«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Նախագահի հրամանագրերը կքննարկվեն մինչև ստորագրվելը․ Վահագն Խաչատուրյան |hetq.am|

Նախագահի հրամանագրերը կքննարկվեն մինչև ստորագրվելը․ Վահագն Խաչատուրյան |hetq.am|

hetq.am: Կառավարության փետրվարի 3-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը հայտնեց, որ նախագահ ընտրվելու դեպքում այն հրամանագրերը, որոնք պետք է ստորագրվեն, մինչև ստորագրվելը կքննարկվեն և առարկությունները կներկայացվեն։ «Քննարկումների արդյունքում կծնվի այն փաստաթուղթը, որը առարկություն չի ներկայացնում։ Այդ փոխըմբռնումը և ներդաշնակությունը ես էդպես եմ տեսնում»,- ասաց նա։ Խաչատուրյանի խոսքով՝ այն, ինչ քաղաքացիները տեսնում են Կառավարության որոշումների տեսքով, քննարկումների արդյունքում են ծնվում։ Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների առկայությանը՝ նախարարը նշեց․ «Էն տարածքը, որտեղ առայժմ նստած է թուրքը, մերն է, երբ էդ հարցը քննարկվի և իրենց հետ համաձայնության գանք, տարածքների ճշգրտումը կատարելուց հետո որևէ մեկը ՀՀ սուվերեն տարածքում չի լինի»։
15:13 - 03 փետրվարի, 2022
Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Փաստ է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, այնքան ազատ է, որ անցնում է թույլատրելիության սահմանները` սկսած անձնական վիրավորանքներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը։ Վերջինս, պատասխանելով ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հարցին, ասաց. «Կներեք, ի՞նչ քաղաքական հետապնդում, ընտրությունները անցել ենք, մենք ամենաբարդ իրավիճակում հաղթել ենք ամենաբաց ընտրություններում, որոշ քաղաքներում պարտվել ենք։ Ձեզ թվում է՝ մենք դրա պատճառով պետք է գնայինք ինչ-որ քայլերի՞»։ Առանձին դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին հարցին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է։ Լինելու է ազատ դատական համակարգ, որի որոշումներով միշտ չէ, որ իշխանությունը բավարարված է լինելու, բայց դա լինելու է անկախ դատական համակարգ»։ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը, նախկինում ունեցած ծեծկռտուքներին և փոխադարձ վիրավորանքներին, ասաց․ «Ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ ականատես եղան նման դեպքերի։ Այն ամբողջ փողոցային լարվածությունը, որ կար, եկավ լցվեց 100 հոգանոց դահլիճի մեջ։ Ես համարում եմ, որ, այնուամենայնիվ, մենք հաջողել ենք և կարողացանք պառլամենտը պահել պառլամենտի պես։ Հաշվի առնենք՝ որտեղից որտեղ ենք հասել` պատգամավորների տներ գնալ, իմ տան մոտ դե ժապավեն կախել, ահաբեկել, սպառնալ և այլն։ Ես հպարտանում եմ մեր ժողովրդի գիտակցությամբ, որ այդ կրիտիկական պահին չանցան կարմիր գծերը»։ Ալեն Սիմոնյանը խոսեց նաև իշխանության կողմից հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին։ «Դա անհնար բան է, առնվազն իմ թիմակիցների, էլ չեմ ասում երկրի ղեկավարի մասով, եթե մեզանից որևէ մեկը կոռուպցիոներ լինի, մենք չենք պլստա, կպատժվենք, եթե նման ուղղությամբ գնանք, հենց մեր գործընկերները մեզ կպատժեն։ Ասում են` ես ջրագիծ եմ անցկացնում, առանձնատուն եմ կառուցում, ես հրավիրում եմ, թող գան այդ ջրագիծը, կառուցվող առանձնատունը ցույց տան»,- ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:33 - 02 փետրվարի, 2022
Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

factor.am: Արմեն Սարգսյանի լիազորությունները, որպես Հանրապետության նախագահ, դադարել են այսօր, 5-օրյա ժամկետ կա թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմությունը նույնպես կարող է թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է քննության առարկա դառնա՝ առաջադրել թե ոչ: Այս իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ-ի 3/4-ը ունենա: Այսինքն՝ իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ, նախագահի ինստիտուտի նկատմամբ: Ի վերջո, այդ 3/4-ը ինչի՞ են գրել Սահմանադրության մեջ, գրել են նրա համար, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն՝ այնպիսի թեկնածու առաջադրել, որը կարողանա նման լեգիտիմությունը ունենա, անկախություն ունենա, որ կարողանա իր գործունեությունը իրականացնել… Իրենք նույն ոգևորությամբ ասում են, որ մեկ ուժով կարողացել են ընտրել ՄԻՊ-ին: Սա շատ վատ բան է»,- նշեց պատգամավորը:
15:52 - 01 փետրվարի, 2022
Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Վարչապետը հաստատել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։  Ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել է խորհրդի անհատական կազմը և դրա գործունեության կարգը: Խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը:  
17:18 - 27 հունվարի, 2022
Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահի դրությամբ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշատական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել վարչապետի աշխտակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ «Ոչ, այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ։ Քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում»։ Հունվարի 23-ին հայտնի դարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ հետ չվերցնելու դեպքում  նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը կստորագրի և կհրապարակի ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 
16:53 - 27 հունվարի, 2022
Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վստահեցմամբ՝ խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի: Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ ճեպազրույցում: Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով ՀՀ-ն ունի փաստացի նախագահ, այպիսով ժամանակավրեպ են համարում այսպիսի իրավիճակում նախագահի թեկնածուի հարց քննարկելը: Օրենքը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: «Կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը: Նրա խոսքով՝ թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը: Նա չի կարող ընդդիմության փոխարեն ասել՝ ընդդիմադիրները թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Բայց քանի որ ընտրողն ըստ էության ՔՊ խմբակցությունն է, այսինքն՝ միայն այդ խմբակցությունը կարող է նախագահ ընտրել, հետևաբար հանրապետության նախագահ կլինի այն մարդը, որը կլինի մեր խմբակցության թեկնածուն»,- ասաց նա: Վահագն Հովակիմյանն ասաց, որ քանի դեռ նախագահը կարող է ետ վերցնել դիմումը, պաշտոնական մակարդակում սկսել քննարկել թեկնածուի հարցը ինստիտուտի նկատմամբ ճիշտ չեն համարում: «Նախագահը, օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի ետ վերցնելու դիմումը: Իսկ առաջադրումների փուլը պետք է սկսի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականը: Դրանից հետո օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է տալիս թեկնածուների առաջադրման համար: Այդ 5-օրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները»,- ասաց պատգամավորը: Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին, քանի դեռ Հանրապետության նախագահը դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում քննարկումներ չկան: Այո, բնական է, որ կան որոշակի քննարկումներ՝ մոտեցումների, չափանիշների շուրջ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»:
12:21 - 25 հունվարի, 2022
Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն․ Փաշինյան

Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց հարցին՝ արդյոք ՔՊ-ն ունի՞ թեկնածու նախագահի պաշտոնում․ «Կարծում եմ, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ Հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն, առավել ևս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ և ես կարծում եմ, որ պիտի լինի այնպիսի մի իրավիճակ, երբ խորհրդարանը, կառավարությունը, Հանրապետության նախագահը իրենց կապված են զգում միասնական պատասխանատվությամբ։ Համենայնդեպս, մեր մտքերի ընթացքը այսպիսին է»։ Փաշինյանն ասաց, որ այս պահին նախագահի թեկնածուի վերաբերյալ որոշում չունեն․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի մշտական գործող ղեկավար մարմին, այդ ղեկավար մարմնի ֆորմատով են քաղաքական քննարկումները կայացվում, և իհարկե նաև խմբակցության հետ քննարկումների արդյունքում կգանք, բայց իմ դիտարկումն այն է, որ եթե մենք այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած, ուրեմն այդ քաղաքական ներդաշնակության հարցը շատ կարևոր է լուծել, որովհետև այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել այդ պահին»։ Փաշինյանը հիշեցրեց անցած տարվա իրադարձությունները, երբ Գլխավոր շտաբը պահանջում էր վարչապետի հրաժարականը․ «Այստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր։ Իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ, և իհարկե, մեր պետական և ազգային անվտանգության առումով շատ կարևոր է, որ մենք այդպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս։ Իհարկե,  պետք է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը այդ իրավիճակին ի վերջո տվեց իրավական լուծում և նմանատիպ իրավիճակներ ըստ էության գործնականում բացառվում են այլևս, բայց ամեն դեպքում քաղաքական ներդաշնակությունը շատ կարևոր է հարց է, որը մենք պետք է լուծենք»։
21:06 - 24 հունվարի, 2022
Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխությունների եւ նախագահի լիազորություններն ավելացնելուն: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե գուցե ՀՀ նախագահի հրաժարականի պատճառը սպասվող սահմանադրական փոփոխություններն են, որի արդյունքում ինքը կարող է դուրս մնալ խաղից: «Այս հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար: Մենք կարծում ենք, որ խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավար է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը: Մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու շուրջ քննարկումներ չկան եւ ես չեմ կարծում, որ կլինեն: Հետեւաբար, չեմ կարծում, որ նախագահի հրաժարականը կապ ունի սպասվող կամ քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ»,-ասաց Թորոսյանը:  
15:48 - 24 հունվարի, 2022
Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

armenpress.am: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: Նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: «Սահմանագծումն ու սահմանազատումը, բացի այն, որ շատ բարդ կոմպլեքս պրոցես է՝ նաև քաղաքական բաղադրիչով, բայց դրա հիմքում  դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, որը շատ մանրամասն զարգացված է այս կազմակերպության կողմից, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,-ասաց Գրիգորյանը: Ըստ նրա՝ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող պրոցեսներում, վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ՝ թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այդ խնդիրները հասցեագրեն: «Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարությունն է»,-ասաց թեկնածուն:
11:20 - 24 հունվարի, 2022
Թիվ 30 ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները |armenpress.am|

Թիվ 30 ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ամասիա խոշորացված համայնքի ավագանիների՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումը՝ թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում ավագանու ու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ԿԸՀ-ն ստացել էր Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ավագանիներից, ԿԸՀ-ն էլ դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:  Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տվյալ որոշման ընդունումը վեր է ՏԸՀ լիազորություններից, իսկ ՔՊ նախկին ավագանիների պահանջը՝ ժամանակավրեպ՝ ընտրություններից շուրջ մեկ ու կես ամիս անց: «Մենք նման որոշում կայացնելու իրավունք չունենք: Կուսակցությունը օրենքով ներկայացված ժամանակահատվածում ոչ մի բողոք  ընտրական հանձնաժողով չէր  ներկայացրել, ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝    այսպիսով  ընդունելով ընտրությունների արդյունքները»,-նշում է Արթուր Խաչատրյանը՝ տեղեկացնելով որ բողոքարկող կողմի ԿՀԸ ներկայացված դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել :  «Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, որքան և պահանջվում է ըստ օրենքի»,-նշել է ՏԸՀ նախագահը: Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում, Ամասիայում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։ «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝  հիմք ընդունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն։
17:52 - 22 հունվարի, 2022
Խորհրդարանը քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ Քրիստինե Գրիգորյանը ունի բարձրագույն կրթություն՝ երկու մասնագիտությամբ՝ արևելագիտություն և իրավաբանություն: Նա ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
16:25 - 21 հունվարի, 2022