Կորոնավիրուս

Պարետը սահմանել է բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ

Պարետը սահմանել է բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի № Ց/32-2020 ցուցումով սահմանվել են բանկ այցելելու և որոշ սոցիալական ծառայությունների համար դիմելու նոր ժամկետներ։  Պարետի ցուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ Բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուի (նպաստառուի) համար այդ ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.  Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու, կենսաթոշակ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակ և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.  Հաշմանդամության ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում հաշմանդամության ժամկետը սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը.  Ընտանիքի փաստագրման ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում դիմելու (փաստագրվելու) ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.  2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարել (վճարման ծառայությունները մատուցել) բացառապես շահառուի բնակության վայրի հասցեում․  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ  Բանկերին տեղեկացնել սույն ցուցումի 1-ին կետի մասին՝ ապահովելով նաև բանկերի կողմից կարճ հաղորդագրության (sms հաղորդագրությունների) միջոցով կենսաթոշակառուների իրազեկումը բանկ ներկայանալու նոր՝ երկարաձգված ժամկետի մասին։  ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ  Սույն ցուցումի մասին տեղեկացնել կենսաթոշակ և նպաստ նշանակող մարմիններին՝ միջոցներ ձեռնարկելով 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսների կենսաթոշակների և նպաստների վճարման անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ»:
20:50 - 24 մարտի, 2020
Պարետը ստորագրել է Հայաստանի ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների որոշումը

Պարետը ստորագրել է Հայաստանի ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների որոշումը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավիճակում պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝ 1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում. 2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում. 3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․ Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին:    
20:48 - 24 մարտի, 2020
Տիգրան Ավինյանը ներկայացրեց նոր հավելվածը, որը ստույգ ինֆորմացիա կտա անձի առողջական վիճակի մասին

Տիգրան Ավինյանը ներկայացրեց նոր հավելվածը, որը ստույգ ինֆորմացիա կտա անձի առողջական վիճակի մասին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է հավելվածը, որն առողջական վիճակի մասին ինֆորմացիա է տալիս։ Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրվավիճակում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության դիմելուց: Միևնույն ժամանակ կարող եք ունենալ ախտանշաններ, որոնք շատ նման են Կորոնավիրուսային հիվանդության: Այս ժամանակ պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար:Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում: Այս հավելվածը կօգնի կողմնորոշվել և հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ: Տիգրան Ավինյանը նշեց, որ հեռախոսային հավելվածը հասանելի է Android-ով աշխատող սարքերի համար։ Հավելվածը՝ այս հղմամբ։
20:33 - 24 մարտի, 2020
Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է անձը հաստատող փաստաթուղթ եւ հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում․ Նիկոլ Փաշինյան

Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է անձը հաստատող փաստաթուղթ եւ հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, իսկ 4 քաղաքացի այսօր առողջացած դուրս է գրվել, մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: Քիչ առաջ իր ուղերձում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ վարակման դեպքեր ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի հայրենակիցները։ Փաշինյանն ասաց, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, պայքարում էին Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար, բայց մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր են արձանագրվել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառեն։ Ըստ այդմ՝ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը․ «Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- ասաց վարչապետը։ Աշխատելու են միայն խանութները, դեղատները, բանկերը։ Փաշինյանը ներողություն խնդրեց բոլորից՝ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար՝ հույս հայտնելով, որ բոլորի համար ակնհայտ է, որ սա արվում է հենց քաղաքացիներիս եւ մեր ծնողների, տատիկ-պապիկների անվտանգությունն ապահովելու համար։ Ի դեպ՝ բոլոր թոշակառուները, որոնք թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կստանան իրենց բնակարաններում՝ շրջիկ փոստատարների կողմից։ Վարչապետը կոչ արեց մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին։ Տնից դուրս գալ միայն կենսակա՛ն անհրաժեշտության դեպքում։ 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում։ Խստագույնս հետեւել պարետատան բոլոր հրահանգներին։ Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի կաննոները, հետեւել առողջապահության նախարարության հրահանգներին։ Փաշինյանի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-2009 թթ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հայաստանի պարագայում, վարչապետի պնդմամբ, կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019-ին․ «Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ-ի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար։ Աշխարհում ՀՆԱ-ի  3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա հինգ տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը խնդիր է դրել՝ զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը․ «Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների դեֆիցիտ չունեցավ եւ չունի»։
19:57 - 24 մարտի, 2020
 «Մոգո» վարկային կազմակերպությունը չի ընդառաջում հաճախորդներին

«Մոգո» վարկային կազմակերպությունը չի ընդառաջում հաճախորդներին

Այսօր «Մոգո» վարկային կազմակերպության հաճախորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ երեկ «Մոգո» ՈՒՎԿ-ի աշխատակիցներից մեկը զանգել է իրեն և  սպառնացել, որ վարկը ժամանակին չմարելու դեպքում տույժ/տուգանք կկիրառվի, ավելին՝ էլեկտրոնային փոստով ծանուցել են՝ առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին։ Ծանուցումը ներկայացնում ենք ստորև․ Հաճախորդը նշեց, որ օգտվում է «Մոգո» ՈւՎԿ-ի ավտովարկից։  Տեղեկացրեց, որ երբեք ուշացում չի ունեցել։ Ուշացված գումարը միայն այս ամսվա հերթական մարման գումարն էր։ Նշենք, որ «Մոգո» ՈւՎԿ-ի գլխավոր տնօրենը վարչապետի հասարակական հիմուքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանն է։ Դեռ ս/թ մարտի 13-ին banks.am կայքում տեղադրվել էր վերոնշալ վարկային կազմակերպության հաղորդագրությունը, ըստ որի «Մոգո» ՈՒՎԿ-ն, կարեւորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: Ընդ որում՝ հաղորդագրության մեջ նշվում էր, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով։ Այս հայտարարությունը մարտի 17-ին հեռացվել է վարկային կազմակերպության ֆեյսբուքյան էջից, սակայն ոչ banks.am կայքից։ Մեզ հետ զրույցում ահազանգող հաճախորդն ասաց, որ ինքը չի իմացել վերոնշյալ հայտարարության մասին, իսկ աշխատակիցներն իր հետ զրույցում չեն տեղեկացրել, որ կարող է դիմում գրել և հետաձգել վարկի մարումը։ «Մոգո» վարկային կազմակերպությունից այս օրերին բազմաթիվ բողոքներն են գրանցվել։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մարտի 19-ին և 20-ին անդրադարձել էր այս վարկային կազմակերպության վարքագծի վերաբերյալ ահազանգերին։ Մարտի 20-ին նշել էր, որ «Մոգո» վարկային կազմակերպության հաճախորդների սպասարկման վարչության բաժնի ղեկավարի հետ է խոսել, իրեն հավաստիացրել է, որ  բոլոր դիմումներին անդրադառնում են։ Նշենք, որ դեռևս մարտի 20-ին «Մոգո» ՈւՎԿ-ի աշխատակիցը Infocom-ի զանգին ի պատասխան նշեց, որ համարը կփոխանցի իրավասու անձին և մեզ հետ կապ կհաստատեն։ Այսօր կեսօրին և մինչև աշխատանքային ժամի ավարտը վարկային կազմակերպության աշխատակիցները մեզ տվեցին նույն պատասխանը, սակայն այդպես էլ լրատվամիջոցների հարցերին պատասխանող իրավասու անձը մեզ հետ կապ չհաստատեց։ Կազմակերպության գլխավոր տնօրեն, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ևս չպատասխանեց մեր զանգերին։ Արփի Ավետիսյան
19:46 - 24 մարտի, 2020
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է կորոնավիրուսով վարակելու համար պատժաչափերը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է կորոնավիրուսով վարակելու համար պատժաչափերը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ՀՀ քրեական օրենսգքի՝ երկու նոր հանցագործություններ նախատեսող հոդվածները, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար նախատեսված պատժաչափերին։  «Հարգելի՛ հայրենակիցներ Ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրցումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը: Համաձայն վերջինիս՝ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է երկու նոր հանցագործություններ նախատեսող հոդվածներով: Մասնավորապես՝ օրենսգրքում՝ 124.1 հոդվածով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում ավելացել է նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը: Ըստ այդմ՝ Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 2) անչափահասի նկատմամբ, 3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամետով։»։   Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվում ավելացել է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածը, որը վերաբերում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելուն: Համաձայն վերջինիս՝ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։ Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Սույն հոդվածի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն հոդվածի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Նկատի ունենալով, որ Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հայտարարվել է նոր կորոնավիրուսային (2019n-CoV) համավարակ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացնում է, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվելու է խիստ  հսկողություն՝ ՀՀ կառավարության կողմից 2020թ. մարտի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշմամբ սահմանված, ինչպես նաև պարետի կողմից հընթացս կայացվող որոշումներով նախատեսվող կանոնների և սահմանափակումների պահպանման նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված վերոնշյալ լրացումներով նախատեսված հանցավոր արարքների նախականխման, ինչպես նաև նման դեպքերի բացահայտման և քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով: Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է, որ հանցանքն արտակարգ դրության պայմաններում կատարելը պատասխանատվությունը և պատիժը խստացնող հանգամանք է: Այսինքն, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության  որոշմամբ նախատեսված սահմանափակումների խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքում այդ հանգամանքը համապատասխան գնահատականի կարժանանա անձի պատասխանատվության և պատժի որոշման հարցի քննարկման շրջանակներում:     Հորդորում ենք դրսևորել խոհեմություն, քաղաքացիական բարձր գիտակցություն, կարգապահություն և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հղի են քրեական պատասխանատվություն առաջացնող հետևանքներով և կարող են սպառնալ առանձին անձանց, հատկապես խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչների առողջությանն ու կյանքին, վտանգել հանրային առողջապահական անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:12 - 24 մարտի, 2020
ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն․ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով

ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն․ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում են տանից։ Զուգահեռաբար նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ Եվ ահա վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ ԱԺ օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ ԱԺ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով, որն իր հերթին կախված կլինի արտակարգ դրության պայմաններում աշխատակազմի կոնկրետ ստորաբաժանման գործառույթների պահանջվածությունից»։
19:01 - 24 մարտի, 2020
Ուսուցիչները հեռավար եղանակով սովորում են՝ ինչպես հեռավար դասընթաց իրականացնել․ դիմել է 4000 ուսուցիչ, ընտրվել 420-ը

Ուսուցիչները հեռավար եղանակով սովորում են՝ ինչպես հեռավար դասընթաց իրականացնել․ դիմել է 4000 ուսուցիչ, ընտրվել 420-ը

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանի ուսումնական հաստատությունները կրթությունը հեռավար են անցկացնում։ Էլեկտրոնային հարթակները, գործիքները եթե աշակերտների համար հասկանալի են, հեշտ կիրառելի, ապա ուսուցիչներից շատերի համար՝ բարդ ու անհասկանալի։ Հենց այս նպատակով էլ այսօր իրականացվում են վերապատրաստումներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու հմտություններ փոխանցելու համար։ Ինչպես պատմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Պողոսյանը, ծրագրի հայտարարությանը, որն օրերս են տեղադրել համացանում, արձագանքել եւ հայտ են ներկայացրել մոտ 4000 ուսուցիչներ։ Ընտրել են միայն 420-ին։ Նրանց, որոնք առաջինն են դիմել։ Ընդ որում՝ նրանցից 90-ը Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։ Քիչերին ընտրելու պատճառը կենտրոնի ռեսուրսները չբավարարելն է։ Ընտրված բոլոր ուսուցիչները բաժանվել են խմբերի եւ արդեն մարտի 20-ից սկսել դասընթացը։ «Հեռավար եղանակով ուսուցիչներին սովորեցնում ենք՝ ինչպես կարելի է հեռավար եղանակով դասընթաց իրականացնել»,- նշեց Պողոսյանը։ Դասընթացի ընթացքում սովորեցնում են թեմաներ տեղադրել, հանձնարարություններ տալ, ստեղծել թեստեր, այնուհետեւ ստուգել դրանք, հասկանալ, թե աշակերտները որքանով ըմբռնեցին նյութը։ Մանկավարժները ծանոթանում են նաեւ այլ տարատեսակ գործիքների։ Ընդհանրապես այս կուրսը տեւում է 3 շաբաթ, սակայն իրավիճակից ելնելով՝ կրճատվել է՝ դառնալով 2 շաբաթ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
18:48 - 24 մարտի, 2020