Կորոնավիրուս

«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում |hetq.am|

«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում |hetq.am|

hetq.am: Փետրվարի 18-ին՝ երեքշաբթի օրը, կորոնավիրուսից մահացել է Չինաստանի Ուհան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ղեկավար Լյու Չժիմինը։ Ավելի վաղ, փետրվարի 7-ին, մահացել էր նրա գործընկեր Լի Վենլյանը, որն առաջինն էր հայտնել նոր հիվանդության տարածման մասին։ Երկու բժիշկներն էլ վարակվել էին սուր թոքաբորբով, երբ օգնում էին պացիետներին։ Համաճարակի սկզբից ի վեր հազարավոր չինացի բժիշկներ փաստացի աշխատում են առանց հանգստյան օրերի և օգնելով հիվանդներին, իրենց ենթարկում մահացու վտանգի։ Փետրվարի սկզբին չինական «Caixin Global» պարբերականում հրապարակվել է բժիշկ Պեն Չժիյունեմի հետ հարցազրույցը, որը գլխավորում է Ուհանի համալսարանի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Բժիշկ Պենը պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսային հիվանդությունը և ինչ դժվարությունների են հանդիպում բժիշկները, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։  - Ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել կորոնավիրուսով հիվանդ պացիենտի։ - 2020 թվականի հունվարի 6-ին։ Հիվանդը ծնունդով Հուանգանից էր, որին մի քանի հիվանդանոցներում հրաժարվել էին հոսպիտալացնել և ուղեգիր էին տվել դեպի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Ես ներկա էի բժշկական կոնսուլտացիայի ժամանակ։ Այդ պահին պացիենտի վիճակը ծանր էր, նա դժվարությամբ էր շնչում։ Ես միանգամից հասկացա, որ նրա մոտ հենց այդ հիվանդությունը պետք է ախտորոշվի։ Մենք երկար քննարկում էինք, թե արդյոք ընդունենք այդ պացիենտին։ Եթե մենք այդ չանեինք, ապա նա գնալու այլ տեղ չէր ունենա։ Եթե մենք այդ անեինք, ապա մեծ կլիներ հավանականությունը, որ հիվանդությունը կդառնա վարակիչ՝ մյուս պացիենտների համար։ Մենք պետք է պահպանեինք շատ խիստ կարանտին։ Եկանք այն որոշման, որ աշխատանքային օրվա ավարտին կընդունենք պացիենտին։ Ես զանգահարեցի հիվանդանոցի գլխավոր բժշկին և զեկուցեցի իրավիճակի մասին, ներառյալ այն փաստը, որ մենք պետք է մյուս հիվանդներից ազատեինք հիվանդասենյակը և այն հարմարացնեինք սուր շնչառական հիվանդությամբ տառապող հիվանդներին ներկայացվող պահանջներին։ Վերջինս ենթադրում էր ստեղծել վարակի գոտի, բուֆերային հատված, մաքրման տարածք, ինչպես նաև բուժաշխատողների հատվածի առանձնացում պացիենտների հատվածից։ Հունվարի 6-ին, երբ պացիենտը գտնվում էր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, կարանտինի հետ կապված, իրականացրել ենք բաժանմունքի վերասարքավորում, ինչպես նաև մասշտաբային փոփոխություններ ենք իրականացրել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հարավային կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա են 66 մահճակալներ։ Մենք կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար տեղ էինք հատկացրել։ Ես գիտեի հիվանդության վարակիչ լինելու մասին։ Մենք ենթադրում էինք, որ նոր մարդիկ կդիմեն մեզ, դրա համար էլ առանձնացրել էինք 16 մահճակալներ։ Մենք կարանտինային վերակառուցում էինք իրականացրել ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների հատվածում։ Քանի որ շնչառական հիվանդությունները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, ապա օդը նույնպես պետք է գտնվեր կարանտինի մեջ, որպեսզի դուրս չգար իզոլացված տարածքից։ Այդ ժամանակ շատերը խոսում էին, որ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պետք է լինեն սահմանափակ թվաքանակով մահճակալներ, իսկ 16 մահճակալների թիվը խիստ մեծ քանակ էր։ Ես պնդեցի, որ այդ թիվն այդքան էլ մեծ չէ։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
13:42 - 23 փետրվարի, 2020
Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը.Արսեն Թորոսյան |azatutyun.am|

Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը.Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը հարևան Իրանում և այս իսկ պատճառով սահմանը փակելու վերաբերյալ տարբեր կոչերին` Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հիշեցրեց` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում. - «Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը, և իմաստ էլ չկա, բայց այսօր և վաղը քննարկելու ենք նման հնարավորությունը, ինչպես արեցինք Չինաստանի դեպքում` հանելով ազատ վիզային ռեժիմը, և փաստացի մենք այսօր Չինաստանի քաղաքացի գրեթե չունենք Հայաստան մտնող»,- հայտարարեց նախարարը: Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակավորապես կասեցված է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը: Հիշեցնենք, որ Թեհրանում երեկ հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից: Երկրում ախտահարվածների մեծ մասը Քոմ քաղաքում են, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում: Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են սեփական քաղաքացիներին այցելել Իրան, այս պահին այդ երկրում գտնվողներն, իրենց հերթին, թագավորություն կարող են վերադառնալ 14-օրյա կարանտինից հետո միայն:
12:42 - 23 փետրվարի, 2020
Իտալիան առաջինն է Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թվով. իշխանությունները սահմանափակել են ազատ տեղաշարժը |news.am|

Իտալիան առաջինն է Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թվով. իշխանությունները սահմանափակել են ազատ տեղաշարժը |news.am|

news.am: Իտալիայի կառավարությունը սահմանափակել է տեղաշարժվելու ազատությունը երկրի հյուսիսային այն շրջաններում, որտեղ հատկապես տարածված են COVID-19 կորոնավիրոսով վարակվելու դեպքերը, հաղորդում է  Համաճարակի կենտրոն համարվող շրջանների բնակիչներին կարգելվի հեռանալ այդտեղից, կարգելվի նաեւ այդտեղ մուտքը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Նույն օրը Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտում հայտնել են, որ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի 79 դեպք, 2 մարդ զոհվել է, 1 մարդ՝ բուժվել: Ամենամեծ թվով վարակվածները՝ 54 դեպք, գտնվում են Լոմբարդիայում, որտեղ հատուկ միջոցառումներն առնչվում են շուրջ 50 հազար մարդու 9 բնակավայրերում Միլանից 60 կմ հեռավորության վրա՝ Կոդոնյո քաղաքում: Հենց Կոդոնյոյում փակ են սուպերմարկետներն ու ռեստորանները, փողոցներում փոքրաթիվ անցորդներ են կրում պաշտպանիչ դիմակներ: Միլանում քաղաքապետը կարգադրել է փակել հանրային հաստատությունները: Հարեւան Վենետո շրջանում գրանցվել է վարակի 17 դեպք, մի շարք քաղաքներում դադարեցվել են դպրոցների, սպորտային կենտրոնների, սրճարանների եւ գիշերային ակումբների աշխատանքը: Վիրուսի հետեւանքով մահացած առաջին ԵՄ քաղաքացին այդ շրջանի 78-ամյա բնակիչն էր, իսկ երկրորդը՝ 77-ամյա կին էր, որը մահացել էր Լոմբարդիայում: Իշխանությունները կարգադրել են չեղարկել բոլոր սպորտային եւ հասարակական միջոցառումները երկու շրջաններում փետրվարի 23-ին: Վարակի երկու դեպք է գրանցվել Էմիլիա-Ռոմանյա եւ Լացիո շրջաններում, եւս մեկը՝ Պյեմոնտեում: Իտալիան կորոնավիրուսից առավել տուժած եվորպական երկրներից մեկն է, դեռեւս հունվարի 31-ին այդտեղ հայտարարել էին արտակարգ դրություն վարակի տարածման առնչությամբ: Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 16 դեպք, Ֆրանսիայում՝ 12, այդ թվում՝ 1 դեպք մահվան ելքով: COVID-19 կորոնավիրուս կոչվող հիվանդության հետեւանքով զոհվել է արդեն ավելի քան 2300 մարդ ամբողջ աշխարհում: Հիվանդության գրեթե բոլոր դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, գրանցվել են Չինաստանում:
11:55 - 23 փետրվարի, 2020
Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2442-ի |tert.am|

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2442-ի |tert.am|

tert.am: Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 76 936-ի, որոնցից 2442-ը մահացել է, 22 888-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։ «Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 76 936 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ 51 606 մարդ (10 968 մարդ գտնվում է ծանր վիճակում) ներկա պահին դեռևս հիվանդ է, 22 888 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2442-ը մահացել է»,- ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ: Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 648 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 2230 մարդ, մահացել՝ 97 մարդ։ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
11:28 - 23 փետրվարի, 2020
Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները |tert.am|

Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները |tert.am|

tert.am: Իրանի մի շարք շրջաններում, որտեղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, փակվել են ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ բոլորը Կում նահանգում: Իշխանությունների այս որոշումը կոչված է թույլ չտալու հիվանդության տարածումը: Կում նահանգի իշխանությունները, որտեղ արձանագրվել են վիրուսով վարակման առաջին և ամենամեծ թվով դեպքերը, որոշել են, որ բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն երկու օրով՝ կիրակի և երկուշաբթի: Մեկ շաբաթով դասընթացները հետաձգելու որոշում է կայացվել Մարքազի կենտրոնական նահանգում, որտեղ գտնվում է Արաք քաղաքը, որտեղ նույնպես տարածվում է կորոնավիրուսը: Իրանական հեռուստաընկերությունը հայտնել է նաև Գիլյան քաղաքում մինչև չորեքշաբթի դպրոցների փակման մասին: Երկու օրով ուսումնական հաստատությունները փակվել են նաև Գոլեսթան նահանգում: Իրանի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում մինչև փետրվարի 28-ը նախատեսված մշակութային միջոցառումների չեղարկման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 28 մարդ, որոնցից հինգը մահացել են:
09:32 - 23 փետրվարի, 2020
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ Իրան այցելելուց. ԱԳՆ

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ Իրան այցելելուց. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ և ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան այցելելուց։ «Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ»,-ասված է հաղորդագրության տեքստում։
09:30 - 23 փետրվարի, 2020
Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»,- գրել է նա։
09:27 - 23 փետրվարի, 2020
Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին.Արսեն Թորոսյան

Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին.Արսեն Թորոսյան

Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան։ Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ՝ բռնկումների դեմ պայքարի գործողությունների միջազգային սինխրոնացման համար, որովհետև իզոլացված գործողությունները չեն կարող արդյունավետ լինել։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային մեխանիզմները ժամանակակից աշխարհում հենց այդպիսի սինխրոն գործողություններ են ենթադրում։ Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի և արհեստական լարմանը և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի։ Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։ Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»։
09:20 - 23 փետրվարի, 2020
Նոր կորոնավիրուսը վարակակրից այլ մարդու կարող է փոխանցվել մինչև ախտանիշների ի հայտ գալը |shantnews.am|

Նոր կորոնավիրուսը վարակակրից այլ մարդու կարող է փոխանցվել մինչև ախտանիշների ի հայտ գալը |shantnews.am|

shantnews.am: Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսը վարակակրից մեկ այլ մարդու կարող է փոխանցվել մինչև՛ ախտանշանների ի հայտ գալը, այսինքն` բարձր ջերմության, հազի ախտանիշներից երկու օր առաջ այն արդեն կարող է փոխանցված լինել նաև ուրիշներին։ Այս բացահայտման արդյունքում Չինաստանում նոր կորոնավիրուս ունենալու կասկածի տակ են հայտնվում ավելի մեծ թվով մարդիկ։ Փոխվել է վարակակրի հետ շփում ունեցած մարդկանց կատեգորիան։ Հիմա կորոնավիրուսի առկայություն են կասկածում նաև այն մարդկանց մոտ, որոնք մինչև 2 օր առաջ են շփվել հիվանդների հետ։ Սա նշանակում է, որ ջերմության չափումները արդյունավետ են միայն արդեն լիարժեք հիվանդներին հայտնաբերելու համար։ Բայց դրանից արդեն երկու օր առաջ նրանք արդեն սկսել են տարածել վարակը։
17:52 - 22 փետրվարի, 2020
Իրանում ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերըը, առաջարկել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը։
10:33 - 22 փետրվարի, 2020
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը

ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը: Այս մասին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից: «Արդեն իսկ առկա է նման իրադրություններում գործողությունների ձևավորված համակարգ, և, անհրաժեշտության դեպքում, Իրանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ ՀՀ սահմանային անցակետերում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված հսկողությունը շարունակվում է»,- հայտնեցին ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման և 13 դեպք է գրանցել երկրում: Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։
18:49 - 21 փետրվարի, 2020
Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ |tert.am|

Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետությունում  կորոնավիրուս հայտնաբերելու դեպքերի հետ կապված «Մեղրի» անցակետում հսկողությունն էլ ավելի է ուժեղացվել, որպեսզի  կանխվի համաճարակի՝ Հայաստան ներթափանցումը: Այս մասին ասաց ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Լիանա Եղիազարյանը։«Կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգերից հետո Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անմիջապես քննարկել է ուժեղացված վերահսկողական  աշխատանքների անցնելու հարցերը։ Տեսչական մարմինը Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ-կետ ևս երկու  աշխատակից է  գործուղել»,- ասաց նա։Եղիազարյանի խոսքով՝ նկատի առնելով, որ Իրանում կան համաճարակային դեպքեր և որպես հարևան երկիր՝ դեպի Հայաստան հոսքը կարող է ավելանալ՝ Մեղրիի անցակետում երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն ավելի մեծ թիմով են իրականացվում, չնայած, որ նախկինում ևս հսկողություն եղել է։Բացի «Մեղրիի» անցակետից, մյուս անցակետերում ևս հսկողություն է սահմանված։ «Հատկապես, Չինաստանից եկողների համար լրացվում են հասցեական քարտեր, ստուգվում է բոլորի առողջական վիճակը, իսկ 37 և ավելի ջերմության դեպքում՝ մեկուսացվում և հոսպիտալացվում են»։
15:43 - 21 փետրվարի, 2020