«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարվել է Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկցրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նույնօրինակ որոշում է կայացրել նաև Արթուր Խաչատրյանը՝ հրաժարական տալով ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
Ավելի վաղ նույնպիսի որոշում էր կայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Նշենք նաև, որ ԱԺ-ն այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որից հետո Սաղաթելյանը հայտարարեց․ «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։
comment.count (0)