Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է՝ կարեւոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության եւ ըմբռնման աստիճանը մեծ է: Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները։
13:05 - 22 հուլիսի, 2022
Բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ Բունդեսթագի փոխնախագահին

Բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ Բունդեսթագի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել և շեշտադրվել է ԱԺ-ի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:
13:19 - 20 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցեր

Ալեն Սիմոնյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախագահին փոխարինելու ընթացքում ընդունել նրա հավատարմագրերը՝ հավելելով, որ Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման և համագործակցության լավագույն խթանն է: Կողմերն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը՝ ելակետային համարելով փորձի փոխանակման և փոխայցերի կարևորությունը: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է բարեկամական խմբերի ակտիվ շփումները՝ առանցքային նշանակություն տալով Սերբիայի հետ սերտ համագործակցության ծավալմանը միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում: Քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
14:37 - 14 հուլիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության շարունակականությունը: «Մենք մշտապես հետեւում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը եւ չափազանց կարեւորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որեւէ այլ դրսեւորում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլեւ հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը եւ 2020 թ. աղետալի պատերազմի հետեւանքները: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան եւ տեղում կծանոթանա իրավիճակին, նաեւ կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ: Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը: Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը եւ սիրով ընդունել փոխադարձ հրավերը:
11:49 - 08 հուլիսի, 2022
Հասարակությունն ապացուցել է՝ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հասարակությունն ապացուցել է՝ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները. Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն Մեր պարտքն է հասնել իրավունքի եւ օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ: Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարեւոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում եւ առօրյա կյանքում»:
09:54 - 05 հուլիսի, 2022
Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին |tert.am|

tert.am: Կամ կգան, խելոք կնստեն կամ կզրկվեն մանդատներից այնքան ժամանակ, մինչև իրենց ցուցակից կգան նորմալ պատգամավորներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից և պաշտոնից զրկելու հարցին։ «Ես ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը, մարդն ասաց` ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի` մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չի։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանը ասաց․ «Ինչու Իշխան Սաղաթելյանը ընդդիմության առաջնո՞րդն էր, Սերժ Սարգսյանը անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց, այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան։ Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին մեր զոհասեղանին։ Ցավալի է, որ Հայաստանում այևս ընդդիմություն չկա»։ Սիմոնյանն անդրադարձավ նաև Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի խոսակցության հայտնի ձայնագրությանը, նշելով․ «Ես չեմ մեկնաբանելու անօրինական արված որևէ գործողություն, համարում եմ, որ անբարոյական կերպով արված այդ ձայնագրությունը ավելի շատ վնաս հասցրեց ձայնագրությունն անողին»։
13:00 - 30 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն: «Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելյան հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,-նշել է ԱԺ նախագահը: Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարեւորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարեւոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու շուրջ:
14:43 - 29 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից։ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ եւ արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն ընդգծել է մեկդարյա կուսակցության կենսունակության եւ ավանդույթների պահպանման կարեւորությունը եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել օրերս ԱԺ բակում Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն աջակցելու համար: Մտքեր են փոխանակվել Հայկական սփյուռքում` ներառյալ Մերձավոր Արեւելքը, Եվրոպան, Ամերիկան եւ Ավստրալիան, Ռամկավար ազատական կուսակցության պատմական եւ ներկա գործունեության ու ծրագրերի շուրջ: Հանդիպման ավարտին ՌԱԿ ատենապետը կուսակցության 100-ամյա խորհրդանշական հուշամեդալ է նվիրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
13:42 - 29 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մոտ օրերս ԱԺ-ն կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը |armtimes.com|

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մոտ օրերս ԱԺ-ն կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կքննարկենք խմբակցությունով ու վարչությունով՝ արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է, եւ կա երկու կարծիք։  Կա կարծիք, որ այսպես, թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն արդեն մանդատներից զրկել է: Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո ինչպե՞ս են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից եւ սպանել։ Նաեւ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենը, ինչ իրենք արեցին»,- ասաց Սիմոնյանը: Վերջինս հայտնեց՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10-ը: Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով, որը այժմ նաեւ բացահայտ կերպով են անում: «Առաջին օրվանից էլ սա պաշտոնակռիվ է: Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում եւ բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել. առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ: Նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, արել են, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք եւ այլն: Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու»,- շեշտեց ԱԺ նախագահը:Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չէր, փողոցային պայքար էր իրականացնում, բախումներ էին լինում եւ այլն, սակայն այդ ժամանակ ոչ ոք մանդատից զրկելու հարց չէր բարձրացնում: Սիմոնյանն էլ, արձագանքելով դիտարկմանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բացակայությունների թույլատրելի շեմը չէր անցել: Սիմոնյանը նաեւ շեշտեց՝ համեմատականներ տանելը տեղին չէ, որովհետեւ համաժողովրդական շարժումը Դաշնակցության եւ Հանրապետական կուսակցական աջակիցների պահվածքը անհամեմատելի են: «Ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից, թե՛ ժողովրդից: Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ինչպես իր ուսին հարվածելով՝ ասացին՝ ամեն ինչ ճիշտ ես անում. տարան դրեցին զոհասեղանին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
13:37 - 28 հունիսի, 2022
Հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Ալեքսեյ Գորդեեւին

Հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Ալեքսեյ Գորդեեւին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեեւի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, եւ հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը եւ չընդհատվող օրակարգերի առկայությունը: Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի եւ միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները: Հանդիպմանը քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարեւորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին:
11:38 - 28 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականների հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի և Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամների հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր առաջ է քաշում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման օրակարգ: Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող քննարկումների և հայտարարությունների, ինչպես նաև Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ» բանաձևի համար: Կողմերը քննարկել են օրակարգային առաջնահերթություններ ունեցող մի շարք հարցեր՝ ի նպաստ երկու երկրների բազմոլորտ համագործակցության խթանման: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Երևանում ADA-ի (Ավստրիական զարգացման գործակալության) լիարժեք համակարգող գրասենյակի բացմանը՝ գնահատելով դրա կարևորությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերներին հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ավստրիական ընկերություններին, որոնք կցանկանան մուտք գործել հայկական շուկա: Երկուստեք բարձրաձայնվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու շահագրգռվածությունը՝ առաջնահերթ նշանակություն տալով միջխորհրդարանական կապերի և շփումների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է ավստրիացի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար հարցերի լուծմանը: «Այս հարցերը ներառում են առնվազն 4 տասնյակ հայ ռազմագերիների և այլ ձերբակալվածների ազատ արձակումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանն Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը և կցուցադրի Ավստրիայի ներդրումը հակամարտությունների գոտիներում անհետացման վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերում»,- եզրափակել է նա: Գործընկերներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և այդ կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներին: 
17:59 - 25 հունիսի, 2022
Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական հարթակում նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա. տեղի են ունեցել ակտիվ փոխայցելություններ, հանդիպումներ նախագահների, վարչապետների, արտգործնախարարների մակարդակով: Նա հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Հայաստանի խորհրդարանի և Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի միջև, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դեր է խաղում հայ-ավստրիական երկկողմ օրակարգի գործում ինչպես դաշնային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետագա ամրապնդմանը: Այս իմաստով ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար: Զրույցի ընթացքում ելակետային են եղել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման, Ավստրիայի՝ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպանություն բացելու, Երևանում ավստրիական վիզային ծառայությունների բացման վերաբերյալ հարցերը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքով առաջացած բազում խնդիրներին՝ Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ողջունել է Ավստրիայի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Կողմերն անդրադարձել են նաև Ավստրիայի բազմադարյա հայ համայնքի կարևորությանը, որը հուսալի կամուրջ է երկու երկրների միջև: Քրիստին Շվարց-Ֆուքսը հպարտորեն ընդգծել է հայերի մեծ ներդրումն իրենց երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում: Հանդիպման ավարտին ԱՀ Դաշնային խորհրդի նախագահը կարևորել է ՀՀ ԱԺ նախագահի այցը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանի և Ավստրիայի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման համար: «Մենք շահագրգռված ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար բարենպաստ իրավիճակ լինի: Այս իմաստով կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր»,- նշել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
20:16 - 23 հունիսի, 2022
Մի խումբ պատգամավորներից բաղկացած պատվիրակություն է մեկնել Ստամբուլ

Մի խումբ պատգամավորներից բաղկացած պատվիրակություն է մեկնել Ստամբուլ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 15-ին կարգադրություն է ստորագրել, որով պատվիրակություն է գործուղել Ստամբուլ: Կարգադրության մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. 1. Միջխորհրդարանական միության՝ միգրացիայի հարցերին նվիրված համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 19-22-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանին, Ծովինար Վարդանյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանին: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
13:01 - 21 հունիսի, 2022
Ալեն Սիմոնյանը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են Սյունիքում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրությունները

Ալեն Սիմոնյանը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են Սյունիքում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրությունները

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջև 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ է դրել հայ-իրանական միջպետական համագործակցության զարգացման գործընթացին, որի հիմքը դեռևս հարյուրամյակներ առաջ էր ստեղծված: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար։ Նա երկուստեք կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ համաձայնելով, որ խորհրդարանների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում է փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը և երկրների միջև համագործակցության զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տարբեր հարթակներում Հայաստանը, մշտապես հաշվի առնելով բարեկամ Իրանի շահերը, հնարավորինս աջակցել է նրա դիրքորոշմանը և ակնկալում է համապատասխան վերաբերմունք Իրանից՝ հավելելով, որ հայ-իրանական համագործակցությունը միշտ նպաստել և նպաստելու է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին ու չլուծված բազմաթիվ հումանիտար խնդիրներին, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցին: «Կարծում եմ, որ Իրանի՝ բարեկամ պետության անաչառ մոտեցումը միջազգային և տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ լուրջ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը մեծապես կարևորվել է Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը և ակնկալվել դրա արդյունքում երկկողմ հարաբերությունների հնարավոր էական առաջընթացը բոլոր ուղղություններով: Քննարկմանը կողմերը խոսել են ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրություններից: Այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաև, փոխադարձաբար, Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:
19:07 - 16 հունիսի, 2022