Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) պատվիրակությանը՝ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը ողջունեց պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու նախաձեռնության, ինչպես նաև՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում աջակցելու պատրաստակամության համար։
Հանդիպման ընթացքում Արտակ Ապիտոնյանը համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և անդրադարձավ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի, մասնավորապես՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված անձանց անվտանգ հայրենադարձմանը, ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը, Արցախում հումանիտար աջակցության հասանելիության ապահովմանը։
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերին։
comment.count (0)