Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. փակել են նաև հարակից ճանապարհահատվածը. Գևորգ Փարսյան |pastinfo.am|

Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. փակել են նաև հարակից ճանապարհահատվածը. Գևորգ Փարսյան |pastinfo.am|

pastinfo.am: Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։ Տեղեկությունը հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ «Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարը անցել է իրենց»,- հայտնեց Փարսյանը։ Ադրբեջանցիներն անմիջապես փակել են հարակից ճանապարհահատվածը, որը ծառայում էր ոչ միայն զինծառայողներին, այլև գյուղացիներին։ «Ճանապարհը մեր համար միջդիրքային ճանապարհ էր ծառայում, գյուղացիների համար էլ ծառայում էր վառելափայտ հայթայթելու համար, դա հիմա ադրբեջանցիները փակել են և իրենց վերահսկողության ներքո է»։ Դեռևս երկու օր առաջ սարի մի հատվածում հայ զինծառայողներն էին վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։ Բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռ 2021-ի ձմռանը, սակայն դրա մասին պաշտոնական հրապարակումներ այդպես էլ չեղան։ Եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղեկայվել էին հայ և ադրբեջանցի զինծառայողները։ «Ժամանակին՝ հունվար-փետրվար ամիսներին կար պայմանավորվածություն։ Չափագրումներ էին անում GPS-ով, որի արդյունքում հատվածներ կար հայկական էր, հատվածներ կար երևում էր՝ ադրբեջանական։ Հայկական հատվածները մենք կարողանում էինք օգտագործել որպես միջդիրքային ճանապարհ, դա գյուղացիները օգտագործում էին անտառ մտնելու համար։ ՀԻմա այդ հատվածը՝ չգիտեմ ինչու, անցավ ամբողջովին իրենց վերահսկողության ներքո»։
13:19 - 18 հոկտեմբերի, 2021
Գորիսեցիները վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին

Գորիսեցիները վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ․ Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին

Ստեփանակերտի քաղաքապետ Դավօթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգարժան Առուշ Գագիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ: Գորիսեցիները իրենց վստահության քվեով վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ: Այդ իրողությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Համոզված եմ՝ կարդարացնեք Ձեր հազարավոր վստահորդների հույսերը: Նաև հավատում եմ, որ այսուհետ ևս Ձեր անմիջական մասնակցությամբ կամրապնդվի Գորիսի ու Ստեփանակերտի միջև փոխգործակցությունը: Գիտեմ, որ դրա ջատագովն եք: Վկան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում Ձեր նախաձեռնությամբ իրականացված մի շարք մարդասիրական ծրագրերն են: Հիշում ենք և գնահատում: Մաղթում եմ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկներին հաջողություն, Ձեզ քաջառողջություն և խաղաղ երկինք»:
13:04 - 18 հոկտեմբերի, 2021
ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Դիլիջանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել էր երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 4 197 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 615-ը կամ 62․30%-ը։ Անվավեր է համարվել 49 քվեաթերթիկ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 337 կամ 12․88%«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն - 949 կամ 36.29%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 280 կամ 48.94% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Տաթեւ համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը ՔՊ-ն է։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել էր երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ (Հովսեփյանի հետ զրույցը՝ այստեղ), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվել է հարցազրույց տալ Infocom-ին՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 3 901 է, մասնակցել է 2 359-ը կամ 60․47%-ը։ Անվավեր է համարվել 51 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․  «Ապրելու երկիր» կուսակցություն - 806 կամ 34.16%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 501 կամ 63․62%։
12:00 - 18 հոկտեմբերի, 2021
Ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ «ՔՊ-ի աջակիցը, գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը․ Վահագն Ալեքսանյան

Ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ «ՔՊ-ի աջակիցը, գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը․ Վահագն Ալեքսանյան

Քիչ առաջ որոշ լրատվականների կողմից հրապարակված «ՔՊ-ի աջակիցը՝ գումարը ձեռքին շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ, իսկ քաղաքական որոշ ուժերի դրան հաջորդած մեկնաբանությունները մեղմ ասած ծիծաղելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Կադրում ՔՊ աջակից Էդգար Ավագյանն է, ում ձեռքին էլ 50 000 դրամ գումար է, որով կադրերից րոպեներ անց գնացել է Գորիս և շտաբի աշխատակիցների ու վստահված անձանց հերթափոխի համար ուտելիք գնել, տեղեկությունը, թե գումարը ձեռքին շրջել է ընտրատարածքով բացարձակ անհեթեթություն է։ Սա ստուգելը ընդամենը րոպեների հարց է իրավապահների համար, ինչը և հորդորում ենք անել։ Հանկարծ մտքներովդ չանցնի, թե կարող եք մեզ մեղադրել նրանում, ինչը մենք մերժել ու մերժում ենք մեր էությամբ։ Իսկ ընտրակաշառք բաժանելու տեխնոլոգիաների մասին կարող եք հատուկ մաստեր-կլաս խնդրել ձեր քաղաքական տանիքներից»,- գրել է Ալեքսանյանը։ Նշենք, որ ավելի վաղ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ նշելով այն որպես հանցագործության մասին հաղորդում։
20:11 - 17 հոկտեմբերի, 2021
Շատ սպասելի որոշում էր, Սիսիանի նախկին քաղաքապետը 20 մլն դրամ գրավի դիմաց գիշերը ազատ է արձակվել. փաստաբան |tert.am|

Շատ սպասելի որոշում էր, Սիսիանի նախկին քաղաքապետը 20 մլն դրամ գրավի դիմաց գիշերը ազատ է արձակվել. փաստաբան |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանների միջնորդությունը և 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Այս մասին հայտնեց Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։Էմին Խաչատրյանը նշեց, որ միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վերացել է գործին խոչընդոտելու ռիսկայնությունը։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սիսիանի արդեն նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
15:27 - 15 հոկտեմբերի, 2021
Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ:  Իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1 մլրդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք»,- ասել է Գրիգորյանը:  Նրա խոսքով՝ եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա ՀՀ-ում կարծում են, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:
11:25 - 14 հոկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը՝ աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021թ․-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․-ին, և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը, և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որն սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։ 2021 թ. վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։ Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։
12:26 - 13 հոկտեմբերի, 2021
Գորիսում տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ միս․ ՍԱՏՄ

Գորիսում տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ միս․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սեպտեմբերի 2-րդ կեսից սկսված խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը: Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության մասնագետների ու Երևանի և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների թարմ միս-մսեղիքի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ողջ մսեղիքի համար ներկայացվել է սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը: Գորիս քաղաքի մսի իրացման տաղավարներից մեկում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 22 կգ. միս, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման: Խախտումներ են արձանագրվել նաև Սիսիանի մի շարք իրացման կետերում։ Ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է: Ծառայությունը հորդորում է սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:
17:38 - 09 հոկտեմբերի, 2021
Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվեց հարցազրույց տալ՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Արգամ Հովսեփյանը, մեր զրույցում ասաց, որ քարոզարշավը հանդարտ է ընթանում, ինքն այն անցկացնում է բակային հանդիպումների ձեւաչափով՝ զրուցելով Տեղի բնակիչների հետ։ Տեղ համայնքում խնդիրները քիչ չեն․ կա ոռոգման ջրի, խմելու ջրի խնդիր, բնակիչները դժվարությունների են հանդիպում գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցում։ Հովսեփյանը, խոսելով այս խնդիրների մասին, նշեց, որ կուսակցության համահիմնադիրները՝ ի դեմս Մեսրոպ Առաքելյանի, ծանոթ են այս հարցերին, ինքն էլ խնդրել է դրանց լուծում տալու հարցում աջակցել իրեն։ Բանն այն է, որ համայնքային բյուջեն խիստ սահմանափակ է, եւ նման լուրջ խնդիրների լուծման համար այլ միջոցներ են հարկավոր։ Այդ միջոցները հայթայթելու համար Հովսեփյանը պատրաստվում է քննարկումներ ունենալ կառավարության հետ՝ սուբվենցիոն ծրագրեր բերելու մտադրությամբ, գտնել նաեւ բարերաների, որոնք պատրաստ կլինեն աջակցել։ Որպես առաջնային լուծում պահանջող հարց՝ մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ ճանապարհների անմխիթար վիճակը․ «Էս հարցն էլ միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ լուծել, պետք է բարերների գտնենք»,- ասաց Հովսեփյանը։ Տեղում այսօր սպանդանոց չկա․ սա դժվարացնում է բնակիչների գործը, բայց համայնքապետի թեկնածուն հարցը լուծելի է համարում՝ հավելելով, որ ինքը նաեւ մտադիր է խթանել գյուղացիների արտադրանքի արտահանմանը՝ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում։ Տեղ համայնքի վարելահողերի որոշ մասը պատերազմից հետո հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ․ այս հարցը տեղացիների համար ամենամտահոգիչն է։ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ լավ կլիներ, եթե կառավարությունն աջակցեր գյուղացիներին՝ վառելիք եւ սերմացու տրամադրելով․ «Վարած, ցանած հողերը մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, էս պահին ես պետությունից խնդրում եմ Տեղ համայնքի, եւ ոչ միայն, մնացած սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնեն սերմացուով, վառելիքով, օգնեն՝ մարդիկ էս տարի ոտքի կանգնեն, հետո իրենց հունով կաշխատեն։ Եթե սերմացուն անվճար տան, էս տարի ժողովուրդը մի քիչ ոտի կկանգնի»,- ասաց Հովսեփյանը՝ նշելով, որ այդպիսի որոշում պետք է շուտափույթ կայացվի, քանի դեռ կարելի է ցանք անել։ Մեր զրուցակիցը խոսեց նաեւ մանկապարտեզների նորոգման անհրաժեշտության մասին, կրթական կենտրոններ ունենալու։ Այս հարցերի լուծման համար եւս Արգամ Հովսեփյանը անհրաժեշտ համարեց համագործակցել կառավարության հետ։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ընտրություններում Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Վերջինս, ինչպես Տեղ համայնքում ՔՊ ցուցակը գլխավորող Դավիթ Ղուլունցը, հրաժարվեց հարցազրույցից՝ դարձյալ զբաղված լինելու պատճառաբանությամբ։ Լուսանկարում՝ Արգամ Հովսեփյանը զրուցում է Տեղի բնակիչների հետ, աղբյուրը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջ Հայարփի Բաղդասարյան
18:49 - 08 հոկտեմբերի, 2021
Դատարանը վերացրել է Քաջարանի համայնքապետի լիազորությունները կասեցնելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը. պաշտպաններ

Դատարանը վերացրել է Քաջարանի համայնքապետի լիազորությունները կասեցնելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը. պաշտպաններ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Ավելի վաղ Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին՝ երեկոյան, տեղեկացել էր, որ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին: Ըստ ԱԱԾ-ի՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
14:06 - 07 հոկտեմբերի, 2021
Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Նախատեսվում է, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի․ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։  Արարատ Թումանյանն այս տարվա հուլիսի 14-ին է նշանակվել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հուլիսի 9-ին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել, օրեր անց նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելը):  Infocom-ի հետ զրույցում Արարատ Թումանյանը պատմեց, որ Մեղրիում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ իրենց թիմի անդամները, ինչպես եւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, խոչընդոտների ու դիմադրության չեն հանդիպել։  Խոսելով համայնքի՝ դեռեւս լուծում չստացած խնդիրների մասին, Թումանյանն առանձնացրեց հատկապես ոռոգման ջրի հարցը․ «Իմ պաշտոնավարման երկու ամսվանից միայն 1,5-ը ես նվիրվել եմ այդ գործին։ Կառավարության աջակցությամբ փորձելու ենք հարցին ամբողջական լուծում տալ։ Ջրօգտագործողների ընկերությունում շատ խնդիրներ կան, մեր ջանքերով եւ կառավարության միջնորդությամբ պետք է լուծվեն հարցերը։ Ի դեպ՝ ՋՕԸ-ի մարզային ղեկավարի հետ զրուցել եմ, պատրաստվում է նախագծեր ներկայացնել, որպեսզի ողջ համակարգը բարելավենք, մոդեռնիզացնենք»։ Անդրադառնալով այն կարծիքներին, որ ճիշտ կլիներ՝ ՋՕԸ-ն համայնքային վերահսկողության տակ լիներ, Թումանյանը եւս նշեց, որ, իհարկե, ցանկալի կլիներ, բայց այդպիսի կարգավորում բերելը բարդ է, ժամանակատար, քանի որ օրենսդրական նախաձեռնություն է պետք, եւ անիրատեսական է, որ այդպիսի փոփոխությունը միայն մի համայնքի համար լինի․ «Եթե դա հնարավոր լիներ անել, ապա բնակիչները ոլորտի վերաբերյալ իրենց խնդիրները կկարողանային ուղիղ համայնքապետին ներկայացնել, որն էլ կլծվեր այդ խնդրի լուծմանը։ Որովհետեւ, եթե գյուղացին խնդիր է ունենում, միանգամից համայնքի ղեկավարին է դիմում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ համայնքի ղեկավարն ավելի սրտացավ է լինում բնակիչների հանդեպ, փորձում է խնդիրներին ավելի արագ լուծում տալ։ Թումանյանը նշեց նաեւ, որ նպատակ ունեն արդիականացնել պոմպակայանները։ Այժմ արդեն մտածում են նոր պոմպակայանի նախագծի շուրջ, պատրաստվում են ուսումնասիրել տեղանքը, ռելիեֆը՝ մեծ ջրամբար կառուցելու համար․ «Ջրամբարի կառուցման միջոցներ եղել են, բայց սկզբում կորոնավիրուսի համավարակը, հետո պատերազմը լուրջ հարված եղան մեր տնտեսությանը, դրա համար այս հարցը հետաձգվեց։ Հիմա կա քաղաքական կամքը, միջոցներ էլ կան, պետք է լծվենք աշխատանքներին»։ Մեղրիում առաջնային խնդիր է նաեւ գազաֆիկացումը։ Այս առնչությամբ Մեղրու համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ այս տարվա ավարտին՝ դեկտեմբերին, նախատեսվում է, որ փականներ կտեղադրվեն․ «Երբ փականները դրվեն, այդ դեպքում եթե որեւէ թաղամասում վթար լինի, հնարավորություն կլինի բաժանարար կետի սկզբի փականը փակել ու տվյալ թաղամասում լուծել խնդիրը, այլ ոչ թե փակել ողջ Մեղրի համայնքի գլխամասային փականը»,- ասաց Թումանյանը՝ հույս հայտնելով, որ այս ձմեռ Մեղրիում գազաֆիկացման հարցը կլուծվի։ Մեր զրուցակիցը թվարկեց առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ եւս․ «Մենք անպայման ուզում ենք խթանել գյուղատնտեսությունը, պետք է սպանդանոց ունենանք։ Ե՛ւ մարզպետարանի, ե՛ւ կառավարության մակարդակով զրույցներ ենք ունեցել, հնարավորություն կա, եւ եթե ոչ մասնավոր սեկտորի միջոցով, ապա համայնքապետարանի միջոցով հարցը հնարավոր է լուծել։ Սպանդանոցն անասնապահներին ստիմուլ է տալիս՝ պահել անասուններ, է՛լ ավելի զարգացնել իրենց բիզնեսը, զբաղվել ֆերմերային տնտեսությամբ։ Եւ քանի որ մենք ենք նախաձեռնելու սպանդանոց ունենալը, ուրեմն ուզենալու ենք նաեւ մթերման պահեստներ ունենալ, սա էլ իր հերթին կխթանի անասնապահությունը»,- ասաց Թումանյանը։ Վերջինս խոսեց նաեւ զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին՝ նշելով, որ Մեղրիում ռեզորտային կենտրոններ լինելու պոտենցիալ ունեն, օրինակ, Լիճք, Տաշտուն, Զվար, Լեհվազ բնակավայրերը․ «Զբոսաշրջությունը Մեղրիում ակտիվանում է։ Երբեմն քաղաք են գալիս եվրոպական, սկանդինավյան երկրներից, որ ինքդ քեզ ասում ես՝ լավ, այս շվեյցարացին կամ նորվեգացին ի՞նչ են գտել այս կողմերում, հետո երբ օտարի աչքով ես փորձում նայել, հասկանում ես՝ իրականում ինչ հետաքրքիր, հիասքանչ տեղեր կան․ մենք, որ ներսում ենք, երբեմն չենք նկատում ու գնահատում»։ Թումանյանի կարծիքով՝ որպեսզի մարդկանց կյանքը բարեկեցիկ լինի, պետք է շեշտ դնել նաեւ բիզնես ոլորտի վրա․ «Այստեղ պղնձամոլիբդենային կոմբինատ ունենք, մարդիկ որոշակի զբաղվածություն ունեն, բայց դրանից հետո ոչինչ չունեն անելու։ Նպատակ ունենք ներդրումներ անել նաեւ մշակութային ոլորտում։ Մեղրիում եւ Ագարակում, օրինակ, մշակութային պալատները դեռ սովետական կարգավիճակում են, իսկ հիմա դարի պահանջներն այլ են»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեղրեցիներն այսօր վախի մթնոլորտում չեն ապրում․ «Մինչ խորհրդարանական ընտրությունները Մեղրիում, կհիշեք, այն բարբարոսական ակտը տեղի ունեցավ․ այդ միջադեպերը հանրության մոտ ինչ-որ չափով հիասթափություն առաջացրին (զրուցակիցը նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը, երբ Մեղրիում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներն ընդդեմ Փաշինյանի ակցիաներ իրականացրին,- հեղ․)։ Բայց հիմա վախի մթնոլորտ կամ հիասթափություն չկա, այդ սարդոստայնով գործվածքը վերացել է, մարդիկ հանգիստ կգնան, իրենց ընտրությունը կկատարեն։ Իսկ թե ինչու մեզ պետք է ընտրեն, որովհետեւ նշածս վախի մթնոլորտը քանդողներից մեկն էլ ես եմ, մեր թիմը»,- ասաց Մեղրիի համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար, համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ այս ընտրություններում իրենց շանսերը գնահատելով բավական բարձր։ Լուսանկարները՝ Արարատ Թումանյանի ֆեյսբուքյան էջից եւ Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
16:00 - 06 հոկտեմբերի, 2021
Խոտ գյուղից մինչեւ Որոտան բնակիչներն այգիներ ունեն․ պետք է ապահովել տեղի անվտանգությունը, որ մարդիկ չթողնեն, գնան․ Սամվել Լալայան

Խոտ գյուղից մինչեւ Որոտան բնակիչներն այգիներ ունեն․ պետք է ապահովել տեղի անվտանգությունը, որ մարդիկ չթողնեն, գնան․ Սամվել Լալայան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Լալայանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ քարոզարշավն ընթանում է հանդարտ, բնականոն հունով, սակայն բնակիչների հետ իր հանդիպումներից նկատել է, որ վերջիններս կարծես մի փոքր լարված են, իր խոսքով՝ նույնիսկ վախվորած են գալիս հանդիպումներին․ սա, մեր զրուցակցի դիտարկմամբ, այն հանգամանքի բերումով, որ ընտրություններին առաջադրվել է նաեւ գործող համայնքապետի թեկնածությունը, որը ՔՊ ներկայացուցիչն է։ Ինչ վերաբերում է համայնքային խնդիրներին՝ Լալայանը մեր զրույցում նշեց, որ Տաթեւում լուծում պահանջող առաջնահերթ հարցը վերաբերում է անվտանգությանը․ «Մենք պետք է կարողանանք ժողովրդի միջից հանել վախվորածությունը, համերաշխություն մտցնենք, որպեսզի այլեւս իմ ու քո, սեւ ու սպիտակ չլինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց երբեմն համարում են ընդդիմադիր, բայց իրենք ընդդիմադիր չեն, եւ պատրաստ են աջակցել կառավարության բոլոր այն որոշումներին, որոնք դրական փոփոխություն են բերելու։  Մասնավորեցնելով անվտանգային խնդիրների թեման՝ Լալայանը նշեց, որ Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրը, որն այժմ սահմանամերձ է, մյուս կողմից Որոտանի ափով հասնում է Շինուհայր բնակավայրի հին գյուղերի ու այգիների մոտ․ իրենք մտադիր են համագործակցել ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատարության հետ, որպեսզի զինված մարդիկ լինեն այդ տարածքում՝ հակառակորդի հնարավոր սադրանքները կանխելու կամ դրանց դիմակայելու համար․  «Մարդիկ Խոտ գյուղից մինչեւ Որոտան այգիներ ունեն, գնում, աշխատում են, մենք պիտի այնպես անենք, որ հանգիստ լինեն, կարողանան պահել հողը, ոչ թե հուսալքվեն, թողնեն այգիները, գնան»։ Տաթեւ համայնքում կան նաեւ այլ խնդիրներ՝ ոռոգման ջրի, գազաֆիկացման, եւ այլն։ «Շանթ դաշինքի» ներկայացուցչի համոզմամբ՝ համայնքի ուժերով հնարավոր է բացել մի քանի դաշտամիջյան ճանապարհ, որոնցով ոռոգման ջրի հարցը կարող է լուծվել։ Բայց դրանից զատ՝ նաեւ առանձին ծրագրեր են մշակելու՝ խնդիրները հիմնովին լուծելու համար։ Տաթեւի Շինուհայր, Հալիձոր բնակավայրերում, ինչպես մեր զրույցում ասաց Լալայանը, կա նաեւ խմելու ջրի խնդիր, իսկ Խոտ բնակավայրում՝ չկա։ Այդ շրջանների խմելու եւ ոռոգման ջրի խնդրի լուծումն, ըստ մեր զրուցակցի, շատ ծախս չի պահանջում, կեսը, համենյան դեպս, համայնքային բյուջեով հնարավոր կլինի լուծել՝ գոնե այգիները մաքուր ջրով պահելու համար։ Սամվել Լալայանն առանձնացրեց նաեւ ենթակառուցվածքների խնդիրը։ Նրա խոսքով՝ Տաթեւի հատկապես Հարժիս բնակավայրի ճանապարհն է վատ վիճակում, բայց իրենց քաղաքական թիմը որոշել է՝ համայնքային ուժերով շիբինապատելու են ճանապարհը, որպեսզի այն ավելի լայն ու անցանելի դառնա․ «Բայց անպայման պետք է համագործակցենք կառավարության հետ, որ օգնեն՝ հիմնովին լուծել խնդիրները»,- հավելեց համայնքապետի թեկնածուն։ Նույն այս Հարժիսում, ինչպես նաեւ Հալիձոր բնակավայրում, խնդիր է գազաֆիկացումը․ լուծման համար, մեր զրուցակցի հաշվարկներով, մոտ 38-40 մլն դրամի ծախս է պահանջվում․ պատրաստվում են դիմել կառավարությանը, ծրագիր ներկայացնել, «ականջի հետեւ» չեն գցելու, եւ, վստահեցրեց, հետեւողական են լինելու։ Տաթեւ համայնքում, ինչպես նկատեց Սամվել Լալայանը, զարգացման հեռանկար ունի զբոսաշրջությունը։ Բայց եթե Տաթեւը կարողանում է զբոսաշրջիկներին «ինքնուրույն» գրավել, ապա մյուս բնակավայրերը դեռ գրավիչ դառնալու խնդիր ունեն։ Իսկ գրավչություն ապահովելու համար, մեր զրուցակցի խոսքով, պատրաստվում են գյուղեր տանող ճանապարհները հարդարել․ տեխնիկա ունեն մնում է՝ գործի անցնեն․ «Մեր ուժերով կարող ենք հարդարել ճանապարհները, որպեսզի զբոսաշրջիկները նաեւ գյուղեր գնան, որովհետեւ միայն Տաթեւում չէ, որ տեսարժան վայրեր կան, մյուս բնակավայրերն էլ ունեն պատմամշակութային հետաքրքիր վայրեր»,- նշեց մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի կյանքի կոչել իրենց նախանշած ծրագրերը։  «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորող Սամվել Լալայանն այն կարծիքին է, որ Տաթեւի բնակիչներն իրեն ու իր քաղաքական ուժին ընտրելու քիչ պատճառներ չունեն․ «Ես երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, քսան տարի զինվորական եմ եղել, եւ հիմա էլ վստահեցնում եմ՝ աշխատելու են արդար ու ազնիվ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Լուսանկարը՝ Սամվել Լալայանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
17:28 - 04 հոկտեմբերի, 2021
Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Գորիսում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցն Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ համայնքում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ խոչընդոտների չեն բախվել, եւ կարծում է՝ չեն էլ բախվի։ Համայնքապետի թեկնածուի հետ մեր հարց ու պատասխանը՝ ստորեւ․ - Պարոն Աբունց, գաղտնիք չէ, թե ինչ օրհասական խնդիրներ կան համայնքում՝ հատկապես անվտանգային առումով․ մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ձեր քաղաքական ուժը՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է Ձեր ընտրվելու եւ թիմի անդամների՝ ավագանու կազմում լինելու դեպքում։  - Շատ ճիշտ հարց եք բարձրացնում․ այո՛, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, ինչի հետեւանքով պարբերաբար առաջանում են խնդրահարույց եւ լարված իրավիճակներ։ Այս պարագայում մենք նախատեսում ենք սահմանամերձ բնակավայրերի անվտանգության լիարժեք ապահովման համար տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում իրագործել համակարգված եւ բազմաբնույթ միջոցառումներ, ցուցաբերելու ենք նաեւ անհրաժեշտ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նպաստելու ենք սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ այդ համայնքներում բնակարանաշինության եւ վերաբնակեցման ծրագրերով, արտագաղթի կանխմանն ուղղված գործողությունների իրականացմամբ։ - Դուք նշեցիք, որ իրականացնելու եք անվտանգության ապահովման միջոցառումներ, խնդրում եմ մանրամասնեք՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը, ինչպե՞ս եք իրականացնելու։ - Մենք ծրագրեր ենք ներկայացնելու կառավարությանը եւ կառավարության հետ համատեղ պետք է հասնենք հաջողության։ Մենք լինելու ենք այն բոլոր գերատեսչական մարմինների կողքին, որոնք հիմնականում զբաղվում են մեր սահմանների անվտանգության հարցերով։ - Պարոն Աբունց, համայնքային ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում, որոնց պատրաստվում եք առաջնահերթ լուծում տալ։ - Համայնքային խնդիրներ առանձնացնում ենք տնտեսության ոլորտում, քաղաքաշինության ոլորտում, հանրային տրանսպորտի ոլորտում, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտում, կառավարման բարելավման եւ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում։ Մշակել ենք ծրագրերն ու իրականացնելու ենք մեր թիմով։ - Իսկ համայնքային բյուջեն ձեր նախանշած ծրագրերի իրականացման համար բավարա՞ր է։ Եթե ոչ, ապա որտեղի՞ց եք հայթայթելու միջոցներ։ - Չեմ կարծում, թե համայնքի բյուջեն կբավարարի ընդհանուր ծրագրերի համար, բնականաբար, դիմելու ենք կառավարությանը, որպեսզի աջակցություն տրամադրեն՝ մեր ծրագրերն իրականացնելու համար։ Առանց կառավարության աջակցության չենք կարողանա։ - Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք լուծելու Ձեր նշած խնդիրները։ - Տնտեսության հետ կապված ներգրավելու ենք ներդրումային ծրագրեր եւ ստեղծելու ենք նոր աշխատատեղեր՝ համայնքի տնտեսական կյանքն աշխուժացնելու, գործազրկությունը հաղթահարելու նպատակով։ Մշակելու ենք, իրականացնելու ենք հյուրանոցների եւ հյուրատների աջակցության ծրագրեր, աջակցելու ենք ՀՀ կառավարության մշակած գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, իրականացնելու ենք նոր սոցիալական ծրագրեր՝ նաեւ սփյուռքի հետ համագործակցությամբ։ Քաղաքաշինության ոլորտում գույքագրելու ենք համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, փողոցների, բակային տարածքների խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ համապարփակ միջոցառումներ ենք իրականացնելու։ Իրականացնելու ենք զբոսաշրջության գրավչությանն ուղղված միջոցառումներ։ - Օրինակ՝ ի՞նչ միջոցառումներով եք Գորիսում զբոսաշրջությունն ավելի գրավիչ դարձնելու։ - Նպաստելու ենք, որպեսզի զբոսաշրջությունը մեր համայնքում ակտիվանա։ Նախատեսում ենք քաղաքային սանհանգույցներ կառուցել, ավելացնել կանաչապատ տարածքները, իրականացնելու ենք քաղաքի ուրույն ճանրտարապետական տեսքը պահպանելու միջոցառումներ, եւ այլն։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում հետեւողականորեն իրականացնելու են իրենց այս խոստումները, իսկ եթե չընտրվեն՝ աջակցելու են համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին․ «Համայնքը բոլորինս է։ Ծրագրերը պետք է իրականացվեն համայնքի բնակչության համար։ Ես ակնկալում եմ ժողովրդի բարձր աջակցությունը, խնդրում եմ, որ հոկտեմբերի 17-ին բոլորն ակտիվ մասնակցեն ընտրությանը եւ իրենց քվեն տան այն ուժին, որը կարող է համայնքի զարգացմանն ուղղված ճիշտ քայլեր անել»,- եզրափակեց Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն։ Լուսանկարը՝ Վլադիմիր Աբունցի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
12:03 - 04 հոկտեմբերի, 2021