Ֆրանկոֆոնիա

Վարչապետը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ ամփոփել է կազմակերպությունում ՀՀ նախագահության արդյունքները |armenpress.am|

Վարչապետը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ ամփոփել է կազմակերպությունում ՀՀ նախագահության արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ): Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահության արդյունքների ամփոփման նպատակով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ում ՀՀ կառավարությունում, որպես կազմակերպության նախագահող, ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդես եկան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը ՖՄԿ-ին և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության, դերի և մակարդակի կապակցությամբ: «Ինչպես տեղյակ եք՝ 2018 թվականին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում, սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020 թ. անցկացվելիք 18-րդ գագաթաժողովը հետաձգվեց, և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ ենք ստանձնել այս կարևոր դերակատարումը, սակայն ցավով պետք է նշել, որ Երևանի գագաթաժողովում ընդունված՝ մեր կողմից իրականացվելիք ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել: Մենք կարևորում կարևում ենք կազմակերպության հաջորդ գագաթաժողովի պատշաճ կազմակերպումը և անցկացումը: Հայաստանը, որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառման և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը», - հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, որոնց թվում առաջին հերթին՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային: «Առանձնահատուկ կարևորել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անունից երախտագիտություն հայտնելով ՖՄԿ գլխավոր քարտուղարին 2020 թ. աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: «Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ», - ընդգծեց Հայաստանի վարչապետը: Հայաստանի կառավարությունը շնորհակալ է ՖՄԿ գլխավոր քարտուղարից նաև 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Փաշինյանի խոսքով՝ դա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան էին այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ: «Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ հատկապես ֆրանսերենի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և ԲՈՒՀ-երում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանը աջակցում է գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը», - հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:06 - 05 հոկտեմբերի, 2021
Միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել. ՀՀ նախագահն ընդունել է ՖՄԿ գլխավոր քարտուղարին

Միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել. ՀՀ նախագահն ընդունել է ՖՄԿ գլխավոր քարտուղարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Երևանում 2018թ. կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավար ընտրվելուց հետո՝ ուրախ է վերադառնալ Հայաստան և Հանրապետության նախագահի հետ քննարկել համագործակցության ուղղությունները, ինչպես նաև լսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում գործակցության զարգացման վերաբերյալ նրա մոտեցումները: «Ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ գլխավոր քարտուղարը մասնավորապես ընդգծել է, որ կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես երիտասարդներին ուղղված ծրագրերին՝ փորձելով նրանց համար ստեղծել տարբեր հարթակներ և հնարավորություններ, ինչպես նաև կարևորում է անդամ երկրների միջև տնտեսական ոլորտում տարբեր ուղղություններով ու ձևաչափերով գործակցության զարգացումը: Ողջունելով Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է այն ուղղություններին, որոնց շրջանակում հնարավոր է արդյունավետ համագործակցություն ստեղծել կազմակերպության անդամ երկրների հետ: Նա մասնավորապես նկատել է, որ գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը լավ հնարավորություն է անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու, նրանց միջև կապեր ստեղծելու և գիտության ու արվեստի շուրջ գործակցությունը խթանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ փոխգործակցության մեկ այլ հնարավորություն կարող է ձևավորվել իր նախաձեռնած՝ Փոքր և խելացի երկրների ակումբի ստեղծման գաղափարի շուրջ: «Մենք միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը: Հաշվի առնելով թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե՛ Եվրամիության հետ Հայաստանի արտոնյալ տնտեսական ռեժիմների առկայությունը՝ նախագահն ասել է, որ ֆրանկոֆոն երկրների բիզնեսի և ներդրումների համար այդ առումով ևս Հայաստանը կարող է հետաքրքիր լինել: Խոսվել է նաև տեխնոլոգիական և գիտատեխնիկական զարգացմանն ուղղված՝ նախագահական АТОМ նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին: Նախագահ Սարգսյանը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է նաև ներգրավվածություն ունենալ Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Լուիզ Մուշիկիվաբոն ասել է, որ ներկայացված ուղղությունները իրապես գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:
20:18 - 04 հոկտեմբերի, 2021
Հայաստանը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ֆրանկոֆոն համաժողովին

Հայաստանը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ֆրանկոֆոն համաժողովին

Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաջրջանի բացումը: Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն) 2021-2025 թթ. նոր ռազմավարությունը, վերանայել կառավարման մարմինները, իրականացնել առաջին գիտական ֆրանկոֆոն հանդիպումները և նշել AUF-ի 60-ամյակը (1961-2021): Համաժողովին նախատեսված են կլոր սեղաններ, քննարկումներ բուհերի ռեկտորների համար, պաշտոնապես կհայտարարվեն Ֆրանկոֆոն կառավարման խորհրդի և նախագահի ընտրությունների արդյունքները: Համաժողովի առանցքում ֆրանսախոս գիտական ​​դիվանագիտության քաղաքականության մշակումն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթի խոսքում ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում այս մակարդակի համագործակցությունը դիտարկվում է որպես տնտեսության բարձրացման ամենաարդյունավետ ուղի, որը հարթելու է երկրների միջև քաղաքական և տնտեսական հակասությունները և դրանք դուրս է բերելու փոխշահավետ համագործակցության նոր սահմանների: Փոխնախարարի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը և մշտապես պատրաստակամ է կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ «Նշեմ, որ Հայաստանը, հանդիսանալով նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) անդամ երկիր, ակտիվ համագործակցում է նաև ֆրանսերենի ուսուցիչների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման գործընթացին՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ լեզվաբանական առարկաների բարելավմանը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։ Ֆրանկոֆոն համալսարանական գործակալությունը Հայաստանում բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն գիտական ​​հետազոտությունների զարգացման հիմնական դերակատարներից է: Այն աջակցում է մասնավորապես Հայաստանում Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության անդամ համալսարաններին՝ նպաստելով դրանց ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը: Ֆրանսերենով գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև միջազգային համագործակցությունը խրախուսելու և արժևորելու նպատակով 2016 թ․-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև:
20:01 - 22 սեպտեմբերի, 2021
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Պարոն վարչապետ,        Սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ  հայերը որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ Ձեր ղեկավարած քաղաքական կուսակցությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից բողոքարկման դիմումների վերջնական քննության ավարտին ինձ համար հաճելի է ֆրանկոֆոն ընտանիքի և անձամբ իմ անունից Ձեզ շնորհավորական խոսք հղել՝ ազատ, վստահելի և թափանցիկ գործընթացի արդյունքում ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։ Ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը դիմակայում է նշանակալի մարտահրավերների, մասնավորապես՝ անվտանգային առումով։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ վերահաստատել ֆրանկոֆոն համայնքի ամբողջ համերաշխությունը, հատկապես հայկական այն ընտանիքներին, որոնք սպասում են ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև հակամարտության զոհերի մարմինների վերադարձին։ Այս համատեքստում ազգային միասնությունը և երկխոսությունը շարունակում են հիմնարար դեր ունենալ։ Չեմ կասկածում, որ Դուք կկարողանաք գտնել ուղիներ և միջոցներ հայերին էլ ավելի համախմբելու համար և շարունակելու 2018 թվականից ի վեր Ձեր կողմից ձեռնարկված բարեփոխումների, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջկոտ դինամիկան։ Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ խթանելու համագործակցությունը մեր կազմակերպության և Հայաստանի միջև, հատկապես իրավական պետության ամրապնդման և ֆրանսերեն լեզվի ոլորտներում»,- նշված է ուղերձում:
14:53 - 21 հուլիսի, 2021
Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման գործընթացին

Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դիտորդները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման գործընթացին

Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում հանձնաժողովին իր  գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում: Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը: Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են  Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին:
19:16 - 16 հունիսի, 2021
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՖԽՎ պատվիրակության անդամներին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՖԽՎ պատվիրակության անդամներին

Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) պատվիրակությանը՝ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը ողջունեց պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու նախաձեռնության, ինչպես նաև՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում աջակցելու պատրաստակամության համար։ Հանդիպման ընթացքում Արտակ Ապիտոնյանը համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և անդրադարձավ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի, մասնավորապես՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված անձանց անվտանգ հայրենադարձմանը, ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը, Արցախում հումանիտար աջակցության հասանելիության ապահովմանը։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերին։
20:46 - 11 մայիսի, 2021
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից: ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին մայիսի 11-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի, պատվիրակության անդամներ Արման Եղոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
13:22 - 11 մայիսի, 2021
Լենա Նազարյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների հարցը

Լենա Նազարյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների հարցը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` հետաձգվել է: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշեց, որ նոյեմբերից մինչ այսօր շատ իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում. «Հայաստանը ծանր ու դժվար պատերազմի միջով անցավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ադրբեջանը խախտեց ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պայմանավորվածությունը»: Խորհրդարանի փոխնախագահն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է, որը դեռ լուծված չէ: ԱԺ նախագահի տեղակալը նշեց նաև, որ Հայաստանը շրջափակված երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Հանդիպմանը կարևորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, որը յոթ ամիս անց դեռևս չի լուծվել: Նա ընդգծեց, որ միջազգային կառույցների ճնշումն այս առումով ավելանում է նաև ֆրանսիացի գործընկերների միջոցով, ինչի համար փոխխոսնակը շնորհակալություն հայտնեց: ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցեց իրենց անկեղծ, ջերմ ու համերաշխ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա խնդրեց ներկայացնել իրավիճակն արտացոլող փաստերի առաջնահերթությունը գործընկերներին փոխանցելու և համապատասխան բանաձև պատրաստելու համար: Լենա Նազարյանը, ներկայացնելով գործողությունների առաջնահերթությունը, առանձնացրեց ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը և Արցախի ճակատագրին վերաբերող հարցերը: Այս համատեքստում փոխնախագահը կարևորեց բանակցությունների՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին օժանդակելու բարձրացված հարցերի լուծմանը:
19:30 - 10 մայիսի, 2021
Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանվի. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին առնչվող դրույթը: Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար: Բացի այդ, ասոցիացիայի նախագահն իր նամակում արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությունը նախաձեռնվել է առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման և ներգրավմամբ: Հաշվի առնելով  Փարիզյան և Վենետիկյան սկզբունքները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Օմբուդսմանի և միջնորդական հաստատությունների դերը մարդու իրավունքների, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության գործում» բանաձևի վրա՝ նամակում կոչ է արվել պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը:
17:22 - 27 ապրիլի, 2021
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում (վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կբացվի «Ֆրանսերեն հնատիպ գիրքը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրական ցուցադրությունը։ Ցուցադրվող նյութերի մեջ ընդգրկված են ֆրանսերեն բառարաններ, պատմական գրականություն, ճանապարհորդական նյութերի ժողովածուներ, ֆրանեսերեն հնատիպ գրքեր։ Գրականությունը կներկայացնի Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Ասպրամ Աշուղյանը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, գրադարանի փոքր դահլիճում (Թամանյանական մասնաշենք) «Ֆրանսալեզու կանադական գրականության ակունքները և զարգացումը» թեմայով դասախոսություն կկարդա Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Այվազյանը։ Ապրիլի 28-ին՝ ժամը 14։00-ին, գրադարանում (Թամանյանական մասնաշենք, մեծ ցուցասրահ) կբացվի «Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրականության ցուցադրությունը։ Միաժամանակ կկայանա հանդիպում թարգմանչուհի, արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։  Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում (Թամանյանական մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենան «Ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահին» խորագրով զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն (զեկուցող՝ Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյան):
13:50 - 25 ապրիլի, 2021
Աշխարհը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը. Արա Այվազյանն ուղերձ է հղել

Աշխարհը նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը. Արա Այվազյանն ուղերձ է հղել

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ այս օրը նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը «միասին ապրելու»՝ համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում: Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը, որը խորհրդանշում է խաղաղություն, համերաշխություն, հանդուրժողականություն ու մշակութային բազմազանություն։ Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեհամակարգում կարևորվում է խաղաղության ամրապնդումը, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները, որոնք բացում են զարգացման ճանապարհներ: Այստեղ մերժվում են ատելությունը, խտրականությունն ու կեղծիքը: Ափսոսանքով պետք է նշել, որ մեր տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են կիսում հիրավի համամարդկային այս արժեքները: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչը ծանր հումանիտար հետևանքներ ունեցավ խաղաղ բնակչության համար: Այս համատեքստում հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունի աշխարհի ֆրանկոֆոն ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից՝ պատերազմի ծանր օրերին մեր երկրի կողքին կանգնելու որոշումը: Հայաստանը, հանձնառու լինելով Ֆրանկոֆոնիայի և համամարդկային քաղաքակրթական արժեքներին, պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հաստատման համար։ Ինչպես գիտեք, Հայաստանում յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին նշվում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրի մայրաքաղաքում և մարզերում իրականացվում են կրթական-մշակութային բազմատեսակ միջոցառումներ: COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրը հնարավոր չէ նշել այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը կցանկանար։ Այնուհանդերձ, համոզված ենք, որ դպրոցների, համալսարանների, տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հայ ֆրանկոֆոնները յուրովի կնշեն ֆրանսերենին և Ֆրանկոֆոնիային նվիրված այս խորհրդանշական օրը։ Լիահույս ենք նաև, որ գալիք գարնանը, Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում համավարակը կհաղթահարվի, և մեր հասարակության ֆրանկոֆոն և ֆրանկոֆիլ համայնքը կվերագտնի ավանդական երկամսյակը վայելելու հնարավորությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ մաղթում եմ, որպեսզի մեր Կազմակերպությունը, քաղաքակրթությունների երկխոսության բացառիկ վայր հանդիսացող ֆրանկոֆոն մեր մեծ ընտանիքը, մշտապես լինի արդիական և արդարացնի ֆրանկոֆոն տարածքի ժողովուրդների սպասումները»։
14:43 - 20 մարտի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձան Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին: Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունը հրավիրեց պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։
12:02 - 10 դեկտեմբերի, 2020
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց ներկայությունը Ադրբեջանում այսօր լուրջ սպառնալիք է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար: Երկուստեք կարևորվել է Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը և նշվել գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին համավարակի պայմաններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կայուն գործունեությունն ապահովելու համար: Նա ափսոսանքով նշել է Հայաստանի նախագահության ընթացքում հյուրընկալման համար նախատեսված որոշ միջոցառումների համավարակի պատճառով չեղարկման հանգամանքը: Տիկին Մուշիկիվաբոն իր զորակցությունն է հայտնել ՀՀ վարչապետին, կարևորել է Հայաստանի դերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և հավաստիացրել, որ կգործադրի ամեն ջանք ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու համար: Նա իր երկրի՝ Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
19:31 - 25 նոյեմբերի, 2020
Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղեկացրել է, որ այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին է ներկայացրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը Ֆրանսիայի 173 պատգամավորների, սենատորների և քաղաքապետների ստորագրությամբ հրապարակված այն բաց նամակի հեղինակներից մեկն է, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, իսկ հակառակ դեպքում սատարել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և այդ դիրքորոշումը ամրագրել Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունը լիակատար և հիմնովին ճանաչելով»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում:  
20:59 - 21 հոկտեմբերի, 2020