ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա
 |hetq.am|

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։ Տեղեկատվությունը հրապարակվել է ուկրաինական գերատեսչության տելեգրամյան ալիքում։  Դատախազության տվյալներով՝ ամենամեծ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (388), Խարկովի (204) և Կիևի (116) մարզերում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև Նիկոլաևի (71), Չեռնիգովի (68), Լուգանսկի (61), Խերսոնի (55) և Զապորոժյեի (46) մարզերում տուժած երեխաների մասին։  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 22-ին, նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 362 երեխա՝ 149 աղջիկ և 175 տղա, ինչպես նաև 38 երեխա, որոնց սեռն անհայտ է։  Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի, քաղաքացիական բնակչության շրջանում հայտնի է 5587 զոհի և 7890 վիրավորի մասին։ Գլխավոր դատախազի գրասենյակը նաև նշում է, որ տվյալները կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվությունը հաճախ ուշանում է, ինչպես նաև դրանք երբեմն ստուգման կարիք են ունենում։
20:48 - 04 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին
 |azatutyun.am|

ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են։ Համապատասխան թույլտվություն չի տրվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց մենք ուղարկում ենք մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում: Ըստ 1947 թվականի ՄԱԿ-ի «կենտրոնակայանի համաձայնագրի»՝ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Վաշինգտոնը, սակայն հայտարարում է, որ կարող է մերժել «անվտանգության, ահաբեկչության և արտաքին քաղաքականության» նկատառումներով:
17:41 - 03 սեպտեմբերի, 2022
ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունենցող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրներին, նախարար Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ հետևելով նաև ՄԱԿ-ի «չանտեսելով ոչ ոքի» սկզբունքին: Նախարար Միրզոյանի կողմից շեշտվել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերի պարզաբանման կարևորությունը։
18:55 - 02 սեպտեմբերի, 2022
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների եւ սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ստեղծված իրավիճակի հանգամանալից ներկայացման համար: Ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել: Նշվել է նաեւ, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
18:23 - 02 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ ԱՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ ԱՀ ՄԻՊ

Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը․ գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Կոմիտեի արձանագրած մտահոգությունները ազգությամբ և ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումների ու ռասիստական կարծրատիպերի քարոզչության վերաբերյալ՝ այդ թվում Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև պատշաճ հետաքննության բացակայությունը լավագույնս վկայում են այն մասին, որ Ադրբեջանում խտրական քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով։ Կոմիտեի կողմից մատնանշված մյուս բոլոր դեպքերը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում արտադատական սպանությունները, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և կամայական կալանավորումները, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը իրականացվում են համաձայն Ադրբեջանի պետական խտրական քաղաքականությանը և որպես դրա շարունակություն։ Կոմիտեի կողմից ներկայացված դիտարկումները մաս են կազմում տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող Ադրբեջանի համակարգային և լայնածավալ խտրական քաղաքականությանը։ Պետական մակարդակով Ադրբեջանի խտրական քաղաքականության իրականացումը վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ուղին և անկախ պետականության կառուցումը այլընտրանք չունեն։ Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը հասունացել է՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների կիրառման վերաբերյալ միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորության իրականացման դրսևորում»։
16:22 - 31 օգոստոսի, 2022
Օդեսայի պատմական կենտրոնը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
 |azatutyun.am|

Օդեսայի պատմական կենտրոնը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում |azatutyun.am|

azatutyun.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԿ-ի մշակույթի գործակալությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի դիմումը Օդեսայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ ներառելու մասին, հայտնում է Reuters գործակալությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեն երեկ Փարիզում հանդիպել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեկսանդր Տկաչենկոյի հետ, ինչից հետո հայտարարել է, որ Օդեսայի կարգավիճակի հարցը կքննարկվի հրատապ կարգով: Ենթադրվում է, որ Օդեսային կտրվի վտանգի տակ գտնվող օբյեկտի կարգավիճակ: Անցած շաբաթ ռուսական զինուժի հարվածներից հետո Օդեսայում փլուզվել էր Գեղարվեստական թանգարանի պատմական շենքի ապակե տանիքի մի մասը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ են Կիևի և Լվովի պատմական կենտրոնները: Գործակալությունը քննարկում է նրանց կարգավիճակը ևս վտանգված դարձնելու հարցը:
10:54 - 31 օգոստոսի, 2022
Ռայիսին հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Բայդենի հետ չի հանդիպի

 |armenpress.am|

Ռայիսին հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում Բայդենի հետ չի հանդիպի |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ չի հանդիպի ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդեի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա (ԳԱ) կատարելիք՝ իր այցի ընթացքում: «Ես արդեն նախորդ նիստերում պատասխան եմ տվել, որ՝ ոչ: Եվ «ոչ» կասեմ մեկ անգամ եւս,- ասել է նա օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին: «Ոչ մի իմաստ չունի մեր հանդիպումը՝ ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր ազգային շահերի համար»,- նշել է Ռայիսին։  Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել է, որ Իրանի նախագահը սեպտեմբերին Նյու Յորք կմեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ Նյու Յորք չի ժամանի կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով եւ միջոցառմանը հանդես է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:35 - 29 օգոստոսի, 2022
Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 100 անապահով ընտանիքի կտրամադրվեն 19 դոլարին համարժեք դրամ «սննդի քարտեր»

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 100 անապահով ընտանիքի կտրամադրվեն 19 դոլարին համարժեք դրամ «սննդի քարտեր»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կմեկնարկեն «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։ Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2 ամիս պարբերականությամբ։ Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելու շահառուների ընտրության ճշգրտությունն ու սննդի քարտերի օգտագործման արդյունավետությունը: Գործընկերները համատեղ կիրականացնեն պարենային անապահով ընտանիքների նախնական ընտրությունը՝ փոխադարձ համաձայնեցված չափորոշիչներով, որպեսզի շահառուների ընտանիքներում ներառված լինեն թե՛ տեղացի, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ։ Ծրագրի իրականացման համար ԱՍՀՆ և Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրվել է փորձնական ծրագրի համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի պարենային կարիքների գնահատում, սննդի քարտերի թողարկման և անխափան օգտագործման փորձարկում, ինչպես նաև արդյունքների գնահատում։ «Սննդի քարտեր» փորձնական ծրագրի արդյունքները հիմք կհանդիսանան հնարավոր նոր պետական աջակցության ներդրման համար։ Ծրագրի գործնական փուլը կմեկնարկի առաջիկայում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ հայտարարություն կտարածի, որից հետո Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները կկարողանան դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ ՊՀԾ-ն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ապահովելու սոցիալական աջակցությանը միտված քաղաքականություն, որն օգնում է լուծել պարենային անապահովության մի շարք խնդիրներ։ ԱՍՀՆ-ն և ՊՀԾ-ն և ջանքեր են գործադրում՝ ամրապնդելու սոցիալական պաշտպանության ազգային համակարգի ճկունությունն ու ակտիվությունը։
10:42 - 26 օգոստոսի, 2022
ՄԱԿ-ը ներկայացրել է 2020-2021 թթ. ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը

 |armenpress.am|

ՄԱԿ-ը ներկայացրել է 2020-2021 թթ. ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ը ներկայացրել է 2020 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Ավելի քան 40,4 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրվել և հատկացվել Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցառումների իրականացմանը, որոնք համակողմանիորեն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) և դրա շրջակայքից հակամարտության սրման հետևանքով Հայաստան ժամանած 90,000 մարդու կարիքների բավարարմանը: Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնել են Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստանում ապաստանած 90,000 մարդու (որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են) մարդասիրական օգնություն, ներառյալ կացարան, բժշկական ծառայություններ, պարենամթերք, դրամական միջոցներ և պաշտպանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։  Միջգործակալական արձագանքման ծրագրի գործընկերները համակարգել են ջանքերը հինգ մարդասիրական թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում և սերտ համագործակցել պետական և տեղական իշխանությունների, ներառյալ մարզպետարանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ:  Պաշտոնական մեկնարկի ժամանակ վերջնական հաշվետվության մեջ արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացվել են ինչպես Կառավարությանն, այնպես էլ գործընկերներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ազգային ՀԿ-ներին, միջկառավարական կազմակերպություններին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին: Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր է գնահատել միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և բոլոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և կատարված աշխատանքը: «Մարդասիրական և զարգացման գործընկերները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին կարևոր փոփոխություն են բերել տեղահանվածների կյանքում. մասնավորապես 71,218 անձ օգտվել է տարրական օգնությունից, 45,745 անձ՝ սեզոնային ապրանքներից, 26,730 անձ/6,051 տնային տնտեսություն ներգրավվել է պաշտպանական մշտադիտարկման միջոցով, 8,383 երեխա և դեռահաս ներգրավվել է տարբեր միջոցառումների շրջանակներում՝ հնարավորություն ստանալով լավ ուսումնական միջավայր ունենալու և այլն: Ծրագիրը և դրա իրականացման համակարգումը կարևոր դեր ունեցան հրատապ աջակցության հավաքագրման համար՝ ընդլայնելով մարդասիրական գործունեության մեջ դոնորների մասնակցությունը», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։   Աննա-Կարին Օստն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը շնորհակալություն է հայտնում դոնոր երկրներին՝ ստանձնած հանձնառության և Հայաստանում խոցելի ընտանիքներին տրամադրված աջակցության համար:  «Պետության և հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ համակարգման ու համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները առաջնահերթ և խիստ կարևոր աջակցության ծրագիր իրականացրեցին տեղահանված ընտանիքների համար՝ շնորհիվ 2021 թվականին բազմաթիվ դոնորների օժանդակության։ Այն բարելավեց պաշտպանության միջավայրը և թեթևացրեց համայնքների բեռը, որ գրկաբաց ընդունել և հոգ են տարել տեղահանված ընտանիքների մասին, մասնավորապես՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների»,- ասել է նա: Դոնորները և իրականացնող գործընկերները կիսվել են կարծիքներով և գոհունակությամբ արտահայտվել ճգնաժամին նպատակաուղղված արձագանքելու վերաբերյալ։
17:03 - 24 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ն կոչ է արել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Զապորոժիեի ԱԷԿ |azatutyun.am|

ԱՄՆ-ն կոչ է արել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Զապորոժիեի ԱԷԿ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ կոչ է արել՝ թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։ «ՄԱԳԱՏԷ-ն պետք է հնարավորինս շուտ մուտք գործի Զապորոժիեի ԱԷԿ»,- ասել է Փրայսը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային՝ հնարավորինս շուտ թույլ տալ գործակալության առաքելությունը այցելել Զապորոժիեի ատոմակայան, ինչպես նաև հայտարարել էր այն ղեկավարելու պատրաստակամության մասին։ Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում մարտական գործողություններ վարելու համար: Կայանը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ, սակայն աշխատողներն ուկրաինացիներ են: Ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել չեզոք դիրքից վերլուծել ԱԷԿ-ի անվտանգության հարցում ստեղծված կացությունը:  
12:19 - 19 օգոստոսի, 2022
«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «խիստ անհանգստացած է» Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի մոտ տեղի ունեցած մարտերի կապակցությամբ: Այս մասին նա ասել է Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն։ «Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»,- նախազգուշացրել է Գուտերեշը: Սա նրա ու Զելենսկու առաջին հանդիպումն էր ապրիլյան հանդիպումից ի վեր, երբ այցի ընթացքում հրթիռակոծվել էր Կիևը։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունները՝ ասելով, որ անհանգստացած է ատոմակայանում «հերթական չեռնոբիլյան» աղետի վտանգի առնչությամբ: Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԱԷԿ-ի շրջակայքը, որը Ռուսաստանը գրավել էր մարտ ամսին, ենթարկվել է ծանր հրետակոծության․ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում հարձակումների համար: Եռակողմ հանդիպումից առաջ Զելենսկին քննադատել է ռուսական «կանխամտածված» հարձակումները էլեկտրակայանի վրա։ Մոսկվան մեղադրվում է օբյեկտը ռազմական բազայի վերածելու մեջ․ երեք առաջնորդներն էլ ռուսական կողմին կոչ են արել հնարավորինս շուտ ապառազմականացնելու գոտին: Reuters-ի փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են պատերազմին վերջ տալու ուղիները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասել է, որ ինքը, Գուտերեշը և Զելենսկին քննարկել են, թե ինչպես կարող են օգտագործել վերջին դրական մթնոլորտը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, որոնք տեղի են ունեցել մարտին Ստամբուլում։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան հուլիսին համաձայնություն են ձեռք բերել, որով ՌԴ-ն վերացրել է ուկրաինական հացահատիկի արգելափակումը․ արտահանումը վերսկսվել է օգոստոսի սկզբին: «Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկին և Գուտերեշն էլ այս հարցում համակարծիք են»,- ասել է Էրդողանը։ Ռուսական կողմից հանդիպման վերբերյալ արձագանք դեռևս չկա։
10:45 - 19 օգոստոսի, 2022
Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա |armenpress.am|

Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած  նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։ Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը։ 12 հազար տոննա ցորեն տեղափոխող նավը ուղևորվել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ: Մարշալյան կղզու դրոշով «Թոեն» նավը մեկնել է նույն նավահանգստից և շարժվել դեպի թուրքական Թեքիրդաղ նավահանգիստ՝ տանելով 3000 տոննա արևածաղկի սերմեր։ Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 13-ին հացահատիկ գնելու համար Թուրքիայից մեկ այլ նավ կմեկնի Ուկրաինա։ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի սկզբից ուկրաինական ծովային նավահանգիստներից մեկնել են 16 նավ, որոնք տեղափոխել են 450 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք: Հուլիսին Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը հնարավորություն է տվել 5-ամսյա դադարից հետո վերսկսել հացահատիկի արտահանումը Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից: Ուկրաինայից հացահատիկի արտահանումը դադարեցվել էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով: 
15:31 - 13 օգոստոսի, 2022