Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր նպատակն է․ Արայիկ Հարությունյան

Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր նպատակն է․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Ազգային ժողովի հերթական նիստին, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Իր եզրափակիչ խոսքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է 2021թ. կատարված աշխատանքներին՝ նշելով, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի շնորհիվ պահպանվող հարաբերական կայունությունը հնարավորություն է տվել լուծել մի շարք կենսական հարցեր և սկսել ծրագրեր, որոնք առաջընթացի կապահովեն:Արայիկ Հարությունյանը խոսել է նաև 2022-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերից: Արցախի կարևորագույն խնդիրն, ըստ նախագահի, եղել և մնում է ժողովրդագրությունը, և առաջիկա տարիների բոլոր ծրագրերի նպատակը լինելու է ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այդ նպատակով մեկնարկել և նախատեսվում են մի շարք ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ծրագրեր:Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև բնակարանաշինական մեկնարկած և ապագա ծրագրերին՝ նշելով, որ իր նախընտրական «յուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան» ծրագիրը մնում է ուժի մեջ: Նա ընդգծել է, որ առաջիկա տարիներին հիմնական շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարումից հետո՝ ընդլայնվելու են բնակարանային ծրագրերի շրջանակները՝ նախընտրական տվյալ խոստման լրիվ իրականացման նպատակով: Նախագահ Հարությունյանը շեշտադրել է նաև սոցիալական մի շարք ծրագրեր՝ ընդգծելով հատկապես այն դրույթը, որ գալիք տարիներին երեխաների նպաստի և կենսաթոշակի չափերը կհասցվեն նվազագույն սպառողական զամբյուղի չափին:Հանրապետության նախագահը խոսել է նաև արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի մասին: «Կարծում եմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները»,- ասել է ԱՀ նախագահը:Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկություննե­րը։Արտաքին քաղաքական դաշտում շարունակվելու է պայքարը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար »,- ասել է Արայիկ Հարությունյանը:«Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է պատգամավորների ձայների 18 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ:
18:14 - 23 դեկտեմբերի, 2021
Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Չարեքտար համայնքում առկա են բնականոն կյանքի կազմակերպման խնդիրներ։ Թեմայի վերաբերյալ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը։ «2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։ Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են։ Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։ Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»:
17:54 - 23 դեկտեմբերի, 2021
Արցախի 2022թ․ պետբյուջեի օրինագծի համաձայն՝ 500. 000-ական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը

Արցախի 2022թ․ պետբյուջեի օրինագծի համաձայն՝ 500. 000-ական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը

Դեկտեմբերի 23-ին գումարվել է ԱՀ ԱԺ հերթական նիստը: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված ««Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հեղինակի պահանջով հետ է վերադարձվել։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ ախատակազմը: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ նախորդ հերթական նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 101 առաջարկ, որից 34՝ առաջին ընթերցումից հետո: Ներկայացնելով  2022 թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները՝ · 500.0 հազարական դրամով ավելացվել են Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու  շրջանների վարչակազմերի ղեկավարների ֆոնդերը, · պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 1.0 մլրդ դրամով` · հանգիստ, մշակույթ և կրոն բաժնի «Հուշարձանների վերականգնման և պահպանման ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացել է 20.0 մլն դրամով` Սուրբ Գևորգ եկեղեցու (ՈՒլուբաբ) տանիքի վերանորոգման համար, «Հրատարակչական ծախսեր» ծախսային ծրագիրը վերանվանվել է «Հրատարակչական և թարգմանչական ծախսեր» ծախսային ծրագրի և ավելացվել 3.0 մլն դրամով, ·  կրթության բաժնի «Նախադպրոցական հիմնարկներ» ծախսային ծրագիրը ավելացվել է 20.0 մլն դրամի չափով, «Ոչ ֆորմալ կրթության ծրագրեր» ծախսային ծրագիրը՝ 35.0 մլն դրամով, որից 20.0 մլն դրամը հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման կազմակերպման և դրա արդյունքներով աշխատավարձերի բարձրացման համար, իսկ 15.0 մլն դրամը տեխնիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծախսերի իրականացման համար,«Գիտաժողովների և խորհրդաժողովների ծախսեր» ծախսային ծրագիրը ավելացվել է 2.0 մլն դրամով։ Բաժնում լրացվել է «Հեռավար կրթության կազմակերպում» ծախսային ծրագիրը՝ 60.0 մլն դրամի չափով, նախատեսվում է սկզբնական փուլում հեռավար դասընթացների կազմակերպման համար կահավորել Ստեփանակերտ քաղաքի դպրոցների դասասենյակները: Ֆինանսների նախարարի փոխանցմամբ կառավարության կողմից ընդունված այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին՝ մասնավորապես՝ առողջապահության բաժնում «Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և պարագաների   ձեռքբերում ու սպասարկում» ծախսային ծրագիրը նվազեցվել է 200.0 մլն դրամով և նույն գումարի չափով նախագծում նախատեսել «COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումներ» ծախսային նոր ծրագիր։ Կրթության բաժնից հանվել է «Պետական աջակցություն արտասահմանյան բուհերում Արցախի Հանրապետությունից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին» ծախսային ծրագիրը։ Ամփոփելով  նախագծով առաջարկվող 2022 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝  ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կազմելու են  184 մլրդ 300.0  մլն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144.0 մլրդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40.3 մլրդ.դրամ, ծախսերը՝ 215 մլրդ 781.1 մլն դրամ, դեֆիցիտը՝31 մլրդ 481.1 մլն դրամ: Հաջորդիվ նախագծի վերաբերյալ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները։ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և Արցախի «Արդարություն»  խմբակցությունները ,ներկայացնելով իրենց տեսակետը,հայտարարել են, որ 2022թ․ բյուջեի նախագծին քվեարկելու են ազատ ռեժիմով։ «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները, ըստ արտահայտած տեսակետների, դեմ են  քվեարկելու նախագծին, իսկ «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցությունը՝ կողմ։  Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հանրապետության նախագահը  նախ անդրադարձել է  2021թ ունեցած ժողովրդագրական և տնտեսական խնդիրներին և ձեռքբերումներին։ Արայիկ Հարությունյանը խոսել  է 2022թ բյուջեով նախատեսված ԱՀ արտաքին քաղաքականության, սոցիալական,  շինարարության, ջրամատակարարման, կրթության, առողջապահության ոլորտներում նախատեսված ծրագրերից։ Ըստ նախագահի՝ զգալի փոփոխություններ են սպասվում էներգետիկայի և կապի ծառայությունների, ջրամատակարարման և սոցիալական ոլորտների բարելավման ուղղությամբ։ «2022թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ընդունվել է 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը 27 կողմ ձայնով նույնպես ընդունվել է որպես օրենք։ «Ոստիկանության  զորքերի  մասին»,«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը  երկրորդ ընթերցմամբ 29 կողմ ձայնով ընդունվել է խորհրդարանի կողմից։Նախօրեին  այն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի  դրական եզրակացությանը։  «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որոնք արժանացել էին գլխադասային հանձնաժողովի հավանությանը, միաձայն ընդունվել են որպես օրենք։ ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 27 կողմ ձայնով։ Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել  «Ազատ Հայրենիք –ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը։ Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։
17:49 - 23 դեկտեմբերի, 2021
Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Պեկրեսը մեկնել է Արցախ |azatutyun.am|

Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Պեկրեսը մեկնել է Արցախ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ։ Տեղեկությունը հայտնել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։ «Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական ներկայացուցիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից», - թվիթերյան իր էջում գրել է լրագրողը։ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Վալերի Պեկրեսը Երևան է ժամանել երեքշաբթի օրը, նրան ընդունել է նախագահը, Ազգային ժողովի նախագահը։ ֆրանսիացի քաղաքական գործիչը հայաստանցի պաշտոնյաների հետ քննարկել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Ընտրվելու դեպքում Պեկրեսը խոստանում է ակտիվացնել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կոսվկասում։ «Մենք գիտենք, և այդ մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի կառավարությունը, որ հակամարտության, ագրեսիայի պատասխանատվությունն ակնհայտորեն կրում են Ադրբեջանը, դրա թուրք դաշնակիցները, ինչպես նաև մի շարք սիրիացի ջիհադիստներ», - Երևանում հայտարարել է Պեկրեսը։
13:51 - 23 դեկտեմբերի, 2021
Արցախի պետական նախարարն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Արցախի պետական նախարարն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 21-ին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել անձնակազմի հետ: Հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ: Պետական նախարարը տեղեկացրել է, որ կարանտինի պայմանների մեղմացման հարցը, հաշվի առնելով հատկապես համավարակի լարվածության առկա նվազումը, լրացուցիչ քննարկումների փուլ է անցնում, և առաջիկայում նոր որոշում կկայացվի: «Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է, որ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցները և զարգացած բազմաթիվ երկրների փորձը՝ անհրաժեշտ է լուրջ բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ ինքնակամ անցնեն պատվաստման ամբողջական կուրսը և փրկեն կյանքեր: Պետական նախարարը կարևորել է յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու հանրային բարձր գիտակցությունը՝ կարանտինի պայմաններում կառավարության կողմից սահմանված սահմանափակումներին խստորեն հետևելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Առողջապահության նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես հանդես են եկել ելույթներով ու պատասխանել հարցերին՝ ընդգծելով հանրային առողջության պահպանման գործում բուժաշխատողների ոչ միայն մասնագիտական, այլ նաև իրազեկման կարևոր դերակատարությունը: Արտակ Բեգլարյանը և Միքայել Հայրիյանը կենտրոնի անձնակազմի հետ քննարկել են նաև ծննդատան շենքային ու նյութական ապահովվածությանն առնչվող որոշ հարցեր՝ տեղեկացնելով, որ անձնակազմը կյանք պարգևելու իր առաքելությունը շուտով իրականացնելու է լայն հնարավորություններով ժամանակակից ծննդատան նոր շենքում:
21:21 - 21 դեկտեմբերի, 2021
ՌԴ խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը. Վլադիմիր Պուտին |armenpress.am|

ՌԴ խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակը. Վլադիմիր Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը: Այս մասին ՌԴ Պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում: Մեծամասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, իրականացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները, պահպանվել են պատմության եւ մշակույթի հուշարձանները»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին ՝ պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար:
15:48 - 21 դեկտեմբերի, 2021
ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ -Պարոն Զաս, ինչպե՞ս եք գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման ներկա մակարդակը․ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, անվտանգության ապահովման ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, ինչպե՞ս է կառույցը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչպիսի՞ն է ապագայի տեսլականը։ -Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Այսօր մենք ականատես ենք աշխարհում ճգնաժամային երևույթների աճին: Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Դրա մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը: Մեզ շատ մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և գնդակոծություններ, որոնց հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում։ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վտանգ են ներկայացնում զարգացումներն Աֆղանստանում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, լարված և անկանխատեսելի։ Այս երկրում իշխանափոխությունից հետո պահպանվում է ներքին զինված դիմակայության ուժեղացման, ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդլայնման, անվերահսկելի միգրացիայի ավելացման հնարավորությունը։ Երկիրը հումանիտար աղետի եզրին է: Մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը այս ճգնաժամային կետերում, որպեսզի ժամանակին արձագանքենք դրա հնարավոր վատթարացմանը։ Համատեղ միջոցառումների, առաջին հերթին ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների ընթացքում մենք մշակում ենք գործնական միջոցառումներ՝ ուղղված մեր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը։ Մենք պատրաստում ենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը՝  խաղաղարար գործողություններին նրանց հնարավոր ներգրավվածության նպատակով։ Չի նվազում մեր երկրների անվտանգությանն այլ սպառնալիքների ակտուալությունը ևս՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, անօրինական միգրացիա, կիբեր սպառնալիքներ։ Դրանց հակազդելու համար ՀԱՊԿ-ն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ, «Կանալ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունները, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի «Նելեգալ» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «Պրոքսի» գործողությունները։ Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա հաջորդ տարվանից կբացենք նոր ուղղություն՝ կենսաբանական անվտանգություն։ Արդեն որոշում է կայացվել Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ՀԱՊԿ անդամ երկրների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։ -Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ -Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։ Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։ Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։ -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։ - Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։ Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։ Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:02 - 21 դեկտեմբերի, 2021
Արցախում նախատեսվում է երկարաձգել գործող կարանտինը, սակայն որոշ պայմանների մեղմացմամբ. Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնել

Արցախում նախատեսվում է երկարաձգել գործող կարանտինը, սակայն որոշ պայմանների մեղմացմամբ. Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնել

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ է մշակվում դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա։ «Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից՝ քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ: Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն: Ամեն դեպքում, ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը: Ես ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով: Խնդրում եմ նաև հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ, այդ թվում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը: Ցավակցություններս այս ընթացքում կորուստներ ունեցած ընտանիքներին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Բեգլարյանը:
12:36 - 20 դեկտեմբերի, 2021
Արցախում կատարվել է 260 թեստավորում․ գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Արցախում կատարվել է 260 թեստավորում․ գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Դեկտեմբերի 18-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 81 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30287 քաղաքացու հետազոտություն, որից 4663-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:42 - 19 դեկտեմբերի, 2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արցախ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արցախ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայույունը:ՔԿ նախագահին ուղեկցող պաշտոնական պատվիրակության կազմում են եղել Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության  պետ Արտակ Կրկյաշարյանը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:Քննչական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների համագործակցության առաջնահերթություններին և ձևաչափերին վերաբերող հարցեր:Արգիշտի Քյարամյանը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, գլխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ, նախանշվել են արդյունավետ փոխգործակցության և գործնական շփումների՝ մի շարք հեռանկարային ուղղություններ:
19:02 - 18 դեկտեմբերի, 2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ՄԽ նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ՄԽ նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել եւ առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայրարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով, կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը: «Ղարաբաղյան խնդրի առավել կարեւոր հարցը սակայն Ղարաբաղի կարգավիճակն է, եւ կարծում եմ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարեւոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»: Ուորլիքի խոսքով, միջազգային հանրությունը պետք է հետ քայլ կատարի՝փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլեւս լուծված է պատերազմով: Ամերիկացի նախկին դիվանագետի հետ համաձայն է նաեւ Ֆուլբրայթի կրթաթոշակով Հայաստանում աշխատող ԱՄՆ-ի վերլուծաբան, Հարվարդի շրջանավարտ Դենիել Շապիրոն: Նրա կարծիքով, 44-օրյա պատերազմից հետո Արեւմուտքը դուրս է մնացել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից, որի վերջնական արտացոլումը դարձավ 3+2 ձեւաչափը, որը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսող Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ: Տարածաշրջան վերադառնալու համար Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանն անհնրաժեշտ է առաջին հերթին ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, գրել է Շապիրոն՝Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն արձագանքելով: Ջեյսմ Ուորլիքն «Ամերիկայի Ձայնի« հետ զրույցում նույնպես ընդգծում է. ԱՄՆ-ը սերտ կապեր եւ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ «մենք հետաքրքրված ենք Հայաստանի լավ ապագայով»: Շահեր ունի Վաշինգտոնը նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին: «Ուստի, մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա` դա խաղաղ գործընթացի ստեղծումն է եւ առկա խնդիրների իրական կարգավորումը: Դա տեւական գործընթաց է լինելու եւ մենք դա գիտակցում ենք, սակայն, դա միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու»: Մեկնաբանելով Փաշինյան-Ալիեւ հանդիպումները, Ուորլիքն ընդգծում է՝ կարեւոր է, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձեւաչափով՝ երկրորդական հարց է: «Մենք գիտենք, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Սակայն, մեր հույսն այն է, որ առաջնորդների միջեւ ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Մենք չենք ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ կապը զինված բախումներն են»: Ամերիկացի նախկին համանախագահը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ կապն առաջնորդների միջեւ բացարձակապես կտրվել էր:
14:00 - 18 դեկտեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 1 դեպք: Նշվում է, որ  86-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով իրականացվել  է  30027 քաղաքացու հետազոտություն, որից 4651-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:27 - 18 դեկտեմբերի, 2021
ՍԾՏՀ-ում ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

ՍԾՏՀ-ում ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը իր ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհակալություն հայտնելով վրացական նախագահությանն անցյալ վեց ամիսներին տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ջանքերի համար՝ Վահե Գևորգյանը ՍԾՏՀ-ի առաջիկա 30-ամյակի համատեքստում նշել է, որ հոբելյանը լավ հնարավորություն կլինի վերանայելու կազմակերպության կատարողականը և նախանշելու ՍԾՏՀ-ն ավելի դինամիկ ու արդյունավետ կազմակերպություն դարձնելու ուղիները: Նա ներկայացրել է Հայաստանի տեսակետները ՍԾՏՀ-ի աշխատանքային մեթոդները բարելավելու հնարավորության վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
11:29 - 18 դեկտեմբերի, 2021