ արտոնագրի տրամադրումը»։   Կենդանիները վերավաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան գնել են  Այն դեպքերում, երբ կենդանիների հետքը հնարավոր է լինում գտնել մաքսային տվյալների օգնությամբ, ի հայտ են գալիս կասկածելի բիզնես գործարքներ։ Օրինակ՝ 2020 թ․ Բենինից ներմուծվել են 4 աֆրիկյան մարաբուներ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 647 400 դրամ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն արժեցել է 168 600 դրամ։ 2021 թ․ ներմուծվել են ևս 10 մարաբուներ՝ 1 082 000 դրամ մաքսային արժեքով, յուրաքանչյուր թռչնի արժեքը՝ 108 260 դրամ։  Այս թռչուններից 7-ը արտահանվել է Ուկրաինա անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեքով՝ յուրաքանչյուրը՝ 35 800 դրամ, ընդհանուր արժեքը կազմել է 250 840 դրամ։ Այսինքն, վաճառքի գինը բազմակի  անգամ ավելի ցածր է, քան ներմուծման արժեքը։  Գնի այսպիսի ճեղքվածքը վկայում է ոչ այնքան շահավետ բիզնեսի, որքան՝ բարեգործության կամ վնասի կրման։ Այս գործարքը, հավանաբար, իրականացվել է «Երզնկյան Զօօ Ցենտր» ՍՊԸ կողմից, քանի որ, ըստ արտահանման թույլտվությունների, հենց այս ընկերությունն է 2021 թ․ 7 աֆրիկյան մարաբուի վերաարտահանման թույլտվություն ստացել ՇՄՆ կողմից։  Այս հանգամանքը պետք է որ ազդանշան հանդիսանար ՊԵԿ-ի համար ավելի մանրամասն և արդյունավետ ուսումնասիրելու միևնույն օբյեկտի ներմուծման ու արտահանման տվյալները, քանի որ նման գնային տարբերությամբ ներմուծումն ու արտահանումը կարող են հարկերից խուսափելու ռիսկ պարունակել։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն Վայրի կենդանիների առևտրի և դրանում Հայաստանի մասնակցության թեման կարելի է ուսումնասիրել երկար, քանի որ քիչ չեն անհետացած 43 ընձուղտների նման պատմությունները։ Վերջում, սակայն, ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ որտե՞ղ են և ի՞նչ վիճակում են այժմ այդ կենդանիները։  Կարծես թե տեղական և միջազգային իրավական կարգավորումներն այս հարցի պատասխանը պատվիրակել են պետական մարմիններին, սակայն փաստերն այդ մասին չեն խոսում։  ՍԻԹԵՍ կոնվենցիան ամբողջ աշխարհում վայրի կենդանիների տեղափոխման ընդհանուր կանոններ և ստանդարտներ է մշակում, ինչի արդյունքում էլ ստեղծվել է երկրների ներսում թույլտվությունների տրամադրման համակարգը։ Այդ համակարգի գործունեության համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները։ Հայաստանում համակարգող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ գիտական ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։  Ակնհայտ է, որ նախարարությունը պահպանության կարիք ունեցող վայրի կենդանիների ներմուծման ու արտահանման բազմաթիվ թույլտվություններ է տալիս, ինչը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։  Հայաստանում շատ անգամներ են արձանագրվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու կամ մասնավոր առևտրի դեպքեր, ինչը վկայում է ՇՄՆ և մյուս պատկան մարմինների անտարբերության մասին։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, որոնք հրաժարվում են տրամադրել տեղեկություններ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ տարածքում պահվող կենդանիների քանակի և վիճակի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, որն առանց որևէ գիտական հիմքի տրամադրել է դրական մասնագիտական եզրակացություն մեծ քանակությամբ վայրի կենդանիների ներմուծման համար, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, որը թույլ է տալիս կենդանիների տեղափոխումը սահմանից սահման առանց պատշաճ վերահսկողության։  Ըստ էության, ՍԻԹԵՍ կոնվենցիան վայրի կենդանիների միջսահմանային տեղափոխման մասին է միայն և ենթադրում է, որ թույլտվությունները պետք է տրամադրվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առևտրի և բիզնես նպատակներով։ Հատկանշական է, որ Հայաստանի պետական մարմինները չեն առաջնորդվում Կոնվենցիայի այս գլոբալ գաղափարով, այլ, հակառակը, թույլատրում և անգամ նպաստում են վայրի կենդանիների բազմաթիվ տեղափոխությունների՝ օգտագործելով ՍԻԹԵՍ թույլտվություն տալու իրենց հնարավորությունը։  Ստացվում է, որ կոնվենցիան յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել «խաղի կանոնները» և հետևել դրանց։  Անհերքելի է, որ երկրի ներսում արդեն իսկ կան մեծ քանակությամբ անազատության մեջ և վատ պայմաններում ապրող կենդանիներ, միևնույն ժամանակ, նրանց թիվը շարունակում է աճել թերի վերահկսվող այս առևտրի հետևանքով։ Հեղինակ՝  Մարիամ Տաշչյան Ինֆոգրաֆիկաները՝ Բիբինուր Բոլոտկանովայի Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։
20:11 - 28 փետրվարի, 2024
Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա
 |news.am|

Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ին Սեւանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշում կայացրեց; Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց. «Մենք հիմնվում ենք ԳԱԱ գիտական հետազոտությունների վրա:  2023-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց  մինչեւ 2024-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար: Քվոտաների սահմանումը սկսվել է 2020-ից: 2021-ին այն եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին եւ 2023-ին՝ 600 տոննայի շրջանակում: 2024-ի հուլիսին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի՝ հասկանալու համար, թե նոր քվոտայի կարիք կա, թե ոչ»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Չեխիայի մեր գործընկերները պարզեցի՞ն, թե ինչքան պաշար կա Սեւանա լճում, ինչին Սիմիդյանը պատասխանեց. «Մենք օր-օրի սպասում ենք տվյալներին, վերջնաժամկետը փետրվարի 29-ին է»:
12:05 - 08 փետրվարի, 2024