«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ․ «Պատիվ ունեմ» դաշինք

Ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ․ «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ: Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն: Իրեն գժի տեղ դնելու սովորություն ունեցող կապիտուլյանտը նաև սա չի մարսելու, իսկ դո՞ւք, պարոնայք իրավապահներ: Կարծում եք կմարսե՞ք: Թեև մեր թիմակիցներն արդեն իմունիտետ ունեն նման հիմարությունների նկատմամբ, որովհետև գիտեն, որ մեջքին կանգնած է հզոր և կուռ թիմ, բայց հիմա ու վերջին անգամ զգուշացնում եմ՝ կա՛նգ առեք քանի ուշ չէ, խելքի եկեք, մի կատարեք «չագուջով գժի» ապօրինի հրահանգները, հակառակ դեպքում ներում չի լինելու: Սիրելի՛ թիմակիցներ, պինդ կացեք, մի տրվեք սադրանքների: Վստահ եղեք, այս աննորմալությանը հաշված ժամեր են մնացել»։
15:40 - 19 հունիսի, 2021
Եթե երկիրը ղեկավարող մարդը մշտապես խաբում է բոլորին, փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, հետևանքը լինում է պատերազմ. Վանեցյան |tert.am|

Եթե երկիրը ղեկավարող մարդը մշտապես խաբում է բոլորին, փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, հետևանքը լինում է պատերազմ. Վանեցյան |tert.am|

tert.am: Մինչև իմ բուն հրաժարականի օրը ես առնվազն 3 անգամ ներկայացրել էի հրաժարականի դիմումներ՝ համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետ: Այս մասին այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը: «Ես փորձել եմ մի քանի անգամ բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ»,- ասաց Արթուր Վանեցյանը: Նա նշեց․ «Եթե մեր ժողովուրդը իր քվեն տա Նիկոլ Փաշինյանին, մենք կորցնելու ենք Հայաստանը և կարճ ժամանակ հետո վերանալու ենք որպես ազգ, դա զուտ խոսքեր չեն, դա իրողություն է, որը կախվել է մեր գլխին»,- ընդգծեց Վանեցյանը: Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ պետ լինելու ժամանակահատվածում կոնկրետ հրահանգներ է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից: «Ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրա մասին: Էս մարդը պատուհաս է մեր երկրի ու մեր բոլորի գլխին»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը: Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ և այդ կապը այն ժամանակ իրականացվել է ի պաշտոնե նրա կողմից, եղել են հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ: «Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվում էր փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը և ես պետք է շփվեի բացառապես սահմանային հարցերի շուրջ»,- ասաց Արթուր Վանեցյանը:
22:46 - 18 հունիսի, 2021
Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է օտարի շահը սպասարկող իշխանություններից․ Սերժ Սարգսյան |tert.am|

Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է օտարի շահը սպասարկող իշխանություններից․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ես ձեր կողքին եմ լինելու դժվարին ճանապարհին, օգնելու եմ իմ փորձով, գիտելիքներով, հնարավորություններով, ինչով կարող եմ՝ պետությունը վերակառուցելու ճանապարհին։ Այս մասին իր ելույթում ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես քաղաքական խրամատը լքողը չեմ, այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չեմ լքել մեր երկրի պաշտպանության խրամատը։ Վստահ եղեք, որ պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու։ Ես հավատում եմ, որ չարը չի կարող հաղթել։ Թույլ չենք տալու, հայ ազգը երբեք չի համակերպվելու պատերազմի անարդար արդյունքների հետ։ Դիմում եմ մեր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր երկու օր հետո կատարելու են իրենց քաղաքացիական պարտքը։ Հունիսի 20-ին ամեն ինչ ձեզնից է կախված, խոստումներ շռայլած ու ցինիկաբար խաբած օտարածին իշխանությունը մեզ կանգնեցրել է վտանգավոր ջրբաժանի առաջ։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, կամ առանց չափազանցության, պետություն լինելու է, թե չէ»,-ասել է նա։ Սերժ Սարգսյանը կոչ է արել խոսել պատերազմից վերադարձած ծանոթների հետ, լսել նրանց պատմություններն ու համոզվել, թե ինչ տգետ ձևով են պատերազմ վարել այս իշխանությունները։ «Կրկին վստահել սրանց, նշանակում է սեփական ձեռքի մեջ ձգել նռնակի օղակն ու գնալ ինքնաոչնչացման։ Հարցրեք ձեզ` ինչի համար էիք դուրս եկել փողոց, ձեզ ինչեր էին խոստացել և ինչ ստացաք»,-ասել է նա։   «Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,-ասել է Սերժ Սարգսյանը։
22:30 - 18 հունիսի, 2021
Վաղը չէ մյուս օրը եկե՛ք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները. Արթուր Վանեցյանը հանդես է եկել ուղերձով

Վաղը չէ մյուս օրը եկե՛ք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները. Արթուր Վանեցյանը հանդես է եկել ուղերձով

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի հայրենակիցներ, վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները։ Եկեք մերժենք սուտը ու ապրենք մարդավայել, իրար հարգելով։ Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելարագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք՝ ոնց ենք դուրս գալու այս ավերակներից։ Հայաստանցիներ, դուք չե՞ք հոգնել աղմուկ աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայհրոցից, դուք չե՞ք զզվել։ Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը։ Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին, ու խելքով իրական, լավ կյանք ստեղծենք՝ բոլորի համար։ Եկեք շրջենք ամբարտավան դատարկ անկարողների էջերը, և ընտրենք պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը։ Սիրելի հայրենակիցներ, դուք չե՞ք սարսափում անպաշտպան լինելու այս մշտական զգացումից։ Ո՞նց ենք մեր զավակների մեծացնելու, մեր ծնողների հանգիստն ապահովելու այս անտերության մեջ, թշնամու հետ միջանցիկ սահմանների ու մայրաքաղաքի կենտրոնում զինված ռազբոռկաների պայմաններում։ Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը դարձնենք աշխարհի ամենաապահովներից մեկը։ Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ կապիկություններով ջարդողներին, ու կրկին դարձնենք մեր սահմանները անառիկ, իսկ հայրենիքի պաշտպանին՝ հպարտ ու բացճակատ։ Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արյունահոսող մեր տունը, մեր հայրենիքը, մեր Հայաստանը փրկենք։ Նա մեզ երբեք առիթ չի տվել իր հետ այսպես վարվելու։ Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը սա է, մեր տունը սա է, մերը միայն սա է։ Եկեք վերադարձնենք մեր ջերմացնող, մեր երիտասարդ Հայաստանը, մեր սերը, մեր օջախը, մեր պատիվը։ Խնդրում եմ ձեզ վաղը չէ մյուս օրը մերժեք կապիտուլյանտին և ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ընտրեք, որ մասին, իրար օգնելով կարողանանք փրկվել»,-ասել է Վանեցյանը։
16:17 - 18 հունիսի, 2021
Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Արմեն Աշոտյան

Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Արմեն Աշոտյան

Այսօր ուզում եմ անդրադառնալ մի շարք իրադարձություների։ Թույլ տվեք ասուլիսը մեկնարկել հետևյալ անհանգստացնող տեղեկատվությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբում այս երկու օրերի ընթացքում մեծաթիվ ահազանգեր են կուտակվել, առ այն, որ իշխանությունը զգալով կանխատեսելով գալիք պարտությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մանավորապես, գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանությունը, դատախազություն, ԱԱԾ, և ուզում եմ Ձեզ հատիկ- հատիկ պատմել, թե ինչ  է հրահանգված այդ կառույցներին և ինչ է հիմա կատարվում։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես պատմեց․ «Սկսենք ԱԱԾ-ից, վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններում, այդտեղից ունենք հստակ ահազանգեր ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում ու խուզարկություն են իրականցնում «Պատիվ ունեմ» դաշինքի  տեղական շտաբերի պետերի նկատմամբ, առանց որևէ հիմքի։ Մասնավորապես, Զեյթուն վարչական շրջանների մեր նախընտրական շտաբերի պետերին։ Այս ապօրինի գործողության նպատակն է նախ և առաջ ճնշում գործադրել մեր նախընտրական թիմի վրա, զրկել մեր շտաբի պետերին այսօր վերջին համապատասխան քարոզչական աշխատանքներից։ Գալիք երկու օրվա ընթացքում խափանել, խաթարել շտաբերի նորմալ գործունեությունը։ Հաջորդը ոստիկանությունն է, ոստիկանական տարբեր բաժանմունքներ հանրապետությունով մեկ հրավիրում են տարբեր ազդեցիկ մարդկանց և իրենց հետ տանում են պրոֆիլակտիտ զրույցներ։ Պրոֆիլակտիկ զրույց եզրույթը իմը չէ, ոստիկանությանն է, որը հիմնավորում է այս կամ այն մարդուն իրենց մոտ հրավիրելու փաստը։ Այդ զրույցի էությունը, նպատակը այն է, որ «քեզ խելոք պահի, մեկա մենք ընտրվելու ենք, ու դու քո հալը կտեսնես, հանգիստ մնա, մի խառնվի, մի աշխատի, քարոզչությամբ մի զբաղվի, թե չէ մենք հաղթելու ենք ու կհանդիպենք   հունիսի 21-ին»։ Հաջորդը գլխավոր դատախազությունն է, որն իջեցրել է հրահանգ իր ստորաբաժանումներին և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր  համայքնների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ այլ հիմնարկների ղեկավարներ, որոց հետ տարվում է հետևյալ սպառնալիքներով լի զրույցը, որ եթե քեզ խելոք չպահես, եթե ընդդիմության համար ես աշխատում, ապա գիտես մեզ համար հինգ րոպեի հարց է քո վրա սարքել քրեական գործ»։  
15:46 - 18 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 12. քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի վերջին օրը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

Քարոզարշավ օր 12. քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի վերջին օրը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրը, քաղաքական ուժերը կշարունակեն հանրահավաքներ իրականացնել: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը 12-րդ օրը սկսելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ժամը 11։00-ին՝ Պրահայի այգու սկզբնամասում։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության եզրափակիչ հանդիպումն ընտրողների հետ տեղի կունենա Ani Grand հյուրանոցում ժամը 17։00-ին։ Քաղաքական ուժը հանդես կգա նաև ասուլիսային ձևաչափով՝ ժամը 13։00-ին։ Բանախոսները կլինեն Լևոն Զուրաբյանը և Աննա Գևորգյանը։ Նրանք կամփոփեն քարոզարշավի ընթացքը։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կանցկացնի հանրահավաք ժամը 19։00-ին։ Ընտրողների և համակիրների հետ հանդիպումը կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի բոլոր թեկնածուները հունիսի 18-ին ժամը 11։00-ին կլինեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։ Նրանք կամփոփեն քարոզարշավը, կներկայացնեն պատգամավորական կազմը և այլընտրանքային կառավարության կազմը։ «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը և պատգամավորի թեկնածու, գրող, լրագրող, իրավապաշտպան Լուսինե Ղազարյանը մամուլի ասուլիս կունենան ժամը 12։00-ին։  «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Երևանում։ Այս քաղաքական ուժը նույնպես ասուլիսով հանդես կգա։ Ժամը 11։00-ին ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին, սպասվող ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ «Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում նույնպես ասուլիսային ձևաչափով կներկայանան։ Ասուլիսին կմասնակցեն ԱԺԲ խորհրդի անդամները։
09:38 - 18 հունիսի, 2021
Գյումրիում Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների հետ

Գյումրիում Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հունիսի 17-ին հանդիպում են ունեցել Գյումրիում: Նրանք ներկայացրել են դաշինքի ծրագիրը՝ ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր ոլորտներում մեծ փորձառություն և գիտելիք ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կադրային մեծ ներուժը: Հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը պատասխանել են գյումրեցիներին հետաքրքրող ու մտահոգող հարցերին, նրանցից լսել մարզի առաջնահերթ խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին: Արթուր Վանեցյանը և ՀՀ երրորդ նախագահը Գյումրիում հանդիպում են ունեցել նաև գերեվարված զինծառայողների ծնողների հետ: Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է ընտրարշավը. ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները եզրափակել է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումներով:
17:36 - 17 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ԱԳՆ՝ արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյալները ստանալու խնդրանքով, և ստացել է մերժում. հայտարարություն

«Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ԱԳՆ՝ արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյալները ստանալու խնդրանքով, և ստացել է մերժում. հայտարարություն

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնտակտային տվյալները չտրամադրելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. ««Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝  2021 թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների կոնկատային տվյալները ստանալու խնդրանքով, որին ի պատասխան ստացել է մերժում։ Նախարարությունը մերժումը պայմանավորել է երկու հանգամանքով․ 1. Հարցումը պետք է ներկայացվի գրավոր, 2. Կոնտակտային տվյալները հանդիսանում են անձնական տվյալ և դրանց տրամադրումը երրորդ անձանց անթույլատրելի է։ Հայտարարում ենք, որ Արտաքին գործերի նախարարության գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական քարոզչության շրջանում լրատվամիջոցների հետ Դաշինքի հաղորդակցությունը արհեստականորեն խոչընդոտելուն միտված դիտավորություն։ Հավատարմագրման նպատակը լրատվամիջոցների կողմից ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու հնարավորություն ստանալն է։ Ակնհայտ է, որ հավատարմագրման գործընթաց անցած լրատվամիջոցներն առավել քան շահագրգռված են իրենց գործառույթների ամբողջական իրականացմամբ և վերջիններիս հետ կապ հաստատելու միջոցները չեն կարող դիտվել որպես օրենքով պաշտպանվող և հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։ Ճիշտ հակառակը, «զանգվածային լրատվական գործունեություն» անվանումը պարզորոշ վկայում է, որ այս գործունեությունն իրականացնողը նպատակ ունի հանրային հասանելիություն ունենալ, ինչից և բխում է, որ նրանք իրենց հետ կապ հաստատելուն ուղղված տվյալները հասանելի՝ հանրամատչելի են դարձնում սեփական կամքով։ Գրավոր հարցում ներկայացնելու ձևական պահանջի չարաշահմամբ, Արտաքին գործերի նախարարությունը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ օգտվելու գրավոր հարցմանը պատասխանելու օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետից։ Հաշվի առնելով նախընտրական շրջանի սահմանափակ տևողությունը, այս ճանապարհով նախարարությունը փորձում է հնարավորինս սահմանափակել և կանխարգելել քաղաքական ուժերի շփումը օտարերկրյա լրատվամիջոցների հետ։ Ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի հիմքում ընկած և դրա շարժիչ ուժը հանդիսացող ազատ հաղորդակցության սկզբունքի նման խոչընդոտումը անթույլատրելի է։ Արտաքին գործերի նախարարության գործողությունները չեն հետապնդում որևէ լեգիտիմ նպատակ և կոպտորեն խախտում են Սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ փնտրելու և ստանալու  ազատության, ինչպես նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները: Նման գործողությունները մենք դիտարկում ենք որպես պետական ապարատի ապօրինի գործադրմամբ՝ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ, ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման կանխման աղաղակող դրսևորում»:
16:01 - 17 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ |tert.am|

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ |tert.am|

tert.am: Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ: Դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ: Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում մոմ են վառել և աղոթել Հայաստանի ու Արցախի խաղաղության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի և մեր գերիների շուտափույթ վերադարձի համար: Մոմավառությունից հետո դաշինքի ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝  ծաղկեպսակ տեղադրել և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել մեր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև,  ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:
15:17 - 17 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը ճակատագրական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|

«Պատիվ ունեմ» դաշինքը ճակատագրական է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճակատագրական է համարում հայ ժողովրդի համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսանկ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը: «Արտահերթ խորհրդարանական այս ընտրությունները սովորական չեն: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի մի կողմից անկախության ինքնիշխանության, ազգային արժեքների, իսկ մյուս կողմից ազգային անպատվության և թուրքական վիլայեթ դառնալու միջև: Հունիսի 20-ը ճակատագրական է լնելու յուրաքանչյուրի համար: 30 տարվա ընթացքում առաջին անգամ մենք իրականացնում ենք քարոզչություն Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի 75 տոկոսի, Սև լճի, Շուռնուխի մի հատվածի օկուպացված լինելու պարագայում»,- նշեց Շարմազանովը:  ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի հունիսի 20-ին:
13:52 - 17 հունիսի, 2021
Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով. հարցազրույց Արթուր Վանեցյանի հետ |armeniasputnik.am|

Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով. հարցազրույց Արթուր Վանեցյանի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը դավաճան համարո՞ւմ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ։ Չէ՞ որ Վանեցյանն ինքը ժամանակին սպասարկել է վարչապետի շահերը։ Ի՞նչ է նշանակում ներքին անվտանգություն, և ինչպե՞ս այն ապահովել։ Այս ամենի մասին՝ մեր հարցազրույցում։ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող հրատապ և մի շարք այլ հարցերի։ – Ձեր քաղաքական դաշինքի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակաբար անդունդն է գլորվում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Որո՞նք են հիմնական պատճառները: - Պատճառներն ակնհայտ են, և դրանք դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հստակ արտացոլված են եղել իմ հրաժարականի դիմումի մեջ։ Չեմ կրկնի այն, միայն կարճ նշեմ․ անիրազեկություն, քաղաքական և կենցաղային կոռուպցիա, ժողովրդավարության, խոսքի ազատության բացակայություն, իշխանությունների տարանջատման սկզբունքի վիթխարի խախտում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ագահություն ու եսասիրություն և որևէ էթիկայի բացակայություն։ Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական։ Եվ որպես հետևանք` կաթվածահար վիճակ, ավելի ճիշտ ՝ պետության բացակայություն, գործող իշխանության ոչ լեգիտիմություն ու ոչ սուբյեկտայնություն։ - ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։ - Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ սկզբունքներին, ապա պետք է հիշեցնեմ՝ ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։ Ծառայության ընթացքում ինձ համար երբեք որևէ մեկի քաղաքական պատկանելությունը հետաքրքրություն չի ներկայացրել, բայց միշտ առաջին տեղում է եղել քաղաքացիների օրինապաշտությունը, ինչի մասին նույնպես բազմիցս ասել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Իմ ղեկավարությամբ ԱԱԾ-ն պայքարում էր ՀՀ քրեական օրենսգիրքը խախտող մարդկանց, երևույթների և գործողությունների դեմ։ Հիշում եք՝ 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը փոփոխություններ էր ուզում։ Բնակչության մեծամասնությունը սրընթաց փոփոխություններ էր ցանկանում, և այդ ալիքը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց։ Ի դեպ, ես նրա քաղաքական թիմից դուրս ամենաբարձր վարկանիշն ունեի, և դա նրան խիստ նյարդայնացնում էր։ ԱԱԾ-ում ես պարզապես իմ աշխատանքն էի անում և գոհ էի, որ պատիվ ունեմ ծառայելու պետությանը։ Իմ ղեկավարման մեկուկես տարիների ընթացքում ԱԱԾ-ն գերազանց արդյունքներ է արձանագրել, որոնց մասին շատ բան է ասված։ Նաև բարդ պահեր են եղել, բայց դրանց մասին առայժմ չեմ կարող խոսել։ Թեև շատերն են հիշում, թե ինչպես պետական կառավարումից ոչինչ չհասկացող Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից պահանջում էր «դևերին գտնել», «ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը» և «ֆեյքերի որս սկսել»։ Դա զվարճալի էր։ Բայց այն ժամանակ ինձ թվում էր, որ դրանք իմ ծառայության կողմնակի ազդեցություններն են, որ հանուն հայրենիքին ծառայելու կարելի է և նման բաներ հանդուրժել։ - Իսկ ե՞րբ հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ։ - 2019-ի ամռանը ես վերջնական եզրակացության եկա, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։ Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։ Իհարկե, Փաշինյանի թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ՝ հայտարարելով, որ 2018 թ․-ի իրադարձություններն իրենց համար երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն են համարում։ Բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին։   Ես կարծում եմ, որ հեղափոխության իդեալները վերջնականապես անհետացան 2019 թ․-ի ամռանը, իսկ հետագայում մենք բոլորս տեսանք, որ Նիկոլի հայտարարած սկզբունքներն ու արժեքները ֆեյք էին և օգտագործվում էին միայն ուղեղները լվանալու համար։ 2019թ․-ի օգոստոսին ես արդեն հասկացա, որ համակարգը ներսից փոխելն իրատեսական չէ: Պետք է հեռանալ և փորձել դրսից աշխատել։ Ցավոք, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ կառավարությունում կամ խորհրդարանում նրա թիմը իմ «կանգ առնելու» կոչը չլսեցին ու չհասկացան։ Պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր. ձախողումներ պետության կենսագործունեության բոլոր ճակատներում, ավելի քան հինգ հազար զոհված հերոսներ, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ, տնից ու ապագայից զրկված տասնյակհազարավոր մարդիկ, տնտեսական կոլապս և այլն։ Այս ամենի գլխավոր պատճառներից մեկը հասարակության մեջ համակարգված և անընդհատ ատելության բորբոքումն է, «բոլորին բոլորի դեմ» տրամադրելը, այլ կերպ ասած ՝ քաղաքական ռասիզմը։ Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճան է, թե՞ նա սովորական արկածախնդիր ապաշնորհ է։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ միաժամանակ։ Քրեական բաղադրիչի մասով, վստահ եմ, դրանով անպայման կզբաղվեն իրավապահպան մարմինները։ Բայց ամենակարևորը՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի մենք պետք է հունիսի 20-ին քաղաքական գնահատական տանք «նիկոլիզմին» և մեկընդմիշտ հեռացնենք նրան մեր կյանքից։ Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո անվտանգության համակարգի վերականգնման հետ մեկտեղ մեր ուժի առաջնահերթությունը լինելու է հասարակության համախմբումը համազգային գաղափարի և համազգային նախագծերի շուրջ: Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում։ 
11:20 - 17 հունիսի, 2021
Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը:  «Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը:  «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն: «Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը: «Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի: «Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա: Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: «Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս: ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է: «Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:
14:06 - 16 հունիսի, 2021
«Պատիվ ունեմն» իր ուժը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում. Սոս Հակոբյան |armenpress.am|

«Պատիվ ունեմն» իր ուժը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում. Սոս Հակոբյան |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու քաղաքացիները հունիսի 20-ին իրենց ձայնը պետք է տան հենց իրենց դաշինքին: Հակոբյանն այս մասին խոսեց նախընտրականք քարոզարշավի շրջանակում հրավիրված ասուլիսում: «Ինչու պետք է հունիսի 20-ին ոչ միայն կատարել քաղաքացիական պարտքը, այլ ձայնը տալ հենց «Պատիվ ունեմ» դաշինիքին: Ուզում եմ հատուկ նշել, որ որևէ քաղաքական ուժ այս ընթացքում ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ սկսած Արթուր Վանեցյանի Մոսկվա այցից»,-ասաց Հակոբյանը: Նա հավելեց նաև, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և Կենտրոնամետ դեմոկրատներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրապետական կուսակցությանը: «Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը և հունիսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ ազգային շահերին»,- նշեց նա: Հակոբյանը հատուկ շեշտեց նաև այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Արթուր Վանեցյանը միակ վարչապետի թեկնածուն է եղել, որ այցելել է Արցախ: «Մեզ համար շատ կարևոր են երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները: Դրանք են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը: Պատահական չէ, որ Արցախում Վանեցյանը հանդիպում ունեցավ Վեհափառ Հայրապետի հետ»,- ասաց նա: Իսկ թե դաշինքն ինչպես է ամփոփելու քարոզարշավը՝ նա ասաց, որ դեռևս 1-2 այց պետք է կատարեն մարզ, զուգահեռաբար կլինեն Երևանում, քարոզարշավի ամփոփման մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
13:13 - 16 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|

«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|

tert.am: Ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն: Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։  Այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը: -Պարոն Մարգարյան, անցած երեք տարիների ընթացքում մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե լքել եք Հայաստանն ու ընտանիքով բնակություն եք հաստատել ՌԴ մայրաքաղաքում: -Վերջին 3 տարիների ընթացքում իմ անվան շուրջ հյուսված ապատեղեկատվության պակաս հաստատ չի եղել, որոնցից մեկն էլ Ձեր նշածն էր, որն անմիջապես էլ հերքվել է մեր կողմից։ Պետք է նաև նշեմ, որ վերոնշյալ ժամանակահատվածում, վերապատրաստվելու և մասնագիտական հմտություններս կատարելագործելու նպատակով ընդունվել եմ ՌԴ Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Տնտեսագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային տնտեսագիտության հեռակա բաժինը՝ «Տնտեսագիտություն և իրավագիտություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու, ինչով պայմանավորված էլ պարբերաբար մեկնել եմ Մոսկվա։ Գուցե հենց այդ հաճախակի մեկնումներս ու որոշ ժամանակով Երևանից բացակայությունս է ոմանց ստիպել մտածել, թե հեռացել եմ Հայաստանից։ Այնուամենայնիվ, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս կվերահաստատեմ բազմիցս հնչեցրած խոսքերս, որ թե՛ ես և թե՛ իմ ընտանիքը մշտապես ապրել, ապրում ու ապրելու՛ ենք մեր սիրելի Երևանում, որն ինձ համար աշխարհի ամենաջերմ ու բարի քաղաքն է և շարունակելու՛ ենք արարել ու շենացնել մեր երկիրն ու հարազատ քաղաքը։   -«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը պայքարում էր Ձեր դեմ՝ որպես նախկին, իսկ հիմա իր հետ գնում եք մի դաշինքով կամ միասին մի ցուցակում եք, դա Ձեզ չի՞ կաշկանդում: -Նախ ֆիկսենք, որ պարոն Վանեցյանն օրեր առաջ ուղիղ պատասխանել է այդ հարցին՝ հստակ նշելով, որ ԱԱԾ-ն երբևէ չի՛ հարուցել կամ քննել իմ անձին վերաբերող որևէ գործ։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանի ներկայիս վայ-իշխանությունները, ավելի ճիշտ, իշխանազավթները, քրեաիրավական որոշ գործեր առավել հնչեղ դարձնելու նպատակով, դրանց ներկայացման շրջանակում միտումնավոր և մանիպուլյատիվ կերպով պարբերաբար շրջանառել են իմ անունը՝ ցանկանալով արատավորել բարի համբավս և տպավորություն ստեղծել, թե իրենց իսկ կողմից շատ հաճախ ուռճացված այդ գործերին առնչություն եմ ունեցել նաև ես։ Մի խոսքով, պարոն Վանեցյանի սպառիչ պատասխանին ավելացնելու բան չունեմ, ըստ այդմ՝ նաև չկա որևէ կաշկանդվածություն, որպեսզի համատեղ ուժերով փորձենք իշխանության ղեկից դուրս շպրտել Հայաստանն անխուսափելի կործանման տանող իշխանազավթների այդ խունտային։ -Պարոն Մարգարյան, Ձեր դաշինքն արդյո՞ք կստանա այնքան քվե, որ կարողանաք ներկայացված լինել Ազգային ժողովում: -Մեր առաջնային նպատակը, ինչպես արդեն նշեցի, նախ և առաջ իշխանազավթների այդ խունտային դուրս շպրտելն է լինելու։ Եվ բնական է, որ մեզ պարտադրված այս ընտրություններում մենք հավակնում ենք ԱԺ-ում ունենալ որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն, ինչը կլինի այդ նպատակի իրագործման կարևոր բաղկացուցիչը։ Եվ, այո՛, ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն։ Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։ Մենք ունենք հաստատակամություն, բավական փորձ ու գիտելիք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար և, չեմ կասկածում, որ այդ ամենը կգնահատվի նաև մեր բազում համաքաղաքացիների կողմից: -Պարոն Մարգարյան, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ հայ հասարակությունն այսօր էլ դեռ շարունակում է մնալ սև-սպիտակի բաժանված ու պառակտված։ Ըստ այդմ՝ հետաքրքիր է իմանալ, թե այս ընտրություններում, ըստ Ձեզ, կհաղթեն սևե՞րը, թե՞ սպիտակները: -Նախ պետք է խնդրեմ ու հորդորեմ, որ անխտիր բոլորս և, առաջին հերթին զանգվածային լրատվության միջոցները՝ որպես հանրության մտածելակերպի վրա գործուն ազդեցություն թողնող մեխանիզմ, մեր բառապաշարից մեկընդմիշտ վերացնենք այդ արատավոր ձևակերպումն ու այլևս երբեք թույլ չտանք դրա շրջանառումը։ Այդ կեղծ ու կործանարար բաժանումը, որով իշխանազավթների այս խունտան թշնամանք մտցրեց հայ օջախներ, անգամ հարազատ եղբայրներին հանեց իրար դեմ ու սեպ խրեց ընկերների և բարեկամների միջև, մեր երկիրը հասցրել է կործանման եզրին։ Մենք իրավունք չունենք անգամ վարկյան ավել հանդուրժել այս իրավիճակն ու ամեն ինչ անելու ենք, որ իշխանազավթների այս խունտայի հետ մեկտեղ մեր իրականությունից դուրս շպրտենք արատավոր այդ բաժանումը ևս։ Կա՛մ մենք միասնաբար կվերադարձնենք մեր ժողովրդին համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտն ու կտոնենք չարի և չարության հանդեպ մեր հաղթանակը, կա՛մ կպարտվենք բոլորս միասին։ Այլ տարբերակ ուղղակի չկա։  Շարունակությունը՝ tert.am-ում
13:53 - 15 հունիսի, 2021
Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու. Արտակ Զաքարյան |armenpress.am|

Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու. Արտակ Զաքարյան |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում Արցախի կարգավիճակի հարցով ակտիվ աշխատանքներ տանել, ակտիվացնել արտաքին քաղաքականությունը:  Այս մասին ասուլիսում ասաց դաշինքի ընտրական ցուցակի անդամ Արտակ Զաքարյանը: Նա շեշտեց, որ իրենց դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը քարոզարշավը սկսել է հենց Արցախից: «Մեր դաշինքի քարոզարշավը սկսվեց Արցախից, որովհետև Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու: Արցախի կարգավիճակի հարցը  ՀՀ անվտանգության  կարևորագույն էլեմենտներից մեկն է, մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կոմունիկացիաների խաղաղ գործակցության կարևորագույն էլեմենտներից մեկն է, և մենք դրան անպայման հասնելու ենք»,- ասաց Զաքարյանը: Նա շեշտեց, որ իրենց դաշինքն ունի միջազգային լայն աջակցություն՝ իր մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ըստ Զաքարյանի՝ դա խոսում է այն մասին, որ իրենք նաև արտաքին քաղաքականության ակտիվացմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր գործիքակազմերով շատ արագ կարողանալու են ոտքի կանգնեցնել Հայաստանի արտաքին գործընկերությունը, վստահություն ձեռք բերել, արժանապատիվ համագործակցություն սահմանել և դրանով շատ արագ տեմպերով հիմքեր դնել ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման համար: Ըստ նրա՝ քաղաքական դաշտը գնում է ընտրության և շարունակում է պայքարել գործող վարչապետի պաշտոնակատարի դեմ՝ Հայաստանը դուրս բերելու ճահճից: «Ճահճից դուրս գալու մի շարք ելքեր կան, և կան դաշտում քաղաքական ուժեր, որոնք շարունակ մատնանշում են դրա անհրաժեշտությունը, դրանով պայմանավորված էլ կառուցում իրենց քարոզչությունը: Մեր հասարակությունն ունի ընտրության լայն հնարավորություն՝ քանակական իմաստով, բայց որակական իմաստով ընտրության մեծ հնարավորություն չունի»,- ասաց Զաքարյանն ու հույս հայտնեց, որ հասարակությունն իր ձայնը տալու է բոլոր այն պատասխանատու քաղաքական ուժերին, որոնք սրտացավ են պետության համար:
13:30 - 15 հունիսի, 2021