Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում

Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այն հաջողությամբ է իրագործվում՝ գոհունակությամբ հիշեցնելով, որ նման գնահատական է տվել նաև ԵԽ քարտուղարությունը 2022 թ. մարտի 2-ին Երևանում կայացած ԵԽ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստին: Կողմերը խոսել են Գործողությունների ծրագրի անհրաժեշտ շարունակականության մասին: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող համատեղ օրակարգային առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի առանցքային աջակցությունը՝ իր ինստիտուտներով և մոնիթորինգային մեխանիզմներով: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին ԵԽԽՎ բանաձևին, որով Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացը: Հանդիպման օրակարգային հարցերից են եղել 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա, չլուծված հումանիտար խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը: Ալեն Սիմոնյանն արձանագրել է, որ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ նախորդ հանդիպումից ի վեր մեծ չէ առաջընթացը ռազմագերիների վերադարձի հարցում, և անհագստացնող են միջազգային մասնագիտացված կառույցների կողմից զեկույցները հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների ու այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման մասին: Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին այս խնդիրներին բազմակի անդրադարձի համար՝ կարևորելով տիկնոջ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը և կարևորությունը:
17:16 - 10 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին: Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի առանցքային դերը և գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը ցավով փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցն է: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27), որն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմանների վրա իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին և բազմաթիվ այլ հրատապ հարցերին: Նա ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմատենչ քաղաքականություն:
17:03 - 09 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը: 2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: «Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:33 - 07 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել

Ալեն Սիմոնյանը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել

Հայաստանի  Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: Երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Հատկապես կարեւորվել են ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետեւողական կատարելագործումը, առեւտրատնտեսական, միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը: Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարեւոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձեւաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ եւ կառուցողական աշխատանքին: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն: Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ համավարակից հետո հնարավորություն է ընձեռվել հրաժեշտ տալ առցանց շփումներին եւ հանդիպել ավանդական եղանակով ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել  ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների եւ այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ: Կարեւորվել է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պրոֆիլային մշտական հանձնաժողովների եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի եւ Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան: Գործընկերները քննարկել են այսօր տեղի ունենալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստն իր ներդրումը կունենա եւ նոր լիցք կհաղորդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում:
14:35 - 06 հունիսի, 2022
ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախ գործընկերոջը

ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախ գործընկերոջը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար: «Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, և այդ կարևոր իրադարձությունից հետո Երևան մեկնելը գնահատելի է»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, և այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է: Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ ԼՂ-ին վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում: Կողմերը դրական են գնահատել ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-ղազախական բազմակողմ հարաբերությունների մակարդակը: Նրանք ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի օրենսդիր մարմինների առանձնահատուկ դերը՝ հաշվի առնելով, որ հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները շարունակում են զարգանալ աճող տեմպերով: Երկուստեք կարևորվել են միջազգային ասպարեզում փոխգործակցությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը՝ հավելելով, որ հարազատ վայրեր է վերադարձել, այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է, և երբեք չի մոռանա Արարատ լեռը: Երլան Կոշանովը ներկայացրել է Ղազախստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ դա մեկ քայլ առաջ էր ժողովրդավարության ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել սահմանադրական հանրաքվեին Հայաստանի կողմից գործուղված դիտորդական առաքելության համար: Մաժիլիսի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ընտրվելուց հետո իր առաջին միջպետական այցը եղել է հենց Հայաստան: Ղազախ գործընկերն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական համագործակցության համար՝ արձանագրելով, որ այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ և՛ Հայաստանում, և՛ Ղազախստանում կան հեռանկարային փոխընդունելի նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել: Երլան Կոշանովը Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան: Կողմերը խոսել են առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչին կանդրադառնան այսօրվա ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ղազախ պատվիրակները շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում:
12:48 - 06 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի՝ կրթության եւ գիտության հարցերով զբաղվող համանման հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության կապակցությամբ: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ փոխգործակցության հիմքում կրթության ոլորտի զարգացմանը, հումանիտար հարցերի լուծմանը, օրենսդրական բարեփոխումներին, պատերազմի հետեւանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների  պաշտպանությանը, Արցախի ՏՏ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցերն են: Կարեւորելով Արցախի գործընկերների հետ պարբերական հանդիպումները՝ Ալեն Սիմոնյանը հիշատակել է վերջին համատեղ քննարկման որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ այսօր Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական արձանագրությունների հետքերը պատմաճարտարապետական հուշարձաններից: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է, որ մեծ աշխատանք պետք է իրականացվի այս խնդիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու առումով: Ալեն Սիմոնյանը ներկա իրավիճակում կարեւորել է կրթության դերն ու նշանակությունը, ինչի վերաբերյալ էլ ծավալվել է հետագա քննարկումը: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն արժեւորել է երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ կրթության ռազմավարության ծրագրի մշակման, ոլորտի օրենսդրական բարեփոխումների, մշակութային փոխգործակցության առումով: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու հանձնաժողովի անդամներ, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: 
15:47 - 03 հունիսի, 2022
«Ամեն իրավիճակ քաղաքականություն է». Ալեն Սիմոնյանը` «Աղդամն իմ հայրենիքն է» մակագրությամբ լուսանկարի մասին |hetq.am|

«Ամեն իրավիճակ քաղաքականություն է». Ալեն Սիմոնյանը` «Աղդամն իմ հայրենիքն է» մակագրությամբ լուսանկարի մասին |hetq.am|

hetq.am: Իշխանությունը թույլ է տալու, որ փողոց դուրս եկած ընդդիմությունը «մաշեցնի իր բոլոր հնարավորությունները»: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով փողոց դուրս եկած գործընկերների գործողություններին: «Բա ինչի մանդատները վայր չեն դնում, եթե դուրս են եկել փողոց, ինչի չեն գալիս գործի: Ժողովուրդն իրենց մանդատ է տվել, որ փողոցում մնա՞ն, իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետն ու էսօրվա իշխանությունը լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է որ լեգիտիմության խնդիր իրենք ունեն»,-ասաց նա: Սիմոնյանն ընդդիմության գործողությունները բնորոշեց որպես մարդկանց նյարդայնացնելու, խցանումներ ստեղծելու ակցիաներ, և ըստ Սիմոնյանի` ընդդիմությունը ծանր կացության մեջ է: «Կներեք արտահայտությանս համար` իրենք մնացել են իրենց «պրյոմի» տակ, մենք իրենց թույլ ենք տալու մաշեցնել իրենց բոլոր հնարավորությունները։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ժողովրդից ներողություն խնդրել խցանումների համար, խնդրում եմ մի քիչ դիմացեք, և այս ամենը կավարտվի»,-ասաց նա: Լրագրողի հարցին, թե չի ցանկանում արդյոք ժողովրդից ներողություն խնդրել պարտութան, Արցախի տարածքների մեծ մասի կորստի համար, Սիմոնյանն արձագանքեց` դրա համար վաղուց ներողություն խնդրել են ու գնացել ընտրությունների: «Ժողովուրդը նորից պատվիրակել է մեզ այնպիսի ընտրություններով, որոնք որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացրել»,-ասաց Սիմոնյանը: Դիտարկմանը, որ տարիներ առաջ Սուրեն Պապիկյանի հետ նուռը ձեռքներին Արցախի Աղդամի շրջանում լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան էջում` գրելով, որ Արցախն իր հայրենիքն է, արդյոք Աղդամը շարունակում է մնալ իր հայրենիքը: «Կարսում ծնվել էր տատիկս, Կարսը նույնպես ինչ-որ չափով իմ հայրենիքն է… համեմատել մինչպատերազմյան իրավիճակը պատերազմից հետո վիճակի հետ, ֆեյբուքյան տրամաբանության մեջ ասել էսինչ ժամանակ սա ես ասել… Գիտեք ինչ` ամեն ժամանակ, ամեն իրավիճակ քաղաքականություն է, և աշխարհում իրավիճակ է փոխվում»,-ասաց ԱԺ խոսնակը: Հիշեցմանը, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանին քննադատելու համար էր այդպես գրել, երբ վերջինս հայտարարել էր, թե Աղդամն իր հայրենիքը չէ Սիմոնյանը համաձայնեց. «Այո, Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում, հատկապես` վերջում, փորձել է հանրությանն էդ միտքն ասել, որ բանակցել են էն բանի մասին, որ այլևս չեն կարողանում Արցախը բանակցային առումով դուրս բերեն: Դրա մասին էր ասում, որ կուզենամ ադրբեջանցի երեխաները գան էստեղ ապրեն, մի անգամ ասեց սահմանամերձ գյուղերում թող չապրեն, թող տեղափոխվեն մնացած տեղեր, կամ որ ասում էր 800 հեկտարը մարտավարական առումով որևէ նշանակություն չունի»:   Լուսանկարը՝ ԱԺ-ի
13:06 - 31 մայիսի, 2022
Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին՝ համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով ընդդիմության կողմից նախարարություններին ուղղված այդ հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը նման հարցադրումներ անելու բազմաթիվ հնարավորություներ ունի․«Նման հնարավորություն ունի առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հնարավորություն ունի գրավոր դիմելու, որը մտնում է պատգամավորների լիազորությունների մեջ և այլն։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»։
12:34 - 31 մայիսի, 2022
Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատև էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու և մեկտեղված հրաշքի առումով․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատև էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու և մեկտեղված հրաշքի առումով․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թ. մայիսի 28-ը հայի չընկրկող կամքի, անափ հայրենասիրության, հավաքական կամքի եւ տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր: Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերը հավերժացան որպես մեր ժողովրդի պատմության ոսկե տառերով գրված էջեր, որպես անկախության համար անմնացորդ պայքարի փայլուն օրինակներ: Եղեռնից նոր ուշքի եկող, դարեր շարունակ պետականազուրկ ժողովրդի համար պայքարի, անմնացորդ նվիրումի եւ բացարձակ հավատի շնորհիվ հաջողվեց փոխել երկրի կարգավիճակը եւ հռչակվել որպես անկախ Հանրապետություն: Ու չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատեւ էր, բայց այն անշրջելի իրողություն էր կատարված երազանքի, արժանապատիվ քաղաքացու եւ մեկտեղված հրաշքի առումով: Առաջին հանրապետությունը մեզ թողեց պատմություն ընտրական իրավունքի, իրավահավասարության եւ ազգային փոքրամասնություններ ու կին պատգամավորներ ունեցող ժամանակակից խորհրդարանի մասին: Մեր պապերին հաջողվել էր  ապիտալիզացնել քաղցած ու ջլատված ընտանիքներից ռազմաճակատ մեկնող տղաների սխրանքը՝ ստեղծելով պետականություն: Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը, շնորհավոր Առաջին հանրապետության տոնը»:
11:29 - 28 մայիսի, 2022
Չեռնոգորիայի նախագահը ասել է, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի միջազգային գործընկերների շրջանակում

Չեռնոգորիայի նախագահը ասել է, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի միջազգային գործընկերների շրջանակում

ՀՀ ԱԺ նախագահը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը: Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին: Օրենսդիր մարմինների միջև արդյունավետ և շարունակական երկխոսությունն առաջնահերթություն է դիտարկվել, ինչին մեծապես նպաստելու են խորհրդարանական բարեկամական խմբերը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղություն հաստատելու հիմնահարցերը: Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում: Միլո Ջուկանովիչը նկատել է, որ հակամարտությունների կարճատև լուծումներին հաջորդում են երկարատև տառապանքները, ինչի հետևանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար: Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլև միջագային գործընկերների շրջանակում: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն և որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարևորը ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի և Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում: 
11:56 - 27 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|

Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ նիստ հրավիրելու որոշում է ստորագրել: Որոշման մեջ նշվում է, որ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Նախաձեռնության հեղինակները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն են: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Նշենք, որ օրակարգը նախ պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, որից հետո նոր միայն կարող է գումարվել արտահերթ նիստ: Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական մեծամասնությունը: Այսօր հրավիրված ճեպազրույցներին ՔՊ խմբակցության պատգամավորները չհստակեցրին՝ մասնակցելու են նիստին, թե ոչ: Սակայն սրանով ընդդիմության բոյկոտը փաստացի դադարում է, և նրանք, ինչպես ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է ասել, կվերադառնան խորհրդարան իրենց օրակարգով:
17:20 - 26 մայիսի, 2022
Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ

Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը և Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի հեռանկարները: Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը` առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ հետագա գործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լիտվայի նախագահը նշել է, որ հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, և հույս է հայտնել, որ շուտով տարածաշրջանում տևական խաղաղություն կհաստատվի: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ջերմ ողջույններ է փոխանցել Սեյմասի նախագահ Չմիլիտե-Նիլսենին:
16:23 - 20 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը և իտալացի պատգամավորները կարևորել են հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը

Ալեն Սիմոնյանը և իտալացի պատգամավորները կարևորել են հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար, Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովում գործող Հայաստան-Իտալիա բարեկամական խումբն ավանդաբար ամենաբազմանդամներից է, և ուրախալի է այն, որ իտալական խորհրդարանում, բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից, Միջխորհրդարանական միության շրջանակում ևս գործում է Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել 2020 թ. 44-օրյա պատերազմի և դրանից առաջ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների և կոչերի համար: Նա առանձնացրել է հատկապես 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ջերմ ողջույններ է փոխանցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ հույս հայտնելով, որ Հայաստան ծրագրված նրա այցը կիրականանա, և հայ-իտալական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
16:39 - 19 մայիսի, 2022
ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում
 |azatutyun.am|

ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը։ Կարծում է՝ խնդրին շատ լուրջ է պետք մոտենալ։ Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան հայտարարում է՝ իշխանությունը փորձում է քաղաքական ճնշում բանեցնել, ազդել փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների վրա։ «Ի տարբերություն իրենց՝ մենք ոչ մանդատով, ոչ պաշտոններով, մեր կյանքի նպատակը երբեք դա չի։ Մենք այդ մանդատը ստացել ենք մեր ժողովրդի և պետության շահը սպասարկելու։ Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձևակերպված են, և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով», - նշում է Սաղաթելյանը։ «Այսօր պայքարի օրակարգը փողոցում է, և մենք շարունակում ենք անհնազանդության բողոքի ակցիաները՝ կազմակերպելով ժողովրդի հանրային ճնշումը։ Իրենք չեն կարող, իրենց հոր տնից չեն տվել այդ մանդատները, որ մի հատ էլ զրկեն։ Թող սկսեն, դա այնքան երկրորդական է, իրոք շատ երկրորդական է, իրենք չեն հասկանում իրավիճակը, չեն տիրապետում իրավիճակին։ «Ինչ վերաբերում է բոյկոտին, դրա մասին օրենքում հստակ գրված է, որ մի անգամ ամեն մի խմբակցությունը կարող է բոյկոտ հայտարարել, բայց ներողություն եմ խնդրում, սա проходной двор չի էլի, այսինքն՝ երբ ուզում եմ՝ բոյկոտեմ, հետո գալիս եմ, ներս եմ գնում», - շեշտում է ԱԺ նախագահը։
17:15 - 18 մայիսի, 2022