Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան |armenpress.am|
16:59 - 10 դեկտեմբերի, 2021

Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան |armenpress.am|

armenpress.am: Արցախում պատերազմի հետևանքների վերացման ճանապարհին գրանցվել են հաջողություններ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել ապահովել անվտանգ միջավայր, թեպետ, պարբերաբար գրանցվում են միջադեպեր, որոնք մարդկային կյանքեր են խլում:

«Այն, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ առկա չեն, ինքնին արդեն հաջողություն է այս ժամանակահատվածում: Դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք, շատ աշխատանք կա կատարելու այդ ուղղությամբ, որպեսզի ավելի երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ ունենանք»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Չնայած անվտանգային խնդիրներին ու անորոշություններին, Արցախում հաջողություններ են գրանցվել ժողովրդագրական տեսանկյունից: Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում: Արտակ Բեգլարյանի խոսքով, սա ցուցիչ է այն մասին, որ արցախցիները պատրաստ են իրենց հայրենիքում ապրել, արարել նույնիսկ անվտանգային ռիսկերի պայմաններում:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Արցախի բնականոն կյանքը վերականգնվել է, բավական սոցիալական, հումանիտար ծրագրեր են իրականացվել : Արդյունքում, քայլ առ քայլ լուծվում են եղած հիմնախնդիրները: Մասնավորապես, Արցախում իրականացվում է բնակարանաշինության մեծածավալ ծրագիր: Պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 40 հազար անձ բնակարանային խնդիր ունի:

«Արցախում մեկնարկել է ծրագիր, 3 տարվա ընթացքում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու համար: Մենք փնտրում ենք լուծումներ, որ արցախցի բոլոր կարիքավոր ընտանիքներն ունենան սեփական բնակարանները: Պլանավորում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում 5 հազար բնակարան կառուցել: Հիմա ընթացքում են 1211 բնակարանի կառուցման աշխատանքները: Դրանք կառուցվում են Ստեփանակերտում: Տարբեր շրջաններում էլ ընթացքի մեջ են 1438 բնակարանի կառուցման աշխատանքները»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Այս տարվա վերջ շահագործման կհանձնվի 317 բնակարան, որից 294-ը Ստեփանակերտում:  Այս ծրագրերն իրականացվում են Արցախի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, Հայաստան համահայկական հիմնադրամի ու որոշ չափով անհատ այլ կազմակերպությունների, բարերարների, շնորհիվ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել