Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|
14:07 - 02 նոյեմբերի, 2022

Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արած հայտարարություններին:

«Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի արտահայտություններին, ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա, և մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ, որ նա շատ լուրջ ներքին խնդիրներ ունի, և ես ենթադրում եմ, որ Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է: Ցավում եմ»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լուկաշենկոյին, սակայն  տեսագրությունը հանրությանը չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է նրան, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ պարզաբանում ստանալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան անցանկալի ճանաչելու կապակցությամբ, Սիմոնյանն ասաց, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ:

«Ես տեղեկություն չունեմ, որ այդպիսի դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ՝ եթե դիմում լինի, համարժեք պատասխանը կլինի, և ես կարծում եմ՝ այդ որոշումը շատ տեղին է, և կարելի է ասել՝ մի քիչ ուշացած: Կարծում եմ՝ էլի մարդիկ կան, որոնք ՀՀ շահերը ոտնահարելով պետք է գիտակցեն, որ այլևս իրենք ՀՀ-ում անցանկալի անձ են»,- նշեց ԱԺ նախագահը:

Նա սակայն ընդգծեց, որ այդ քայլով չպետք է ֆիքսել, որ ՌԴ-ն այլևս մեզ համար անցանկալի պետություն է:

«Նման բան գոյություն չունի. այո՛, կան հարցադրումներ, որոնք մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար, բայց մի՛ տարեք այն ուղղությամբ, որ դա նշանակում է, որ մենք այլևս դաշնակից պետություններ չենք: Մենք ՌԴ-ից ակնկալում ենք իրենց պայմանագրերով և իրենց ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա ռեալ քայլեր, և մենք, կարելի է ասել, այդ ուղղությամբ ենք քայլերն անում»,- նշեց նա: 

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը ՌԴ իր գործընկերների հետ հանդիպումներին նշում է, որ ՀՀ-ում այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է, ինչի հետ նրանք համաձայն են:

«Վերջին այցի ժամանակ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Այսօր մենք ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ»,- ասաց ԱԺ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել