Լիտվա

Արսեն Թորոսյանը Վիլնյուսում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Արսեն Թորոսյանը Վիլնյուսում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ։   Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ խոսել են հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին․   «Քննարկել ենք նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հարցը։   Անդրադարձ եղավ նաև մեր տարածաշրջանում եղած անվտանգային իրավիճակին։   Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային շնորհակալություն հայտնեցի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-14-ը իրականացված ագրեսիան դատապարտող հայտարարության համար։   Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությանը, որպես տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմ։ Հատուկ շեշտեցի, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության երկու երկրների միջև։   Հ.Գ. պաշտոնական հանդիպումներից զատ, նաև ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել Լիտվայի առողջապահության նախկին նախարար, այժմ Սեյմի պատգամավոր Աուրելիուս Վերիգայի հետ, ում հատուկ շնորհակալություն եմ հայտնել կովիդի առաջին ալիքի ժամանակ մեր երկրին տրամադրած մեծ օժանդակության համար, երբ մեր համար ամենածանր ժամանակահատվածում լիտվացի բուժաշխատողների խումբը օգնության հասավ հայ բուժաշատողներին»,- գրել է Թորոսյանը։
16:09 - 19 նոյեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը լիտվացի պաշտոնյաներին ներկայացրել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները

Արմեն Գրիգորյանը լիտվացի պաշտոնյաներին ներկայացրել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ:   Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:    «Քննարկել ենք Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն և մտքեր ենք փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերոնշյալի շրջանակներում զրուցակիցներին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները»,- գրել է Գրիգորյանը:   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Լիտվա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:  
09:49 - 10 նոյեմբերի, 2022
Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը |hetq.am|

hetq.am: Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ «Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։  Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բռնազավթված բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:12 - 02 հոկտեմբերի, 2022
Առաջարկում ենք Հայաստանին դիտարկել Ռուսաստանի հետ ցանկացած միությունից դուրս գալու հնարավորություն․ Լիտվայի սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խումբ
 |factor.am|

Առաջարկում ենք Հայաստանին դիտարկել Ռուսաստանի հետ ցանկացած միությունից դուրս գալու հնարավորություն․ Լիտվայի սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խումբ |factor.am|

factor.am: Լիտվայի Հանրապետության սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խումբը հայտարարություն է տարածել Հայաստանի աշխարհաքաղաքական ինքնորոշման մասին։ «Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ին գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին եւ հատուկ նշանակության ենթակառուցվածքներին: Կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական ուժի, պատերազմի եւ ատելություն սերմանող հռետորաբանության կիրառումը, եւ հավատարիմ մնալ 2020 թ. ստանձնած պարտավորություններին: Հիշեցվում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը վերաբերում էր կրակի դադարեցմանը: Հիշեցվում է, որ այդ հայտարարության գործող դրույթների համաձայն՝ Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, այդ թվում՝ 2022 թ. օգոստոսի 31-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին, որի ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ներկայությամբ կողմերը պայմանավորվել են սկսել խաղաղության պայմանագրի նախագծի մշակումը, որը հակամարտության կայուն լուծման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման միակ ճանապարհն է՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով: Նշվում է, որ ժամանակակից ռազմական էսկալացիան եւս մեկ անգամ հաստատում է մինչեւ 2021 թ. գոյություն ունեցող դիրքորոշումը՝ զինված ուժերի շտապ դուրսբերման անհրաժեշտությունը: Հիշեցվում է մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը՝ նախաձեռնելով միջազգային մանդատով մոնիթորինգի առաքելություն, որը սահմանամերձ տարածաշրջանում կայունացնում է իրավիճակը: Ընդգծվում է, որ Հայաստանի տարածքի բնագծային խախտումները, ռազմական ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը եւ անթույլատրելի են: Այդ ագրեսիան խարխլում է հակամարտության խաղաղ, կայուն եւ համապարփակ լուծման եւ հարավկովկասյան պետությունների հաշտեցման համար պայմանների ստեղծման առաջնահերթությունը, նրանց անվտանգության եւ բարգավաճման համար բացված պատմական հնարավորությունը եւ նպաստում է ամբողջ տարածաշրջանի եւ նրա պետությունների ճակատագրերը շահարկելուն: ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրներին կոչ է արվում դիտարկել տարածաշրջանային խաղաղապահ նոր նախաձեռնությունները Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման համար: Ընդգծվում է, որ այն ժամանակ, երբ Ուկրաինային ամբողջ արեւմտյան քաղաքակրթությունը պաշտպանում է Կրեմլի իմպերիալիզմից, Հայաստանի հետագա ներկայությունը ֆաշիստական Ռուսաստանի հետ ցանկացած ռազմական եւ քաղաքական դաշինքներում թուլացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը՝ նրան ավելի ու ավելի մեկուսացնելով ժողովրդավարական աշխարհի աջակցությունից: Առաջարկվում է Հայաստանին դիտարկել Ռուսաստանի հետ ցանկացած միությունից դուրս գալու հնարավորությունը եւ, միաժամանակ, ակտիվ բանակցություններ սկսել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այդ կազմակերպությունների հետ՝ խնդրելով ապահովել Հայաստանի անվտանգ ապագան»,- ասված է հաղորդագրությունում։
17:01 - 16 սեպտեմբերի, 2022
Բալթյան երկրները պայմանավորվել են ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ
 |hetq.am|

Բալթյան երկրները պայմանավորվել են ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ |hetq.am|

hetq.am: Էստոնիան, Լատվիան և Լիտվան հասել են սկզբունքային պայմանավորվածության Ռուսաստանի և Բելառուսի տարածքներից շենգենյան վիզայով ռուսաստանցիների մուտքի սահմանափակումների շուրջ։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչսը։  Նա նշել է, որ արգելքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Ռինկեվիչսի խոսքով՝ բացառություն կարվի բեռնատարների վարորդների, դիվանագետների և այն ռուսաստանցիների համար, որոնք այդ երկրներ են մեկնում ընտանեկան և մարդասիրական նպատակներով։ «Որոշումները կկայացվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան և ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,- գրել է Ռինկեվիչսը։ Նախօրեին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր Ռուսաստանի հետ վիզայի տրամադրման հեշտացված կարգի մասին համաձայնագրի գործողության ամբողջական դադարեցման առաջարկի տեքստը։ Նոր ռեժիմը կարող է սկսել գործել արդեն սեպտեմբերի 12-ից։  
15:34 - 07 սեպտեմբերի, 2022
Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը

 |armenpress.am|

Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Լիտվան պաշտպանում է Թայվանի նեղուցում ստեղծված իրադրության շուրջ G7-ի երկրների հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է այցով կղզում գտնվող Լիտվայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Ագնե Վայչյուկյավիչյուտեն: Ավելի վաղ G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Թայվանի նեղուցում ՉԺՀ-ի «սպառնալից» գործողությունների, մասնավորապես, զորավարժությունների առնչությամբ, որոնք կարող են հանգեցնել էսկալացման: «Յոթնյակի» ԱԳ նախարարները նաեւ կարծիք են հայտնել, որ ՉԺՀ-ի «էսկալացիոն» արձագանքը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին, վտանգում է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ի պատասխան ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը կարող է վերանայել իր վերաբերմունքը G7-ի երկրների հետ երկխոսության նկատմամբ, եթե նրանք չվերանայեն իրենց դիրքորոշումը Թայվանում ստեղծված իրադրության հարցում: «Լիտվիան պաշտպանել է G7-ի հայտարարությունը, որն արվել է անցած շաբաթ»,- հայտարարել է Վայչյուկյավիչյուտեն, որի խոսքը մեջբերում է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը: Լիտվայի քաղաքական գործիչը Թայբեյը համարել է Վիլնյուսի «շատ մերձավոր բարեկամը» եւ «հուսալի գործընկերը», նշելով, որ երկիրը կշարունակի հնարավորություններ փնտրել Թայվանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանական շուկաների ընդլայնման ուղղությամբ ջանքերի շրջանակներում հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:23 - 12 օգոստոսի, 2022
ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:   «Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։   Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:   Բարձր եմ գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունքները և կարևորել եմ դրանց շարունակականության ապահովումը»,- նշված է գրառման մեջ:  
16:40 - 20 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանն դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները

Ռուբեն Ռուբինյանն դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
16:37 - 08 հուլիսի, 2022
Լիտվան պատրաստ է ՌԴ պատասխան գործողություններին՝ դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքի առնչությամբ

Լիտվան պատրաստ է ՌԴ պատասխան գործողություններին՝ դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցման արգելքի առնչությամբ

Լիտվան պատրաստ կլինի, եթե Ռուսաստանը նրան անջատի տարածաշրջանային էլեկտրացանցից՝ ի պատասխան ՌԴ մյուս շրջաններից Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադ ռուսական որոշ ապրանքների տարանցման արգելքին, սակայն ռազմական առճակատում չի ակնկալվում, ասել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան Reuters-ին։ «Մենք պատրաստ ենք և նախապատրաստվել ենք Ռուսաստանի [պատասխան] գործողություններին, օրինակ՝ ԲՌԷԼԼ համակարգից (էլեկտրացանց – խմբ․) մեզ անջատելուն և այլ քայլերին», — հայտարարել է նա։ Այս հայտարարությունը հաջորդել է Կրեմլի նախազգուշացմանը, որ Մոսկվան միջոցներ է ձեռնարկելու՝ ի պատասխան Լիտվայի արգելքի։ Այն մասին, որ Ռուսաստանի մյուս շրջաններից բեռների տարանցումը դեպի Կալինինգրադի շրջան զգալիորեն կրճատվելու է Լիտվայի իշխանության կողմից, հայտնի է դարձել նախորդ շաբաթ։ Կալինինգրադի շրջանի ղեկավար Անտոն Ալիխանովի խոսքով՝ դա վերաբերում է տարանցիկ ապրանքների 40-50%-ին։ Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք հայտնվել են Ռուսաստանի դեմ ԵՄ կիրառած պատժամիջոցների ցանկում։   Նորա Վանյան
17:59 - 22 հունիսի, 2022