Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
12:29 - 12 մարտի, 2020
Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էտարածել, որ ներկայացնում ենք ստորև։ «Երեկ ու այսօր խոսել եմ ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ ու էլի կապն անընդհատ կպահպանվի:Նախ, ողջունում եմ ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել էի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն կար նրա դրական դիրքորոշումը։Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։Ինքս ունեմ համոզմունք, որ մեր պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին:Բոլոր հարցերը նաև իմ անմիջական ուշադրության կենտրոնում՝ են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»։
17:18 - 01 մարտի, 2020
Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է. ՄԻՊ

Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիեբեկյանի նկատմամբ այսօր կատարված հետապնդմանը` նշելով, որ տեղի ունեցածը անթույլատրելի է։ ՄԻՊ հաղորդագրությունը` ստորեւ. «Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածն անթույլատրելի է։ Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։ Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»,-գրել է ՄԻՊ-ը։  
06:42 - 28 սեպտեմբերի, 2019
Արման Թաթոյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

Արման Թաթոյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի գրասենյակից: Պաշտպանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID) իրականացվող ծրագիրը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքին և այլն։ Կողմերը կարևորել են աշխատանքը մարզերում՝ ընդգծելով երիտասարդներին ներգրավելու կարևորությունը: Լինն Թրեյսին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
17:54 - 14 օգոստոսի, 2019
Թբիլիսիում ցույցին մասնակցած ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի պահանջը չկատարելու համար. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

Թբիլիսիում ցույցին մասնակցած ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի պահանջը չկատարելու համար. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ կապի մեջ է Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։ Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վաղ առավոտից կապի մեջ եմ Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։ Գործընկերոջիցս տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի (անհատական տվյալներն այս փուլում հրապարակման ենթակա չեն)։ Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Մեզ են փոխանցվել ձերբակալվածի ազգականի անհատական տվյալները, ում հետ մենք նույնպես կապի մեջ կլինենք։ Շնորհակալ եմ գործընկերոջիցս համագործակցության ու արդյունավետ համատեղ աշխատանքի հանար։ Վրաստանի մեր բարեկամներին մաղթում եմ երկրում ստեղծված իրավիճակի արագ ու խաղաղ հանգուցալուծում»։
12:20 - 22 հունիսի, 2019
Դատական իշխանությունը մինչև հեղափոխությունը եղել է գործադիրի ազդեցության ներքո. ՄԻՊ |armenpress.am|

Դատական իշխանությունը մինչև հեղափոխությունը եղել է գործադիրի ազդեցության ներքո. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատարանների անկախության հետ կապված խնդիրները համարում է նախկինում դատական իշխանությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք: Նրա խոսքով՝ դատական իշխանությունը գտնվել է գործադիրի ազդեցության ներքո: ՄԻՊ-ն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում՝ պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե Թաթոյանի՝ որպես ՄԻՊ, գործունության ժամանակից՝ 2016-ից մինչ 2018-ի ապրիլ, իշխանությունների բաժանման սկզբունքը գործե՞լ է, թե՞ ոչ: «Ավելի կոնկրետ՝ դատարանները անկախ եղե՞լ են Սերժ Սարգսյանից, թե՞ ոչ »,-հարցրեց Մկրտչյանը: «Դատարանների արտաքին ու ներքին անկախության հետ կապված լուրջ խնդիր ունենք: Դարձյալ նշում եմ, որ դա չքաղած դասերի հետևանք է: Դա հետևանք է այն բանի, որ մենք ուշադրություն չենք դարձրել դատական իշխանությանը: Եվ այո դատական իշխանությունը գործադիր իշխանության ազդեցության ներքո է եղել, և այդ առումով եղել են խնդիրներ»,-ասաց Թաթոյանը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու ՄԻՊ-ը 6-րդ գումարման ԱԺ-ում այս մասին հայտարարություն չի արել: « 2017-ի վերաբերյալ 2018-ին ՄԻՊ-ի արված զեկույցում հստակ գնահատականներ են արված դատական իշխանության վերաբերյալ՝ այդ թվում արտաքին ու ներքին անկախության պակասի, քաղաքացիների վստահության պակասի հետ կապված: Իմ գործելաոճում, անկախ 2018-ի ապրիլի փոփոխություններից, որևէ փոփոխություն չի արձանագրվել: Եվ իմ գործունեությունը հստակ է»,-ասաց Թաթոյանն ու հիշեցրեց, որ ՄԻՊ-ը անկախության բարձր կարգավիճակ է ստացել նաև 2016,2017 և 2018թթ գործունեության համար:
14:12 - 04 հունիսի, 2019
ՄԻՊ-ը Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ և ՔԿՀ-ներին վերաբերող արտահերթ զեկույցներ է հրապարակել

ՄԻՊ-ը Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ և ՔԿՀ-ներին վերաբերող արտահերթ զեկույցներ է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայերեն և անգլերեն հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ և ՔԿՀ-ներին վերաբերող 2 արտահերթ զեկույց: Դրանք արդեն հրապարակված են խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով (հայերեն և անգլերեն լեզուներով). 1. Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ,Ensuring the Rights of Women and Juveniles Deprived of liberty in the Penitentiary System,2.Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ,The Rights to Respect for Private and Family Life and Freedom of Communication of Detainees and Convicted Persons Transferred to Disciplinary Cell,3.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգըConcept on Combating Criminal Subculture in the Penitentiary Institutions of the Ministry of Justice of the Republic of Armenia
13:39 - 29 մայիսի, 2019
Բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից․ ՄԻՊ

Բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից․ ՄԻՊ

Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու վերաբերյալ կոչին։ՄԻՊ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով․ 1. Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: 2. Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: 3. Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: 4. Այս պահանջները պատահական չեն: Դատարանները կոչված են երաշխավորելու երկրի իրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունը: Նրանց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովել մարդու անձնական ազատության, արդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը: 5. Հայաստանի դատական համակարգում, իհարկե, կան խնդիրներ, այդ թվում՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, արդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ առկա են դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ նախկինում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկույցներում։ Սակայն այս ամենով հանդերձ, առկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապես իրավական եղանակներով։ 6. Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք է լինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, որն էլ ուղիղ ազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքների վրա։ 7. Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը: 8. Ուստի, ՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար: 9. Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության: 10. Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն: Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով: 11. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում»:  
19:31 - 19 մայիսի, 2019
ՍԴ-ն կքննի ՀԴՄ-ների կանոնները խախտելու տուգանքների վիճակելու մասին ՄԻՊ-ի դիմումը

ՍԴ-ն կքննի ՀԴՄ-ների կանոնները խախտելու տուգանքների վիճակելու մասին ՄԻՊ-ի դիմումը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իր դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն: Գրառման մեջ ասված է․  «Այդ դիմումով վիճարկում եմ այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։ Մեր դիտարկումը ցույց է տվել, որ խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը: Նորաբաց կամ փոքր կազմակերպությունները հատկապես հայտնվում են տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման: Կարծում եմ՝ առկա վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ պետության անհամաչափ միջամտության։ Գործարարության պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է»:
06:50 - 05 մայիսի, 2019
ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության բաժիններում կատարված շուրջօրյա աշխատանքի, անհանդուրժողականության և ատելության խոսքի բացառման հետ:ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել Պաշտպանի աշխատանքը և հետագայում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:  Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում:ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփեն առանձին զեկույցով։
14:06 - 13 մարտի, 2019