Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է․ հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր եւ նա երեկ ազատ էր արձակվել։ Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին՝ պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, այդպիսի  գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
10:31 - 01 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ ԱՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ ԱՀ ՄԻՊ

Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Կոմիտեի արձանագրած մտահոգությունները ազգությամբ և ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումների ու ռասիստական կարծրատիպերի քարոզչության վերաբերյալ՝ այդ թվում Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև պատշաճ հետաքննության բացակայությունը լավագույնս վկայում են այն մասին, որ Ադրբեջանում խտրական քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով։ Կոմիտեի կողմից մատնանշված մյուս բոլոր դեպքերը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում արտադատական սպանությունները, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և կամայական կալանավորումները, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը իրականացվում են համաձայն Ադրբեջանի պետական խտրական քաղաքականությանը և որպես դրա շարունակություն։ Կոմիտեի կողմից ներկայացված դիտարկումները մաս են կազմում տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող Ադրբեջանի համակարգային և լայնածավալ խտրական քաղաքականությանը։ Պետական մակարդակով Ադրբեջանի խտրական քաղաքականության իրականացումը վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ուղին և անկախ պետականության կառուցումը այլընտրանք չունեն։ Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը հասունացել է՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառման վերաբերյալ միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորության իրականացման դրսևորում»։
16:22 - 31 օգոստոսի, 2022
Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի
 |news.am|

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի |news.am|

news.am: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է եւ դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ Արզումանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը։ «Դատավորը ժամկետ տվեց, որպեսզի նյութերին ծանոթանանք։ Երբ սկսվեց նիստը, մենք խնդրեցինք՝ մեկ օր ժամանակ տրամադրել, քանի որ նյութերին ծանոթանալու համար ամենաքիչը մեկ օր է պետք, նյութերն են ծավալուն էին։ Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, որ նյութերին ծանոթանանք։ Հետո դատարանը փոխեց որոշումն ու մի քանի ժամ տրամադրեց, որպեսզի  նյութերին ծանոթանամ»,- ներկայացրեց Սարգսյանը։ Անդրադառնալով այն վարկածին, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, սակայն չի ներկայացել, Սարգսյանը պնդեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Փաստաբանը հայտնեց, որ Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Նկարագրվածն մեղադրանքն աբսուրդ է։ Իրենք նկարագրում են իդեալական իրավիճակում կանոններն ինչպես են նախատեսում եւ ինչպես պետք է ընդհանրապես գործի Պաշտպանության բանակի հրամանատարը, բայց իրենք հաշվի չեն առնում, որ ամսի 27-ին է նշանակվել նա։ Նա նշանակվել է այն իրավիճակում, երբ քաոս է տեղի ունեցել, հնարավորինս ամեն ինչ արվել է, որպեսզի քաոսը վերացվի։ Նույնիսկ հնարավորություն չի ունեցել սովորական կարգով հանձնում-ընդունում իրականացնել։ Իրենք դիտարկում են՝ դու որ Պաշտպանության բանակի հրամանատար ես, դու պատասխանատու ես օրինակ՝ նյութատեխնիկական ապահովվածության համար, զորքի բարոյահոգեբանական վիճակի համար, պատրաստակամության համար. այն դեպքում, երբ նա 27-ին է նշանակվել»,- նշեց Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի անկման համար: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Նշվում է, որ Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու  առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ եւ լիարժեք հրամանատարությունը եւ այլն: Հաղորդագրությունում նաեւ բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
16:09 - 31 օգոստոսի, 2022
Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով. Արցախի ոստիկանություն

Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով. Արցախի ոստիկանություն

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարզաբանում է տարածել Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերի վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչեղություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով՝ հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։   Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:  
14:32 - 31 օգոստոսի, 2022
Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։Այսպես.Գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, անձնական պատասխանատվություն կրելով ենթակա զորքերի պատրաստության և պատրաստականության, կիրառման, ինչպես նաև՝ զորքերին (ուժերին) առաջադրված խնդիրների հաջող կատարման համար, 2020 թվականի հոկտեմբերի 30-ից Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում չի ապահովել զորքերի (ուժերի) մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ընդունած որոշումների իրականացման նկատմամբ չի դրսևորել հաստատակամություն ու վճռակա­նություն, օպերատիվ ու ճկուն չի արձա­գանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը։Մասնավորապես, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն իր կողմից արձակված մարտական կարգադրությամբ Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, չի նշել հարևանների խնդիրները, սահմանազատման գծերը: Հոկտեմբերի 31-ին N ստորաբաժանման զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել, այն պայմաններում, երբ դեռևս հոկտեմբերի 27-ից իր ենթակայության տակ ունեցել է Շուշիի ուղղությունում գտնվող N զորամասի հենքի վրա կազմավորված 95 զինծառայողներից բաղկացած հատուկ հրաձգային վաշտը, հոկտեմբերի 27-ից և 28-ից՝ իրենց պաշտպանության տեղամասից դուրս եկած՝ համապատասխանաբար N զորամասի  երկու առանձին գումարտակները՝ բաղկացած ընդհանուր 365 զինծառայողներից, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել մարտական խնդիրների կատարմանը։Բացի այդ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Մ.Ա.-ն իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացնելիս նշել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն պայմաններում, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Վերջինիս որոշմամբ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայում նշված ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին N զորամասի մեկ հրաձգային գումարտակը տեղակայվել է Շուշի-Քարինտակ խաչմերուկից մինչև «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի սկզբնամաս՝ կամարի մոտակայք, սակայն մինչ այդ հակառակորդի ստորաբաժանումներն արդեն իսկ հսկողության տակ են վերցրել Քարինտակ բնակավայրը, Շուշի-Լիսագոր մայրուղու՝ «Զառըսլի» կոչվող տեղամասի հատվածը, և «Իսահակի աղբյուր» կոչվող տեղամասի խորքն ընկած հատվածները, որպիսի պայմաններում գումարտակի անձնակազմը չի հասցրել կազմակերպել կայուն պաշտպանություն, տվյալ ուղղություն տեղափոխվելով՝ անմիջապես հայտնվել է շրջափակման վտանգի տակ և պաշտպանության փոխարեն անցել է ինքնապաշտպանության՝ կրելով զոհեր և վիրավորներ, մինչդեռ նշված ստորաբաժանումը դեռևս նոյեմբերի 1-ից պատրաստ է եղել ներգրավվել մարտական գործողություններին։Բացի դրանից՝ Շուշիի պաշտպանողական օպերացիայում չեն կիրառվել դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մարտական գործողություններում ներգրավվելու պատրաստ երկու առանձին մոտոհրաձգային գնդերի գումարտակները՝ յուրաքանչյուրը բաղկացած 250 զինծառայողից, իսկ դեռևս հոկտեմբերի 20-ից՝ շուրջ 150 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ, այսինքն՝ ընդհանուր 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։Բացի այդ, Մ.Ա.-ի կողմից խախտվել են զորքերի միանձնյա ղեկավարման, ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշ­ման նախաձեռնողականության տրամադրմամբ կենտրոնացված կառավարման սկզբունքները. Շուշիի ուղղությամբ գործող զորքերի ղեկավարներն իրադարձությունների անընդհատ փոփոխման պայմաններում չեն հասցրել տեղում ուսումնասիրել յուրային ստորաբաժանումներին և դրանց տեղակայման վայրերը, կիրառել դրանց ըստ անհրաժեշտության, ապահովել Շուշիի ուղղությամբ գործող կանոնավոր բանակի ստորաբաժանումների և աշխարհազորի միջև անհրաժեշտ համագործակցությունը, պաշտպանության մի շարք տեղամասերում՝ Շուշի-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքում, տվյալ խաչմերուկից մինչև Շուշի-Քարինտակ խաչմերուկն ընկած հատվածում, ստորաբաժանումներ չեն տեղակայվել («Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների հատվածով հակառակորդը շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և շրջափակման մեջ վերցրել Շուշի քաղաքը)։Այսպիսով, գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. 2020 թվականի նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, հակառակորդի ստորաբաժանումներն աջ թևից շրջանցել են յուրային N ստորաբաժանման անձնակազմին (չնայած այն հանգամանքին, որ ստորաբաժանման հրամանատարը Մ.Ա.-ին զեկուցել է պաշտպանության բնագծի աջակողմյան հատվածի չպահվելու, իսկ հետագայում՝ այդ տեղամասով հակառակորդի ստորաբաժանումների շրջանցում կատարելու մասին)՝ Սղնախ գյուղից շարժվելով «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերի ուղղություններով՝ Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, որից հետո նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շուշի-Լիսագոր մայրուղու «Նաբիլար» և «Զառըսլի» կոչվող տեղամասերում հատել են մայրուղին, անցել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ՝ տիրելով բարձունքին, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք, այնուհետև շրջանցել են Շուշի - Քարինտակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ:   2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։Նախաքննությունը շարունակվում է։
20:08 - 30 օգոստոսի, 2022
Միքայել Արզումանյանի ձերբակալության հետ կապված զարգացումները գտնվում են Արցախի նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

Միքայել Արզումանյանի ձերբակալության հետ կապված զարգացումները գտնվում են Արցախի նախագահի ուշադրության կենտրոնում. Լուսինե Ավանեսյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել: Այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լ. Ավանեսյանը: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԱՀ նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գնալու ճանապարհին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության քննիչների հանձնարարությամբ։
17:29 - 30 օգոստոսի, 2022
Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները դատարկաբանություններ են. Արցախի դատախազությունը՝ Աղավնոյում և Բերձորում տների հրկիզումների մասին

Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները դատարկաբանություններ են. Արցախի դատախազությունը՝ Աղավնոյում և Բերձորում տների հրկիզումների մասին

Արցախի դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոսին Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց:   «Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու հայտարարություններ, որոնց ի պատասխան հայտնում ենք հետևյալը.   Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ Արցախի իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել միատեսակ մոտեցում և քրեադատավարական գործընթաց իրականացնել օրենքով սահմանված առիթների ու հիմքերի առկայության դեպքում, ինչը ենթադրում է դեպքի հանգամանքների հետազոտություն և համապատասխան դատավարական որոշման ընդունում (դեպքի ու դրա հետևանքների հետազոտությունը կարող է տեղի ունենալ բացառապես Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով):   Նույնպիսի մոտեցում ցուցաբերվել է նաև քննարկվող դեպքերի առնչությամբ, որոնց առթիվ նախապատրաստված նյութերով իրականացվել են անհրաժեշտ դատավարական ստուգումներ և առաջիկայում կընդունվեն քրեական գործի հարուցման փուլը եզրափակող դատավարական որոշումներ:   Երևույթին տրված մտացածին մեկնաբանությունները և դրա կապակցությամբ արվող հայտարարությունները պարզագույն դատարկաբանություններ են, հայրենասեր ներկայանալու, ինքնահաստատվելու և իրավապահ մարմինների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու «անշուք» փորձեր»,- նշված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:  
16:48 - 30 օգոստոսի, 2022
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով

ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը:  Օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:  Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող  մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:  Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:   Լուսանկարը՝ civilnet-ի
14:59 - 29 օգոստոսի, 2022
Վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝  ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման. ՀՀ ԱԳՆ

Վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման. ՀՀ ԱԳՆ

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով: Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։ Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով: Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: 2022թ. ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:    Այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է։ Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման։
14:28 - 29 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին հատկացնել առնվազն 60 միլիոն դոլար
 |1lurer.am|

ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին հատկացնել առնվազն 60 միլիոն դոլար |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է պետքարտուղարության՝ 2023 թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցը։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի տնտեսական և մասնավոր ոլորտի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար նախատեսվում է տրամադրել առնվազն 60 մլն դոլար: «Նախատեսվում է նաև 2 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի ականազերծման համար։ Հանձնաժողովը մտահոգված է հումանիտար հարցերի վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով՝ բնակարանային, սննդի, անվտանգության, ջրային, սանիտարական, առողջապահության և այլ ոլորտներում»,- ասված է զեկույցում։
13:03 - 29 օգոստոսի, 2022
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ երկուշաբթի հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  «Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը. պայմանագիր, որը մեծապես որոշել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։ Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իսկական դաշինքի մակարդակի հասցնելու ճանապարհին։Երկկողմ ներուժի ձևավորման համար վճռորոշ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ խնդիրները, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ:2022 թվականի ապրիլի 19-20-ը ՀՀ կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի համատեղ հայտարարությունը հաստատում է  1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքներով միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը։Մենք վճռական ենք շարունակելու առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի  եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը:Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարգավաճման»։
12:52 - 29 օգոստոսի, 2022
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին կտրամադրվի հստակ ու մանրամասն տեղեկություն։ «Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։ Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։ Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ՝ կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
20:43 - 28 օգոստոսի, 2022
Էրդողանն Ալիևին շնորհավորել է Բերձորի, Աղավնոյի, Սուսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ |tert.am|

Էրդողանն Ալիևին շնորհավորել է Բերձորի, Աղավնոյի, Սուսի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ |tert.am|

tert.am: Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։Ինչպես հայտնում է Minval.az-ը, Էրդողանն իր և թուրք ժողովրդի անունից շնորհավորել է Ալիևին և ադրբեջանցիներին՝ Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը բնակիչներին զգուշացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն, Բերձորն ու Սուսը։ Երեկվանից՝ օգոստոսի 26-ից ադրբեջանական բանակը տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:
19:55 - 27 օգոստոսի, 2022