ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը, այդ երկիրը չի համաձայնել բարտերի՝ ստանալու Արցախյան առաջին պատերազմից հայկական կողմի մոտ մնացած՝ ադրբեջանցի նկարիչների նկարները և ետ վերադարձնելու հայկական մշակութային արժեքները, որոնք մնացել են օկուպացված տարածքներում: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը: «Շատ ցավում եմ, որ մենք այսօր ունենք 2 000 հուշարձան օկուպացված տարածքներում, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար: Ադրբեջանցիների մոտ է մնացել ընդհանուրը 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք, այլ գրականություն»,- ասաց նախարարը: Նա շեշտեց՝ դրանք միայն հայկական պատմաճարտարապետական և պատմամշակութային հուշարձաններ չեն, դրանք մարդկության ժառանգությունն են, օկուպացվել է քաղաքակրթական ժառանգություն. Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը և ընդհանրապես Արցախը քաղաքակրթության ժառանգության տարածք են:  «Մենք ռուս խաղաղապահների հետ ինտենսիվ ամենօրյա աշխատանքով փորձել ենք նոյեմբերի 17-ից անմիջապես հետո  ռմբապաստարաններում թաքցրած գույքը ետ բերել, փորձել ենք նաև փոխանակման մեխանիզմը, առաջին պատերազմից ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք: Բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը, նրանք չեն համաձայնել այդ բարտերին, ադրբեջանցի նկարիչների գործերը շարունակում են մնալ մեզ մոտ: Այսինքն՝ չի աշխատել նաև բարտերի մեխանիզմը»,- ասաց Ղարախանյանը: Նա շեշտեց՝ հայկական կողմը գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է:
12:43 - 14 հոկտեմբերի, 2021
Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել նոր կարգավորումները, ըստ որոնց՝ այն օտարերկրացիները, որոնք մինչ հոկտեմբերի 1-ը չեն օրինականացրել երկրում գտնվելը, ենթակա են արտաքսման։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնում է, որ ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության՝ 2021թ․ մարտի տվյալների՝ ՌԴ տարածքում կա շուրջ 1,6 միլիոն մարդ, որոնք հայտնվել են անօրինական միգրանտի կարգավիճակում։ Նրանց թվում ՀՀ քաղաքացիների թիվը նշվում էր շուրջ 60 հազար։ «Երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց, մարդիկ դարձան անօրինական միգրանտ՝ իրենց կամքից անկախ, որովհետեւ ճամփորդական հստակ սահմանափակումներ մտցրին բազմաթիվ երկրներ, եւ մարդիկ հնարավորություն չունեին դուրս գալ եւ ներս մտնել ու օրինականացնել իրենց կարգավիճակը։ Այս պարագայում բազմաթիվ երկրներ, այդ թվում նաեւ ՌԴ-ն, կազմակերպեցին միգրացիոն որոշակի կարգավորումներ, որոնք թույլ էին տալիս անձանց անօրինական կարգավիճակով գտնվել երկրի տարածքում մինչ համավարակի բարձր ցուցանիշների նվազումը»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ում առաջին անգամ հայտարարվեց, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2021թ․ մարտին։ Այնուհետեւ որոշման ուժի մեջ մտնելը մի քանի երկարաձգվեց եւ տեղափոխվեց մինչեւ սեպտեմբերի 30, եւ հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ մտավ։ Դրա էությունն այն է, որ մինչ այդ ժամկետը բոլոր անձինք՝ այդ 1,6 միլիոն մարդիկ, պետք է օրինականացնեին իրենց կարգավիճակը ՌԴ-ում կամ լքեին երկիրը։ «Օրինականացումը ենթադրում է կա՛մ ձեռք բերել կացության կարգավիճակ՝ ժամանակավոր կամ մշտական, կա՛մ լքել երկիրը։ Այս մասով մենք կարող էինք իրականացնել զուտ իրազեկման գործառույթներ, որոնք լայնորեն իրագործվել են»,- մանրամասնեց Ղազարյանը։ Հարցին, թե արդյո՞ք զանգվածային արտաքսումներ արդեն իսկ սկսվել են, թե ոչ, նա ասաց, որ այս երկու շաբաթվա ընթացքում զանգվածային արտաքսումների դեպքերի ականատես չեն լինում․ «Արտաքսումների առանձին դեպքեր եղել են նաեւ այս գործընթացից առաջ։ 14 օրվա արտաքսվածների թիվ չեմ կարող նշել, անշուշտ կան մարդիկ, բայց զանգվածային դեպքեր չկան, ստանդարտից դուրս որեւէ բան առ այս պահը տեղի չի ունեցել»։ Անդրադառնալով նաեւ օրինական դաշտ մտնելու ֆինանսական կամ այլ խնդիրներին՝ Միգրացիոն ծառայության պետն ընդգծեց, որ օրինական դաշտ գալը շատ մեծ գումարների հետ կապված չէ․ «Իսկ զանգվածային արտաքսումներ կազմակերպելը բավականին ծախսատար է՝ հաշվի առնելով, որ արտաքսման ծախսերը հոգում է արտաքսող երկիրը․ դա ընդունված է բոլոր միգրացիոն կարգավորումներով ամբողջ աշխարհում»։ Խոսելով ժամկետների մասին՝ Արմեն Ղազարյանն ասաց, որ դա կախված է վարչական իրավախախտման ծանրությունից․ «ՌԴ-ում հիմնականում մուտքի արգելքները մտցվում են 3-5 տարի ժամկետով՝ կախված, թե ինչ ծանրության վարչական իրավախախտում է կատարել քաղաքացին։ Եթե հանցագործությունների կամ ծանր հանցագործությունների մասին ենք խոսում, ՌԴ-ն ունի նաեւ իրավական կարգավորումներ, երբ կարող է ամբողջ կյանքի ընթացքում արգելել տվյալ անձի մուտքը իր երկիր»։ Ղազարյանի խոսքով՝ միգրացիոն կարգավորումների խստացումներ ներկայումս գնում են ամբողջ աշխարհում,դրա համար ծառայությունը խրախուսում է քաղաքացիների վերադարձը։ «Օրինակ՝ հարկադիր վերադարձի պարագայում մենք ընդունել ենք նաեւ պետական ծրագիր, որով եթե քաղաքացին հարկադիր վերադառնում է, եւ Հայաստանում չունի, օրինակ, բնակության վայր, կարող է դիմել Միգրացիոն ծառայություն եւ առժամանակ ստանալ բնակարանի վարձի սուբսիդիա, մինչ կարողանա իր հարցերը որոշակիորեն կարգավորել։ Միջազգային գործընկերների հետ լայնորեն ներգրավված ենք համագործակցության մեջ, որ վերադարձող քաղաքացիների աջակցման ծրագրեր մշակվեն եւ ներդրվեն»,- նշեց նա։ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ վերջին շրջանում բավական մեծ ծրագիր է ներդրվել Եվրամիության հետ համագործակցությամբ, որը կոչվում է «EU for Impact»․ այն իրագործվում է Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից եւ ենթադրում է համաֆինանսավորմամբ բիզնեսի հիմնում՝ եվրոպական կողմի ֆինանսավորմամբ եւ միգրանտի՝ նույն չափով ֆինանսավորմամբ․ «Սա վերաբերում է վերադարձող միգրանտներին՝ կապ չունի որտեղից, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտներին, միգրանտների ընտանիքի անդամներին։ Եթե ընտանիքի անդամը ՀՀ-ում է եւ կարող է ապացուցել, որ իր ընտանիքի մյուս անդամը աշխատանքային միգրանտ է, կարող է դիմել ծրագրին, եւ դա հավելյալ խրախուսիչ գործոն է, որ միգրանտը վերադառնա հայրենիք»։
11:29 - 14 հոկտեմբերի, 2021
Հոգևոր առաջնորդներիս ջանքերը պիտի հետապնդեն փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ. Գարեգին Բ Կաթողիկոս

Հոգևոր առաջնորդներիս ջանքերը պիտի հետապնդեն փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ. Գարեգին Բ Կաթողիկոս

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր:   Հանդիպումը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով: «Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգևոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր և ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում: ...Քաջ հայտնի է, որ հոգևոր կյանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրոնը և պատերազմը միմյանց կապելու փորձերին»:   Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին, մասնավորապես ասաց. «2017 թվականից ի վեր տևական ժամանակ հնարավորություն չենք ունեցել հանդիպելու հոգևոր առաջնորդների այս ձևաչափով, որտեղ ոչ միայն արծարծվում էին ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված մեր ժողովուրդների կյանքում առաջ եկած խնդիրները, այլև ուղիներ էին որոնվում դրանց հաղթահարման, մթնոլորտի լիցքաթափման և կայունացման՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման։ Այս առիթով Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրեցյալ եղբորը` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ին՝ այս հանդիպումը կազմակերպելու համար։   Մեր հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանը վերստին գերլարված է:   Ադրբեջանը, անցած տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ, ինչը աղետալի իրավիճակ ստեղծեց ողջ տարածաշրջանում և ունեցավ ողբերգական հետևանքներ մեր ժողովուրդների համար։ Ծանր մարտերում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային և ֆոսֆորային զենքերի կիրառման հետևանքով զոհվեցին, վիրավորվեցին և հաշմանդամ դարձան հազարավոր զինվորականներ, քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խոշտանգումների ենթարկվեցին խաղաղ բնակիչներ, տեղահանվեցին և անօթևան դարձան շուրջ 40000 արցախցիներ: Հատուկ թիրախավորմամբ Արցախում հրթիռակոծվեցին բնակելի շենքեր, հիվանդանոցներ և ծննդատներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ ու պատմական հուշարձաններ։   Ադրբեջանի կողմից արյունալի և աղետաբեր ագրեսիան հնարավոր դարձավ կասեցնել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինի անձնական հետևողական ջանքերի շնորհիվ, ում ևս մեկ անգամ հայտնում ենք Հայոց Եկեղեցու և մեր ժողովրդի երախտագիտությունը, նաև՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության պահպանության խնդրում դրսևորած հատուկ ուշադրության համար։   Ձերդ Սրբություն, ցանկանում ենք խորը զգացվածությամբ շնորհակալություն հայտնել Ձեր ազնիվ միջնորդությունների և խաղաղասիրական ջանքերի համար, որ հանդես բերեցիք պատերազմական 44-օրյա գործողությունների ընթացքում և դրանց ողբերգական հետևանքների հաղթահարման համատեքստում: Չափազանց կարևոր է Ձեր ներդրումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում 4-րդ դարի հայկական պատմական Դադիվանքի հետագա գործունեության ապահովման հարցում:   2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողﬕց ընդունված հայտարարության արդյունքում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմամբ նախադրյալներ ստեղծվեցին Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի վերականգնման և Արցախի թեմի առաքելության ապահով իրականացման համար:   Տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, անվտանգ և ապահով կյանքի երաշխավորման առումով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Սակայն հակառակ խնդիրների վերջնական հանգուցալուծման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր խաղաղարարական ջանքերի՝ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած՝ արժանապատվությունը նսեմացնող և ռազմատենչ անընդունելի հռետորաբանության և ոչ կառուցողական ու վերջնագրային քաղաքականության պատճառով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ և լարված:   Հետևաբար, ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել,   - քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։   - քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,   - քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,   - քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,   - քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,   - քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։   Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժևորել է խաղաղությունը և ձգտել խաղաղ համակեցության հարևան ժողովուրդների հետ, մշտապես հարգել այլոց կրոնական ազատությունները և մշակութային ինքնությունը։ Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցված են այն համոզման վրա, որ պատերազմներում չկան հաղթողներ, պարտվում են բոլորը, քանի որ չի կարող լինել հաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգությունը: Քրիստոնյաներիս Սուրբ Գիրքը, որի նվիրականությունը չի ժխտվում նաև իսլամի հավատավորների կողմից, «երկրում խաղաղության և մարդկանց մեջ համերաշխության» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկությանը:   Տարբերությունների մեջ հանդուրժողականության, խաղաղ համակեցության ու բարիք ստեղծելու պատգամն է փոխանցում մարդկանց նաև Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, երբ արձանագրում է. «Ձեզանից յուրաքանչյուրին որոշակի օրենքներ և ապրելակերպի ծրագիր սահմանեցինք: Եթե Աստված կամենար, Նա կարող էր ձեզ բոլորիդ մեկ հասարակության վերածել, սակայն (այդպես չկամեցավ), որպեսզի ձեզ տվածի համեմատ փորձի ձեզ: Մրցակցեք ուրեմն բարի գործերով» (Սուրաթ «Ալ-Մաիդա» 5:48): Հենց այս ոգով այսօր՝ 21-րդ դարի փոխշաղկապված իրականության մեջ բոլոր խնդիրները ազգերի միջև պիտի կարգավորվեն միայն խաղաղ ուղիներով, արդարությամբ, օրինականության և իրավունքի հարգումով։   Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, և այս պատերազմն էլ իրականում ոչ թե լուծումներ, այլ նոր ողբերգություններ ծնեց և նոր խնդիրներ հարուցեց։ Ռազմական ճանապարհով, զենքի նշանառության ներքո հնարավոր չէ խաղաղություն կերտել, ռազմագերիների գործոնի շահարկմամբ անհնար է համերաշխության և գործակցության հասնել, իսկ պետական մակարդակով հայատյացության սերմանմամբ և սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները։   Հակառակ առկա ծանր կացության՝ Մենք շարունակում ենք հուսալ, որ պիտի կարողանանք հաղթահարել ծառացած մարտահրավերները, նաև զորակցությամբ խաղաղասեր մեր բարեկամ երկրների և մտահոգ միջազգային հանրության ու կառույցների։ Նաև հույս ունենք, որ այս դժվարին իրադրության մեջ Ադրբեջանի իշխանությունները ետ կկանգնեն իրենց ծավալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առավել լայնամասշտաբ պատերազմի առջև։   Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։   Վերստին Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, հանուն խաղաղության Ձեր ներդրած ջանքերի և այս հանդիպման համար: Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ, հավատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի արդյունքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունների մոտ՝ մասնավորապես հումանիտար հարցերի, առկա հոգևոր-կրոնական խնդիրների կարգավորման և մեր ժողովուրդների կյանքում խաղաղության վերահաստատման գործում։   Աղոթում ենք աշխարհում խաղաղության և մեր տարածաշրջանում կյանքի ապահով ու անվտանգ, բնականոն ընթացքի վերականգնման ու առաջընթացի համար։ Թող Տերը օրհնի խաղաղության բոլոր ճանապարհները և Իր իմաստությամբ առաջնորդի մեր ժողովուրդներին»:   Տեղի ունեցած քննարկումների ավարտին հանդիպման արդյունքների վերաբերյալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես եկավ հայտարարությամբ։ 
20:33 - 13 հոկտեմբերի, 2021
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները |armenpress.am|

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները |armenpress.am|

armenpress.am: Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Հուսով եմ, որ դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք առավել անհրաժեշտ են մեր ժողովուրդներին: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա: Եվ ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստը և ձեր միջև երկխոսությունն օրինակ կդառնան բոլորի համար»,- ասել է պատրիարքը: Նա նկատել է՝ կան մարդիկ, ովքեր արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը կրոնով: «Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին: Կրոնական պատերազմները մարդկության կրոնական պատմության սարսափելի մեղավոր էջն են: Թող Աստված օրհնի մեր աշխատանքները և օգնի մեզ գտնել փոխըմբռնում, ինչը կնպաստի երկարաժամկետ խաղաղության ձեռքբերմանը»,-նշել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը:
16:27 - 13 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

Ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որ առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։ Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին: «Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում, ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, որը Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի - խմբ․) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դիվանագետը: Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում
10:40 - 13 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Հանդիպումը բավական արդյունավետ էր: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպումը Մոսկվայում։ «Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը բավական արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետը երեկ առանձնազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
10:20 - 13 հոկտեմբերի, 2021
Կաթողիկոսն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար

Կաթողիկոսն իր եղբայրական երախտագիտությունն է հայտնել Ռուս եկեղեցուն և նրա հովվապետին ծանր շրջանում Հայոց եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցավ Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ:   Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձավ երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև խոսեց երկու ժողովուրդների ու երկրների միջև ձևավորված բարեկամական ու ջերմ կապերի մասին:   Իր հերթին Հայոց Հովվապետը հաստատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա են դարավոր բարեկամության ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսևորվել են անգամ ամենադժվարին և բարդ իրավիճակներում:   «Մեր ժողովուրդների և Եկեղեցիների բազմադարյա բարեկամությունն արտահայտվել է ինչպես ուրախության, այնպես էլ վշտի պահերին: Մենք ուրախացել ենք մեր համատեղ ձեռքբերումներով և միասին պայքարել մեր բարեկամության և եղբայրության անխախտ պահպանման համար: Եվ մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ դրա լավագույն վկայությունն են: Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետի աջակցությունը», - ընդգծեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:   Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմյան հետևանքների հաղթահարման խնդիրներին` Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտությունը հայտնեց Ռուս Եկեղեցուն և նրա Հովվապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության համար:   Նորին Սրբությունը նաև հավելեց. «Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ Սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Սակայն հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»:   Զրույցի ընթացքում քննարկվեցին հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող խաղաղարարական ջանքերը:   Հանդիպման ավարտին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու և Մոսկվայի Պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի ու Նորին Սրբության ծննդյան 70-ամյակի առիթով: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Կիրիլ Պատրիարքին` ընդգծելով. «Այս պարգևը դիտարկում ենք իբրև Ձերդ Սրբության հարգանքի և սիրո նշան մեր ժողովրդի և Եկեղեցու հանդեպ»։   Հույս հայտնելով, որ հետագայում ևս երկու Եկեղեցիների միջև հարաբերությունները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, ինչպես նաև ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը նշեց. «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով: Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար»:   Հոկտեմբերի 13-ին Հայոց Հայրապետը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
22:21 - 12 հոկտեմբերի, 2021
Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|

Պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ քաղաքական գործոնը խանգարում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Քաղաքական գործոնի գերիշխումը բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: «Այսօր մենք ստիպված ենք քննարկել շատ բարդ հարցեր, որոնք թեև կրոնական առաջնորդների օրակարգում են, բայց, այդուհանդերձ, տարբեր չափումներ ունեն, այդ թվում՝ քաղաքական: Դրանց թվում, երբ խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է՝ քաղաքական գործոնն առկա է: Երբեմն, երբ այդ գործոնը գերիշխում է, բանակցությունները դժվարանում են», - ասել է Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Պատրիարք Կիրիլի խոսքով՝ նման բարդ խնդիրների քննարկման ժամանակ կրոնական առաջնորդների առավելությունը ընդհանուր հիմքն է: «Մեր հավատը առ Աստված, արժեքների համակարգը բարոյական է, միմյանց հանդեպ կա վստահություն, և դա, իհարկե, շատ բարենպաստ միջավայր է ստեղծում», - ասել է Կիրիլ Առաջինը:  
22:13 - 12 հոկտեմբերի, 2021
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են. Տեր Եսայի |armtimes.com|

armtimes.com: Երեկ հայտնի դարձավ, որ այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, ինչի համար էլ երեկ՝  հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա: Ի պատասխան հարցին, թե հանդիպումն ի՞նչ նպատակ է հետապնդում, հոգեւոր առաջնորդներն ի՞նչ հարցեր են քննարկելու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց՝ հիմնական նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են: «Հանդիպումը կկայանա, եւ արդեն արդյունքը պարզ կլինի: Հանդիպման օրակարգային ընթացքի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա: 
16:41 - 12 հոկտեմբերի, 2021
Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ, մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը երկօրյա այցով գտնվում է ՌԴ-ում,  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաղթահարի դժվար ժամանակները Ռուսաստանի և Ռուսական Ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:«Մենք միշտ զգացել ենք Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվար ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է կաթողիկոսի խոսքը:
16:12 - 12 հոկտեմբերի, 2021
Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Ես կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների մոտ կա հստակ ընկալում իրավիճակի և այն պատկերացումները, իրավիճակի գնահատականները որոնք որ մենք ունենք, կարող եմ ասել, որ գրեթե ամբողջությամբ մեր ռուս գործընկերները կիսում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ ռուս գործընկերների կողմից կա պատրաստակամություն՝ աշխատելու առկա հարցերի լուծման ուղղությամբ և վստահեցրեց, որ դա շոշափելի կտեսնենք առաջիկայում։ «Կարող եմ հիմա էլ փաստել, որ թե՛ պատերազմից առաջ, թ՛ե պատերազմից հետո Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, և, կարելի է  ասել, որոշ դեպքերում ամենաորոշիչը»,–ասաց նա։ Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ նա ասաց, որ ռազմագերիները վաղուց պետք է  վերադարձվեին ամբողջությամբ և Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած և ռուս գործնկերների մոտ ընկալումը։ «Այսօր երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,–ասաց նա։ ԱԺ նախագահը նշեց, որ կին ռազմագերու մասին ինֆորմացիան ադրբեջանական կողմը չի հաստատում։ «Ես մեծ հույսեր և վստահություն ունեմ, որ այդ ռազմագերի բառակապակցությունը միգուցե կթողնենք անցյալում, համենայնդեպս դրա համար ամեն ինչ անում ենք»,–ասաց նա։ Ավելին՝ tert.am-ում
14:04 - 12 հոկտեմբերի, 2021
Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո ձգտում է իր ուժերը վերադասավորել Ասիայում և աֆղան փախստականների հոսքերն ուղղել տարածաշրջան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Ցավոք, աշխարհաքաղաքական դասավորվածությունը տարածաշրջանում չի հեշտանում՝ զսպելով դրա անցումը համապարփակ բազմակողմ համագործակցության և ինտեգրման կոորդինատների համակարգին: Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում «թեժացնելու» իրավիճակը, խարխլելու միջպետական փոխգործակցության առկա մեխանիզմները: Իրենց ներդրումն են ունենում նաև նեղ ձևաչափով կառույցները և ռազմական դաշինքները, որոնք ստեղծվում են «սառը պատերազմի» և զսպման քաղաքականության տրամաբանությամբ»,- ասել է նախարարը ելույթ ունենալով Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
10:55 - 12 հոկտեմբերի, 2021
ԵՄ խորհուրդը երկարաձգեց Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ կապված քիմիական զենքի հետ |azatutyun.am|

ԵՄ խորհուրդը երկարաձգեց Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ կապված քիմիական զենքի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ քիմիական զենքի կիրառման հետ կապված: Դրանք ուժի մեջ կլինեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 16 -ը, հաղորդում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը: Պատժամիջոցների ցուցակում է 15 անձ: Նրանցից 10-ը ռուսաստանցիներ են, որոնց Եվրոպական խորհուրդը ներգրավված է համարում «Նովիչոկ» քիմիական նյութով ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կամ Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ: Այդ անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, նրանց բանկային ակտիվներն այս տարածքում սառեցված են: Սահմանափակումները վերաբերում են ռուսաստանյան երկու կազմակերպությունների, այդ թվում՝ Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական հետազոտական ինստիտուտին: Այն չի կարող ֆինանսավորում ստանալ Եվրամիությունից: Պատժամիջոցները կիրառվել են նաև Սիրիայի 5 քաղաքացիների և հետազոտական կենտրոնի նկատմամբ:
10:07 - 12 հոկտեմբերի, 2021
Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը: Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:  
22:06 - 11 հոկտեմբերի, 2021