Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Վաղաշենում այս տարի կիրականացվի երեք սուբվենցիոն ծրագիր

Վաղաշենում այս տարի կիրականացվի երեք սուբվենցիոն ծրագիր

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր: Դրանք արդեն հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսված է բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 35 միլիոն 500 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 19 միլիոն 525 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 15 միլիոն 975 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գույքի ձեռքբերում համայնքի մանկապարտեզի կարիքների համար: Նույն աղբյուրի տեղեկացմամբ այս ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 15 միլիոն 460 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 8 միլիոն 503 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 6 միլիոն 957 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է «Կոփոյ վար» կոչվող արոտավայրի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային եւ տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 50 միլիոն 750 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 35 միլիոն 525 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկսոսը կամ 15 միլիոն 225 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանի հավաստմամբ՝ շինարարական երեք մրցույթներն էլ արդեն կայացել են: «Համայնքի համար կենսական նշանակության շատ կարեւոր ծրագրեր են իրականացվում: Բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորը կօգտագործվի համայնքի ոռոգման առուների մաքրման, խմելու ջրագծի վթարների վերականգնման, ճանապարհների հարթեցման ու մաքրման համար: Այն նաեւ կտրամադրվի վարձակալության՝ համայնքի բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով: Վաղաշենի մանկապարտեզում այժմ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք մեկնարկել են անցած տարվա վերջերից, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, 112 միլիոն 374 հազար դրամ պայմանագրային արժեքով: Շատ կարեւոր է մանկապարտեզն ապահովել համապատասխան գույքով, որպեսզի տարիներ շարունակ անբարեկարգ վիճակի պատճառով պարապուրդի մատնված մանկապարտեզի վերաբացման համար որեւէ խնդիր չառաջանա: Մեր համայնքի բնակիչները շատ երկար են սպասել նաեւ «Կոփոյ վար» կոչվող տարածքի արոտավայրի ջրարբիացման ծրագրի իրականացմանը: Ջրաքանակի ավելացմամբ համայնքում լուծում կստանան արոտների ջրարբիացման եւ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրները: Լեռնային բարդ պայմաններում կկառուցվի 1,8 կիլոմետր երկարության ջրատար եւ 3 աղբյուրակապ»,-ներկայացրեց Վաղաշեն համայնքի ղեկավարը: 
11:58 - 11 մայիսի, 2020
Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ |armenpress.am|

Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Աշտարակի բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել էին հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել էին Գավառի բժշկական կենտրոնի վրա։ ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում: Մայիսի 2-ի դրությամբ՝ քննվող քրեական գործով կալանավորվել էր 13 անձ, ևս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել։
15:48 - 06 մայիսի, 2020
Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ

Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․ Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման համաձայն` (https://www.gov.am/files/docs/4041.pdf),Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ։Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաեւ մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետեւանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։ Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»։
14:46 - 06 մայիսի, 2020
Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիությունը |armenpress.am|

Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիությունը |armenpress.am|

armenpress.am: Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզում մայիսի երկրորդ կեսից կմեկնարկի 6Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 196 միլիոն դրամ: Հայտարարված շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Ծրագրով նախատեսված է շուրջ հազար քառակուսի մետր մակերես ընդգրկող փոսային նորոգում եւ 24 հազար 578 քառակուսի մետր միաշերտ ասֆալտի եւ ճանապարհային նշանների տեղադրում: Բարելավվող ճանապարհի երկարությունը 11,8 կիլոմետր է, որը սկսվում է Ծովագյուղի խաչմերուկից, անցնում Սեմյոնովկա համայնքով եւ ավարտվում Գեղարքունիք-Տաուշ սահմանաբաժանում: Ճանապարհի անցանելիության բարելավման ծրագրի իրականացման արդյունքում հնարավորոթւյուն կստեղծվի, որպեսզի Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը ենթարկվի հիմնանորոգման»,- ասաց վարչության պետը:
13:37 - 05 մայիսի, 2020
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի․ ՔԿ

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 15 անձի, որոնցից 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 34-104-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Հիշյալ 15 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով ևս 3 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որոնցից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է : Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:38 - 01 մայիսի, 2020
Երանոս համայնքում հաստատվել է սուբվենցիոն մեկ ծրագիր. Գեղարքունիքի մարզպետարան

Երանոս համայնքում հաստատվել է սուբվենցիոն մեկ ծրագիր. Գեղարքունիքի մարզպետարան

2020 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հաստատվել է «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման» սուբվենցիոն ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 25 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ջրատարի հիմնանորոգման արդյունքում կբարելավվի շուրջ 600 ընտանիքի ջրամատակարարումը: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթը ապրիլի 29-ից արդեն հայտարարված է: 
21:47 - 29 ապրիլի, 2020
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի առնչությամբ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ իրավիճակն այս պահին վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»: ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ սպանվածի հարազատները ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել, մարզպետը պատասխանեց, որ ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, որոնք ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում նրանցից երկուսին սպանել են։
01:16 - 29 ապրիլի, 2020
{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Գեղարքունիքում հնչած կրակոցներից վիրավորում ստացած երկու քաղաքացի սպանվել է հիվանդանոցում |shamshyan.com|

{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Գեղարքունիքում հնչած կրակոցներից վիրավորում ստացած երկու քաղաքացի սպանվել է հիվանդանոցում |shamshyan.com|

shamshyan.com: Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, որոնք հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել նույն օրը Գավառում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Ըստ աղբյուրի՝ ոստիկանները չեն կարողացել հետ պահել հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն, վերջիններս վիրավորներից 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասել մեկի պարանոցը: 2 վիրավորներն էլ, ըստ տեղեկությունների, մահացել են: Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև սպանվածներից մեկի բարեկամը, որին ծայրահեղ ծանր վիճակում, ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը:  Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։ Factor.am-ը տեղեկացնում է, որ Գավառում տեղի ունեցած արյունալի այս միջադեպից շուրջ յոթ ժամ անց ՀՀ Ոստիկանությունը վերջապես պաշտոնական տեղեկություն հաղորդեց կատարվածի մասին, որը րոպեներ անց հեռացվել կամ թաքցվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է եղել․ «Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Գավառ քաղաքում, նախնական տվյալներով՝ Գավառի համալսարանի մոտակայքում։ Կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաներ: Անհրաժեշտ գործողություններ են իրականացնում օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Միաժամանակ նշենք նաև, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և նույն պահին այնտեղ է եղել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է դեպքի վայրում, ոչ թե` հիվանդանոցում: Նախաքննության շահերից ելնելով դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ»:
01:08 - 29 ապրիլի, 2020
Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է գարնանացանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան, որից 7120 հեկտարը կազմում են գարնանացան գարու ցանքերը: 168 հեկտար զբաղեցնում են գարնանացան ցորենի, 300 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 22 հեկտար՝ հնդկացորենի, 43 հեկտար՝ այլ հացահատիկի, 30 հեկտար՝ հատիկընդեղենի, 2,5 հեկտար՝ եգիպտացորենի ցանքերը: «Այս պահի դրությամբ առավել շատ գարնանացան կատարվել է Վարդենիսի տարածաշրջանում: Մյուս տարածաշրջաններում գարնանացանը հիմնականում կատարվել է ցածրադիր գոտիներում: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը: Աշխատանքները վերջին օրերին դանդաղել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այն կշարունակվի մինչեւ մայիսի վերջերը՝ հետզհետե տեղափոխվելով բարձրադիր գոտիներ: Տնտեսությունները նախապատրաստվում են կարտոֆիլի ցանքին»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը: 
23:05 - 23 ապրիլի, 2020
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,-հայտնել է Գնել Սանոսյանը։
18:51 - 23 ապրիլի, 2020