Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, և, իհարկե, դա ենթադրում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները պետք է բավական բարձր լինեն, ու մենք դա տեսնում ենք: Մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է ու բազմակողմ. դա և՛ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, և՛ տարածաշրջանային, միջազգային հարցեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կլինի քննարկել մեր հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս պահին մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր ևս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ և լուծել ռազմավարական կարևորություն ունեցող այդ հարցը՝ ի շահ ողջ տարածաշրջանի, հանուն կայունության և խաղաղության: Շատ կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը: Գիտեք, որ վերջերս կայացավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, և երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում: Այս համատեքստում ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա ու ընթանա բնական ճանապարհով և լինի արդյունավետ: Ցանկանում եմ նաև նշել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր արգասաբեր բանակցություններ կունենանք»: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Շատ շնորհակալություն Հայաստանի Հանրապետություն մեր հագեցած այցի շրջանակում Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ամենաջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Ձեզ և վերահաստատում հանձնառությունն բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ձեր շփումների ընթացքում՝ հատկապես այս տարվա ապրիլին Ռուսաստանի Դաշնություն Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Դուք նաև հանդիպում եք ունեցել Մոսկվայում՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել: Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք նպատակաուղղված են մեր ռազմավարական գործընկերության, դաշնակցային գործակցության խորացմանը և ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այսօր մենք Արարատ Սամվելիի հետ մանրամասն քննարկել ենք, թե դուք՝ բարձրագույն մակարդակով ինչ խնդիրներ եք մեր առջև դրել, և գիտեմ, որ Տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ևս այդ աշխատանքն առաջնահերթությունների շարքում է: Բայց, անկասկած, հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես և նշեցիք, տարածաշրջանային հարցերը հիմա առանձնահատուկ ուշադրության են արժանի: 2020 թվականի նոյեմբերի, 2021 թվականի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է: Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և Դուք հիշատակեցիք, փոխվարչապետերի մակարդակով գործող՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջանցիկ փուլում: Քննարկել ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, և Ձեզ կզեկուցենք այդ մասին: Նույնը վերաբերում է նաև դելիմիտացիային: Ողջունում ենք երկու՝ և՛ ձեր, և՛ ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը: Հիմնադիր նիստը, հանդիպումը կայացավ, և մենք դա շատ կարևոր ենք համարում: Կսկսենք արդեն պատրաստվել Մոսկվայում հանդիպմանը՝ ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր: Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաև ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, և Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ հնարավորություն ունենք այսօր լսելու Ձեր գնահատականները և ևս մեկ անգամ շնորհակալություն այս հանդիպման համար»: Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցեր: ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գիտակրթական, մշակութային կապերի զարգացման շուրջ: Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել հայկական կողմի վերաբերմունքն ու հյուրընկալությունը վերջին շրջանում Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների նկատմամբ:
17:22 - 09 հունիսի, 2022
Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող՝ այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Լավրովը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան, ուր վաղը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ «Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - նշեց Սերգեյ լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։ Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանը այսօր անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն այս հարցերի պատասխանը չհնչեց։ «Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միևնույն ժամանակ նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաև մի շարք մանրամասներ, բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռևս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», - նշեց Միրզոյանը:
16:19 - 09 հունիսի, 2022
Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ լինելու են: Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացմանը վերաբերող հարցին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք եռակողմ հանդիպումներ են ունեցել  2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման հետ կապված գործնական հարցերը լուծելու նպատակով: «Ըստ իս՝ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում: Գուցե, ցանկալի կլիներ, որ տեմպերն ավելի արագ լինեին, բայց, այդուհանդերձ, պրոցեսն առաջ է գնում, ձեռք են բերվում առարկայական, պոզիտիվ, թեկուզև դեռ միջանկյալ արդյունքներ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ: Մենք փորձում ենք ամեն կերպ նպաստել դրան: Իհարկե, կողմերն ունեն իրենց առանձնահատուկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են,  մասնավորապես այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել գալիք շրջափուլում, բայց ամեն դեպքում մեր բոլոր գործընկերներն էլ և մենք էլ համամիտ ենք, որ բարձրագույն մակարդակով ընդունված երեք հայտարարությունները շատ պարզ ճանապարհային քարտեզներ են, որոնցով մենք բոլորս պետք է առաջնորդվենք», - պարզաբանեց Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը վերջերս է տեղի ունեցել, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է այդ առումով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ զուգահեռաբար նաև էապես առաջ են գնացել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ: «Այնպես որ, համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան հարաբերությունների լիարժեք նորմալացումը, գոյություն չունի», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Երևան: Հունիսի 9-ին նա հանդիպում է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նույն օրը Սերգեյ Լավրովին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իսկ հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարարն իր գործընկերների հետ միասին Երևանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:
15:38 - 09 հունիսի, 2022
Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին

 |factor.am|

Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին |factor.am|

factor.am: Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները լավ տեղեկացված են Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե կա՞ որևէ առաջընթաց ադրբեջանական զորքերի Փառուխ ներխուժման հանգամանքների բացահայտման ուղղությամբ և ի՞նչ է արվում ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»,- նշեց Լավրովը։  
15:16 - 09 հունիսի, 2022
ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում հաստատված ստատուս քվոն. Միրզոյան |armenpress.am|

ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում հաստատված ստատուս քվոն. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2022 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։ Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` շեշտելով, որ Ռուսաստանի Դաշնությունը առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը` որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը։
13:33 - 09 հունիսի, 2022
ԱՄՆ-ն կարծում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում

 |armenpress.am|

ԱՄՆ-ն կարծում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,  նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։ «Ես հավատում եմ, որ այժմ իսկական հույս կա, որ Հայաստանի և Ադրբեջանի համար կա հնարավորություն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը: «Կարծում եմ՝ մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են ձեռնարկում»,- ասել է Դոնֆրիդը: Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Կողմերը, մասնավորապես, համաձայնության են եկել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հարցերով սահմանային հանձնաժողովների առաջին նիստն անցկացնելու վերաբերյալ։
19:48 - 08 հունիսի, 2022
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում կայացած բանակցություններում քննարկել են նաև Հայաստանի հետ կապված գործընթացները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Մյուս կողմից, մենք քննարկել ենք Կովկասում 3+3 ձևաչափը և Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Շնորհակալ ենք Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ըստ Անկարայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանի կայունության համար։
14:35 - 08 հունիսի, 2022
ՀՀ քաղաքացիների 66 %-ը կարծում է, որ 44-օրյա պատերազմը պատերազմը անխուսափելի էր․ սոցհարցում

ՀՀ քաղաքացիների 66 %-ը կարծում է, որ 44-օրյա պատերազմը պատերազմը անխուսափելի էր․ սոցհարցում

Հայաստանի քաղաքացիների 66%-ը կարծում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը անխուսափելի էր, 34%-ի կարծիքով այն անխուսափելի չէր։  Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։  Հարցման մասնակցած քաղաքացիների 27%-ը  ռիսկ է տեսնում, որ առաջիկա 1-4 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիա կլինի, 12%-ը նման հեռանկար է տեսնում 5-10 տարվա ընթացքում, իսկ 19%-ի դիտարկմամբ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը երբեք էլ չի ավարտվել։ Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ կապված ո՞րը պետք է լինի Հայաստանի նպատակը։ Հարցվածների 42%-ը կարծում է, որ նպատակը պետք է լինի վերականգնել Լեռնային Ղարաբաղի տիրապետության տակ գտնվող այն բոլոր տարածքները, որոնք առկա էին 44-օրյա պատերազմից առաջ։ 32%-ը կարծում է, որ նպատակը պետք է լինի վերականգնել այն բոլոր տարածքները, որոնք կազմում էին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, իսկ 26%-ի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է պահպանել ԼՂ-ի ներկայիս ստատուս քվոն։  Մասնակիցների 52%-ն էլ ընդհանրապես համաձայն չէ Հայաստանի և Արդբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը։  Մինչդեռ 6%-ը լիովին համաձայն է այս գործընթացին։ 16%-ը ոչ համաձայն է, ոչ էլ համաձայն չէ  տրանսպորտային ուղիների բացմանը, 14%-ը որոշ չափով համաձայն չի, 12%-ը որոշ չափով համաձայն է։
16:19 - 07 հունիսի, 2022
«Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան, քանի որ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը․ Բայրամով |factor.am|

«Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան, քանի որ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը․ Բայրամով |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը Անկարա էր մեկնել՝ մասնակցելու Թուրքիայի բարեկամ և եղբայրական երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանում դրական են վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմանն ու նրանց երեք հանդիպումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Բայրամովն ասել է, թե Բաքուն, իբր, մշտապես հանդես է եկել բոլորի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Նա նշել է, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, իբր, մի կողմն է թողել «անցյալի վերքերը»՝ հայտարարելով խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։ Բայրամովն ասել է, որ Բաքվի խաղաղության օրակարգը դրական արձագանք է առաջացրել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է եղել նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատում և սահմանագծումը։ Բայրամովը նշել է նաև, թե ««Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկաթուղով և ավտոմոբիլով կապելու է հանրապետության արևմտյան շրջանների հետ, դեռ կոնկրետ արդյունքներ չկան», քանի որ Հայաստանը, իբր, տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը։ «Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են՝ մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Եթե ​​Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է Բայրամովը։
15:04 - 07 հունիսի, 2022
ԱՄՆ-ն պատրաստակամ է առաջընթացին աջակցել տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Սպիտակ տունը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին |tert.am|

ԱՄՆ-ն պատրաստակամ է առաջընթացին աջակցել տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Սպիտակ տունը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքներով: Դրանում նշվում է, որ կողմերը, ի թիվս այլնի, քննարկել են Հարավային Կովկասում գործընթացները։«Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։ Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին: Նա փոխանցել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը սերտորեն ներգրավվելու և առաջընթացին աջակցելու տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,-ասված է հաղորդագրությունում:
12:13 - 07 հունիսի, 2022
Ըստ Ստանիսլավ Զասի՝ Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում

 |armenpress.am|

Ըստ Ստանիսլավ Զասի՝ Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում։ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Իրավիճակի կայունացման գործում շարունակում է կարևոր դեր խաղալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է  մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,- ընդգծել է Զասը։ Եվրասիական տարածաշրջանում  ստեղծված բարդ պայմաններում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների միասնականության անհրաժեշտություն է տեսնում, ինչպես նաև արտաքին հարաբերություններում գործունեության հետագա զարգացում, պաշտպանության ամրապնդում, ճգնաժամային արձագանքման ուժերի կատարելագործում և համալիր միջոցառումների անցկացում՝  ժամանակակից մարտահրավերները և վտանգները հաղթահարելու նպատակով։    
20:32 - 06 հունիսի, 2022
Վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. ԱԳ փոխնախարար |factor.am|

Վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. ԱԳ փոխնախարար |factor.am|

factor.am: Հայաստանի ներկայացրած վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ «Որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ, չնայած մամուլում տարբեր շահարկումներ և լուրեր կային»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցությունների նպատակն առաջին հերթին հենց երկու կողմերի մոտեցումների համադրումն է, իսկ թե ինչքանով դա կհաջողվի, բանակցությունների ընթացքը ցույց կտա։ Փոխնախարարն անդրադառնալով սահմանազատման խնդրին՝ նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` զորքերը հայելային կերպով հետ քաշելու վերաբերյալ առաջարկը քննարկման փուլում է։ «Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է։ Առաջարկի առնչությամբ միջազգային մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը։ Բանակցությունների ընթացքում կտեսնենք` ինչպես կլինի»,- նշեց Հովհաննիսյանը:
17:13 - 06 հունիսի, 2022
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար  |azatutyun.am|

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: «Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ «Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - նշեց նա։ Այդուհանդերձ, Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. - «Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։ Երկու մայրաքաղաքներից էլ Տոյվո Կլաարը ընդհանուր առմամբ դրական ուղերձներ է ստանում։ Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարն ասում է՝ հիմա ամենակարևորն է փորձել առաջ մղել գործընթացը՝ արձագանքելով դիտարկմանը թե մինչ Երևանը խոսում է Մինսկի խմբի մասին, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, եռանախագահությունն էլ կարող է լուծարվել. - «Եվրամիությունը չի պնդում, թե ունի որևէ բանի հեղինակային իրավունք: Մենք շահագրգռված են առաջընթաց տեսնելու ու դրան աջակցելու մեջ, և դա, կարծում եմ, այն է, ինչին նախագահ Միշելը կարողացավ հասնել առաջնորդների հետ իր երեք հանդիպումների, ինչպես նաև նախագահներ Մակրոնի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպման միջոցով։ Եվ դա այն է, ինչ մենք ուզում ենք անել», - ասում է դիվանագետը՝ հիշեցնելով, որ կան նաև այլ ձևաչափեր, մասնավորապես մոսկովյան եռակողմ հանդիպումները առաջնորդների մակարդակով, ապաշրջափակման հարցով՝ փոխվարչապետերի հանձնաժողովն է վերսկսել նիստերը. - «Դա հոյակապ է, շատ լավ է, եթե այն մեզ առաջ տանի ճիշտ ուղղությամբ: Այսպիսով, Եվրամիության միակ ու միակ շահն է օգնել գործընթացին ու օգնել հասնելու կայուն և համապարփակ կարգավորման»: Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում
17:01 - 06 հունիսի, 2022
ԱԳ նախարարն անդրադարձավ գերիների վերադարձի խնդրի ուղղությամբ միջազգային հարթակներում տարված աշխատանքներին |armenpress.am|

ԱԳ նախարարն անդրադարձավ գերիների վերադարձի խնդրի ուղղությամբ միջազգային հարթակներում տարված աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը նաև նախորդ տարի բարձրաձայնվել է միջազգային տարբեր հարթակներում, միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների կողմից  արվել են  հայտարարություններ գերիների վերադարձի կոչով: Տարված աշխատանքները ներկայացրեց  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը: «Շարունակվել են աշխատանքները Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, պետությունների ղեկավարներին, խորհրդականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և փորձագետներին խնդրի ներկայացման ուղղությամբ՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ: Գերիների վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, արծարծվել համանախագահների հայտարարություններում, այդ թվում՝ համանախագահող երկրների անունից շրջանառված դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»,-ասաց Միրզոյանը: Գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում: ԱԳ նախարարը վստահեցնում է, որ ՀՀ մշտական ներկայացուցիչները խնդիրը մշտապես բարձրաձայնել են և բարձրաձայնում են բոլոր հանդիպումների, ժողովների, միջոցառումների ձևաչափերում: Արդյունքում խոշտանգումների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող, բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի նախագահող և արտադատական արագացված մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողներ հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղ. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն» խորագրով հայտարարությամբ: Նախարարի խոսքով՝ ԵՄ շրջանակում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրը բարձրացվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի պատգամավորների կողմից: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ռազմագերիների վերադարձի հարցը ներառվել է վեհաժողովի մոնիթորինգային գործընթացների վերաբերյալ բանաձևում՝ կոչ անելով անհապաղ իրականացնել ռազմագերիների և մարմինների փոխանակումը: ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որտեղ, վկայակոչելով ՄԻԵԴ ձևակերպումները Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, հորդորել է Ադրբեջանին նրանց վերադարձնել հայրենիք: Միրզոյանը հիշեցրեց նաև, որ Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ և ԼՂ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն: Հայ գերիների վերադարձի խնդրին է անդրադարձել նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման, վերադարձի կոչ անող բանաձև:
16:13 - 06 հունիսի, 2022
Միրզոյանը վերահաստատեց՝ ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են |armenpress.am|

Միրզոյանը վերահաստատեց՝ ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է  գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Միրզոյանն այս  մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը: ԱԳ նախարարը վստահեցրեց, որ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Նա հիշեցրեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այն հայկական կողմից համանախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խումբը 2021-ի ընթացքում ունեցել է 8 պաշտոնական հանդիպում: Ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և  հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: «Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է  գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են»,-շեշտեց Միրզոյանը:
14:37 - 06 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ ինչու է չեղարկվել Բայրամովի հետ ստոկհոլմյան հանդիպումը |armenpress.am|

Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ ինչու է չեղարկվել Բայրամովի հետ ստոկհոլմյան հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը: Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի  շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը: «Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ասաց ԱԳ նախարարը:
14:20 - 06 հունիսի, 2022