«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|
13:53 - 15 հունիսի, 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|

tert.am: Ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն: Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։  Այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը:

-Պարոն Մարգարյան, անցած երեք տարիների ընթացքում մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե լքել եք Հայաստանն ու ընտանիքով բնակություն եք հաստատել ՌԴ մայրաքաղաքում:

-Վերջին 3 տարիների ընթացքում իմ անվան շուրջ հյուսված ապատեղեկատվության պակաս հաստատ չի եղել, որոնցից մեկն էլ Ձեր նշածն էր, որն անմիջապես էլ հերքվել է մեր կողմից։ Պետք է նաև նշեմ, որ վերոնշյալ ժամանակահատվածում, վերապատրաստվելու և մասնագիտական հմտություններս կատարելագործելու նպատակով ընդունվել եմ ՌԴ Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Տնտեսագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային տնտեսագիտության հեռակա բաժինը՝ «Տնտեսագիտություն և իրավագիտություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու, ինչով պայմանավորված էլ պարբերաբար մեկնել եմ Մոսկվա։ Գուցե հենց այդ հաճախակի մեկնումներս ու որոշ ժամանակով Երևանից բացակայությունս է ոմանց ստիպել մտածել, թե հեռացել եմ Հայաստանից։

Այնուամենայնիվ, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս կվերահաստատեմ բազմիցս հնչեցրած խոսքերս, որ թե՛ ես և թե՛ իմ ընտանիքը մշտապես ապրել, ապրում ու ապրելու՛ ենք մեր սիրելի Երևանում, որն ինձ համար աշխարհի ամենաջերմ ու բարի քաղաքն է և շարունակելու՛ ենք արարել ու շենացնել մեր երկիրն ու հարազատ քաղաքը։  

-«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը պայքարում էր Ձեր դեմ՝ որպես նախկին, իսկ հիմա իր հետ գնում եք մի դաշինքով կամ միասին մի ցուցակում եք, դա Ձեզ չի՞ կաշկանդում:

-Նախ ֆիկսենք, որ պարոն Վանեցյանն օրեր առաջ ուղիղ պատասխանել է այդ հարցին՝ հստակ նշելով, որ ԱԱԾ-ն երբևէ չի՛ հարուցել կամ քննել իմ անձին վերաբերող որևէ գործ։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանի ներկայիս վայ-իշխանությունները, ավելի ճիշտ, իշխանազավթները, քրեաիրավական որոշ գործեր առավել հնչեղ դարձնելու նպատակով, դրանց ներկայացման շրջանակում միտումնավոր և մանիպուլյատիվ կերպով պարբերաբար շրջանառել են իմ անունը՝ ցանկանալով արատավորել բարի համբավս և տպավորություն ստեղծել, թե իրենց իսկ կողմից շատ հաճախ ուռճացված այդ գործերին առնչություն եմ ունեցել նաև ես։ Մի խոսքով, պարոն Վանեցյանի սպառիչ պատասխանին ավելացնելու բան չունեմ, ըստ այդմ՝ նաև չկա որևէ կաշկանդվածություն, որպեսզի համատեղ ուժերով փորձենք իշխանության ղեկից դուրս շպրտել Հայաստանն անխուսափելի կործանման տանող իշխանազավթների այդ խունտային։

-Պարոն Մարգարյան, Ձեր դաշինքն արդյո՞ք կստանա այնքան քվե, որ կարողանաք ներկայացված լինել Ազգային ժողովում:

-Մեր առաջնային նպատակը, ինչպես արդեն նշեցի, նախ և առաջ իշխանազավթների այդ խունտային դուրս շպրտելն է լինելու։ Եվ բնական է, որ մեզ պարտադրված այս ընտրություններում մենք հավակնում ենք ԱԺ-ում ունենալ որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն, ինչը կլինի այդ նպատակի իրագործման կարևոր բաղկացուցիչը։ Եվ, այո՛, ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն։

Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։ Մենք ունենք հաստատակամություն, բավական փորձ ու գիտելիք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար և, չեմ կասկածում, որ այդ ամենը կգնահատվի նաև մեր բազում համաքաղաքացիների կողմից:

-Պարոն Մարգարյան, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ հայ հասարակությունն այսօր էլ դեռ շարունակում է մնալ սև-սպիտակի բաժանված ու պառակտված։ Ըստ այդմ՝ հետաքրքիր է իմանալ, թե այս ընտրություններում, ըստ Ձեզ, կհաղթեն սևե՞րը, թե՞ սպիտակները:

-Նախ պետք է խնդրեմ ու հորդորեմ, որ անխտիր բոլորս և, առաջին հերթին զանգվածային լրատվության միջոցները՝ որպես հանրության մտածելակերպի վրա գործուն ազդեցություն թողնող մեխանիզմ, մեր բառապաշարից մեկընդմիշտ վերացնենք այդ արատավոր ձևակերպումն ու այլևս երբեք թույլ չտանք դրա շրջանառումը։ Այդ կեղծ ու կործանարար բաժանումը, որով իշխանազավթների այս խունտան թշնամանք մտցրեց հայ օջախներ, անգամ հարազատ եղբայրներին հանեց իրար դեմ ու սեպ խրեց ընկերների և բարեկամների միջև, մեր երկիրը հասցրել է կործանման եզրին։

Մենք իրավունք չունենք անգամ վարկյան ավել հանդուրժել այս իրավիճակն ու ամեն ինչ անելու ենք, որ իշխանազավթների այս խունտայի հետ մեկտեղ մեր իրականությունից դուրս շպրտենք արատավոր այդ բաժանումը ևս։ Կա՛մ մենք միասնաբար կվերադարձնենք մեր ժողովրդին համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտն ու կտոնենք չարի և չարության հանդեպ մեր հաղթանակը, կա՛մ կպարտվենք բոլորս միասին։ Այլ տարբերակ ուղղակի չկա։

 Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել