Կորոնավիրուս

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպւթյան կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկական և մասնագիտական աջակցության համար, որի մասին նշվել էր Մյունխենի հանդիպման ընթացքում: ԱՀԿ կողմից պանդեմիայի հայտարարումը խոսում է իրավիճակի բարդության մասին և էլ ավելի է կարևորում այս իրավիճակում միջազգային և ազգային ջանքները համատեղելու, պետությունների կողմից համատեղ և համաձայնեցված գործելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ սահմանային հսկողության, բնակչության տեղաշարժի և փոխօգնության առումով, ինչը հատկապես էական է Հայաստանի պարագայում: Այս համատեքստում ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում: Հանրապետության նախագահը նշել է, որ համամիտ է ԱՀԿ տնօրենի մոտեցմանը՝ պետությունների կողմից կանխարգելման և հակազդման ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտության առումով և տեղեկացրել, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ գործողությունների ծրագրի համար շատ արժեքավոր կլինեն ինչպես կազմակերպության կողմից պետություններին առաջարկվող ազգային ռազմավարությունների ուղղություններն, այնպես էլ ԱՀԿ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը: Նախագահը կարևորել է նաև արդեն իսկ Հայաստանում գտնվող՝ ԱՀԿ մասնագետների խորհրդատվական գործունեությունը՝ նշելով դրա շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ մասնագետներ ու փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նոր կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս արագ հսկողության տակ վերցնելու միջոցառումների արդյունավետության մեծացումն ամբողջ աշխարհում։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դրա համար պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը խոսել են նաև նորարարության և ուսուցման միջոցով հիվանդության հաղթահարմանը, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի մշակմանն ու բուժմանն ուղղված հետազոտությունների մասին: ԱՀԿ գլխավոր տնօրենը սիրով ընդունել է Հանրապետության նախագահի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը: Հանրապետության նախագահը ԱՀԿ գլխավոր տնօրենին առաջարկել է Հայաստանում այս տարվա հունիսի 6-8-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակներում նրա մասնակցությամբ կազմակերպել քննարկում՝ նվիրված նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նորարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը պայմանավորվել են պարբերաբար տեղեկատվություն փոխանակել իրավիճակի վերաբերյալ։Նշենք, որ հեռախոսազրույցին նախորդել էր Հանրապետության նախագահի զրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հեռախոսազրույցից հետո նախագահը տեղեկատվություն է տրամադրել նախարարին ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Գլխավոր տնօրենի կողմից ներկայացված առաջարկությունների մասին:
14:28 - 14 մարտի, 2020
ԴԱՀԿ-ն հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումները կատարել վճարահաշվարկային տերմինալների միջոցով

ԴԱՀԿ-ն հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումները կատարել վճարահաշվարկային տերմինալների միջոցով

Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և առողջապահական անվտանգությունից ելնելով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Այս մասին գրում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջը: «Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք պահպանել Առողջապահության նախարարության առաջարկած կանխարգելիչ բոլոր միջոցները։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-435»,-  նշված է հայտարարության մեջ։
13:57 - 14 մարտի, 2020
Վարչապետի ու տիկնոջ ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունեն. Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ |armenpress.am|

Վարչապետի ու տիկնոջ ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունեն. Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն: Այս մասին ասաց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Թե’ Աննա Հակոբյանը, թե’ վարչապետը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի, տրամադրությունը բարձր է, և բոլորին հորդորում է խուճապի չմատնվել, կատարել այն բոլոր հրահանգները, որ տալիս են պատկան մարմինները: Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում և դրանից առաջ էլ, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում, հետո Բրազիլիայում ու Արգենտինայում: Այդ օրերին նա անընդհատ պահպանել է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր հնարավոր կանոնները»,- ասաց Հարությունյանը: Հասմիկ Հարությունյանը հավելեց, որ վարչապետի ինքնազգացողությունը ևս լավ է, Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ մոտ կորոնավիրուսի վարակի ախտանշաններ չկան: Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են: «Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը, իսկ դուք գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարն էր հրապարակվել։ Մենք եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր, ջերմություն չունեինք։ Դրանից հետո էլի ենք չափել, կրկին չկար ջերմություն։ Բայց դրանից հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը, նա հայտնել էր, որ թեստը եղել է բացասական։ Սակայն ամեն դեպքում մենք մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է՝ չնայած ինչքան մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է»,- մանրամասնեց վարչապետը։
13:45 - 14 մարտի, 2020
Խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով․ Էջմիածնի քաղապետ

Խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով․ Էջմիածնի քաղապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է: Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»։
13:39 - 14 մարտի, 2020
Կորոնավիրուսն ու Հայաստանում #workfromhome-ի տարբերակները |itel.am|

Կորոնավիրուսն ու Հայաստանում #workfromhome-ի տարբերակները |itel.am|

itel.am: Հայաստանում այս օրերին կորոնավիրուսով վարակվածների դեպքեր կան, փակվել են դպրոցները, համալսարանները, որոշ ընկերություններ էլ՝ մեծամասամբ տեխնոլոգիական, անցել են տանից աշխատելու ռեժիմի:Եթե դուք այն մարդկանց շարքում եք, որոնք առաջիկա օրերին տանն են մնալու եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, խուսափելու եք շփումներից, ներկայացնում ենք տնային ռեժիմը հեշտացնող հետեւյալ հնարավորությունները:Էլեկտրոնային կառավարումը եւ պետությունըՀայաստանի պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքները ներկայացված են e-gov համակարգում: Հարթակում այլ հնարավորությունների հետ մեկտեղ ներկայացված են լիցենզիաների հայտերի ընդունման, պետական վճարումների, անշարժ գույքի կադաստրի, հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերը: Հասանելի են նաեւ կազմակերպությունների էլեկտրոնային գրանցման, պետությանը նամակ գրելու եւ մի շարք այլ հնարավորություններ:Իր հերթին, պետական վճարումների e-payments համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով վճարել պետական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների կամ վարչական տուգանքների դիմաց:Տանից աշխատելու ռեժիմԳրասենյակում չաշխատելու մասին մի շարք հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններ եւ հաստատություններ արդեն հայտարարել են:Եթե աշխատում եք տանից, թիմակիցների հետ կապի մեջ լինելու լավագույն առցանց հարթակներն են Slack-ը, Microsoft Teams-ը եւ Facebook Workplace-ը: Կոնֆերանս զանգեր կատարելու համար ամենատարածված տարբերակներն են Zoom-ը, Google Hangouts-ը, Skype-ը եւ Yammer-ը:  Տեխնոլոգիական հսկաներն իրենց հերթին փորձում են հեշտացնել այն ընկերությունների աշխատանքը, որոնք որոշել են հեռահար աշխատանքի ռեժիմի անցնել: Օրինակ, Google-ը մինչեւ հուլիսի 1-ն անվճար է դարձրել Hangouts Meet տեսազանգերի ծառայության պրեմիում գործառույթները՝ օգնելու դպրոցներին եւ բիզնեսներին աշխատել հեռահար տարբերակով:Գնումները՝ առցանցԵթե տանն եք եւ չեք ցանկանում հայտնվել սուպերմարկետների մեծ հերթերում, որտեղ կա նաեւ հավանական վարակակիրներին հանդիպելու հնարավորություն, կարող եք ձեր առեւտուրն անել առցանց: Հայաստանում, բարեբախտաբար, օնլայն սուպերմարկետների պակաս չկա, եւ ընտրությունը մեծ է: Նշենք մի քանիսը՝ www.sas.am, www.supermarket.am, www.parma.am:Այս տիպի առեւտուրը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շփումներն անհատների հետ, քանի որ հանդիպում եք միայն առաքիչին՝ ապրանքը ստանալիս:Եթե, այնուամենայնիվ, կարոտել եք սիրելի շաուրման, խինկալին կամ պատրաստի այլ խորտիկները, դրանք եւս կարող են առաքվել ձեր սիրելի ռեստորաններից:Ռեստորաններից առաքման տարբերակների շատ մեծ պաշար առկա է այստեղ: Ի դեպ, menu.am-ից պատվեր կատարելիս, որի վճարումը կատարվել է առցանց, արդեն կարելի է ընտրել պատվերի անհպում ստացման հնարավորությունը:Վճարումներն՝ առցանցՎճարման ծառայությունները բազմաթիվ են, եւ պարտադիր չէ գնալ խանութ՝ գտնելու մոտակա տերմինալը՝ ընթացքում հավանաբար հանդիպելով ծանոթների, հարեւանների եւ մեծացնելով վարակվելու ռիսկը:Հայաստանի գրեթե բոլոր բանկերում հեռահար ծառայություններ եւ գործարքներ կարելի է իրականացնել մոբայլ հավելվածի, ինչպես նաեւ 24/7 ռեժիմով գործող կանխիկի ընդունման տերմինալների եւ բանկոմատների միջոցով: Բացի այդ, երկրում մեծ տարածում ունեն առցանց վճարահաշվարկային համակարգերը:Վիրտուալ տուրիզմ, կամ տեսնել աշխարհը՝ առանց տանից դուրս գալուԵթե առաջիկա շրջանում նախատեսում էիք ճանապարհորդության մեկնել ծնողների, սիրելիի կամ ընկերների հետ, եւ չարաբաստիկ կորոնավիրուսը խախտեց ձեր պլանները, միգուցե ժամանակն է փորձել վիրտուալ տուրիզմի տարբերակը:Տրեվի շատրվանով, Կոլիզեումով, Էյֆելյան աշտարակով եւ Միլանի տաճարով կարելի է հիանալ նաեւ վիրտուալ տուրերի օգնությամբ: Ցավոք, այս դեպքում Տրեվի շատրվանի մեջ մանրադրամ գցելը եւ երազանք պահելը տեխնիկական պատճառներով կհետաձգվի: Առաջարկում ենք վիրտուալ տուրիզմի հետեւյալ տարբերակները` 360 stories, 360 cities, Airpano: Ավելին՝ itel.am-ում
13:27 - 14 մարտի, 2020
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից |infocheck.am|

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից |infocheck.am|

infocheck.am: Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Նույն բովանդակությամբ  լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը, և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։   Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց նաև Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքեց տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա  և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։
13:20 - 14 մարտի, 2020
Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ

Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե' բնակչությունից և թե' զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները: Իսկ բնակչությանը հորդորում ենք` պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»:
13:15 - 14 մարտի, 2020
Չեղարկման հրաման չկա, բայց հորդորում ենք չգնալ․ ԿԳՄՍ-ն՝ մշակութային միջոցառումների մասին |panarmenian.net|

Չեղարկման հրաման չկա, բայց հորդորում ենք չգնալ․ ԿԳՄՍ-ն՝ մշակութային միջոցառումների մասին |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ-ում մարտի 15-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով մշակութային միջոցառումներ չեղարկելու որոշում չկա, ասացին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային կապերի բաժնից: Մարտի 13-ի երեկոյի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 13 դեպք կա: «Առանձնահատուկ որևէ միջոցառում դադարեցնելու մասին խոսք չի եղել, բոլոր դեպքերում քաղաքացիներին հորդորում ենք միջոցառումներից, մարդաշատ վայրերից խուսափել: Ժամկետների մասով ևս ոչինչ ասել չենք կարող: Բոլոր միջոցառումների համար է հորդորը, կոչ ենք արել հատկապես երեխաներին զերծ պահել մասնակցությունից»,- ասացին նախարարությունից: Մարտի 13-ին նախարարությունը կոչ էր արել բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, «մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ավելի խիստ միջոցառումների անցնել՝ դադարելով այցելել թատրոններ, կինո, հանրային այլ վայրեր:
12:02 - 14 մարտի, 2020
Հայկական կորոնավիրուսի սխտորն ու ապատեղեկատվությունը․ ամփոփ անդրադարձ |fip.am|

Հայկական կորոնավիրուսի սխտորն ու ապատեղեկատվությունը․ ամփոփ անդրադարձ |fip.am|

fip.am: Նոր տիպի կորոնավիրուսի ի հայտ գալը, մինչև Հայաստան հասնելը, միջազգային մամուլում կեղծ լուրերի տարածման առիթ էր դարձել: Հայաստանի հարևան երկրներում և հենց Հայաստանում գրանցված առաջին դեպքերից հետո COVID-19 վիրուսի դեմ պայքարի ու տարածման չափերի մասին ապատեղեկատվություններ սկսեցին տարածել նաև հայկական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի հայ օգտատերերը: Այն, որ կորոնավիրուսը չի վերանում ալկոհոլի ու սխտորի ազդեցությամբ, իսկ դիմակ կրելը կամ մորուքը սափրելը չեն օգնում պաշտպանվել վիրուսից, գրեցին միջազգային մի շարք հայտնի լրատվականներ ու փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություններ, այդ թվում՝ PolitiFact.com-ը, Factcheck.org-ը և այլն: Ամենատարածված ապատեղեկատվությունների վերաբերյալ հայտարարություններ տարածեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Իսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցը հատուկ կարգավորումների միջոցով փորձում է հեռացնել կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող դավադրության տեսություններն ու ապատեղեկատվությունը: Վերջին օրերին կորոնավիրուսով վարակված լինել-չլինելու մասին լուրերի կենտրոնում հայտնվեցին մի շարք հայտնի դեմքեր: Արդեն հաստատվել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ, դերասան Թոմ Հենքսի և կնոջ, Իրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերը: Մյուս կողմից՝ հերքվեցին Հռոմի պապի և Բրազիլիայի նախագահի վարակման մասին տեղեկությունները:  Պատմություն Արմենիկումի մասին Չնայած նրան, որ մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ կորոնավիրուսի բուժման համար դեռևս ստեղծված դեղամիջոց չկա, տարբեր մասնագետներ ու փորձագետներ փորձում են առաջարկել սեփական եղանակները: Հայաստանի Հանրային ռադիոն մարտի 4-ին հրապարակում տարածեց՝ անդրադառնալով կորոնավիրուսի բուժման համար հայկական Արմենիկում դեղամիջոցի հնարավոր դերակատարության մասին: Նյութում, մասնավորապես, ասվում էր, որ Արմենիկումը, որը ստեղծվել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման նպատակով, կարող է օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ավելի ուշ Հանրային ռադիոն իր կայքից ջնջեց այս հրապարակումը, սակայն նյութի արխիվացված տարբերակը հասանելի է որոնողական համակարգերում: Սա, սակայն, միակ հրապարակումը չէր Արմենիկումի՝ կորոնավիրուսի բուժման հնարավոր տարբերակ լինելու վերաբերյալ: Այս մասին, վերլուծաբան Դավիթ Ասլանյանին հղում անելով, գրել էին news.am-ը, 24news.am-ը և այլ կայքեր: Դեղատոմսեր Ուկրաինայից Մի քանի օր շարունակ հայկական, ռուսական և ուկրաինական լրատվականները հրապարակումներ էին տարածում կորոնավիրուսի բուժման ուկրաինական եղանակի մասին՝ նշելով, որ այնտեղ այժմ սոխը, սխտորն ու սալը կորոնավիրուսի բուժման «լավագույն միջոցներն» են: Նշենք նաև, որ այս և այլ սննդամթերքներ, որոնք ներկայացվում են որպես կորոնավիրուսը բուժելու միջոցներ, իրականում դրական են ազդում մարդու իմունային համակարգի վրա և ավելի դիմացկուն դարձնում վիրուսների նկատմամբ: Սակայն այս մեթոդները չեն կանխում կորոնավիրուսը և չեն բուժում վարակված մարդուն: Խորհուրդներ Ֆեյսբուքից Վերջին օրերին Ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում լայնորեն տարածվեց նաև կորոնավիրուսի մասին «փաստերի» մի ամբողջ շարք: Սա, սակայն, տարածվել է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, իսկ աղբյուրը եղել է ֆեյսբուքյան մի օգտատերի գրառում:  Փաստերից մեկը, օրինակ, այն է, որ հազալու կամ փռշտալու դեպքում վիրուսը տարածվում է երեք մետր, մինչդեռ ԱՀԿ հրապարակումներում խորհուրդ է տրվում ախտանշաններ ունեցող անձից հեռու կանգնել մեկ մետրի չափով: Մեկ այլ կետում նշվում է, որ արտաքին միջավայրում վիրուսը ապրում է 12 ժամ, մինչդեռ ԱՀԿ-ն նշել է, որ այն կարող է կենսունակ ու վարակիչ մնալ մի քանի ժամից մինչև մի քանի օր:  ԱՀԿ-ն հորդորում է չհավատալ ապատեղեկատվություններին Կորոնավիրուսի «բուժման» համար ամենից շատ քննարկվեցին ալկոհոլի և սխտորի հնարավոր ազդեցությունները: Որոշ լրատվականներ էլ երեխայի մեզը նշում էին որպես կորոնավիրուսի բուժման եղանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, հերքեց բուժման բոլոր այս տարբերակները. Սխտորը, մեզն ու ալկոհոլը չեն սպանում կորոնավիրուսը: Անգամ կոկաինի ընդունումը չի օգնի խուսափել վարակից կամ բուժվել: ԱՀԿ-ն անդրադարձել է նաև մեկ այլ միֆի, ըստ որի՝ կորոնավիրուսը կմահանա, եթե սառը եղանակին հիվանդը երկար ժամանակ մնա դրսում։ ԱՀԿ-ն պարզաբանում է, որ սառը եղանակը և ձյունը չեն կարող ոչնչացնել կորոնավիրուսը։ Բացի այդ՝ տաք ցնցուղը ևս չի կանխում կորոնավիրուսը։   Ծխողները կորոնավիրուսով չեն վարակվո՞ւմ Կորոնավիրուսի բռնկման առաջին օրերին լայնորեն տարածվեցին տեղեկությունները, թե իբր չծխող մարդիկ ավելի շատ են վարակվում կորոնավիրուսով, քան ծխողները: Ծխող մարդիկ, սակայն, ավելի հաճախ են ունենում սիրտանոթային համակարգի և թոքերի խնդիրներ, ինչը մեծացնում է նրանց՝ կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը, իսկ սկսել ծխել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, թերևս, անիմաստ է: Մարինա Խաչատրյանը խորհուրդ է տալիս կծու ուտել Փետրվարի 25-ի ուղիղ հեռարձակման ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանն ասել է, որ հարևան Իրանում այս միջոցը սկսել են օգտագործել և այն բավական արդյունավետ է: Մարինա Խաչատրյանը հորդորում էր Հայաստանում ևս սկսել շատ օգտագործել կծու և իմանալ, որ հեշտությամբ կարելի է ազատվել ցանկացած արհեստածին վիրուսից, իսկ կորոնավիրուսը, ըստ նրա, հենց այդպիսին է:  Իրանում կծու ուտելու արդյունքների մասին հրապարակումները համացանցում շատ չեն, իսկ կորոնավիրուսի արհեստածին լինելը խնդրահարույց է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության՝ կորոնավիրուսները կենդանածին են:  «Փաստերի ստուգման հարթակը» կշարունակի հետևել լրատվամիջոցներում և սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող լուրերին և ապատեղեկատվությունների հայտնաբերման դեպքում հանդես կգա հրապարակումներով։  Անի Ավետիսյան
10:57 - 14 մարտի, 2020
Քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց, կրկին կգրկախառնվենք. Հռոմի պապի ուղերձն իտալացիներին |armtimes.com|

Քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց, կրկին կգրկախառնվենք. Հռոմի պապի ուղերձն իտալացիներին |armtimes.com|

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձով դիմել է իտալացիներին: Լինդա Դավթյանի հայերեն թարգմանությամբ այդ տեքստն ակտիվորեն տարածվում է համացանցում. «Այսօր՝ քնելուց առաջ մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները: Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ: Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները: Մենք կրկին միասին կծիծաղենք:Ուժ և քաջություն ձեզ:Շուտով կհանդիպենք»:
10:54 - 14 մարտի, 2020