Փաշինյանը մեկնաբանեց փոխքաղաքապետ Ավինյանի ակտիվ գործունեության շուրջ մամուլի հրապարակումները
 |armenpress.am|
13:33 - 14 մարտի, 2023

Փաշինյանը մեկնաբանեց փոխքաղաքապետ Ավինյանի ակտիվ գործունեության շուրջ մամուլի հրապարակումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հայկական լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն մտքին, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի բյուջեով հատկացված ծրագրերը ծառայեցնում է իր քարոզարշավի նպատակով։

Վարչապետը հիշեցրեց, որ իր քաղաքական թիմը հաղթել է 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններում՝ դրանով իսկ ստանձնելով որոշակի պարտավորություններ։ «Ավելին, ես 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում եղել եմ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու։ Մեր նախընտրական ծրագիրն այդ ժամանակվանից ուժի մեջ է։ Երբ հաղթել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, այդ պահից սկսած իրագործում ենք մեր նախընտրական ծրագրերը, խոստումները»,- ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականից մինչ օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության «Գազել», ինչն ընդհանուր «Գազել»-ների թվի 70 տոկոսն է։ «Մյուս «Գազել»-ներն առաջիկայում նույնպես շրջանառությունից կհանվեն։ Ավտոբուսների խմբաքանակներն արդեն Երևանում են, գալիս են, և առաջիկայում արդեն դուրս կգան երթուղի։

Այսօրվա դրությամբ 1000-ից ավել «մահվան վերելակներ» փոխարինվել են լրիվ նոր վերելակներով։ Դա եղել է 2017 թվականի իմ՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից։

Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, մեր քաղաքական թիմն է այդ պարտականությունները ստանձնել։ Եթե համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբերումը, վերելակների փոխելը, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։

Կառավարության ղեկավարը հավելեց նաև, որ 2026 թվականի դրությամբ Երևանի վերելակների 80-90 տոկոսը փոխված կլինեն։

Լրագրողը խնդրեց նաև խոսել վերջին շրջանում կոռուպցիայի շատացման մասին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները կապված փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ․

«Կարծում եմ՝ կոռուպցիոն բացահայտումներն են շատացել, ինչը կարող է նշանակել եւ նշանակում է նաեւ, որ կոռուպցիան շարունակվում է։ Գիտեք, 2018 թե 19թ․-ին, ցավոք, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված՝ կոռուպցիոն մեղադրանքով։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա ինչի մասին է վկայում․ վկայում է, որ մեր քաղաքական դիրքորոշումը, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս, շարունակում է այդպես մնալ։ 

Հայաստանում համակարգային կոռուպցիա, ես հաստատում եմ, չկա, ինչու, որովհետեւ եթե համակարգային կոռուպցիա լիներ, էդ բացահայտումները չէին լինի, որովհետեւ էդ համակարգային կոռուպցիան պիտի նշանակեր, որ ես դրանից փայ ունեմ։ Ընդ որում, եկեք պայմանավորվենք, որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել