ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ:
Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:
ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը:
2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը:
«Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:
Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
comment.count (0)