Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան |armenpress.am|

Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան |armenpress.am|

armenpress.am: Արցախում պատերազմի հետևանքների վերացման ճանապարհին գրանցվել են հաջողություններ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել ապահովել անվտանգ միջավայր, թեպետ, պարբերաբար գրանցվում են միջադեպեր, որոնք մարդկային կյանքեր են խլում: «Այն, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ առկա չեն, ինքնին արդեն հաջողություն է այս ժամանակահատվածում: Դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք, շատ աշխատանք կա կատարելու այդ ուղղությամբ, որպեսզի ավելի երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ ունենանք»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Չնայած անվտանգային խնդիրներին ու անորոշություններին, Արցախում հաջողություններ են գրանցվել ժողովրդագրական տեսանկյունից: Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում: Արտակ Բեգլարյանի խոսքով, սա ցուցիչ է այն մասին, որ արցախցիները պատրաստ են իրենց հայրենիքում ապրել, արարել նույնիսկ անվտանգային ռիսկերի պայմաններում: Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Արցախի բնականոն կյանքը վերականգնվել է, բավական սոցիալական, հումանիտար ծրագրեր են իրականացվել : Արդյունքում, քայլ առ քայլ լուծվում են եղած հիմնախնդիրները: Մասնավորապես, Արցախում իրականացվում է բնակարանաշինության մեծածավալ ծրագիր: Պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 40 հազար անձ բնակարանային խնդիր ունի: «Արցախում մեկնարկել է ծրագիր, 3 տարվա ընթացքում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու համար: Մենք փնտրում ենք լուծումներ, որ արցախցի բոլոր կարիքավոր ընտանիքներն ունենան սեփական բնակարանները: Պլանավորում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում 5 հազար բնակարան կառուցել: Հիմա ընթացքում են 1211 բնակարանի կառուցման աշխատանքները: Դրանք կառուցվում են Ստեփանակերտում: Տարբեր շրջաններում էլ ընթացքի մեջ են 1438 բնակարանի կառուցման աշխատանքները»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Այս տարվա վերջ շահագործման կհանձնվի 317 բնակարան, որից 294-ը Ստեփանակերտում:  Այս ծրագրերն իրականացվում են Արցախի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, Հայաստան համահայկական հիմնադրամի ու որոշ չափով անհատ այլ կազմակերպությունների, բարերարների, շնորհիվ:
16:59 - 10 դեկտեմբերի, 2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Արցախի մրցակցային մարմնի հետ համագործակցության հուշագիր է կնքել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, ոլորտային ուսումնասիրությունների, վարույթների իրականացման հարցում օժանդակության ցուցաբերման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև մրցակցության կանոնների խթանման նպատակով համաժողովներ, սեմինարներ մասնագիտական-ուսումնական այցեր, կլոր սեղան քննարկումներ, այլ միջոցառումներ կազմակերպելու հարցերում:
14:14 - 10 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է: «1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի(Արցախի) Հանրապետությանը: Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը: 30 տարիների ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, արցախահայությունը հայրենի հողում ստեղծել է համամարդկային արժեքներով ապրող ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն: Ադրբեջանի մշտական սպառնալիքների և թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետության քայլերը նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը: Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, բռնազավթվել է հանրապետության տարածքի մեծ մասը, ոչնչացվել նյութական և ազգային մշակութային ժառանգությունը: Հետպատերազմյան ամիսներին Ադրբեջանի հայատյացության, սադրիչ, ագրեսիվ հռետորաբանության և այդ ամենից բխող գործողությունների պայմաններում արցախահայությունը, հավատարիմ 1991թ. պատմական որոշումներին, հաղթահարելով դժվարությունները, կառուցում է իր ապագան: Գլուխ ենք խոնարհում նահատակված բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի Հանրապետության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի: Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների ազատագրման, տեղահանված ազգաբնակչության հայրենադարձության, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը: Ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում»: Հայտարարությունը տարածել են՝ ԱՀ ԱԺ « Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, ԱՀ Աժ «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ԱՀ Աժ «Արդարություն» խմբակցությունը, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը, ԱՀ ԱԺ «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»խմբակցությունը:
13:05 - 10 դեկտեմբերի, 2021
Երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը. Արթուր Թովմասյան

Երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Արցախի Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրել և իրացրել է անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Օրը պատահական չէր ընտրված․ այն խորհրդանշական էր, քանի որ այդ օրը նշվում է նաև որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Անկախության համար արցախահայության դարավոր պայքարի պատմության մեջ անկախության հանրաքվեն պետականության նոր աստիճան էր, որն ամփոփում էր ժողովրդավարության, ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումները և պետականության զարգացման օրինաչափ ու բարձրագույն աստիճանն է։ Ինչպես 1991 թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006 թ. մեր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է՝ պաշտպանելու ազատ ապրելու կամքն ու շահերը, պաշտպանելու դրանք միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան: 1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել բազում դժվարություններ ու փորձություններ։ 1992-94 թթ․ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մեծ մասը։ 2016 թ․ Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կրկին բացահայտ ցույց է տվել արցախահայության ոչնչացմանն ուղղված իր անմարդկային և հայատյաց նպատակները։ Ադրբեջանական իշխանությունները մշտապես մերժում էին հիմնախնդրի` քաղաքական մեթոդներով կարգավորումը: Իսկ 2020 թ․ աշնանը սանձազերծած արյունոտ պատերազմով ադրբեջանական նենգ ու բարբարոս քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ փորձել են ավարտին հասցնել ազգակործան, Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը։ Սակայն շնորհիվ մեր ազգի քաջազուն զավակների՝ այսօր թեպետ մկրատված, բզկտված, բայց ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս։ Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։ Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման հիմնախնդիրը։ Ադրբեջանական հավակնությունները մեր պատմական հայրենիքի նկատմամբ կրկին զուրկ են պատմական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել։ Մեր ընտրած ճանապարհն այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները։ Այսօր համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն Հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդելուն, մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելուն։ Խաղաղություն մեր Հայրենիքին, ամուր կամք, համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին»:
12:17 - 10 դեկտեմբերի, 2021
Մենք շարունակելու ենք պայքարը մեր բռնազավթված տարածքների վերադարձի համար. Արցախի նախագահ

Մենք շարունակելու ենք պայքարը մեր բռնազավթված տարածքների վերադարձի համար. Արցախի նախագահ

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախն անկախության հանրաքվե է անցկացրել: Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով է հանդես եկել: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: 2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը: Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, հակամարտող կողմերին ներկայացված հայտնի երեք սկզբունքներից ուժի չկիրառմանը և միջազգային իրավունքի հանրահայտ այլ սկզբունքներին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության նկատմամբ քանիցս իրականացրեց ռազմական ագրեսիաներ, որոնցից 2020թ.-ի ագրեսիան ամենածանր փորձությունը դարձավ մեր պետականության ու ժողովրդի համար: Անկախ դրա հարուցած մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական մեծածավալ հետևանքներից՝ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին մեր ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան: Դրա վառ ցուցիչներից են այս կարճ ժամկետում շուրջ 120,000 բնակչության առկայությունը, անվտանգային միջավայրի բարձր տոկոսով ապահովումը, պետական ինստիտուտների աշխատանքն ու զարգացման ջանքերը, ենթակառուցվածքների ու տնտեսության վերականգնումը: Հատկանշական է, որ պետական մարմինները ոչ միայն կատարում են իրենց կենսական լիազորությունները ԱՀ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա, այլ նաև խորհրդանշականորեն հենց այսօր երկու խոշոր համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ որպես մեր պետականակերտման վճռականության փոքրիկ, բայց և կարևոր դրսևորումներ: Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և մեր ապագա անելիքներին՝ կառանձնացնեի մի քանի հիմնական դրույթներ. ա) Անվտանգություն. Այսօր կարող ենք փաստել, որ չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին, ռուսական խաղաղապահ զորակազմի և Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ և գործուն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Այս առումով ես մեկ անգամ ևս ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած բոլոր զինծառայողներին, այնպես էլ խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կասեցվել է թուրքական աշխարհի նկրտումները և պահպանվում է խաղաղությունը: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի խիստ ապակառուցողական ու ագրեսիվ դիրքորոշումը և դրանով պայմանավորված հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման հեռանկարի ու ժամկետների անորոշությունը՝ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները: Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անցած մեկ տարում որոշակի շոշափելի աշխատանք արդեն իրականացվել է, և տարեցտարի մենք բարելավելու ենք մեր սեփական անվտանգային մեխանիզմների արդյունավետությունը: բ) Արտաքին քաղաքականություն. Մենք շարունակելու ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար: Այս առումով ակնկալում ենք ողջ հայ ազգի անվերապահ ու տևական աջակցությունը՝ առանց մեր ընտրած ճանապարհի հանդեպ երկմտանքի ու ճանապարհին թևաթափ լինելու: գ) Ժողովրդագրություն. Արցախը հայկական պահելու և հակամարտությունը հայանպաստ կարգավորելու գլխավոր երաշխիքներից մեկը հայ ժողովրդի գոյությունն է իր սեփական հայրենիքում: Այդ առումով հետպատերազմյան ժողովրդագրական ցուցանիշները բավականին հուսադրող են, սակայն անհրաժեշտ է լրջագույն ջանքեր ու ռեսուրսներ ներգրավել ցանկալի արդյունքների հասնելու համար: Այդ համատեքստում բնակարանային կարիքների բավարարումը գլխավոր հիմնախնդիրն է, որի լուծման կարևոր գործին լծվել ենք պատերազմից անմիջապես հետո: Մասնավորապես, լայնածավալ շինարարություն ենք մեկնարկել Արցախի տարբեր հատվածներում և նախատեսում ենք երեք տարվա ընթացքում շուրջ 5,000 բնակարան կառուցել տեղահանվածների և այլ խոցելի խմբերի համար: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր կորցրած հայրենիքից, բայց մյուս կողմից շատ լավ հասկանում ենք, որ բանակցային գործընթացն այս առումով կարող է տևել երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում տեղահանված ընտանիքներին բախտի քմահաճույքին թողնելը կամ վրանային ավաններում պահելու տխրահռչակ փորձը մեզ համար անընդունելի է: Շարունակելով թեման՝ ցանկանում եմ ընդգծել, որ բնակարանային հիմնախնդիրն Արցախում պետք է համալիր լուծում ստանա: Ուստի, նախընտրական խոստմանս համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք ունենալու է իր սեփական բնակարանը, սակայն անհրաժեշտ է որոշակի համբերություն պատերազմի սուր հետևանքների վերացման համար: Այնուամենայնիվ, այդ գործընթացին զուգահեռ աստիճանաբար մեկնարկելու ենք նոր բնակարանային ծրագրեր բոլոր կարիքավոր ընտանիքներին աջակցելու նպատակով: Մի շարք այլ ծրագրեր ևս մեկնարկել կամ պլանավորում ենք՝ խթանելու համար ժողովրդագրական բնական ու մեխանիկական աճն Արցախում: Այնուհանդերձ, սա այն հիմնական ուղղություններից մեկն է, որտեղ անհրաժեշտ է համահայկական համախմբում և մեծածավալ ու շարունակական մասնակցություն՝ հաշվի առնելով պահանջվող ռեսուրսների մեծությունը: դ) Սոցիալ-տնտեսական զարգացում. Հատկապես պատերազմի հետևանքով տնտեսական ներուժի հիմնական մասի կորստի պարագայում սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները շատ սուր են արտահայտված: Իհարկե, ՀՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու բարեգործական այլ կազմակերպությունների, ՌԴ կառավարության ու ԿԽՄԿ մարդասիրական աջակցության շնորհիվ բազմաթիվ խնդիրներ կարողացել ենք լուծել, սակայն ինստիտուցիոնալ լուծումների համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության գալիք տարիների պետական բյուջեի ծավալները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ի շնորհիվ ՀՀ աջակցության՝ 2022թ.-ին ԱՀ պետական բյուջեի ծախսային մասը կկազմի շուրջ 215 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար արձանագրեմ, որ 2020թ. պետբյուջեն մոտ 122 մլրդ ՀՀ դրամ էր: Սա միանշանակորեն հնարավորություն է տալու լուծելու Կառավարության առաջ ծառացած կարևոր խնդիրները, սակայն սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավման համար շատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, այդ թվում՝ տնտեսական ներդրումների տեսքով: Ուստի, ակնկալում եմ, որ համահայկական բոլոր կարողունակ շրջանակներն իրենց ուղիղ մասնակցությունը կունենան այս կարևորագույն ուղղության մեջ: Անշուշտ, այս ամենին զուգահեռ մեզ համար էական է լինելու նաև անվճար ու որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամբողջական ներդրումը: Գործընթացը մեկնարկել էր մինչև պատերազմը, որն այսօր շարունակվում է և գալիք տարի արդեն նոր ծրագրեր է ընդգրկելու: ե) Ներքին քաղաքականություն. Թե՛ պատերազմից առաջ և թե՛ հատկապես դրանից հետո ես բացել եմ համագործակցության դռները բոլոր քաղաքական ուժերի առջև՝ հավատալով, որ միայն միասնական ջանքերով հնարավոր է դիմակայել այս ծանր մարտահրավերները: Այդ առումով ունենք տեսանելի շատ արդյունքներ, որոնք մեծապես պայմանավորված են նաև համագործակցային միջավայրով: Այնուամենայնիվ, ես ինքս բավարարված չեմ Արցախի պետականակերտման ու հիմնախնդիրների լուծման գործում հասարակական ու քաղաքական բոլոր կարողունակ ուժերի ներգրավվածության ու մասնակցության աստիճանով, և նախատեսում եմ առաջիկայում խորհրդակցությունների նոր փուլ մեկնարկել բոլոր շրջանակների հետ՝ քննարկելու ավելի արդյունավետ ձևաչափերի ու մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Պետական կառավարման համակարգում շարունակաբար իրականացնելու ենք բարեփոխումներ՝ բարձրացնելու համար արդյունավետության, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության մակարդակը: Սա է այն տեսլականը, որն ունեմ ես և իմ գլխավորած Կառավարությունը: Հիասթափությունը, սուգը, Հայրենիքի մեծ մասի կորուստը բոլորիս մոտ առաջացրել են տրամադրությունների անկում ու անորոշություններ, սակայն կոչս և հորդորս է արագ վերագտնենք մեզ: Հավատում եմ, որ ինչպես մոտ 120,000 հայ այժմ ապրում և արարում է հայրենի բնօրրանում, այնպես էլ թև-թիկունք տալով հաղթահարելու ենք բոլոր խնդիրները, հաջողությամբ դիմագրավելու ենք բոլոր մարտահրավերներն ու միասնաբար կերտելու ենք նոր հաղթանակներ: Վերջում մեկ անգամ ևս դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին, տեղական ու համահայկական բոլոր կազմակերպություններին ու անհատներին՝ մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները: Համագործակցության դուռը բաց է բոլորիդ համար, եկե՛ք հանուն մեր Արցախի, հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի և հանուն մեր նահատակների թափած սուրբ արյան ձեռք-ձեռքի տանք ու կառուցենք մեր երազանքների Հայրենիքը: Ի վերջո, բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են, մնայուն են այն արժեքները, որոնց համար ապրում և պայքարում ենք…»:
10:26 - 10 դեկտեմբերի, 2021
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն: Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։
17:09 - 09 դեկտեմբերի, 2021
ԼՂ-ում խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են խաղաղ կյանքի վերականգնման, ռազմագերիների վերադարձի խնդիրների ուղղությամբ. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

ԼՂ-ում խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են խաղաղ կյանքի վերականգնման, ռազմագերիների վերադարձի խնդիրների ուղղությամբ. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողներն այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ մարդասիրական խնդիրների լուծման վրա, ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:«Ի լրումն կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման՝ միաժամանակ մարդասիրական խնդիրների հաջող լուծման վրա», - հինգշաբթի օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների առաջ ճեպազրույցում ասել է Գերասիմովը։Այդ խնդիրներից գլխավորը նա անվանել է «տարածքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, մահացածների մարմինների որոնումը, մարդասիրական պարագաների առաքման անվտանգությունը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»:
15:53 - 09 դեկտեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք, մահացել է մեկ վարակակիր

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք, մահացել է մեկ վարակակիր

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 626 քաղաքացու հետազոտություն, որոնցից 4 381-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
12:06 - 09 դեկտեմբերի, 2021
Ռազմահայրենասիրական ՀԿ ջոկի հրամանատարը հափշտակում է կատարել․ Արցախի ՔԿ

Ռազմահայրենասիրական ՀԿ ջոկի հրամանատարը հափշտակում է կատարել․ Արցախի ՔԿ

Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021 թ. նոյեմբերի 2-ին իր ջոկի 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200000 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2.200.000 ՀՀ դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:34 - 09 դեկտեմբերի, 2021
Արցախում քաղաքացու՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ տվյալները կեղծվել են.ԱԱԾ

Արցախում քաղաքացու՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ տվյալները կեղծվել են.ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվելը կեղծելու դեպք է բացահայտել: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ընթացիկ տարվա նոյեմբերին ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ այն մասին, որ «ԱՐՄԵԴ» առողջապահության միասնական տեղեկատվական համակարգում առկա են տեղեկություններ այն մասին, որ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն 15.07.2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութով, իսկ որպես պատվաստման վայր նշված է ԼՂՀ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, սակայն նշված օրը Ա.Ա.-ն գտնվել է ԱՀ սահմաններից դուրս: Ձեռնարկված քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2021թ. հուլիսի 8-ից օգոստոսի 5-ը գտնվել էր Ռուսաստանի Դաշնությունում և նշված ժամանակահատվածում գործող՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԳԱՄ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ» (Սպուտնիկ-V) պատվաստանյութի կիրառման ուղեցույցով սահմանված ընթացակարգով չի պատվաստվել, մինչդեռ բուժհաստատությունում վարվող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող պատվաստումների մատյանում անհայտ անձի կողմից կատարվել է գրառում Ա.Ա.-ի կողմից «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին չափաբաժինը՝ 03.07.2021թ.-ին, իսկ երկրորդ չափաբաժինը՝ 24.07.2021թ.-ին ստանալու վերաբերյալ: Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:08 - 08 դեկտեմբերի, 2021
Միհրան Մուսայելյանը գերության մեջ ենթարկվել է բռնության, նրա մարմնվի վրա հայտնաբերվել է 40-ից ավելի վնասվածք, առողջությանը պատճառվել է ծանր վնաս․ Արցախի դատախազություն

Միհրան Մուսայելյանը գերության մեջ ենթարկվել է բռնության, նրա մարմնվի վրա հայտնաբերվել է 40-ից ավելի վնասվածք, առողջությանը պատճառվել է ծանր վնաս․ Արցախի դատախազություն

Ինչպես արդեն հաղորդվել էր, սույն թվականի նոյեմբերի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել և ռուս խաղաղապահերի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը, տեղեկացնում է Արցախի դատախազությունը:Մ. Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մ. Մուսայելյանի մարմնի վրա արձանագրվել հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից և ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն:
17:23 - 08 դեկտեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք

Արցախում դեկտեմբերի 7-ին կատարվել է կորոնավիրուսի 541 թեստավորում, որի արդյունքում հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Արձանագրվել է մահվան 1 դեպք՝ 56-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։ Նրա մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26 137 քաղաքացու հետազոտություն, որից 4328-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին։
11:38 - 08 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը աջակցություն են հայտնում ուղիղ երկխոսության վերսկսմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեկ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում: Համանախագահները կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ տարածաշրջանում տևական կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որոնք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց հայտարարությունում։ «Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական հուշարձանների վերաբերյալ», - ասված է հայտարարությունում: Համանախագահ երկրները նաև «մտահոգությամբ են նշում վերջին միջադեպերը Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է»։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին ու Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչության մոտ մուտք գործելու բոլոր սահմանափակումները միջազգային մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ։ Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին որքան հնարավոր է շուտ հնարավորություն տալ համանախագահներին աշխատելու տարածաշրջանում ՝ թույլ տալով նրանց «առաջին ձեռքից» գնահատել իրավիճակը տեղում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի համար, իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում խոսել էր ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մասին, որը փաստորեն հրապարակվեց մոտ մեկ շաբաթ անց:
09:59 - 08 դեկտեմբերի, 2021