Արթուր Խաչատրյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ծնվել է 1972թ. հուլիսի 17-ին Երևանում:

1994թ. ավարտել է  ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:

1996թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Գործարար վարչարարության մագիստրոս: 1997թ.՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 2001թ.՝ Լոնդոնի Կայսերական քոլեջը: Գործարար վարչարարության մագիստրոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1994-2005թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող: 1997-2000թթ.՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնտեսության վերակառուցման և էներգետիկայի տնօրենի ֆինանսական գծով օգնական, ֆինանսական ծրագրերի կառավարող: 2002-2003թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագիր»՝ բյուջետային գործընթացի մասնագետ: 2003-2005թթ.՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ծրագրերի համակարգող: 2005-2007թթ.՝ Երևանում Կալիֆոռնիայի միջազգային առևտրի և ներդրումների գրասենյակի տնօրեն: 2008-2010թթ.՝ «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ խորհրդատվական ուղղության ղեկավար: 2011-2013թթ.՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ֆինանսների և հաշվապահության ամբիոնի վարիչ, կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող (դեկան), 2011թ.՝ նույն հիմնադրամի ֆինանսների և հաշվապահության ամբիոնի դասախոս: 2011-2013թթ. և 2015-2016թթ.՝ «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն:

2013-2014թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ: 2016-2017թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: 2017-2018թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2018թ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար, 2019թ.՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2020թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործարար վարչարարության և մարդկային ռեսուրսների կառավարման ֆակուլտետների դասախոս:

1991 թվականից ՀՅԴ անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվում են հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց պաշտոններից

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվում են հանձնաժողովի նախագահի տեղակալի իրենց պաշտոններից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարվել է Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկցրել է իր ֆեյսբուքյան էջում։  Նույնօրինակ որոշում է կայացրել նաև Արթուր Խաչատրյանը՝ հրաժարական տալով ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Ավելի վաղ նույնպիսի որոշում էր կայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նշենք նաև, որ ԱԺ-ն այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որից հետո Սաղաթելյանը հայտարարեց․ «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։
16:53 - 01 հուլիսի, 2022
Ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է Փաշինյանը հրաժարական տար․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

Ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է Փաշինյանը հրաժարական տար․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: «Ով ասաց, որ «Դիմադրության» շարժումն այլևս չկա, որ անցյալ եղանակով են խոսում և ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է ինքը հրաժարական տար և ով ասաց, որ վաղը չէ մյուս օրը ինքը հրաժարական չի տա», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հարցին, թե գո՞հ են մարդկանց թվից, որոնք դուրս են եկել փողոց, ի՞նչը խանգարեց, որտե՞ղ վրիպեցին, որտե՞ղ սխալվեցին և ինչո՞ւ հրաժարական չտվեց Նիկոլ Փաշինյանը: Խաչատրյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե փողոցում ավելի շատ մարդ լիներ, գործընթացն ավելի արագ կլիներ, ոստիկանությունն էլ ռիսկ չէր անի ուժ կիրառել։ Իսկ թե ինչու մարդիկ փողոցում շատ չեն, ընդդիմադիր պատգամավորն այսպես պարզաբանեց՝ «մարդկանց մի մասը փորձում է շառից-փորձանքից հեռու մնալ», որովհետև մահակով հարված ստանալը հաճելի չէ, մյուս կողմից էլ, Խաչատրյանի խոսքով, մարդիկ իրենց «կենցաղի մեջ են չափազանց խրված»։ «Օրեցօր ամեն ինչ թնկանում է, և այդ կենցաղային խնդիրներն այնքան շատ են, որ մարդն ուղղակի սիրտ չունի այլ բանի մասին մտածի, և նաև հուսահատված է, որովհետև սրանք քաղաքականություն են տանում, որ «ամեն ինչ կորած է, 30 տարի առաջ են Ղարաբաղը ծախել», որն էլի շիզոֆրենիա է։ Արցախի ազատագրումը վերջացավ 1993-ի վերջին, ինչպե՞ս կարող էին 90 թվից ծախեին, թուրքերը փողը տվել էին, լավ բա Ղարաբաղն ինչի՞ չէին տանում։ Նաև կա մարդկանց մի խումբ, ով հավատում է այս իշխանությանը, պետք է դա էլ ընդունել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Պատասխանելով հարցին, թե կա՞ն մարդիկ որոնք ասում են, որ «հոգնել ենք, նաև դաշնակցությանը չենք ուզում», Խաչատրյանը նախ վկայակոչեց «Գելափի», Հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունները՝ նշելով, որ Փաշինյանի հեղինակությունը գահավիժում է, ապա նաև հավելեց՝ «կան տենց մարդիկ»։ «Տեսնում ենք Փաշինյանի հեղինակությունն ինչպես է գահավիժում, Փաշինյանի թուրքական, ադրբեջանական, քաղաքականության նկատմամբ ինչպիսի մեծ հակակրանք կա հանրության շրջանում, իհարկե ով որ Փաշինյանին չի սիրում չի նշանակում, որ մեզ սիրում է, և այդ մեր կատեգորիայի քաղաքացիներին ուզում եմ մի բան հստակեցնել՝ իշխանությունը մոնոպոլիա է, չի կարող լինի երկու վարչապետ, երեք ֆինանսների նախարար, ընդդիմությունը որևէ մեկիս մոնոպոլիան չէ՝ «Հայաստան» դաշինքի մոնոպոլիան չէ, «Պատիվ ունեմ» դաշինքի մոնոպոլիան չէ, Դաշնակցության մոնոպոլիան չէ, և այլն։ Այստեղ հարցն իշխանության խնդիրը չի, հստակ է, Փաշինյանը վեր է կացել, հայտարարել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման իրեն հորդորի մասին», - ասաց Արթուր Խաչատրյանը։ Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
14:01 - 07 հունիսի, 2022
«Մենք ոչ թե իշխանություն, այլ այս կուրսը կասեցնել ենք ուզում»․ ընդդիմադիր պատգամավոր
 |azatutyun.am|

«Մենք ոչ թե իշխանություն, այլ այս կուրսը կասեցնել ենք ուզում»․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Որպես ձախորդ կառավարություն Փաշինյանը պետք է հեռանա, պետք է ստեղծվի անցումային կառավարություն ու նշանակվեն ընտրություններ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ պնդեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ շեշտելով՝ իրենք ոչ թե իշխանություն, այլ «այս կուրսը կասեցնել են ուզում»։ Թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, Խաչատրյանը չպարզաբանեց, փոխարենը խորհուրդ տվեց չփորձել դիմադրության շարժումը վերածել նախընտրական պայքարի։ Խաչատրյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ -Պարոն Խաչատրյան, արդյոք այս հանրահավաքները չարտացոլեցին մեկ տարի առաջվա ընտրությունների պատկերը, որ դուք ունեք հազարավոր համակիրներ, բայց այնուամենայնիվ մնում եք փոքրամասնություն։  - Ո՛չ, որովհետև մենք ունենք մարդիկ, ովքեր ասում են, որ մենք կա՛մ չենք մասնակցել ընտրություններին, կա՛մ մասնկացել ենք և սխալվել ենք, որովհետև չմոռանանք, որ Փաշինյանի ընտրական ծրագիրը իր մեջ ենթադրում է Արցախի դեօկուպացիա, որը նեթադրում է առնվազն Շուշին և Հադրութը, ենթադրում է «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրականացում։ Այսինքն՝ Փաշինյանը էդ խոստումը տալով, ընտրվելով խաբել է իր 680 հազար հետևորդներին, և էդ հետևորդներից բազմաթիվ մարդիկ, ընդունելով որ սխալվել են, միանում են նաև մեզ։ Բայց ո՞ւր են նրանք, ինչո՞ւ Երևանի փողոցներում չեն հարյուր հազարներ, նույնիսկ ձեր ընտրողների քանակը չէ, այսինքն՝ 200-300 հազարը։  - Ակնհայտ է, որ Դուք չեք կարող ակնկալել, որ 280 հազար մարդը դուրս գա փողոց միաժամանակ, որովհետև մասնակցել ընտրություններին և մասնակցել բողոքի ակցիաներին դրանք տարբեր բաներ են։  Միևնույն է դուք չեք պահանջում արտահերթ ընտրություններ, որ մարդիկ դրա դիմաց ձեզ քվե տան, այլ ասում եք՝ «տվեք մեզ իշխանություն»։  - Նման բան չկա, մենք ասում ենք հետևյալը՝ «որպես ձախորդ կառավարություն ինքը պետք է հեռանա, պետք է ստեղծվի անցումային կառավարություն, հետո պետք է նշանակվեն ընտրություններ»։ Դա մարդկության ստեղծած միակ տարբերակն է։ Կասեք ո՞վ է այդ ժամանակավորը՝ դատելով հարթակի կորիզից՝ Դաշնակցություն, «Հանրապետական», Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։  - Ազգային համաձայնության կառավարությունը հենց նրանով է կոչվում ազգային համաձայնության, որ այնտեղ կարող են նաև լինել մարդիկ, ում ես չէի ուզենա տեսնել, բայց մարդիկ են, որոնք ազգային, այսինքն՝ մի շերտի ներկայացուցիչ են։ Այնպես որ, ես տենց կատեգորիկ չէի ասի։ Եթե ես դա անվանեմ նախկիններ, ինչպես շատ հնչում է իշխանական ճամբարից։ - Նախկիններ, ինչպես Գագիկ Ջհանգիրյա՞նն է, Վիգեն Խաչատրյա՞նը, էդ տիպի նախկիննե՞ր։ Ուրեմն Գագիկ Ջհանգիրյան, Վիգեն Խաչատրյան, էլ ովքեր կային, որոնք նախկին պառլամենտի անդամներ էին, Հովիկ Աղազարյան, Գուրգեն Արսենյան, Խաչատուր Սուքիասյան, էդ ձևի նախկիններ, հավանաբար, չէ։ Մյուսները, բայց էլի եմ ասում, ես էդքան կատեգորիկ չէի գնա և չէի ասի, որ գիտեք, մենակ էս մարդիկ։ Ազգային համաձայնությունը հենց նրան է, որ հանուն երկրի պետք է իրար կողք նստեն մարդիկ, ովքեր իրար էդքան էլ շատ չեն սիրում։ Բայց պիտի ասեք՝ ովքեր, որ մարդիկ իմանան, օրինակ, վարչապետի թեկնածուն ով է։  - Եկեք մի փորձեք դիմադրության շարժումը վերածել նախընտրական պայքարի։ Բայց իշխանություն եք չէ ուզում, պարոն Խաչատրյան։ Մենք իշխանություն չենք ուզում, մենք ուզում ենք որպեսզի այս կուրսը կասեցվի, որպեսզի ստեղծվի անցումային կառավարություն, որովհետև մենք չենք վստահում Փաշինյանի հրաժարականին, ինքը հրաժարական տվեց սկի արձակուրդ էլ չվերցրեց, մենք ուզում ենք, որ հրաժարական տա, հետո քաղաքական կոնսուլտացիաների արդյուքնում կձևավորվի անցումային կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն և դրանից հետո կնշանակվեն ընտրություններ։  Ամբողջական հարցազրույցը՝ azatutyun.am-ում
11:12 - 20 մայիսի, 2022
Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան |news.am|

Դրոյի շիրիմի մոտից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երրորդ խմբի քայլերթը դեպի Երևան |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման երրորդ խումբը Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից քայլերթով շարժվում է դեպի Երևան։ «Թուրք-ադրբեջանական հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները ոչնչացել Հայաստանը, հայ ազգը։ Հայաստանի իշխանությունները փոխանակ  բռունցքվելու, փոխանակ մեր ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են հաշտության, խաղաղության մասին, խոսում են միակողմանի զիջումների մասին»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա ընդգծեց, որ իրենք դեմ չեն խաղաղության, իրենք են խաղաղության կողմնակցիներ և  հայտարարում են՝ քանի Հայաստանը հզոր պետություն չի, Հայաստանը չի  կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։ «Մեր բոլոր քաղաքացիներին փորձում են համոզել, խաբել, թե իբրև այս ուժերը գան, կբերեն պատերազմ։ Ոզում եմ ասել՝ ոչ, մենք կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը, խաղաղություն Արցախում, Հայաստանի սահմաններին և ներդաշնակություն Հայաստանի ներսում։ Ուրեմն զարթնիր լաո դեպի առաջ, դեպի ազատ, անկախ, հզոր, միացյալ Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ «Մենք թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն դեպի կործանում։ Առաջ դեպի հաղթանակ»,- քայլերթի մեկնարկին ասաց Ա. Խաչատրյանը։ Այնուհետև քայլերթի մասնակիցները կատարեցին «Ելի՛ր դաշնակ Դրո» երգը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ խումբ դեպի Երևան ուղղություն էր վերցրել Տավուշի մարզի Իջևան համայնքից ապրիլի 25-ից, մեկ այլ խումբ ապրիլի 26-ից Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից։ Այսօր մեկ այլ խումբ քայլերթով դեպի Երևան է գալու Սարդարապատից։
11:35 - 28 ապրիլի, 2022
ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|

ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը․ Արթուր Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը՝ մեկնած Ինդոնեզիայի Հանրապետություն` Բալի: 11 հոգանոց պատվիրակությունը մեկնել է միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով: Խաչատրյանն ասաց, որ դեռևս երեք շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և պահանջել նիստ գումարել: Իսկ ավելի վաղ նման պահանջով են հանդես եկել Արցախի ընդդիմադիր խմբակցությունները: «Ինչ եք կարծում ինչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը, Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ԱԺ 11 հոգանոց պատվիրակությունը և մեկնեց Ինդոնեզիա` Բալի կղզի, մասնակցելու միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին: Նախորդ նիստում շատ էինք խոսում խորհրդարանական դիվանագիտության մասին, ձեր մոտ կարող է հարց առաջանալ, իսկ միգուցե ԱԺ նախագահը մեկնել է, որպեսզի օգտագործի Բալիի ամբիոնը և առաջ մղի Արցախի հարցը, բայց չէ որ թեման լրիվ այլ էր` կլիմայի փոփոխություններն էր»,- ներկայացրեց պատգամավորը: Արթուր Խաչատրյանի խոսքով` հանրության մոտ կարող է տպավորություն լինել, թե ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ներառել է այդ ոլորտի մասնագետներին, ապա ընդգծեց` պատվիրակության կազմում ներգրավված մյուս երկու պատգամավորից որևէ մեկը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի անդամ չէ: Նշենք, որ պատվիրակության կազմում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: «Նաև ութ աշխատակից ԱԺ-ից, այսինքն մի պատգամավորին համարյա երեք հոգի անտուրաժ: Ճիշտ են ասում` ամեն մեկն ունի իր առաջնահերթությունը, ակներևաբար ԱԺ նախագահի նախընտրությունները և առաջնահերթությունները լրիվ այլ են և որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:
18:01 - 22 մարտի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021