Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

ՄԻՊ-ն անդրադարձել է վարչապետի ընտանիքին համացանցում վիրավորելու մասին պատգամավորի դիմումին

ՄԻՊ-ն անդրադարձել է վարչապետի ընտանիքին համացանցում վիրավորելու մասին պատգամավորի դիմումին

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ համացանցում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, այն է՝ երեխաների ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։ Այս մասին  Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։ Հովսեփյանի խոսքով՝ պատգամավորը տեղեկացրել է, որ դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանություն և խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին: «Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երեւույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։ Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը: Հերթական անգամ հատուկ պարզաբանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջեւ հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն: Բոլորին ևս մեկ անգամ հորդորում ենք ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները»,- գրել է Հովսեփյանը։
21:30 - 19 հունիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը, համաճարակային իրավիճակով պայմանավորված, չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Նիկոլ Փաշինյանը, համաճարակային իրավիճակով պայմանավորված, չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին. «Հարգելի պարոն նախագահ, Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև:Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար: Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը: Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»:
17:30 - 19 հունիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվում

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և ՀՀ վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի N 582-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ 1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշումը:
14:38 - 19 հունիսի, 2020
Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Երևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Երևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել ելույթներով:Իր խոսքում նախագահ Հարությունյանն ասել է.«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների հարգարժա՛ն անդամներ,Քանի որ առաջին անգամ եմ մասնակցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, նախ, կուզեի ողջունել ավանդական դարձած այս ձևաչափը: Այն կարևորագույն ձևաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման և ջանքերի համատեղման համար: Արդեն նկատելի են այս ձևաչափով աշխատանքների առաջին ձեռքբերումները, և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդպիսի ձեռքբերումներն անընդհատ ավելանալու են՝ բարձրացնելով հայրենիքի անվտանգության մակարդակը:Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում:Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջև՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչև քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միևնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից:Անշուշտ, կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ: Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում:Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը:Հարգելի՛ ներկաներ,Եթե հակիրճ ձևակերպելու լինենք, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները:Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:Բարի աշխատանքային ընթացք եմ մաղթում մեզ բոլորիս»:Իսկ վարչապետ Փաշինյանը իր ելույթում ասել է հետևյալը.«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների մեծարգո նախագահներ,Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,Այսօր տեղի է ունենում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների թվով 4-րդ նիստը և սա այլևս հաստատված մի ձևաչափ է, որտեղ քննարկվում են Հայաստանի և Արցախի անվտանգության օրակարգի ամենատարբեր հարցեր: Այսօրվա նիստը պայմանավորված է նրանով, որ Արցախում ձևավորվել է նոր իշխանություն, Անվտանգության նոր խորհուրդ է ձևավորվել և մենք կարևոր ենք համարում, որ Արցախի մեր գործընկերները հնարավորինս արագ ներգրավվեն այս աշխատանքներում:Նախ թույլ տվեք Արցախի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին շնորհավորել նշանակման կապակցությամբ: Հայաստանի անվտանգության խորհուրդը նույնպես նոր անդամներ ունի և նրանք նույնպես առաջին անգամ են մասնակցում այս ձևաչափով քննարկումներին և նրանց նույնպես շնորհավորում եմ այս առիթով:Այս համատեղ նիստի ընթացքում կարևոր եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել հարցերի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմանականորեն կսահմանեի որպես բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ մեր մոտեցումների և խաղաղ գործընթացի միջավայրի հարցեր:Անցած տարվա դեկտեմբերի 23-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ կարևորեցի Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները: Արցախում կայացած ընտրությունները հետապնդում էին երեք առաջնահերթ նպատակ: Առաջին՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին մարդու իրավունքների իրացմամբ ընտրել այն իշխանություններին, որոնք կկազմակերպեն երկրի քազղաքական և հասարակական կյանքը:Երկրորդ՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին ընտրել այն իշխանություններին, որոնք պետք է ապահովեն իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունն իհարկե կշարունակի աջակցել Արցախի իշխանություններին Արցախի բնակչությանը պաշտպանելու իրենց հանձնառության մեջ՝ շարունակելով լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Երրորդ՝ Արցախի ժողովուրդը նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաև բանակցային սեղանին:Այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունները ձևավորվել, պետք է փաստել, որ այս երեք նպատակները լավագույնս կատարվել են: Մրցակցայկին և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները:Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը:Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի:Առաջին խնդիրն արդեն նշեցի, այն վերաբերվում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում:Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ:Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով:Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով:Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը:Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ես նույնպես կցանկանայի ձևակերպել իմ միտքը որոշակի պատմական օրինաչափության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, և 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբեջանցիների ազգային փրկության օրվա գոյությունը, որի հերթական տարեդարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ:Ադրբեջանի պետականության համար այս 2 փորձությունները պայմանավորված էին թե՛ 1920, և թե՛ 1991 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով: Պարզ է, որ թե՛ 1920, և թե՛ 1990-ականների սկզբին Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները և թերագնահատել պատերազմի կործանարար հետևանքները: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին և Արցախին: 1920 թվականին Ադրբեջանի պետականության կորուստը մեզ՝ հայերիս, ոչինչ չտվեց: Եվ առավել կարևոր է, որ 1994 թվականին մենք՝ Հայաստանը և Արցախը, կարողացանք Ադրբեջանի հետ մեկտեղ հրադադար հաստատել և վերջ տալ պատերազմին և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա:Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների: Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է զերծ մնանք և նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ անենք՝ զերծ մնալ միմյանց հանդեպ թշնամական գործողությունների քարոզից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և մեր տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի: Շնորհակալ եմ»:
13:30 - 19 հունիսի, 2020
ՀՀ-ն հանձնառու է զարգացնել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունը ԵՄ-ի հետ. Փաշինյան

ՀՀ-ն հանձնառու է զարգացնել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունը ԵՄ-ի հետ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:      Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի նախագահներ,Հարգելի գործընկերներ,ուրախ եմ հանդիպել ձեզ այս տեսակոնֆերանսի ժամանակ: Հուսով եմ, որ հաջորդ անգամ՝ 2021 թվականի սկզբին, մենք հնարավորություն կունենանք անձամբ հանդիպել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության և կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու նպատակով: Կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են: Մեր ջանքերը սակայն հանդիպում են նախկին օլիգոպոլիաների և կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը: Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները և կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու և կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով: Չնայած այս բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար: Հարգելի գործընկերներ,բարեփոխումների յուրաքանչյուր փուլում մենք զգացել ենք մեր եվրոպական գործընկերների անվերապահ աջակցությունը: Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է պետական կառուցակարգերի կայացման գործում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մշակութային ընդհանրությունների վրա: Արևելյան գործընկերությունը մեր համագործակցության շարժիչ ուժն է: Այն ապահովում է արդյունավետ հարթակ ԵՄ-ի և տարածաշրջանի երկրների հետ երկխոսության և համագործակցության համար: Դրա ամբողջականության և շարունակականության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի: Ներքին բաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ կխաթարի Գործընկերության բուն փիլիսոփայությունն ու ազդեցությունը: Հայաստանը ողջունում է 2020-ից հետո իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն: Փաստաթղթում ուրվագծված հինգ նպատակները համահունչ են մեր գերակայություններին: Մենք հավատում ենք, որ 2020-ից հետո նախանշվող նպատակները պետք է ապահովեն ուժեղ դիմադրողականություն և շոշափելի արդյունքներ: Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը: Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները ԵՄ-ի և Գործընկերության կողմից խրախուսվող համերաշխության և համագործակցության քաղաքականության ևս մեկ վկայությունն են: Հայաստանը բարձր է գնահատում ավելի քան 92 միլիոն եվրոյի աջակցությունը, որը միտված է ճգնաժամի անմիջական կարիքները բավարարելուն և դրա բացասական ազդեցությունը մեղմելուն: Համամոլորակային մարտահրավերները պահանջում են միասնական գործողություններ, այլ ոչ թե առճակատում: Համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է և պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար:Շնորհակալություն ուշադրության համար»: Տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու  իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության: Վարչապետը ևս մեկ անգամ  կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար:   
20:40 - 18 հունիսի, 2020
Մետաղի ջարդոնի արտահանման իրական պատմությունը․ Մինասյանի հայտարարության հետքերով
 |fip.am|

Մետաղի ջարդոնի արտահանման իրական պատմությունը․ Մինասյանի հայտարարության հետքերով |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է իր «բացահայտումների» շարքը։ Հունիսի 13-ին հրապարակված տեսաուղերձում վերջինս անդրադարձել է Հայաստանից սև մետաղների թափոնների արտահանմանը և շտապել հայտարարել, որ այս բիզնեսի ստվերային ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, իսկ դրա հետևանքով պետական բյուջեն զրկվել է միլիարդների հասնող եկամտից։ «Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը արդեն մտածում էին, թե ոնց արագ պետք է հարստանալ։ Իրենք և իրենց ընկերները հիմնեցին «ՔԱՊ» ընկերությունը․․․ Այս ընկերությունը սկսեց ժողովրդին և բյուջեն թալանելուց, ավելի կոնկրետ՝ երկաթի ջարդոն արտահանելուց՝  առանց մուծելու պետության հասանելիքը։  Ամեն անգամ երբ դու արտահանում ես երկաթի ջարդոն, պարտավոր ես մուծել 80,000 դրամ յուրաքանչյուր տոննայի համար։ Բացառություն կազմում է, երբ դու ջարդոն արտահանելուց ապացուցում ես, որ այդ ջարդոնը բաղկացած է քո իսկ արտադրության մետաղական թափոնից։ Միայն այդ ժամանակ դու չես վճարում 80,000 դրամը»,- նշել է Միքայել Մինասյանը։ «Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով» վերնագրով տեսանյութում Մինասյանը նաև հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնը շատ չնչին էր, վերջին երկու տարիներին դրա քանակը շեշտակի աճել է. «Ամեն ինչ փոխվում է 18-19 թվականներին, երբ Հայաստանից արտահանվում է, ուշադրություն, 50,000 տոննա մետաղական ջարդոն։ 50,000 տոննա մետաղական ջարդոն արտահանվել է առանց մուծելու 80,000 դրամը՝ յուրաքանչյուր տոննայի համար»։ Մինասյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի ղեկավարությամբ և ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի միջոցով Հայաստանի մաքսային և հարկային ծառայությունում գործում է մաֆիա, որը թույլ է տվել Հայաստանի ժողովրդից 4 մլրդ դրամ թալանել։ «Սա արդեն ուղիղ թալանի ուղիղ ապացույց է»,- հայտարարել է Մինասյանը։ «Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կապ հաստատելով «ՔԱՊ» ընկերության ներկայացուցիչների հետ, պարզեց, որ Միքայել Մինասյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։  Մինասյանի ճիշտ պնդումները Միքայել Մինասյանի մատնանշած «ՔԱՊ» ընկերությունը, իսկապես, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ հուլիսին, և զբաղվում է մետաղի ջարդոնի ընդունմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից տեղեկանում ենք, որ, իսկապես, վերջին 2 տարիներին մետաղի ջարդոնի արտահանումը զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ, և Միքայել Մինասյանի տեսաուղերձում հրապարակված տվյալները՝ 2014-17 թվականների համար, ևս ճիշտ են։ Այս տարիներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր մոտ 830 տոննա մետաղի ջարդոն։ Սակայն այսքանով Մինասյանի ճիշտ պնդումներն ավարտվում են։  Մինասյանի սխալ պնդումները «ՔԱՊ»-ի ու մետաղի արտահանման մասին «ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքեց իրենց և Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի հետ կապը և նույնիսկ նշեց, որ իրենց բեռնատարն արդեն 1․5 ամիս կանգնած է մաքսակետում՝ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։ «Եթե ես վերևներում կապեր ունենայի, բեռնատարներիս հետ կապված դժվար թե խնդիր ունենայի»,- նշեց «ՔԱՊ» ընկերության տնօրենը։ Մինասյանի տեսաուղերձում հրապարակված փաստաթուղթը, որում նշվում է, որ «ՔԱՊ» ընկերությունը մետաղի ջարդոնի մատակարարման պայմանագիր է կնքել ռուսական СтилКо ընկերության հետ, ևս իրական է, ինչը Fip.am-ի հետ զրույցում հաստատեց Մարտիրոսյանը, սակայն տեղեկացրեց, որ փաստաթուղթը թեև կնքվել է 7000 տոննայի համար, սակայն իրենք արտահանել են ընդամենը մոտ 3700 տոննա մետաղի ջարդոն։ Նա նշեց, թե չգիտի, թե ինչպես է այդ պայմանագիրը հայտնվել Մինասյանի մոտ։ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց ընկերությունը սկսել է մետաղի ջարդոն արտահանել 2018-ի վերջից։ Ընդհանուր առմամբ՝ ընկերությունն ունեցել է մոտ 13,200 տոննա մետաղի ջարդոնի արտահանման թույլտվություն (տեղեկանքին կարող եք ծանոթանալ այստեղ), սակայն արտահանել են 9237 տոննա՝ հիմնականում երկաթյա բրիկետներ։ Տնօրենի խոսքով՝ արտահանված մետաղի ջարդոնի առյուծի բաժինը ավտոմեքենաների կմախքներ են, իսկ ծանր մետաղների արտահանման ծավալը 200-300 տոննա է։  «Մենք հիմնականում արտահանում էինք մեքենաների կմախքները, որոնք տարիներով մնացել էին աղբավայրերում և փոշիանում էին։ Այսինքն՝ փաստացի, երկիրը աղբից էինք մաքրում»,- ասաց մեր զրուցակիցը։ Արտահանման ծավալների մասին Ինչպես արդեն նշեցինք, Մինասյանի պնդումը, թե նախորդ երկու տարիներին Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանումը շեշտակիորեն աճել է, ճիշտ է, սակայն ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից, նախորդ երկու տարիներին երկրից արտահանված մետաղի ջարդոնի ծավալը կազմել է ոչ թե 50,000 տոննա, այլ մոտ 36,000 տոննա։ Ընդ որում՝ 2018 թվականին արտահանվել է ընդամենը 1000 տոննա մետաղի ջարդոն, իսկ 2019-ին՝ մոտ 35,000 տոննա։ Իսկ «ՔԱՊ»-ին բաժին է ընկնում արտահանված ջարդոնի ընդամենը 26 տոկոսը։ Այս ապրանքատեսակների արտահանմամբ զբաղվում է մոտ 50 կազմակերպություն, և պատահական չէ, որ նախորդ տարի արտահանման սահմանափակման մասին որոշումն ուղեկցվեց ցույցերով, ընդհուպ՝ մինչև մետաղի ջարդոնով բեռնված բեռնատարներով ՊԵԿ-ի մուտքը փակելը։ Օրենքի մասին Միքայել Մինասյանի՝ մետաղի ջարդոնի արտահանման վերաբերյալ այն պնդումը, թե յուրաքանչյուր 1 տոննա ջարդոնի համար պետք է վճարել 80,000 դրամ տուրք, ճիշտ է, սակայն ինչպես Մինասյանն իր խոսքում նշում է, դա չի վերաբերում այն թափոնին, որն ունի հայկական ծագում կամ համարվում է սեփական արտադրության մետաղական թափոն։ Իսկ այն մետաղական ջարդոնը, որը հավաքվել է Հայաստանում, համարվում է տեղական ծագման մետաղական թափոն (օրինակ՝ մեքենաների հնամաշ թափքերը)։ Եվ հենց սա՛ է «օգնել» տնտեսվարողներին անարգել իրականացնել մետաղի ջարդոնի արտահանում՝ առանց մաքսատուրքի վճարման։ Այլ կերպ ասած՝ այս ոլորտի տնտեսվարողներն իրենց գործունեության ընթացքում որևէ օրենք չեն խախտել։ Արտահանող կազմակերպությունների նման ակտիվությունը բերեց նրան, որ Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնի ծավալներն էականորեն աճեցին, ինչից հետո կառավարությունը 2019 թ․ ամռանը ԱԺ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծ, որով «տեղական ծագման» մետաղի ջարդոնի արտահանման համար ևս առաջարկվում էր տուրք սահմանել։ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել էր, որ մինչև 2012 թվականը Հայաստանից մեծ ծավալի մետաղի ջարդոն է արտահանվել, և եղել է տարի, որ մինչև 200,000 տոննա մետաղի ջարդոն է դուրս եկել։  «2012 թվականին կառավարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն է կատարել և որոշվել է, որ մետաղի ջարդոնի արտահանումը պետք է հարկվի պետական տուրքով, և պետական տուրք կկիրառվի 1 կգ-ի համար 80 դրամ։ Բայց եղել է մի հատ հետաքրքիր բացառություն. բացառությամբ էն դեպքերի, երբ էդ մետաղի ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է, տուրքը չի կիրառվել»,- ասել էր Թունյանը։ Պատգամավորը 2018-ից հետո արտահանման ծավալի ավելացումը հիմնավորել էր այսպես․ «Կա այսպիսի մի ընդունված կանոն, որ եթե տվյալ ապրանքը մաշվել ու ջարդոնի է վերածվել Հայաստանում, ուրեմն դա համարվում է հայկական ծագման արտադրանք։ Երկար տարիներ՝ մոտավորապես մինչև 2018 թվականի սեպտեմբերը, էդ արգելքը գործել է, բայց սեպտեմբերին մեր գործարարները հասկացել են, որ կարելի է տեղական մետաղի ջարդոնը ներկայացնել որպես հայկական ծագման արտադրանք և առանց տուրքի արտահանել, ու սկսել են մեծ ծավալով արտահանել»։ Ըստ Թունյանի՝ կառավարությունն օրենքի փոփոխությամբ փակում էր «սողանցքը»՝ պետական տուրք սահմանելով նաև տեղական մետաղի ջարդոնի արտահանման վրա։ Ի վերջո, 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները, որոնցով մի շարք ապրանքների, այդ թվում՝ «սև մետաղի ջարդոն և թափոն» ապրանքատեսակի յուրաքանչյուր 1 կգ-ի արտահանման համար սահմանվեց 60 դրամ պետական տուրք։  Ի դեպ, օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կտրուկ նվազեց այս ապրանքի արտահանումը, ինչը ևս ապացուցում է, որ արտահանման ծավալների աճը ոչ թե հովանավորչության կամ օրենքը շրջանցելու արդյունք էր, այլ դրա կարգավորումների։ Տրամաբանական կապի բացակայության մասին Նախորդ տարի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն ուղեկցվեց կառավարության շենքի առջև բողոքի ցույցերով, որին մասնակցում էր նաև Մինասյանի կողմից հիշատակված՝ «Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վերագրվող» «ՔԱՊ» ընկերությունը։  «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունն այս ակցիան լուսաբանելիս մեկնաբանություն էր վերցրել «ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից, որը նշել էր, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխությունը կյանքի կկոչվի, երբ մարդիկ աղբն ու մետաղի թափոնները կվերամշակեն ու կվաճառեն, այդ ժամանակ էլ որոշել են այդ գործով զբաղվել։ «Մեկ տարի առաջ ոգևորված տարածքներ վարձակալեցինք, աշխատողներ ընդունեցինք, վարկով տեխնիկա գնեցինք ու այսօր կանգնել ենք փաստի առաջ։ Մեր ընկերությունում 30 աշխատող կա, սակայն պայմանագրային հիմունքներով ավելի քան 3000 մարդ է մեզ հետ համագործակցում։ Այսինքն` նրանք դաշտերից հավաքում–բերում են մետաղի թափոններն ու վճարվում դրա համար»,- ասել էր Մարտիրոսյանը։ Այսինքն` Մինասյանի կողմից Նիկոլ Փաշինյանի բիզնես հռչակված ընկերությունը բողոքում էր հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած օրենքի փոփոխությունից։ Մինասյանի պնդումն անհիմն է դառնում նաև մեկ այլ պատճառով։  Նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել խոտանված մեքենաների թափքերը հանձնել վերամշակման, նշել էր միայն «Մետեքսիմ» ընկերության անունը։ «Փաստերի ստուգման հարթակը» կապ էր հաստատել հենց «ՔԱՊ» ընկերության հետ՝ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք այս ոլորտում միակ ընկերությունը «Մետեքսիմն» է, ինչի արդյունքում պարզել էինք, որ այս բիզնեսով զբաղվում են բազմաթիվ ընկերություններ, որոնցից մեկն էլ հենց «ՔԱՊ»-ն էր, որի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենց համար անընդունելի է վարչապետի տարբերակված մոտեցումը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ Այս դեպքում ևս այս ընկերությունը (և ոչ միայն այս) Նիկոլ Փաշինյանի հրապարակումների պատճառով «մնացել էր լուսանցքում»։ Ամփոփում Այսպիսով, փաստենք, որ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո մետաղի ջարդոնի արտահանումը կտրուկ աճել էր, այս գործունեությամբ զբաղվող ընկերությունները, ապրանքն առանց պետտուրքի վճարման արտահանելով, որևէ օրենք չեն խախտել։ Իսկ «ՔԱՊ» ընկերությունն այս ոլորտում միակը չէ և որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի հետ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ինքն է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք սահմանափակել են մետաղի ջարդոնի արտահանումը, ինչը հակասում է Մինասյանի կողմից հնչեցված այն մտքին, թե արտահանման մեջ վարչապետը «փայ» ունի։ Սևադա Ղազարյան
20:32 - 18 հունիսի, 2020
Վարչապետը և զոհված զինծառայողների ծնողները քննարկել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման աշխատանքները

Վարչապետը և զոհված զինծառայողների ծնողները քննարկել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ: Նա նշել է, որ այս ընթացքում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել, հիշեցրել, որ պայմանավորվել էին, որ վստահելի խումբ պետք է ձևավորեն, որը, ըստ էության, պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է բոլորին: Կառավարության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ վարչապետը ընդգծել է մասնավորապես.  «Հարգելի սգակիր ծնողներ, հարգելի գործընկերներ,մեր պայմանավորված հանդիպումը մոտ 2 ամիս ուշ է տեղի ունենում: Պատճառն այն է, որ մենք հույս ունեինք, որ համավարակը հաղթահարած կլինենք, այսինքն՝ չէինք ուզում, որ համավարակի պայմաններում հանդիպումը տեղի ունենա: Բայց քանի որ համավարակը ձգվում է, և հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ որոշեցինք, որ, այնուամենայնիվ, չսպասենք համավարակի հաղթահարմանը և սկսենք մեր պայմանավորված աշխատանքը: Ես տեղյակ եմ, որ այս ընթացքում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել, որովհետև պայմանավորվել էինք, որ վստահելի խումբ պետք է ձևավորենք, որը, ըստ էության, պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է ոչ միայն ձեզ, այլև մեզ բոլորիս, մեր հանրությանը: Եվ պայմանավորվել ենք նաև, որ սա շատ կարևոր առանձնահատկություն է, որ մենք պետք է այնպես սկսենք պրոցեսը, որ արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, բոլորս ի գիտություն ընդունենք այդ պատասխանը և առաջնորդվենք այդ պատասխանով: Դրա համար մեր պայմանավորվածությունն է, որ դուք պետք է ներկայացնեք ձեզ համար վստահելի փաստաբանական խումբ, իմ կողմից նույնպես պետք է ներկայացված լինեն, և այդ հարցերի պատասխանը պետք է ստանանք: Որպեսզի մենք տեղապտույտի վիճակում չհայտնվենք, այս աշխատանքային խմբի համար շատ կարևոր է, որ մենք աշխատանքային խմբին մի պահ հնարավորություն տանք, որպեսզի նրանք կտրված գործեն մեր ունեցած կարծիքներից, համոզմունքներից, մեր մտածածից և ցանկությունից: Օրինակ, մեր հնարավոր ամենամեծ ռիսկերից մեկը ո՞րն է՝ եթե ինձ ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք պետք է նախաքննության վարկածը պաշտպանեն մինչև վերջ՝ անկախ փաստերից, և ծնողներին ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրենք, անկախ փաստերից, պետք է ծնողների առաջ քաշած վարկածը պաշտպանեն: Այսպես մենք խնդիրը ոչ միայն չենք լուծի, այլև կխորացնենք: Արդյունքում կստացվի, որ մենք այսքան աշխատեցինք ու արդյունքի չհասանք: Ես հույս ունեմ, որ ձեր մեջ կա անբեկանելի համոզմունք, որ ինձ համար ճշմարտությունից ավելի բարձր արժեք այս իրավիճակում գոյություն չունի: Ես կրկին եմ ասում՝ եթե ձեզ մոտ թեկուզ 0.1 տոկոս կասկած կա սրա հետ կապված, ավելի լավ է մենք այս պրոցեսը չսկսենք: Չեմ ասում 5, 6, 7, 1, եթե ձեր մեջ նույնիսկ 0.1 տոկոս կասկած կա, որ այս պրոցեսում, ճշմարտությունից բացի, անձամբ ես ուրիշ շահ ունեմ, ուրեմն իմաստ չունի այս պրոցեսը սկսել: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն, ես չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը, ճշմարտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է այսպես տրամադրվի»,-ասել է վարչապետը:  Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ներկայացրել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքը: Համատեղ խումբ ստեղծելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել վարչապետի և զոհված զինծառայողների ծնողների հետ այս տարվա մարտ ամսին կայացած հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև՝ խմբում ներառել զոհված զինծառայողների իրավահաջորդների համար վստահելի 3 իրավաբանի և վարչապետի կողմից առաջադրված 3 իրավաբանի: Նշվել է, որ հեռավար քննարկումների շրջանակում մշակվել է խմբի գործունեության աշխատակարգը: Աշխատակարգով նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կունենա զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացնի վարչապետին: Ընթացքի մեջ են խմբի կազմում իրավաբանների ներգրավման աշխատանքները, փոխհամաձայնեցվել է քրեական գործերի ուսումնասիրության հերթականությունը: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկները խմբի գործունեության սկզբունքների վերաբերյալ: Ծնողների առաջարկությամբ՝ որոշվել է խմբի կազմում որպես իրավաբան ընդգրկել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանին: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային կարգով քննարկումները: 
17:27 - 18 հունիսի, 2020
2020 թ. առաջին ամիսներին մահվան դեպքերի թիվը նվազել է. վարչապետը ճիշտ է |fip.am|

2020 թ. առաջին ամիսներին մահվան դեպքերի թիվը նվազել է. վարչապետը ճիշտ է |fip.am|

fip.am: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին Ազգային ժողովի նիստին հայտարարել էր, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ՝ այս տարի մահացության ցուցանիշի նվազում է եղել։  «Մենք ունեցել ենք որոշ ծավալի մահերի նվազում, առհասարակ, համեմատած նախորդ տարվա, մասնավորապես, դրանք պայմանավորված էին մեխանիկական վնասվածքների հետևանքով մահերով, ավտոճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերով, որը բնական էր, որովհետև գործում էին սահմանափակումներ»,- ասել էր Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նույնպես ներկայացրել էր հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր մահերի վիճակագրությունը՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Վարչապետը նշել էր, որ ընդհանուր 400-ով պակաս մահեր են գրանցվել։  «Անցած տարվա և այս տարվա մահացության թվերը տարբեր են, էականորեն ցածր են այս տարվա թվերը, և դա ունի շատ հետաքրքիր պատճառ։ […] Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդհանուր 400-ով պակաս մահացության թվի վրա: Կորոնավիրուսի պատճառով այլ հիվանդություններով հիվանդ մարդն ավելի շուտ է հոսպիտալացվել, ինտենսիվ է բուժում ստացել, իր վիճակն ավելի լավացել է, թեթևացել է, դրա համար էլ 400-ով պակաս մահ ունենք»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել էր 2 հազար 307 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում 2 հազար 213 մարդ: Նույնն է եղել շնչառական հիվանդությունների և մյուս հիվանդությունների մահացության ցուցանիշում։  Որքա՞ն մահ է գրանցվել 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին  Վիճակագրական կոմիտեից Fip.am-ին տրված նախնական տվյալների համաձայն (վերջնական ամփոփում դեռևս չի եղել)՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 11,547 մահվան դեպք։ Ըստ կոմիտեի՝  միայն ապրիլ ամսին մահերի թիվը կազմել է 2156, մայիսին՝ 2102: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ մարտին կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4 անձ, ապրիլին՝ 29, մայիսին՝ 125։   Որքա՞ն մահ է գրանցվել 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին  Ըստ Վիճակագրական կոմիտեի 2019 թվականի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ հրապարակմանը՝ նախորդ տարի հունվար-մայիս ամիսներին hանրապետությունում գրանցվել է 11,861 մահվան դեպք։ Նախորդ տարվա ապրիլ ամսին մահերի թիվը կազմել է 2203, որը 47-ով ավելին է 2020 թ. նույն ժամանակահատվածից։ Մայիսին մահերի թիվը եղել է 2285, որն այս տարվա համեմատ ավելին է 183 դեպքով։     2019-2020 թվականների հունվար-մարտ ամիսներին գրանցված մահերի պատճառները Հաշվի առնելով, որ ժողովրդագրական ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն ամփոփում է եռամսյակային պարբերականությամբ, ներկայացնենք գրանցված մահվան պատճառների վերջին՝ հունվար-մարտ ամիսների տվյալները։ Եթե 2019 թ. հունվար-մարտ ամիսներին մահացել է 7307 մարդ, ապա 2020 թ. մահերի թիվը կազմել է 7289։ 2020 թ. առաջին եռամսյակում 4106 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 202 մահվան դեպքով ավել է։ Նորագոյացություններից այս տարվա առաջին եռամսյակում մահացել է 1372 մարդ, նախորդ տարի նույն պատճառից մահացածների թիվը 1416 էր։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին շնչառական օրգանների հիվանդություններից ավելի քիչ մարդ է մահացել (755), քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում (912): Իսկ դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից այս տարի հաշվետու ժամանակահատվածում 204 մարդ է մահացել, նախորդ տարի նրանց թիվը 226 է եղել։ Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրապարակած տվյալները ճիշտ են: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ այս տարի մահացության ցուցանիշը նվազել է 314 դեպքով։  Նելլի Լազարյան
13:14 - 18 հունիսի, 2020
Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդմանը: Մասնավորապես Բաբաջանյանը դիմելով վարչապետին ասաց, որ խորհրդարանից դուրս գործող անձանց մի փոքր խմբակ, նրանց սպասարկող լրատվամիջոցներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններ քննարկում են, որ այս գործը քաղաքական է։ Բաբաջանյանը հայտարարեց, որ ունի իր դիրքորոշումը, բայց եւ շատ կուզեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, այդ գործի վերաբերյալ իր դիրքորոշումը նույնպես հայտներ։ Վարչապետը պատասխանեց, որ Բաբաջանյանի նշած մեկնաբանությունները հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր։ Փաշինյանն ընդգծեց, Գագիկ Ծառուկյանի կողմից հնչած այդ հայտարարությունը օրը իր մամուլի խոսնակն արձագանքել է, որում նշել է, որ կարծում է, որ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից, եւ, որ հայտարարության պատճառը դա է։ Փաշինյանը առաջարկեց վերհիշել վերջին 2 տարվա վիճակագրությունը: «2018 թվականի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր Կառավարության կազմում էին, քրեական գործ էր հարուցվել ներկայումս ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր, հետո գործն ուղարկվել էր դատարան, հետո կայացվել էր մեղադրական դատավճիռ:Ավելին՝ Armtimes.com-ում։
21:03 - 17 հունիսի, 2020
Եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ` պարզ, բաց, անկեղծ․ վարչապետ
 |armtimes.com|

Եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ` պարզ, բաց, անկեղծ․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանի ժամը։ Հարցերի համար հերթագրվել է 22 պատգամավոր։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն իր հարցի ժամանակ անդրադարձավ Համաշխարհային խաղաղության ինդեքսի վերջին հրապարակմանը։ Ըստ դրա՝ Հայաստանը գրանվցվել է 2-րդը խաղաղության մակարդակի բարելավման իր ցուցանիշներով, առաջին տեղում է Ադրբեջանը։ Հայրապետյանը, սակայն, հայտարարեց, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել են բավականին սպառնալից եւ ռամզատենչ հայտարարություններ։  Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն քաղաքականությունը, որը 2018 թվականից հետո դրել է Կառավարությունը Ղարաբաղի հարցի եւ, ընդհանրապես, տարածաշրջանային հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա։ Իր կարծիքով՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ, վարչապետի խոսքով, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։ Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն էլ, ըստ վարչապետի, այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալ են վախերի պրիզմայով։ «Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել եւս՝ Արցախի հարցն ընկալելու սովորություն, մշակույթ չունի, եւ, ընդհանրապես, այդպիսի բան բացառվում է, մենք ասել ենք՝ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո»,- հայտարարեց վարչապետն ու հավելեց՝ քանի որ այդ ռազմաշունչ հայտարարություններն արդյունավետ չեն, հայտնվում են տեղապտույտի մեջ։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու, որ արդեն քանի տարի է ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ, բայց ինչո՞ւ արդյունքի չեն հասնում։ Վարչապետի խոսքով՝ հենց այս՝ օդում կախված հարցին էլ պատասխանելու համար Արդրբեջանը եւս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի վրա։ Փաշինյանը հայտարարեց, որ իր կոչը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ ցուցաբերել կառուցողական մոտեցում եւ, ի վերջո, հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձեւին, այն է՝ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ինչ վերաբերում է դիսկուրսին, վարչապետի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ինքը վարչապետի կարգավիճակով չէր խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ։ «Կարծում եմ՝ ռազմական հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը նաեւ այդ ներքին վախերն են, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար սա, միեւնույն է, շատ ավելի լայն կոնտեքստ ունի։ Ես երբեք չեմ բացառել՝ եթե տեսնեմ, որ երկխոսությունն Ադրբեջանի վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց՝ անկեղծ, եւ ես կարծում եմ՝ մենք պետք է իմանանք, որ առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»,- եզրափակեց Փաշինյանը։
19:50 - 17 հունիսի, 2020
Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին


 |armenpress.am|

Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործը համարում է Հայաստանի երրորդ հանրապետությունում քննվող ամենակարևոր գործերից մեկը: Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչող այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ի ու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, ոչ թե իրավական, Փաշինյանը նշեց, որ իրենք քրեական գործը քաղաքական ուժին վերահսկողության տակ պահելու համար օգտագործելու կարիք չունեն: «Նախկին իշխանությունն այս քրեական գործերը պահել է այս ուժերին վերահսկողության տակ պահելու համար, որովհետև լեգիտիմության խնդիր է եղել: Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեր իշխանությունը քրեական գործերով քաղաքական ուժերին վերահսկողության տակ պահելու խնդիր չունի»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է արգելել այն քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք բռնանում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը:
19:13 - 17 հունիսի, 2020
Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

Գյուղական համայնքներում իրականացվում են ջրաչափների տեղադրման աշխատանքներ․ ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանին։ Սարգսյանը 2019 թվականի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով։ Իր ելույթում Սարգսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում հանձնաժողովի կազմում ձեռնամուխ է եղել հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների լուծմանը։ Ներկայացնելով մանրամասներ՝ նա ասաց, որ մաս է կազմել էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման, շուկայի չկարգավորվող հատվածներում մրցակցային մեխանիզմների ներդրման, շուկա՝ նոր մասնակիցների անխոչընդոտ մուտքի ապահովման համար։ Գազամատակարարման ոլորտի մասով Սարգսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել էր իրենց սպառողներին վաճառվող բնական գազի եւ մի քանի այլ ծառայությունների սակագների վերանայման հայտերով։ Այդ հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական՝ 135 հազար 909 դրամ սակագին՝ 1000 խորանարդ մետրի համար։ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատակազմի կատարած հաշվարկներով՝ առաջարկվող միջին կշռութային սակագինը կազմում է 128 հազար 21 դրամ՝ 1000 խորանարդ մետրի համար։ Ընդ որում, առաջարկվում է պահպանել գործող սակագնի հաշվարկների հիմքում ընկած սպառողական խմբերի դասակարգումը։ Սա ենթադրում է, որ բնակչության համար առաջարկվում է սակագինը թողնել նույնը, ավելացնել ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար նախատեսված սակագինը։ Առաջարկը ուղարկվել է «Գազպրոմ Արմենիա» եւ հրապարակվել։ Թեկնածուն մի քանի այլ ոլորտների աշխատանքներին անդրադարձավ, որից հետո պատգամավորները հերթագրվեցին հարցերի համար։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 17 հունիսի, 2020
Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ |armenpress.am|

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին ևս մեկ անգամ կոչ արեց համաձայնել իր այն բանաձևի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան: «Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը ԼՂ հարցը վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի։ «Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը դրել է տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը երկար ժամանակ հիմնված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող է այդ ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը պայմանականորեն լինել արյդունավետ, բայց հայ ժողովուրդը, առավել ևս ԼՂ հարցը, վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացառված է որևէ սպառնալիքի ներքո Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրելը:
17:38 - 17 հունիսի, 2020