Կորոնավիրուս

Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման վերաբերյալ

Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման վերաբերյալ

Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար: Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող  աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ:
18:39 - 24 մարտի, 2020
«Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ

«Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ

«Հայփոստի» բոլոր աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ՝ բոլոր մարզերում, կորոնավիրուսի (COVID-19) տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով ապաովվել են բժշկական դիմակներով (օրական մի քանի անգամ փոխելու հաշվարկով), ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով, իսկ բոլոր փոստային բաժանմունքներում օրական մի քանի անգամ իրականացվում են ախտահանման միջոցառումներ: Թոշակներ և նպաստներ ստանալու համար փոստային բաժանմունք այցելելու կարիք չի լինելու, քանի որ դիմակներով և ձեռնոցներով «զինված» «Հայփոստի» աշխատակիցները մոտեցնելու են շահառուների բնակարաններ: Աշխատակիցներն այստեղ նույնպես պահպանելու են կանոնները՝ ոչ միայն շեմից ներս չեն մտնելու, այլ նաև ունենալու են իրենց հետ ախտահանիչ նյութեր ամեն այցից առաջ ձեռքերն ախտահանելու նպատակով: «Հայփոստի» Երևանի բաժանմունքներում բոլոր բաժանմունքներում փակցված են տեղեկատվական ցուցանակներ, որոնք հուշում են անվտանգության պարզ կանոնները փոստային բաժանմունք այցելելիս՝ մտնել մեկական, հերթում և սպասարկման սեղանից պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:  Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մեր բնակիչները պատրաստակամ են հետևելու այս կանոններին, քաջ գիտակցում են, որ դրանց կարևորությունն ու սոցիալական պատասխանատվության բարձր զգացում ունեն: Ինչ վերաբերում է այլ երկրներից ստացված առաքանիներին, ապա դրանք բաժանմունք հասնելուց հետո ախտահանվում են և ստացողներին են տրամադրվում միայն 24 ժամ բաժանմունքում մնալուց հետո, ինչը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը: Ընդհանուր առմամբ՝ «Հայփոստի» բաժանմունքները շարունակում են աշխատել նույն աշխատանքային գրաֆիկով, սակայն ախտահանված և ավելի անվտանգ պայմաններում, իսկ այսօրվանից նպաստները բաժանվում են բացառապես կազմակերպության աշխատակիցների կողմից առաքումների միջոցով: Նույն գործընթացն իրականացվելու է նաև թոշակների տրամադրման ժամանակ:
18:38 - 24 մարտի, 2020
ԱՀ-ում  կան մեկուսված քաղաքացիներ, առաջնային մեկուսացման բուժհաստատությունը Շուշիում է. Արցախի տեղեկատվական շտաբի ղեկավար |tert.am|

ԱՀ-ում կան մեկուսված քաղաքացիներ, առաջնային մեկուսացման բուժհաստատությունը Շուշիում է. Արցախի տեղեկատվական շտաբի ղեկավար |tert.am|

tert.am: Արցախի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ չնայած նրան, որ Արցախում կորնավիրուսի դեպք չի գրանցվել, բայց կան մեկուսացվածներ: - Պարոն Աբրահամյան, Արցախի Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսի դեպք չի գրանցվել, բայց կան մեկուսացվածներ: Մանրամասներ կներկայացնեք՝ քանի մեկուսցված քաղաքացի կա և մեկուսացման պատճառները  հիմնականում որոնք են: - Համապատասխան ախտանիշներ ունեցող մեր քաղաքացիները նախնական զննությունից հետո, ըստ անհրաժեշտության թեստավորման գործընթաց են անցնում, որի ողջ ընթացքում նրանք և նրա հետ կոնտակտի մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են մեկուսացման պրոցեսում: Անհրաժեշտության դեպքում, 14 օրյա մեկուսացում են անցնում նաև տարբեր ռիսկային երկրներից Արցախ եկող մեր հայրենակիցները՝ բուժհասատություններում կամ իրենց բնակարաններում, սակայն գտնվող խիստ վերահսկողության տակ: Այս պահին թիվ դեռ չեմ կարող ներկայացնել: Շարունակությունը՝ tert.am-ում
18:17 - 24 մարտի, 2020
Արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով |armenpress.am|

Արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ արգելված տնտեսական գործունեություն որոշ տեսակներ, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկում, կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով և առողջապահության նախարարության պատվերով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Սիմոնյանը հիշեցրեց, որ քիչ առաջ հրապարկվել է պարետի նոր որոշում, որով միաժամանակ ուժը կորցրած է  ճանաչվել  մարտի 23-ի համար 13 որոշումը, և սահմանվել են ողջ հանրապետությունում տնտեսական գործունեության վերաբերյալ  սահմանափակումներ, որոնք կգործեն մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59: Այսինքն, ՀՀ-ում արգելվել է  տնտեսական գործուեության տեսակներով զբաղվելը` բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված գործունեության տեսակների: «Որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության տեսակները կարող են իրականացվել, եթե դրանք թույլ է տրվում իրականացնել առցանց կամ հեռահար միջոցով: Միևնույն ժամանակ, սահմանվում է նաև, որ չարգելված տնտեսական գործունեության տեսակների շրջանակներում թույլատրվում է  նաև իրականացնել խոհանոցների գործունեություն: Այսինքն, այդ տնտեսվարողների մոտ սննդի պատրաստումը, բուֆետների գործունեությունը, կից ճաշարանների, խորտկարանների գործունեությունը չի արգելվի: Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կարող են իրականացվել այնպիսի գործողություններ և մատուցվել այնպիսի ծառայություներ, որոնք ներառված չեն որոշման մեջ որպես բացառություն: Այսինքն,  այս պահի դրությամբ արգելված են, բայց կարող է որոշում կայացվի, որ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակներն իրականացվեն»,-ասաց Վարոսյանը: Նա նշեց` որոշման երկրորդ կետով սահմանված են  թույլատրվող տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները: Օրինակ, հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների կողմից քաղաքացիների սպասարկումն իրականացվում է միմիայն առցանց կամ հեռավար եղանակով, կամ անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով, որոնց սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով:
18:06 - 24 մարտի, 2020
Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դպրոցներին՝ հեռավար ուսուցումը հասանելի դարձնելու համար

Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դպրոցներին՝ հեռավար ուսուցումը հասանելի դարձնելու համար

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի քաղաքացիներ, Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)։ Կարծում եմ, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ Ինձ թույլ կտամ նաև կոչ անել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։ Առողջ եղեքՀոգ տարեք միմյանց մասին»
17:42 - 24 մարտի, 2020
Ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում․ Արսեն Թորոսյան

Ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։ Այն պատրաստ կլինի մոտ օրերս։ Նաև որոշել ենք ինֆեկցիոն հիվանդանոցում տեղադրել համակարգչային տոմոգրաֆ՝ կրկին մոդուլային շենքում, որի շինարարությունը արդեն սկսվել են։ ՀՏ-ն անհրաժեշտ է կորոնավիրուսային թոքաբորբերը վաղ հայտնաբերելու համար։ Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։ Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։ Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։ Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ Նոր ձեռքբերումներ, իհարկե դժվարությամբ, նույնպես իրականացվում են»։
17:38 - 24 մարտի, 2020
ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ |armenpress.am|

armenpress.am: ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ. ոլորտում առկա է որոշ մրգերի և բանջարեղենի գնաճ, ինչը կապված է սեզոնի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Գյուղատնտեսական մթերքը հանդիսանում է գյուղացիական տնտեսության արտադրանք, և այդ ամենի հետ կապված հարցերը մեր հանձնաժողովի տիրույթում չեն, քանի որ ոլորտում չկա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա։ Չնայած այդ փաստին՝ հաշվի առնելով, որ հասարակության մի ստվար զանգվածի հետաքրքրում է գյուղմթերքի հետ կապված որոշ խնդիրներ՝ մենք մոնիտորինգ ենք անցկացրել։ Մենք ունենք տեղական խնձոր, կիվի, նարինջ, վարունգ, կարտոֆիլ, պղպեղ, մանդարին, լոլիկ և բանան։ Որոշ ապրանքների մասով կա թանկացման միտում, սակայն դա կապված է նաև սեզոնի հետ։ Մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը»,- նշեց Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ շուկաներում գյուղմթերքի գինը էականորեն ավելի ցածր է, քան խոշոր ցանցային սուպերմարկետներում։ Տեղական ապրանքներից խնձորի գինը նվազել է, ներմուծված ապրանքներից՝ ցիտրուսի գինը մի փոքր աճել է, սակայն, ինչպես ասաց ՏՄՊՊՀ նախագահը, վերջին երկու օրվա ընթացքում կիվիի և մանդարինի գները նվազել են։ Գևորգյանը նկատեց, որ քաղաքացիները դժգոհում են կոճապղպեղի գներից, սակայն դա էլ իրենց հանձնաժողովի տիրույթում չէ, և իրենք չեն կարող բոլոր նմանատիպ ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։
17:13 - 24 մարտի, 2020
Կանխարգելիչ միջոցառումները պետք է պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից․ ՀՀ նախագահ

Կանխարգելիչ միջոցառումները պետք է պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից․ ՀՀ նախագահ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները:  Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը: «Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից: Անհրաժեշտ է նաև բոլոր պատկան մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից օրենքների կիրառման ընթացքում բարձր պատասխանատվության դրսևորում: Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները սահմանելիս, անգամ արտակարգ դրության պայմաններում, տարբեր առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար, ընտանեկան դժբախտությունների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում: Կարևոր է նաև, օրենքով մամուլի համար սահմանվող սահմանափակումների հիմնավորված ու համաչափ կիրառումը»,- ասել է նախագահ Սարգսյանը: 
17:09 - 24 մարտի, 2020
Երևանի համայնքային բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով

Երևանի համայնքային բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով

Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 հատ դիմակ է տրամադրել»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
17:05 - 24 մարտի, 2020
Կգանձվե՞ն վարձավճարները, թե՝ ոչ. ինչ են ասում տոնավաճառների և խոշոր առևտրի կենտրոնների ներկայացուցիչները |hetq.am|

Կգանձվե՞ն վարձավճարները, թե՝ ոչ. ինչ են ասում տոնավաճառների և խոշոր առևտրի կենտրոնների ներկայացուցիչները |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով խոշոր առևտրի կենտրոններն ու տոնավաճառները դադարեցրել են իրենց գործունեությունը: Նրանց մի մասը՝ աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել էին մինչև արտակարգ դրության ռեժիմ մտցնելը, իսկ մի մասը դրանից հետո, իսկ որոշներն էլ միայն մարտի 24-ից՝ արտակարգ դրության ռեժiմի միջոցառումների խստացման մասին որոշումից հետո: Տոնավաճառներն ու խոշոր առևտրի կենտրոնները իրենց պատկանող տարածքը վարձակալական հիմունքներով հանձնում են տարբեր տնտեսվարողների, որոնք էլ ստացած շահույթի մի մասը ուղղում են տարածքի վարձավճարին: Սակայն այս պահին առևտրի կենտրոնների և տոնավաճառների փակ լինելու պատճառով տնտեսվարողները բնականաբար չեն կարող շահույթ ակնկալել, այսինքն՝ այդ պարագայում դժվարություններ կարող են առաջանալ կապված տարածքների վարձավճարների հետ: «Մալաթիա» տոնավաճառը չի աշխատում մարտի 16-ից: Այն փակ է լինելու մինչև մարտ ամսվա վերջ, եթե այդ ժամանակ աշխատելու թույլտվություն լինի, ապա կվերսկսեն աշխատանքները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Նա ասաց, որ տնտեսվարողներից մարտ ամսվա վարձավճարները չեն գանձելու. «Մարտ ամսին եթե չեն աշխատում, ինչի՞ գանձենք: Երբ որ սկսեն աշխատել, այդ ժամանակ էլ կգանձենք: Վաճառողները մի քիչ նեղվում են, որովհետև գարնանային ապրանքներ ունեն, որ էս ամսին պետք է վաճառեին: Մնալու են դրանք, հետո դժվարանալու է վաճառելը»,- նշեց Սամվել Ավետիսյանը: Հարցին, թե այդ դժվարությունների դեպքում տոնավաճառը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին, տնօերնը պատասխանեց, որ եթե հարկային մարմինը ների իր պարտավորությունները, ապա իրենք նույնպես կներեն տնտեսվարողին: «Եթե ես աշխատելու եմ, ուրեմն հարկայինը պետք է ինձանից գանձի: Դա մի միլիոն չէ, երկու միլոին չէ, որ կարողանամ ամբողջը ինձ վրա վերցնել: Ես հիմա պետք է տամ ամսական 20 միլիոն աշխատավարձ, դա բավական մեծ գումար է, իսկ մենք չգիտենք, թե ինչքան կշարունակվի էս վիճակը: Եթե իրանք գան աշխատելու, չկարողանան վճարել, բայց տոնավաճառը աշխատի, հարկային տեսչությունը պետք է ինձնից գումարները գանձի: Եթե տեսչությունը կարողանա ինձնից գումար չգանձել, ապա ես էլ զիջումներ կանեմ: Մենք մեր հաճախորդների հետ պայմանավորվածություն ունենք, բոլորն էլ գոհ են: Ես իրանցից ավել գումարներ չեմ գանձում, կաշխատեն՝ կվճարեն, չեն աշխատի՝ չեն վճարի»,- ասաց Սամվել Ավետիսյանը՝ շեշտելով, որ չնայած տոնավաճառը հիմա չի աշխատում, սակայն աշխատակիցները տարածքի պահպանություն են իրականացնում: «Սուրմալու» տոնավաճառի տնօրեն Վարդան Մանուկյանը վարձավճարների վերաբերյալ հարցին ասաց, որ առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ սեփականատերերը պետք է որոշեն: «Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, սեփականատերերը հիմա այստեղ չեն: Որոշողը իրենք են: Այսօր նոր փակեցինք տոնավաճառը և այս պահի դրությամբ որոշում չունենք: Տնտեսվարողները դժգոհություններ ունեցան, որ փակվեց, որովհետև իրենք ապրանք են մատակարարում խանութներին, չգիտենք, թե ինչ կլինի»,- նշեց «Սուրմալու»-ի տնօրենը: «Փեթակ» տոնավաճառի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց: Մեր զանգին պատասխանեց անվտանգության աշխատակիցը և ասաց, որ չեն կարող կոնտակտ տրամադրել: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Փեթակում» գործունեություն իրականացնող տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ըստ ակցիայի մասնակիցների՝ տոնավաճառի ղեկավարությունը պահանջել էր տնտեսվարողներից, որ գնան աշխատեն և մուծեն իրենց զբաղեցրած տարածքների համար սահմանված վարձավճարները: Պատգամավոր Արման Բաբաջանյանը բողոքի ակցիայի ժամանակ «Փեթակում» էր, նա էլ տոնավաճառի տնօրինությանը և աշխատակիցներին փոխանցել է պարետատան բանավոր որոշումը, համաձայն որի՝ փակ առևտրային շուկաների տնօրենները արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում չեն կարող վարձավճար պահանջել չաշխատող կրպակատերերից: Սակայն կան նաև բացօթյա տաղավարներ: Բացի այդ, տոնավաճառում աշխատողներից մեկը «Հետք»-ին տեղեկացրել է, որ Արման Բաբաջանյանի այցի հաջորդը օրը՝ տնօրինությունը հայտնել է, որ ընդամենը 3 օրվա վարձ են չեղարկում: «Փեթակ»-ի հարևանությամբ գործող «Ռիչ պլազա» առևտրի կենտրոնը չի աշխատում մարտի 23-ից: Տնօրեն Արմեն Զաքարյանն ասաց, որ տնտեսվարողների հետ համաձայնության են եկել և գումարներ չեն գանձվելու՝ կախված իրավիճակից: Հարցին թե, որ ամսվանից չի հաշվարկվելու, «Ռիչ պլազա»-ի տնօրենը պատասխանեց՝ արտակարգ դրության ռեժիմ մտցնելու օրվանից, այսինքն՝ մարտի 16-ից:  «Տարածքի վարձակալները դժգոհություն են հայտնում, սակայն փակման որոշումը ես չեմ կայացրել: Թող իրանց բողոքկները պարետատուն ուղարկեն: Ես ընդամենը կատարող եմ»,- ասաց Արմեն Զաքարյանը: Որպես «Առինջ մոլի» «տնօրինության աշխատող» ներկայացած անձը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե՝ մարդը չի աշխատում, ինչպես կարող են նրանից գումար գանձել: «Ես իմ կարծքին եմ ասում, լավ կլինի տնօրինության հետ կապվեք»,- ասաց «Առինջ մոլ»-ի աշխատակիցը և ասաց, որ մի փոքր ուշ զանգահարենք, և տնօրինությունից կպատասխանեն, սակայն ավելի ուշ կատարած մեր զանգերն անպատասխան մնացին: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:57 - 24 մարտի, 2020
Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ |armenpress.am|

Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ խոշոր դեղատների ցանցերում, ինչպես նաև արտադրողների մոտ առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, որովհետև մեկ օրում մարդիկ բավականին մեծ քանակությամբ էին գնում։ Այսօր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ, այդ թվում նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով։ Մենք այս ընթացքում մշտապես ուղիղ կապի մեջ ենք եղել թե բժշկական սպիրտի, թե ալկոգելի արտադրողների հետ։ Այսօր այդ ապրանքների արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են»,- նշեց Գևորգյանը։ Նրա խոսքով՝ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գները շատ չնչին՝ մի քանի դրամով ավելացել են դոլարի փոխարժեքի տատանման պատճառով։ Այդ ամենը ալկոգելի գնի վրա չի ազդել։
16:55 - 24 մարտի, 2020
էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար

էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելուն:Նախագծում մանրամասն ներկայացված են օժանդակության գործիքները և օժանդակության կիրառության պայմանները: Նախագիծը➡️ http://mineconomy.am/…/…/Ajakcutyan_cragir_2rd_Mijocarum.pdf
16:24 - 24 մարտի, 2020
Հայտնի է, թե տնտեսական գործունեության որ տեսակները չեն արգելվի արտակարգ դրության ժամանակ

Հայտնի է, թե տնտեսական գործունեության որ տեսակները չեն արգելվի արտակարգ դրության ժամանակ

Կառավարության կայքում հրապարակվել է պարետի որոշումը` արտակարգ դրության ժամանակ տնտեսական գործունեության արգելքի բացառությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կշարունակեն գործել․ 1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:  2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.  1) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն 2) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում 3) Սննդամթերքի արտադրություն 4) Խմիչքների արտադրություն 5) Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն 6) Հարստացած ուրանի արտադրություն 7) Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն 8) Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն 9) Հիմնական մետաղների արտադրություն 10)  Զենքի և զինամթերքի արտադրություն 11) Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն 12) Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն 13) Մարտական մեքենաների արտադրություն 14) Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն 15) Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում 16) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում 17) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում 
16:14 - 24 մարտի, 2020
Ամփոփվել է գյուղոլորտին օժանդակության միջոցառումների ծրագիրը, քննարկվել են սոցիալական աջակցության ուղղությունները

Ամփոփվել է գյուղոլորտին օժանդակության միջոցառումների ծրագիրը, քննարկվել են սոցիալական աջակցության ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները: Ներկայացվել է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ և նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Լրացուցիչ արծարծվել են գյուղոլորտին օժանդակության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: Ամփոփելով վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը և նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով: Հաջորդիվ անդրադարձ է եղել սոցիալական աջակցության ուղղություններին և հնարավորություններին: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, թիրախային խմբերը հստակեցնելու, ռեսուրսները հասցեական և արդարացի բաշխելու ուղղությամբ քայլերի և գործիքակազմի շուրջ, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան: Վարչապետը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, հիմք ունենալով վերոնշյալ բանաձևը, քննարկել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթը, ամփոփել առաջարկությունները և առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն:
16:08 - 24 մարտի, 2020