Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու
12:03 - 04 հոկտեմբերի, 2021

Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։ 

Գորիսում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցն Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ համայնքում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ խոչընդոտների չեն բախվել, եւ կարծում է՝ չեն էլ բախվի։ Համայնքապետի թեկնածուի հետ մեր հարց ու պատասխանը՝ ստորեւ․

- Պարոն Աբունց, գաղտնիք չէ, թե ինչ օրհասական խնդիրներ կան համայնքում՝ հատկապես անվտանգային առումով․ մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ձեր քաղաքական ուժը՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է Ձեր ընտրվելու եւ թիմի անդամների՝ ավագանու կազմում լինելու դեպքում։ 

- Շատ ճիշտ հարց եք բարձրացնում․ այո՛, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, ինչի հետեւանքով պարբերաբար առաջանում են խնդրահարույց եւ լարված իրավիճակներ։ Այս պարագայում մենք նախատեսում ենք սահմանամերձ բնակավայրերի անվտանգության լիարժեք ապահովման համար տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում իրագործել համակարգված եւ բազմաբնույթ միջոցառումներ, ցուցաբերելու ենք նաեւ անհրաժեշտ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նպաստելու ենք սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ այդ համայնքներում բնակարանաշինության եւ վերաբնակեցման ծրագրերով, արտագաղթի կանխմանն ուղղված գործողությունների իրականացմամբ։

- Դուք նշեցիք, որ իրականացնելու եք անվտանգության ապահովման միջոցառումներ, խնդրում եմ մանրամասնեք՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը, ինչպե՞ս եք իրականացնելու։

- Մենք ծրագրեր ենք ներկայացնելու կառավարությանը եւ կառավարության հետ համատեղ պետք է հասնենք հաջողության։ Մենք լինելու ենք այն բոլոր գերատեսչական մարմինների կողքին, որոնք հիմնականում զբաղվում են մեր սահմանների անվտանգության հարցերով։

- Պարոն Աբունց, համայնքային ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում, որոնց պատրաստվում եք առաջնահերթ լուծում տալ։

- Համայնքային խնդիրներ առանձնացնում ենք տնտեսության ոլորտում, քաղաքաշինության ոլորտում, հանրային տրանսպորտի ոլորտում, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտում, կառավարման բարելավման եւ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում։ Մշակել ենք ծրագրերն ու իրականացնելու ենք մեր թիմով։

- Իսկ համայնքային բյուջեն ձեր նախանշած ծրագրերի իրականացման համար բավարա՞ր է։ Եթե ոչ, ապա որտեղի՞ց եք հայթայթելու միջոցներ։

- Չեմ կարծում, թե համայնքի բյուջեն կբավարարի ընդհանուր ծրագրերի համար, բնականաբար, դիմելու ենք կառավարությանը, որպեսզի աջակցություն տրամադրեն՝ մեր ծրագրերն իրականացնելու համար։ Առանց կառավարության աջակցության չենք կարողանա։

- Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք լուծելու Ձեր նշած խնդիրները։

- Տնտեսության հետ կապված ներգրավելու ենք ներդրումային ծրագրեր եւ ստեղծելու ենք նոր աշխատատեղեր՝ համայնքի տնտեսական կյանքն աշխուժացնելու, գործազրկությունը հաղթահարելու նպատակով։ Մշակելու ենք, իրականացնելու ենք հյուրանոցների եւ հյուրատների աջակցության ծրագրեր, աջակցելու ենք ՀՀ կառավարության մշակած գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, իրականացնելու ենք նոր սոցիալական ծրագրեր՝ նաեւ սփյուռքի հետ համագործակցությամբ։ Քաղաքաշինության ոլորտում գույքագրելու ենք համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, փողոցների, բակային տարածքների խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ համապարփակ միջոցառումներ ենք իրականացնելու։ Իրականացնելու ենք զբոսաշրջության գրավչությանն ուղղված միջոցառումներ։

- Օրինակ՝ ի՞նչ միջոցառումներով եք Գորիսում զբոսաշրջությունն ավելի գրավիչ դարձնելու։

- Նպաստելու ենք, որպեսզի զբոսաշրջությունը մեր համայնքում ակտիվանա։ Նախատեսում ենք քաղաքային սանհանգույցներ կառուցել, ավելացնել կանաչապատ տարածքները, իրականացնելու ենք քաղաքի ուրույն ճանրտարապետական տեսքը պահպանելու միջոցառումներ, եւ այլն։

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում հետեւողականորեն իրականացնելու են իրենց այս խոստումները, իսկ եթե չընտրվեն՝ աջակցելու են համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին․ «Համայնքը բոլորինս է։ Ծրագրերը պետք է իրականացվեն համայնքի բնակչության համար։ Ես ակնկալում եմ ժողովրդի բարձր աջակցությունը, խնդրում եմ, որ հոկտեմբերի 17-ին բոլորն ակտիվ մասնակցեն ընտրությանը եւ իրենց քվեն տան այն ուժին, որը կարող է համայնքի զարգացմանն ուղղված ճիշտ քայլեր անել»,- եզրափակեց Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն։

Լուսանկարը՝ Վլադիմիր Աբունցի ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել