Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը ասել է, որ խաղաղ համակեցությունը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։  «Ադրբեջանի համար դա կարևոր է այն առումով, որ կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր է նաև Հայաստանի համար․ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ պետք է հարևանների հետ հարաբերություններին տալ ժամանակակից բնույթ, ինչը նախապայմաններ կստեղծի այդ երկրների հետ խաղաղ համակեցության և երկրի տնտեսական զարգացման համար։ Հնարավո՞ր է դա անել․ հնարավո՛ր է»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ արյունահեղությունը դադարեցնելու համար․ «Մեր խաղաղապահների շնորհիվ մոտ 50 հազար տեղահանվածներ ի վիճակի են եղել վերադառնալ հայրենիք»։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։ «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Պետք է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ․․․ որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։ Դա պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններով, որոնք, սակայն, ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
23:21 - 21 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար:«Ի վերջո նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։ Բայց բանը միայն սրանում չէ, թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այդուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները, ուզում եմ ընդգծել սա։ Եվ սա բոլորի շահերից է բխում», - ասել է Պուտինը:Նա մանրամասնել է, որ այս դեպքում հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։ 
23:04 - 21 հոկտեմբերի, 2021
Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
19:21 - 21 հոկտեմբերի, 2021
Անհասկանալի ու լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմին. ՀՀ նախագահն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին

Անհասկանալի ու լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը 44-օրյա պատերազմին. ՀՀ նախագահն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորել է քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում: Նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է: Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. Հոկտեմբերին՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:
16:34 - 21 հոկտեմբերի, 2021
Տեղահանված արցախցիները ՀՀ ազգային ժողովում բարձրացրին իրեն հուզող խնդիրները |armenpress.am|

Տեղահանված արցախցիները ՀՀ ազգային ժողովում բարձրացրին իրեն հուզող խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Արցախի 44-օրյա պատերազմի hետևանքով բռնի տեղահանված արցախցիները բարձրացրին իրենց հուզող խնդիրները ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված ՝ տեղահանված արցախցիների հարցով քննարկմանը:  «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ ղեկավար Մերի Դավթյանը նկատեց՝ պետությունն ինչ-որ ձևերով փորձում է լուծել տեղահանված արցախցիների սոցիալական հարցերը: «Մենք էլ հասարակական մակարդակում փորձում ենք ինչ-ինչ ծրագրեր անել, բայց մեզ համար կարևոր է քաղաքական կայունությունն ու որոշակիությունը»,- ասաց նա:  Դավթյանը շեշտեց՝ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգ կա հիմա, ինչ ուղղությամբ են տարվում աշխատանքները: «Մենք չգիտենք, թե Արցախի ճանաչման հարցը երբ է նորից մտնելու օրակարգ: Պետք է հասկանանք՝ երբ են մտադիր այդ ուղղությամբ ավելի վճռական քայլեր անելու»,-ասաց նա: «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպության համար սկզբունքային է տեղահանված արցախցիների կարգավիճակի հարցը: «Մեզ համար դա չի կարող լինել փախստականի կարգավիճակ: Կլինի ներքին տեղահանվածի, թե այլ կարգավիճակ՝ չեմ պատկերացնում: Բայց այն, որ մենք հիմա պետք է ունենանք ինչ-որ կարգավիճակ, դա միանշանակ է»,- ասաց նա: Նա դժգոհեց տեղահանված արցախցիների համար իրականացված սոցիալական ծրագրերից: «Մենք լսում ենք, որ շատ մարդիկ, որոնք արդեն տարիներ շարունակ չեն ապրել նույն Քաշաթաղի շրջանում, կարողացել են շատ ծրագրերից օգտվել, իսկ մարդիկ, որոնք մինչև վերջ ապրել են այդ շրջանում, այսօր չեն կարողանում այդ ծրագրերի շահառու դառնալ»,-ասաց Մովսիսյանը: Նա շեշտեց՝ այսօր խախտված են տեղահանվածների իրավունքները: «Եթե գոնե մի քանի ամիս առաջ, չեմ ասում հենց պատերազմից հետո, լուծվեր մարդկանց բնակարանային հարցը, այսօր մարդիկ շատ ավելի հանգիստ և շատ ավելի ապահով կզգային իրենց, հանգիստ կաշխատեին և կպահեին իրենց ընտանիքները»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը: Քննարկման մասնակիցներից Աշոտ Հարությունյանն էլ հիշեց ակցիաներին հադրութցիներից լսած խոսքերը. «Հադրութցին ճիշտ է ասում՝ ինձ համար կամ Ստեփանակերտի Աջափնյակը, կամ Երևանի Աջափնյակը, որևէ տարբերություն չկա, ես իմ Հադրութն եմ ուզում»: Քննարկման մասնակիցները առաջ քաշեցին ևս մի շարք հարցեր:
13:42 - 21 հոկտեմբերի, 2021
Արցախի ԱԺ պատգամավորի կարծիքով տեղահանված անձանց համար իրականացված սոցիալական ծրագրերը հասցեական չեն |armenpress.am|

Արցախի ԱԺ պատգամավորի կարծիքով տեղահանված անձանց համար իրականացված սոցիալական ծրագրերը հասցեական չեն |armenpress.am|

armenpress.am: Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների ճիշտ գնահատման կարիք է տեսնում: Հակոբյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում Արցախից տեղահանված անձանց հարցով քննարկմանը: Ըստ պատգամավորի՝ հենց սկզբից չի կատարվել այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական կարիքների գնահատում: «Ծրագրերը եղել են անձին վերաբերվող, և երբևէ կարիքներն ամբողջական չեն գնահատվել, ընտանիքի կարիքներին լուծում չի տրվել»,-ասաց Հակոբյանը:   Նա նկատեց՝ չկան հստակ թվեր, թե օրինակ բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներից քանիսին են ցանկանում վերադառնալ Արցախ: Ըստ նրա՝ լուծումները տրվել են տարերայնորեն: Արցախցի պատգամավորը խնդրի լուծումը տեսնում է հետևյալ կերպ. «Արագ տեմպերով ներգրավելով ՀՀ-ում օպերատիվ շտաբին՝ շատ արագ կատարել ընտանիքների կարիքների գնահատում և դրանք խմբավորել ըստ առաջնահերթության ու տալ լուծումներ»: Հակոբյանը նշեց՝ նույն խնդիրը կա նաև Արցախում: «Պետք է իրականացվի կարիքների գնահատում: Պետք է առաջնորդվել ոչ թե սոցիալ-հավասարության սկզբունքով, այլ՝ սոցիալական արդարության սկզբունքով»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ Արցախում ոչ հասցեական, տարերային սոցիալական ծրագրեր են իրականացվել ընտանիքների համար:
11:30 - 21 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին. կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին. կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը

Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա  առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված եւ օրինակելի փորձ են կուտակել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է  բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձեւաչափում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո  կարգավորելու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել ճեպազրույցով:  
21:16 - 20 հոկտեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և մի խումբ անդամների, ինչպես նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում պետական նախարարը ներկայացրել է հետպատերազմյան վերականգնման աշխատանքներն Արցախում, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերը և հիմնական հումանիտար կարիքները: Արտակ Բեգլարյանը կարևորել է Սփյուռքի շարունակական ընդգրկվածությունը Հայրենիքի վերականգնման ու զարգացման գործում՝ շեշտադրելով, որ դա չպետք է արտահայտվի զուտ նյութական տեսքով, այլ՝ առաջնահերթորեն մարդկային կապիտալի ներդրմամբ: Պատասխանելով Արցախի անվտանգության երաշխիքների ապահովման գործում ՌԴ խաղաղապահների երկարաժամկետ դերակատարությանն առնչվող հարցին՝ պետական նախարարը նշել է, որ առ այսօր ՌԴ ակտիվ ու կառուցողական ջանքերը և խաղաղապահների ռազմաքաղաքական երաշխիքներն ապահովում են շուրջ 120,000 բնակչության կենսագործունեությունն Արցախում: Նա ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ու նկրտումների պայմաններում խաղաղապահների երկարաժամկետ ներկայության ու մանդատի հարցում գլխավոր գործոնը Արցախի բնակչության ցանկությունն է, որն առարկելիորեն հակված է խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմանը:  Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման և ԱՀ անկախության միջազգային ճանաչման առաջնահերթություններով: Պետական նախարարը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, նրա հետ քննարկել Արցախի բռնազավթված տարածքներում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և արցախցիների հոգևոր կյանքի ակտիվացմանն ու հոգեբանական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նշված և այլ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ Արցախում հումանիտար և զարգացման ծրագրերի իրականացման վերաբերյալ:
18:12 - 20 հոկտեմբերի, 2021
Արցախի նախագահն այցելել է Թաղավարդ համայնք, քննարկվել են նաև տեղահանվածների բնակարանային հարցերը

Արցախի նախագահն այցելել է Թաղավարդ համայնք, քննարկվել են նաև տեղահանվածների բնակարանային հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով  ապահովելու  հարցը: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ  առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները: Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
16:02 - 20 հոկտեմբերի, 2021
Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի։   Ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում կամ  Արցախի Հանրապետությունում։ Աջակցությունը տրամադրվելու է 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝   երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ, մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։ Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաներին, ում դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ)  որևէ մեկի շահառու է։ Հարկ է նկատի ունենալ, որ մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը կտրամադրվի նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին: Աջակցությունը կվճարվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Դիմումները կընդունվեն առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով․ ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
17:19 - 19 հոկտեմբերի, 2021
Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ ձերբակաված ԱՀ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, քանի որ վերջինիս մոտ բացակայել է հանցավոր դիտավորությունը

Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ ձերբակաված ԱՀ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, քանի որ վերջինիս մոտ բացակայել է հանցավոր դիտավորությունը

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ.Ա.-ն: Քրեական գործի հարուցման փուլում և դրանից հետո ձեռք բերված տվյալների հիման վրա վերջինս կասկածվել էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ նրանց ներկայացուցիչներին` ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվելու և ազատ տեղաշարժվելու տեսարաններ երևացող տեսանյութեր տրամադրելու մեջ: «Քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կառավարվող` սոցիալական ցանցերում ակտիվ մի շարք օգտատերեր, տարբեր հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեցող անձանց համար գրավիչ ֆեյսբուքյան էջ ձևավորելուց հետո, ինտիմ շփումների ակնկալիք ձևավորելու, սիրային կապ հաստատելու կամ շահավետ բիզնես առաջարկով հրապուրելու եղանակով սերտ կապ են ստեղծել արցախյան տարբեր օգտատերերի հետ և մոլորեցնելու եղանակով ձևավորած վստահության շրջանակում խնդրել ու ստացել կամ փորձել են ստանալ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հասարակական տարբեր վայրեր պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ` դրանք իբրև գովազդային կամ Արցախի Հանրապետության օգտին օգտագործելու կեղծ խոստումներով: Հետագայում այդ տեսանյութերը մոնտաժելու և քարոզչական խոսք ավելացնելու եղանակով վեր են ածվել արցախցիներին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվական գրոհ իրականացնելու համար գործիքի ու տարածվել լայն լսարանի համար հասանելի սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով»,- այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: Նշվում է՝ նկատի ունենալով, որ ԱՀ քաղաքացի Մ.Ա-ի գործողությունները մոլորության հետևանք էին և վերջինիս մոտ բացակայում էր հանցավոր դիտավորությունը, ուստի նախաքննական մարմնի կողմից սույն թվականի հոկտեմբերի 13-ին որոշում էր կայացվել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: ԱՀ դատախազությունը մեկ անգամ ևս կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի օգտատերերի հետ շփումներից, նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը, բացառել նման օգտատերերին որևէ տեսակի տեղեկության փոխանցումը` անկախ ներկայացվող շարժառիթներից ու նպատակներից: Անհրաժեշտ է գիտակցել, որ նման ցանկացած` նույնիսկ անզգույշ արարք, կարող է վնաս հասցնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը:  
17:37 - 18 հոկտեմբերի, 2021
Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

armtimes.com: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքը հայտնում է, որ զրույցի ընթացքում, այլ հարցերից զատ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման շուրջ, այդ թվում՝ քննարկում է եղել հումանիտար իրավիճակի վերաբերյալ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ներուկրաինական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտիներում։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
15:27 - 18 հոկտեմբերի, 2021