Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կասկադի հարակից տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա |armenpress.am|

Կասկադի հարակից տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա |armenpress.am|

armenpress.am: Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ) հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։ Այս մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ «Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ շնչին ընկնող հաշվարկով և եղած ծառերի գրեթե կեսը կորցրել են կամ կորցնում են իրենց կենսունակությունը և եթե անհապաղ միջոցներ չձեռնակեինք նոր ծառերի տնկման, ապա մի քանի տարի անց Երևանը կվերածվի կիսանապատի։ Սրանով է պայմանավորված ծառերի փոխարինումը»,- ասաց Բեգոյանը։ Նրա խոսքով՝ տեղանքը, ճարտարապետությունը, մայթերի լայնությունը հուշել է, որ այստեղ հնարավոր չէ տեղադրել մեծ սաղարթ ունեցող ծառեր։ «Եթե մենք պայմանական այստեղ տնկենք սոսիներ, ապա մի քանի տարի հետո այս սոսիների ճյուղերը կմտնեն շենքի բնակիչների պատուհաններից ներս։ Դրա համար այստեղ որոշված է համեմատաբար փոքր սաղարթով սակուրաներ տնկել։ Նաև նպատակահարմար է, որ ծառերը մեծ սաղարթ չունենան և չփակեն շենքերի գեղագիտական տեսքը։ Այս սակուրաներն ունեն իրենց հատուկ ձևը՝ ինչպես  նախատեսված է, այդպես էլ աճելու են, նրանց ձևավորելու անհրաժեշտություն չի լինելի »,- նշեց Բեգոյանը։
12:17 - 24 մարտի, 2023
Հաշվի առնելով ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ ՀՈԱԿ-ի տնօրենը տարածքում է՝ պատասխանելու քաղաքացիների հարցերին

Հաշվի առնելով ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ ՀՈԱԿ-ի տնօրենը տարածքում է՝ պատասխանելու քաղաքացիների հարցերին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով:  Քաղաքացիները սոցիալական ցանցերում ծառերի հատման գործընթացից լուսանկարներ էին հրապարակել՝ այսպիսով բողոքելով քաղաքապետարանի իրականացրած աշխատանքներից։ Օգտատերերից ոմանք իրենց հրապարակած լուսանկարներից կից նշել էին, որ որոշ ծառեր «առողջ են»։ Քաղաքապետարանից նշում են, որ հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին:
17:07 - 23 մարտի, 2023
Ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը

Ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝  «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ  կազմակերպվելու է նոր,  ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի հունիդի 1-ին:
16:15 - 23 մարտի, 2023
Երևան քաղաքը միայն կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ․ Երվանդ Թարվերդյան

Երևան քաղաքը միայն կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ․ Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը գրում է․ «Վերջին մի քանի տասնամյակներում Երևանի զարգացումը, ենթակառուցվածքները, հանրային կյանքն ու ակտիվությունը գրեթե բոլոր ոլորտներում գերկենտրոնացել են հիմնականում Կենտրոն վարչական շրջանում, մասնակիորեն՝ մեկ-երկու հարակից թաղային համայնքներում, օրինակ՝ Արաբկիրում։ Վարչական կառույցները, սպասարկման ոլորտը, զբոսաշրջությունը, «էլիտար» կրթությունն ու առողջապահությունը տեղաբաշխված են գլխավորապես Կենտրոնում, ինչն առանց այդ էլ գերբեռնված այդ թաղամասում լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Ես և մեր քաղաքական թիմը մշակել ենք Երևան քաղաքի տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների հավասարաչափ բաշխվածության, ինչպես նաև 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրի՝ Երևանի քաղաքային կյանքում խիստ առանձնահատուկ դերակատարման հատուկ նախագիծ, որը պատշաճ ժամկետներում կներկայացնենք երևանաբնակներին և մեր ողջ հանրությանը։ Ի մասնավորի, նուբարաշենցին և ավանցին, կենտրոնցին և քանաքեռցին որևէ տարբերություն չպետք է զգան, թե քաղաքի որ հատվածում են բնակվում։ Երևանցիների սոցիալական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նվազագույն կենսապահովման, բնակարանային և կոմունալ ծառայությունների հասանելիության, տրանսպորտի, ճանապարհների, խմելու ջրի, էլէներգիայի, գազի, հաղորդակցուղիների, այլ ենթակառուցվածքների հասանելիությունը պետք է լինի բացարձակ և չպետք է տարբերվի վարչական շրջանների միջև։ Եթե անգամ Երևանի ամենահեռավոր, ծայրամասային մեկ շենքում ապահովված չէ շուրջօրյա ջրամատակարարումը (այդպիսի շենքեր կան, օրինակ, Սիլիկյան թաղամասում), նշանակում է՝ Երևանում շուրջօրյա ջրամատակարարման մասին խոսելն ավելորդ է և անիմաստ։ Որպես «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ՝ հանրության հետ շփումներում Երևանի առաջնային խնդիրների շարքում մշտապես կարևորում եմ տարածքային համաչափ զարգացումը, վարչական շրջանների աշխատակազմերի և բնակչության սերտ, ամենօրյա կապը, շենքի մենեջերների ինստիտուտի ներդնումը՝ որպես այլընտրանք կամ լրացուցիչ խթան համատիրություններին։ Առաջիկայում այս ծրագրի մասին կխոսեմ առավել հանգամանորեն»։
14:01 - 21 մարտի, 2023
Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի |armenpress.am|

Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն նշեց, որ առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու և քննարկելու են առաջ շարժվելու ճանապարհները։ «Ավագանու առաջիկա նիստը կգումարվի մեկ ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով: Արտահերթ ընտրություններ անցկացնելու, ավագանու նիստում նոր քաղաքապետ ընտրելու վերաբերյալ որոշում դեռևս չունենք, բայց խմբակցության անդամներով առաջիկայում հանդիպելու ենք, խոսելու և քննարկելու, թե ինչպե՞ս ենք առաջ շարժվելու»,-ասաց Գալջյանը: Մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ  նիստի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի աշնանը։
14:05 - 20 մարտի, 2023
Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․ Դավիթ Խաժակյան |tert.am|

Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․ Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու կողմից նոր քաղաքապետի ընտրությունը պարտադիր չէ, այդ ընթացակարգի մասին հավելյալ պարզաբանումներ կարող են լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետի պարտականությունները կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ «Արձանագրենք մի բան, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով գործադիրում ճգնաժամ չի առաջանում, որովհետև քաղապետի պարտականություններն իր բացակայության ժամանակ, այդ թվում և այս պահին, կատարում է իր առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով, կարծում եմ, ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, և կառավարչական բաց, որպես այդպիսին, առաջանալ չի կարող», - ասաց Խաժակյանը։
20:10 - 17 մարտի, 2023
Մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում. Կառավարությունում քննարկվեց Երևանի տրասնպորտային համակարգի բարեփոխման ծրագիրը |1lurer.am|

Մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում. Կառավարությունում քննարկվեց Երևանի տրասնպորտային համակարգի բարեփոխման ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը թույլատրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագիրն ուղղված է լինելու մայրաքաղաքի բնակչության կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովման լավացմանը: «Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացումը և նոր երթուղիների ձևավորման համար բարձրացնել մայրաքաղաքի բնակչության՝ հյուրերին և զբոսաշրջիներին մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց Քերոբյանը:  Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում ավտոպարկի թարմացումը կապահովի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև կկրճատի խցանումների առաջացումը՝ պայմանավորված մարդատար ավտոմեքենաների քանակով և ավտոբուսների անսարքություններով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել 150 Zhontong Bus Euro 5 բնապահպանական ստանդարտի ավտոբուսներ, որոնք համապատասխանում են այնպիսի պահանջների, որոնք կարող են Երևանի կլիմայական և ռելիեֆային պայմանններում արդյունավետ շահագործվել, իսկ EURO 5 շարժիչների առկայությունը կնպաստի մայրաքաղաքի էկոլոգիական միջավայրի բարելամանը՝ մասնավորապես ունենալով վնասակար նյութերի ավելի ցածր արտանետման համակարգ: «Նախատեսվում է ներմուծել 6,6 մլրդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր և ստեղծել 492 նոր աշխատատեղ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: «87 MAN ավտոբուսներն ամբողջ ծավալով ներկրված են, Երևանում են, և արդեն տևական ժամանակ են այստեղ, ինչպես նաև 150 Zhontong ավտոբուսները: Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել, մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում: Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, զուգահեռ անցկացնում ենք մրցույթները. որոշակի գործընթաց կա, որ մենք արդեն սկսել ենք իրականացնել: Եթե այսօր շրջենք Երևանով և երևանցիներին հարցնենք՝ ինչպես է տրանսպորտային վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, որովհետև հին «ԳԱԶելները», իհարկե, շատ վատ էին, բայց քանակապես ավելի շատ էին, այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար: Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնում են ցանց: Ավելացնեմ, որ մենք ունենք HIGER չինական ավտոբուսներ, որոնք վերանորոգվում են և նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծումը չէ»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարվանից կա հաղթող միասնական տոմսային համակարգի ներդրման համար. այդ համակարգը ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում: Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության: «Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ, ամենայն հավանականությամբ, այս տարվանից, որը առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվելու են ավտոբուսից: Որովհետև ավտոբուսը խցանումների մեջ չի լինելու, և մեր նպատակն է հնարավորինս բոլորին մղել դեպի հանրային տրանսպորտ, որպեսզի մեր քաղաքի խցանումների ծավալը նույնպես նվազեցնենք: Նոր կանգառասրահներ ենք տեղադրելու և ամենակարևորը ունենալու ենք կառավարման համակարգ, որը, կարծում եմ, այս տարի ամբողջական չենք հասցնի ավարտել: Կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու տվյալ կանգառում, և կարողանալու են պլանավորել իրենց երթուղին»,- ասաց Ավինյանը:
13:18 - 16 մարտի, 2023
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
 |armenpress.am|

Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը։  Երևան քաղաքի ավագանու հերթական նիստին «Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում։ Ավինյանը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ «Ազնավուր» հիմնադրամը առաջարկել է Երևան քաղաքում տեղադրել Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Ըստ քաղաքապետի տեղակալի՝ քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում։ «Հաշվի առնելով, որ ունենք այնտեղ նաև Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը ավելի տեսանելի և դիտարկելի հատված, առաջարկվեց Շառլ Ազնավուրի արձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը տեղափոխել նույն հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված։ Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով»,- ասաց Ավինյանը։ Կարևորելով աշխարհահռչակ հայազգի արվեստագետի, մեծ մարդասերի, հասարակական գործչին ըստ արժանվույն գնահատելու, ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակելու, նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը՝  Ավինյանն առաջարկեց ընդունել որոշման նախագիծը: Նախագծին քվեարկեց ավագանու 49 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները։
12:17 - 15 մարտի, 2023
Փաշինյանը մեկնաբանեց փոխքաղաքապետ Ավինյանի ակտիվ գործունեության շուրջ մամուլի հրապարակումները
 |armenpress.am|

Փաշինյանը մեկնաբանեց փոխքաղաքապետ Ավինյանի ակտիվ գործունեության շուրջ մամուլի հրապարակումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայկական լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն մտքին, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի բյուջեով հատկացված ծրագրերը ծառայեցնում է իր քարոզարշավի նպատակով։ Վարչապետը հիշեցրեց, որ իր քաղաքական թիմը հաղթել է 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններում՝ դրանով իսկ ստանձնելով որոշակի պարտավորություններ։ «Ավելին, ես 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում եղել եմ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու։ Մեր նախընտրական ծրագիրն այդ ժամանակվանից ուժի մեջ է։ Երբ հաղթել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, այդ պահից սկսած իրագործում ենք մեր նախընտրական ծրագրերը, խոստումները»,- ասաց վարչապետը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականից մինչ օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության «Գազել», ինչն ընդհանուր «Գազել»-ների թվի 70 տոկոսն է։ «Մյուս «Գազել»-ներն առաջիկայում նույնպես շրջանառությունից կհանվեն։ Ավտոբուսների խմբաքանակներն արդեն Երևանում են, գալիս են, և առաջիկայում արդեն դուրս կգան երթուղի։ Այսօրվա դրությամբ 1000-ից ավել «մահվան վերելակներ» փոխարինվել են լրիվ նոր վերելակներով։ Դա եղել է 2017 թվականի իմ՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից։ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, մեր քաղաքական թիմն է այդ պարտականությունները ստանձնել։ Եթե համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբերումը, վերելակների փոխելը, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ Կառավարության ղեկավարը հավելեց նաև, որ 2026 թվականի դրությամբ Երևանի վերելակների 80-90 տոկոսը փոխված կլինեն։ Լրագրողը խնդրեց նաև խոսել վերջին շրջանում կոռուպցիայի շատացման մասին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները կապված փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ․ «Կարծում եմ՝ կոռուպցիոն բացահայտումներն են շատացել, ինչը կարող է նշանակել եւ նշանակում է նաեւ, որ կոռուպցիան շարունակվում է։ Գիտեք, 2018 թե 19թ․-ին, ցավոք, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված՝ կոռուպցիոն մեղադրանքով։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա ինչի մասին է վկայում․ վկայում է, որ մեր քաղաքական դիրքորոշումը, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս, շարունակում է այդպես մնալ։  Հայաստանում համակարգային կոռուպցիա, ես հաստատում եմ, չկա, ինչու, որովհետեւ եթե համակարգային կոռուպցիա լիներ, էդ բացահայտումները չէին լինի, որովհետեւ էդ համակարգային կոռուպցիան պիտի նշանակեր, որ ես դրանից փայ ունեմ։ Ընդ որում, եկեք պայմանավորվենք, որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:33 - 14 մարտի, 2023
Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը

Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը: Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։ Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաև պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները: Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեի քննիչը  2023 թվականի մարտի 9-ին Գ. Սիմոնյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գ. Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին: Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել են ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:13 - 10 մարտի, 2023
Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

Երևանի քաղաքապետը ՀՀ նախագահին մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին: 
14:30 - 02 մարտի, 2023