Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի

Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցություն կտրամադրվի։   Ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում կամ  Արցախի Հանրապետությունում։ Աջակցությունը տրամադրվելու է 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝   երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ, մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։ Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաներին, ում դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ)  որևէ մեկի շահառու է։ Հարկ է նկատի ունենալ, որ մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը կտրամադրվի նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին: Աջակցությունը կվճարվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Դիմումները կընդունվեն առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով․ ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
17:19 - 19 հոկտեմբերի, 2021
Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ ձերբակաված ԱՀ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, քանի որ վերջինիս մոտ բացակայել է հանցավոր դիտավորությունը

Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ ձերբակաված ԱՀ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, քանի որ վերջինիս մոտ բացակայել է հանցավոր դիտավորությունը

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ.Ա.-ն: Քրեական գործի հարուցման փուլում և դրանից հետո ձեռք բերված տվյալների հիման վրա վերջինս կասկածվել էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ նրանց ներկայացուցիչներին` ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվելու և ազատ տեղաշարժվելու տեսարաններ երևացող տեսանյութեր տրամադրելու մեջ: «Քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կառավարվող` սոցիալական ցանցերում ակտիվ մի շարք օգտատերեր, տարբեր հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեցող անձանց համար գրավիչ ֆեյսբուքյան էջ ձևավորելուց հետո, ինտիմ շփումների ակնկալիք ձևավորելու, սիրային կապ հաստատելու կամ շահավետ բիզնես առաջարկով հրապուրելու եղանակով սերտ կապ են ստեղծել արցախյան տարբեր օգտատերերի հետ և մոլորեցնելու եղանակով ձևավորած վստահության շրջանակում խնդրել ու ստացել կամ փորձել են ստանալ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հասարակական տարբեր վայրեր պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ` դրանք իբրև գովազդային կամ Արցախի Հանրապետության օգտին օգտագործելու կեղծ խոստումներով: Հետագայում այդ տեսանյութերը մոնտաժելու և քարոզչական խոսք ավելացնելու եղանակով վեր են ածվել արցախցիներին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվական գրոհ իրականացնելու համար գործիքի ու տարածվել լայն լսարանի համար հասանելի սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով»,- այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: Նշվում է՝ նկատի ունենալով, որ ԱՀ քաղաքացի Մ.Ա-ի գործողությունները մոլորության հետևանք էին և վերջինիս մոտ բացակայում էր հանցավոր դիտավորությունը, ուստի նախաքննական մարմնի կողմից սույն թվականի հոկտեմբերի 13-ին որոշում էր կայացվել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: ԱՀ դատախազությունը մեկ անգամ ևս կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի օգտատերերի հետ շփումներից, նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը, բացառել նման օգտատերերին որևէ տեսակի տեղեկության փոխանցումը` անկախ ներկայացվող շարժառիթներից ու նպատակներից: Անհրաժեշտ է գիտակցել, որ նման ցանկացած` նույնիսկ անզգույշ արարք, կարող է վնաս հասցնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը:  
17:37 - 18 հոկտեմբերի, 2021
Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

Լավրովը ԼՂ-ում տիրող իրավիճակի ու տարածաշրջանային հարցերի շուրջ խոսել է ԿԽՄԿ ղեկավարի հետ |armtimes.com|

armtimes.com: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքը հայտնում է, որ զրույցի ընթացքում, այլ հարցերից զատ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման շուրջ, այդ թվում՝ քննարկում է եղել հումանիտար իրավիճակի վերաբերյալ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ներուկրաինական և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտիներում։ Կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
15:27 - 18 հոկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսով վարակված 11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 30-ինը՝ ծանր

Արցախում կորոնավիրուսով վարակված 11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 30-ինը՝ ծանր

Հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր: Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք մեկ մահվան դեպք։ Հիվանդը 84-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 543 քաղաքացու հետազոտություն, որից 1369-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
13:44 - 18 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ |tert.am|

Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76ՄԴ օդանավերով Երևան է հասցվել հերթական հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղում բնակվող բազմազավակ և տեղահանված ընտանիքների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:Հումանիտար օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և Հայաստան է ուղարկվել Մոսկվայի մարզում գտնվող «Չկալովսկի» օդակայանից:«Ներկա պահին իրականացվում է հումանիտար օգնության բեռնումը պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցներում՝ Ստեփանակերտ տեղափոխելու համար»,- ասել է ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:Նշվում է, որ հումանիտար ուղեբեռն օգնություն է նախատեսում նաև առանձին շրջանների կրթական հաստատությունների համար, որոնք ամենից շատ վերականգնման կարիք ունեն:
11:23 - 18 հոկտեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանն այցելել է վիրավոր 6 զինծառայողներին

Արտակ Բեգլարյանն այցելել է վիրավոր 6 զինծառայողներին

Այսօր առավոտյան ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել ենք երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է Արցախի պետաական նախարար Արտակ Բեգլարյանը   «Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար: Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները: Առողջություն բոլորին»,-գրել է նա։
18:27 - 15 հոկտեմբերի, 2021
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ

Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի  ներգրավմանն առնչվող հարցեր։
17:21 - 15 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել

Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել

2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, երկու և ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և ուրիշի գույքը զգալի չափերով դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով, ազգային ատելության շարժառիթներով, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ:Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, արդյունքում վնասվել է նշված մարտական դիրքի վրանը, ինչպես նաև տարբեր աստիճանի բեկորային և հրազենային վիրավորումներ են ստացել նույն մարտական դիրքում հերթապահություն իրականացնող 9 զինծառայողներից 6-ը: Սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել հակառակորդի զինծառայողների կամքից անկախ հանգամանքներում։Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն, կատարվում են այլ քննչական գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈՒ հանցավոր գործողությունների լիարժեք հանգամանքները պարզելու նպատակով։Հայ֊ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱՀ ՊԲ զինծառայողների սպանության, հարակից բնակավայրերի բնակչությանն ահաբեկելու,  բնականոն կյանքը խաթարելու ակնհայտ նպատակ ունեցող հանցավոր սադրանքի միջոցով հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ առկա տվյալները ևս փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին: Նրանց հետ ձևավորվել է օպերատիվ կապ:Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունն իր պատրաստակամությունն է հայտնում դեպքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից այլ տվյալներ ներկայացվելու դեպքում դրանք ևս դարձնել անաչառ քննության առարկա:   
16:35 - 15 հոկտեմբերի, 2021
Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը. ԱՀ ՄԻՊ

Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել․ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Երկու զինծառայողների վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։ Առավոտյան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և Հանրապետական բժշկական կենտրոնում այցելել եմ տղաներին և ծանոթացել նրանց իրավիճակին․ կատարված վիրահատություններից հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմից թիրախավորվել է նաև ԱՀ Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, որի հետևանքով տուժողներ չկան: Այս միջադեպի կապակցությամբ հարկ է հատուկ նշել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հերթական անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, այլև հստակ թիրախավորել է հումանիտար գործառույթ իրականացնող օբյեկտ, որը միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո է։ Գրանցված միջադեպերը  հերթական անգամ ապացուցում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և լկտի պահվածքը և նրանց նպատակադրությունը ուժի կիրառմամբ և առհասարակ բոլոր մեթոդներով խաթարելու բնականոն կյանքը Արցախում, հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու Արցախի հայությանը։ Հատկանշական է, որ ադրբեջանական զինված  ուժերի կողմից ուղիղ թիրախային հարված է հասցվել Արցախի ՊԲ այն հենակետի ուղղությամբ, որը տեղակայված է Նորշեն խաղաղ բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա։ Սա ինքնին փաստում է, որ հայ զինծառայողները իրականացնում են բացառապես խաղաղ բնակչության կյանքի, առողջության իրավունքի պաշտպանության գործառույթ, այնինչ մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերը իրենց ներկայությամբ ու ագրեսիվ պահվածքով ուղիղ սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակավայրերի համար։ Դրանց անհապաղ հեռացումը կարևոր է քաղաքացիական բնակչության իրավուքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ խաղաղության պահպանման առաքելությամբ Արցախում տեղակայված ռուսական ուժերը և միջնորդները պետք է ունենան ոչ թե միջադեպերը պոստ-ֆակտում արձանագրելու գործառույթ, այլ հրադադարի խախտման ցանկացած միջադեպ արդյունավետ հետաքննելու և դրանց կրկնությունը կանխելու իրավասություն և հստակ մեխանիզմներ։ Խաղաղության իրական պահպանման տեսանկյունից  շատ կարևոր է նաև ռուսական խաղաղապահ հենակետերի մշտական տեղակայումը և ներկայությունը Արցախի սահմանային դարձած բոլոր բնակավայրերում։ Գրանցված միջադեպերը ևս մեկ արձանագրումն են այն բանի, որ խաղաղ գոյակցության շուրջ ադրբեջանական թեզերը կեղծ են, առանց այդ ուղղությամբ  իրական նպատակների, և միտված են թոզ փչելու միջազգային հանրության և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կողմերի աչքերին։ Խաղաղության և համակեցության վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները լոկ խոսքեր են, որոնց տակ Ադրբեջանը առաջ է մղում իր հայատյաց, ցեղասպան և ֆաշիստական օրակարգը։ Միջազգային կազմակերպությունները, առանձին պետությունները բաց աչքերով պետք է նայեն առկա իրավիճակին և կողմերի իրական նպատակներին և գործողություններին՝ չտրվելով ադրբեջանական մանիպուլյացիաներին։ Նրանց անտարբերությունը վերջնականապես խորտակում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրակարգը և վտանգի տակ դնում դրա կիրառական նշանակությունը՝ այն վերածելով լոկ գեղեցիկ խոսքերի բառակույտի՝ առանց այն պաշտպանելու իրական ցանկության և վճռականության»։
15:06 - 15 հոկտեմբերի, 2021
Վերջերս կտրուկ փոփոխվել է ադրբեջանական կրակոցների ուղղությունը․ թիրախը՝  մարդկային կյանքեր․ դիմահար կրակոցներն արձանագրել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկները․ ԱՀ ԱԱԾ

Վերջերս կտրուկ փոփոխվել է ադրբեջանական կրակոցների ուղղությունը․ թիրախը՝ մարդկային կյանքեր․ դիմահար կրակոցներն արձանագրել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկները․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հայտատարություն է տարածել․ «Ադրբեջանական կողմը շարունակում է սադրիչ ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունները 2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում: Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է): Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար: Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից: Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն»:  
14:57 - 15 հոկտեմբերի, 2021