ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «խիստ անհանգստացած է» Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի մոտ տեղի ունեցած մարտերի կապակցությամբ: Այս մասին նա ասել է Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն։
«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»,- նախազգուշացրել է Գուտերեշը:
Սա նրա ու Զելենսկու առաջին հանդիպումն էր ապրիլյան հանդիպումից ի վեր, երբ այցի ընթացքում հրթիռակոծվել էր Կիևը։
Էրդողանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունները՝ ասելով, որ անհանգստացած է ատոմակայանում «հերթական չեռնոբիլյան» աղետի վտանգի առնչությամբ:
Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԱԷԿ-ի շրջակայքը, որը Ռուսաստանը գրավել էր մարտ ամսին, ենթարկվել է ծանր հրետակոծության․ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում հարձակումների համար:
Եռակողմ հանդիպումից առաջ Զելենսկին քննադատել է ռուսական «կանխամտածված» հարձակումները էլեկտրակայանի վրա։ Մոսկվան մեղադրվում է օբյեկտը ռազմական բազայի վերածելու մեջ․ երեք առաջնորդներն էլ ռուսական կողմին կոչ են արել հնարավորինս շուտ ապառազմականացնելու գոտին:
Reuters-ի փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են պատերազմին վերջ տալու ուղիները։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասել է, որ ինքը, Գուտերեշը և Զելենսկին քննարկել են, թե ինչպես կարող են օգտագործել վերջին դրական մթնոլորտը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, որոնք տեղի են ունեցել մարտին Ստամբուլում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան հուլիսին համաձայնություն են ձեռք բերել, որով ՌԴ-ն վերացրել է ուկրաինական հացահատիկի արգելափակումը․ արտահանումը վերսկսվել է օգոստոսի սկզբին:
«Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկին և Գուտերեշն էլ այս հարցում համակարծիք են»,- ասել է Էրդողանը։
Ռուսական կողմից հանդիպման վերբերյալ արձագանք դեռևս չկա։
comment.count (0)