tert.am: Փաստ է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, այնքան ազատ է, որ անցնում է թույլատրելիության սահմանները` սկսած անձնական վիրավորանքներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը։
Վերջինս, պատասխանելով ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հարցին, ասաց. «Կներեք, ի՞նչ քաղաքական հետապնդում, ընտրությունները անցել ենք, մենք ամենաբարդ իրավիճակում հաղթել ենք ամենաբաց ընտրություններում, որոշ քաղաքներում պարտվել ենք։ Ձեզ թվում է՝ մենք դրա պատճառով պետք է գնայինք ինչ-որ քայլերի՞»։
Առանձին դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին հարցին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է։ Լինելու է ազատ դատական համակարգ, որի որոշումներով միշտ չէ, որ իշխանությունը բավարարված է լինելու, բայց դա լինելու է անկախ դատական համակարգ»։
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը, նախկինում ունեցած ծեծկռտուքներին և փոխադարձ վիրավորանքներին, ասաց․
«Ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ ականատես եղան նման դեպքերի։ Այն ամբողջ փողոցային լարվածությունը, որ կար, եկավ լցվեց 100 հոգանոց դահլիճի մեջ։ Ես համարում եմ, որ, այնուամենայնիվ, մենք հաջողել ենք և կարողացանք պառլամենտը պահել պառլամենտի պես։ Հաշվի առնենք՝ որտեղից որտեղ ենք հասել` պատգամավորների տներ գնալ, իմ տան մոտ դե ժապավեն կախել, ահաբեկել, սպառնալ և այլն։ Ես հպարտանում եմ մեր ժողովրդի գիտակցությամբ, որ այդ կրիտիկական պահին չանցան կարմիր գծերը»։
Ալեն Սիմոնյանը խոսեց նաև իշխանության կողմից հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին։ «Դա անհնար բան է, առնվազն իմ թիմակիցների, էլ չեմ ասում երկրի ղեկավարի մասով, եթե մեզանից որևէ մեկը կոռուպցիոներ լինի, մենք չենք պլստա, կպատժվենք, եթե նման ուղղությամբ գնանք, հենց մեր գործընկերները մեզ կպատժեն։ Ասում են` ես ջրագիծ եմ անցկացնում, առանձնատուն եմ կառուցում, ես հրավիրում եմ, թող գան այդ ջրագիծը, կառուցվող առանձնատունը ցույց տան»,- ասաց նա։
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)