Եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ` պարզ, բաց, անկեղծ․ վարչապետ
 |armtimes.com|
19:50 - 17 հունիսի, 2020

Եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ` պարզ, բաց, անկեղծ․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանի ժամը։ Հարցերի համար հերթագրվել է 22 պատգամավոր։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն իր հարցի ժամանակ անդրադարձավ Համաշխարհային խաղաղության ինդեքսի վերջին հրապարակմանը։ Ըստ դրա՝ Հայաստանը գրանվցվել է 2-րդը խաղաղության մակարդակի բարելավման իր ցուցանիշներով, առաջին տեղում է Ադրբեջանը։

Հայրապետյանը, սակայն, հայտարարեց, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչել են բավականին սպառնալից եւ ռամզատենչ հայտարարություններ։ 

Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն քաղաքականությունը, որը 2018 թվականից հետո դրել է Կառավարությունը Ղարաբաղի հարցի եւ, ընդհանրապես, տարածաշրջանային հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա։ Իր կարծիքով՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ, վարչապետի խոսքով, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա։ Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն էլ, ըստ վարչապետի, այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալ են վախերի պրիզմայով։ «Բայց քանի որ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով, առավել եւս՝ Արցախի հարցն ընկալելու սովորություն, մշակույթ չունի, եւ, ընդհանրապես, այդպիսի բան բացառվում է, մենք ասել ենք՝ բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո»,- հայտարարեց վարչապետն ու հավելեց՝ քանի որ այդ ռազմաշունչ հայտարարություններն արդյունավետ չեն, հայտնվում են տեղապտույտի մեջ։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու, որ արդեն քանի տարի է ռազմաշունչ տրամաբանությամբ գնում են առաջ, բայց ինչո՞ւ արդյունքի չեն հասնում։ Վարչապետի խոսքով՝ հենց այս՝ օդում կախված հարցին էլ պատասխանելու համար Արդրբեջանը եւս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի վրա։

Փաշինյանը հայտարարեց, որ իր կոչը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ նույնը Ադրբեջանի նախագահին՝ ցուցաբերել կառուցողական մոտեցում եւ, ի վերջո, հրապարակային համաձայնել իր առաջարկած բանաձեւին, այն է՝ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։

Ինչ վերաբերում է դիսկուրսին, վարչապետի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ինքը վարչապետի կարգավիճակով չէր խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ։ «Կարծում եմ՝ ռազմական հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը նաեւ այդ ներքին վախերն են, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ հասկանալով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար լինել ոչ միայն ազգային անվտանգության հարց, այլ ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար սա, միեւնույն է, շատ ավելի լայն կոնտեքստ ունի։ Ես երբեք չեմ բացառել՝ եթե տեսնեմ, որ երկխոսությունն Ադրբեջանի վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց՝ անկեղծ, եւ ես կարծում եմ՝ մենք պետք է իմանանք, որ առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել