ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից:  Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրների, զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ: Ամփոփ անդրադարձ է եղել նաև այս շաբաթավերջին նախատեսված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որի շրջանակում ներկայացվելու է Հայաստանի ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները: ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Յուրի Հովհաննիսյանը հանդես է գալու «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:
13:09 - 28 ապրիլի, 2022
ԼՂ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. ՅՈՒԵՆՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչ

ԼՂ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. ՅՈՒԵՆՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ապրիլի 4-ին ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես եկավ ելույթով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Իր ելույթում դեսպանն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվեց, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի աշխատանքը՝ ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում Արցախի խաղաղ բնակչությունը մատնվել էր իրական հումանիտար աղետի։ Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն հայտնեց մարտի 24-ին և 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու և Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղ ներթափանցելու դեպքերի առնչությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության և ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է, որն ուղեկցվում է հայկական մշակութային արժեքների նկատմամբ ավերածությունների և վանդալիզմի գործողությունների իրականացմամբ ու հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։ Նշվեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետական առաքելութան իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ տեղում ականատես լինելու հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացված ավերածություններին և վանդալիզմի այլ գործողություններին։ Դեսպանի կողմից վերահաստատվեց ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ։
16:08 - 05 ապրիլի, 2022
Համաշխարհային ժառանգությունը վտանգված է ուկրաինական պատերազմի պատճառով․ ՅՈւՆԵՍԿՕ

Համաշխարհային ժառանգությունը վտանգված է ուկրաինական պատերազմի պատճառով․ ՅՈւՆԵՍԿՕ

Տասնյակ եկեղեցիներ, պատմական հուշարձաններ և թանգարաններ են տուժել Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ն։ Կառույցը նշել է, որ առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Ուկրաինայի Չեռնիգով քաղաքը։ «Մեզ մեծապես անհանգստացնում է իրավիճակն ինչպես հումանիտար, այնպես էլ՝ մշակութային ժառանգության մակարդակում։ Մարդկության ժառանգությունն [Ուկրաինայում] վտանգված է», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով օգնական Էռնեստո Օտտոնեն։ ՄԱԿ մշակութային կառույցը հայտնել է, որ պատերազմի հետևանքով մասնակիորեն կամ ամբողջությամբ վնասված մշակութային հուշարձանների իր նախնական ցանկում ներառված է 29 կրոնական օբյեկտ, 16 պատմական շենք, 4 թանգարան և 4 կոթող։   Նորա Վանյան  
16:26 - 01 ապրիլի, 2022
ԱԳՆ-ն բանակցություն է վարում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն գործուղելու շուրջ

ԱԳՆ-ն բանակցություն է վարում Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն գործուղելու շուրջ

Մարտի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի ու Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն։ Եվ, ըստ այդմ, 2021 թվականի ընթաքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն։ Իհարկե, մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր, նախ և առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ։ Տարվա ընթացքում մենք այս առումով որոշակի հաջողության ենք հասել , քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում․ նախ՝ 2021 թվականի սեպտեմբերին՝ Նյու-Յորքում և ապա՝ Փարիզում: Պետք է նշեմ, որ համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային, այսպես ասած, փոքր քայլերով առաջ գնալու մարտավարության վրա, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա՝ առաջին հերթին, ապա նաև՝ մեր պնդմամբ՝ արձանագրելով, որ այնուամենայնիվ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը։ Սա դուք կարող եք տեսնել, համենայն դեպս՝ այս թեզի ընկալումը և արձանագրումը համանախագահության կողմից կարող եք տեսնել այդ առաջին՝ նյույորքյան հանդիպմանը հաջորդած հաղորդագրության, ինչպես նաև հետագա հայտարարություններում։ Հավանաբար, հիշում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը համանախագահության ձևաչափով նախատեսված էր 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում, սակայն նախատեսված հանդիպումից ժամեր առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այս հնգակողմ հանդիպմանը հրաժարվել է մասնակցել։ Նաև կնշեմ, որ մինչև հանդիպումը համանախագահության կողմից մեզ փոխանցվել էին որոշակի օրակարգային առաջարկներ, և այդ օրակարգային առաջարկները ներառում էին նաև խաղաղության համապարփակ պայմանագրի պարամետրերի հստակեցումը, իհարկե նաև՝ հումանիտար մնացյալ հարցերի հասցեագրումը։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների, ըստ էության, մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև կար համընդհանուր ընկալում, կարելի է ասել՝ կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի և պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում ընթացող բանակցությունների միջոցով։ Նաև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այս շարքում ուզում եմ նաև առանձնացնել դեկտեմբերի 7-ին համանախագահող երկրների երեք արտգործնախարարների համատեղ հայտարարությունը։ Այս հայտարարությունը հանրայնացվեց արդեն այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Սա, կարծում եմ, էական նրբերանգ է։ Ուզում եմ ասել, որ Կառավարության կողմից շարունակվել է մեկնարկած աշխատանքը՝ ուղղված Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավմանը և մարդասիրական առաքելությունների ներգրավմանը, մարդասիրական աջակցության տրամադրման խնդիրներին, գործընթացներին: ՄԱԿ-ի մարդասիրական մարմինների հետ շարունակաբար քննարկվել է Արցախ մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը: Ադրբեջանի կողմից մարդասիրական առաքելությունները խոչընդոտելու փաստը հրապարակայնորեն ճանաչվել է ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի, այնպես էլ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Երկկողմ ձևաչափով և միջազգային կառույցներում (այդ թվում՝ ԵԽ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում) տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումների, Ադրբեջանի կողմից իրականացված հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, «ռազմավարի պուրակի», ինչպես նաև արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների, այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա: Եվ այս համատեքստում ուզում եմ նշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումները. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է դատարանը Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառյալ՝ եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտերը։ Հարգելի՛ գործընկերներ, Թեև ասելիքս արդեն 2022 թվականին է վերաբերում՝ ոչ հաշվետու շրջանին՝ 2021 թվականին, բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարի կողմից բարձրաձայնված մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի աղվանական մշակութային կոթողների «վերականգնմամբ», հրատապ են դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ։ Եվ մենք այժմ այս մասին բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռամագերիներ և քաղաքացիական անձիք, և Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ինչպես գիտեք, հարգելի՛ գործընկերներ, Ադրբեջանում դեռևս 38 անձ է պահվում՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք։ 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են․ ուշագրավ է նաև, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 9-ը։ Խնդիրը 2021 թվականի ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում: Շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը։ 2021 թվականի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատման և վերադարձի կոչ անող բանաձև: ԵՄ-ի շրջանակներում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրն արծարծել են Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի անդամներ, մեր բազմաթիվ դաշնակից և գործընկեր երկրների բարձր և ամենաբարձր աստիճանի պաշտոնյաներ: Այս ուղղությամբ աշխատանքները, բնականաբար, շարունակվում են։ Ասեմ, ուղղակի, որ չի կարող լինել գեթ մեկ միջազգային հանդիպում՝ որևէ ձևաչափով, որևէ մակարդակով, որտեղ այս, ինչպես նաև, իհարկե, այլ հարցրեր համառորեն չեն բարձրաձայնվում մեր կողմից։ Անդրադառնամ կոմունիկացիաներին, դելիմիտացիա և դեմարկացիայի գործընթացին։ Արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Հավանաբար, գիտեք, որ եռակողմ աշխատանքային խումբ գոյություն ունի, և Հայաստանն այս խմբում ներկայացված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից։ Այնուամենայնիվ, որոշակի ընդհանուր գծերով կփորձեմ ներկայացնել․ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող՝ հիշատակածս եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը: Խումբը 2021 թվականի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Եվ այժմ աշխատանքներ են տարվում այդ պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ: Գիտեք, հավանաբար, որ սլախված չեմ լինի, եթե ասեմ, որ այժմ կա համընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով որ անցնում են։ Սահմանագծման ու սահմանազատման մասով․ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ի Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են, մեջբերում եմ. «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը»: Եվ մեր կառավարությունն այժմ ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով։ Կարծեմ՝ խոսել ենք այս մասին նաև Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում․ այդ առաջարկությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային հետքաշման սկզբունքը, և զորքերը, ըստ էության, սահմանապահ ծառայությամբ փոխարինելու սկզբունքը, միջազգային մոնիթորինգի իրականացման սկզբունքը և այլն։ Գիտեք, որ Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը։ Այլ առաջընթաց այս մասով առ այժմ չկա, բայց մենք շարունակում ենք աշխատանքները, և այստեղ էականը, բնականաբար, սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությունն ապահովելու համար մեխանիզմենրի ներդրումը և բնակիչների անվտանգությունն ապահովելն է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով․ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։ Լատվիայի խորհրդարանը նույն թվականի մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Երկկողմ հարաբերություններ․ մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետագա խորացումը և ընդլայնումը։ 2021 թվականին շարունակաբար զարգացել է հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերությունը, էականորեն ընդլայնվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ և տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ։ 2021 թվականի հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացել է հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, իսկ դեկտեմբերի 21-22-ին՝ փոխվարչապետերի համանախագահությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը: Սեպտեմբերին Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, ամրագրվել են Հայաստանի հիմնական առաջնահերթությունները՝ միտված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելով՝ Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարել ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի կատարելագործումը, ինչը պատմության մեջ առաջին անգամ կոնկրետ արտահայտություն ստացավ 2022 թվականի մեկնարկին ՀԱՊԿ անդամ Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի համատեքստում: Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին: 2021 թվականին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և մարտի 1-ից համաձայնագիրը լիովին ուժի մեջ է մտել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է պայմանագրի դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզ: Արևելյան գործընկերության շրջանակներում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրո ծավալի աջակցության շրջանակներում Կառավարությունը մշակել և Եվրամիությանն է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ: 2021 թվականի ընթացքում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է համատեղ տնտեսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում իմ կողմից և ֆրանսիացի գործընկերոջս կողմից ստորագրվել է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզը, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն և համագործակցության շրջանակ: Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հանդիպում է տեղի ունեցել նաև սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ, հայկական կողմից քննարկվում է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ։ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 19-20-ը երկու երկրների վարչապետերի գլխավորությամբ Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ընդլայնված կազմով և օրակարգով: Մեր տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր զարգացում էր նաև այն, որ 2021 թվականի Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջև երկխոսության գործընթաց է մեկնարկել՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Շարունակվել է հարաբերությունների զարգացումը ասիական, Մերձավոր Արևելքի ու լատինամերիկյան գործընկերների հետ։ Կուզենայի առանձնացնել 2021 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը, որը ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում մենք պայմանավորվեցինք նախապատրաստել երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործողությունների ծրագիր՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, հաղորդակցությունների, կրթամշակութային և այլ ոլորտների ընդգրկմամբ: Ուզում եմ հիշատակել նաև, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը, իսկ Ուրուգվայը Հայաստանի Հանրապետությունում իր ներկայությունը գլխավոր հյուպատոսությունից բարձրացրել է դեսպանության մակարդակի։ Բնականաբար, ներկայացվածը ամենևին ոչ ամբողջական արտացոլումն է արտաքին գործերի նախարարության կողմից և կառավարության կողմից արտաքին հարաբերությունների ուղղությամբ իրականացված քայլերի, միջոցառումների, և բնականաբար, նույնիսկ հիշատակված միջոցառումները, հանդիպումները չեն ընդգրկում այն ամբողջ օրակարգը, հարցերի այն ամբողջ շարքը և մանրամասները, որոնք քննարկվել են։ Հուսամ՝ մի մասին կկարողանամ անդրադառնալ, երբ ձեր կողմից հարցեր կլինեն։ Մյուս մասը գուցե ավելի փակ ռեժիմով կկարողանանք քննարկել»։
21:23 - 21 մարտի, 2022
Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղության առաջմղմանը, զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը, որոնք Կազմակերպության հիմնասյուներն են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը և ինքնության խեղաթյուրմանը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: Ընդգծվել է նաև, որ այս գործողությունները բացահայտորեն դեմ են գնում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կայացված որոշմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և հակամարտության գոտում անխոչընդոտ ներգրավվածության հրատապությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Ընդգծվել է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը:
22:50 - 16 մարտի, 2022
Վարչապետը «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ

Վարչապետը «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահին է ներկայացրել ՀՀ-ի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է մեր երկրի կարևոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը: Վարչապետի խոսքով՝ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Կառավարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
15:56 - 21 փետրվարի, 2022
Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին |armenpress.am|

Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ 2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին: Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում հույս ունեն, որ փաստահավաք առաքելությունը այդ խնդրի կապակցությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ժամանակներում: «Մենք շարունակում ենք աշխատել 1954 թ. Հաագայի  կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակվում են», - փոխանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը: Հայկական ավերված և պղծված հուշարձանը Թալիշում   Պատասխանելով հարցին, թե նկատի ունենալով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում վերջերս արված հայտարարությունը, թե Ադրբեջանում ձևավորվել է «մասնագետների» աշխատանքային խումբ, որը իբրև թե «աղվանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրություններն ու այլ հետքերը, և թե արդյոք պատմության ադրբեջանական մեկնաբանությունը կարո՞ղ է արդարացում լինել կրոնական և այլ հուշակոթողներից հայկական պատմական գրություններն ու այլ հետքերը վերացնելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար: «Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է դառնան գործիք քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը», - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ Ադրբեջանի ռմբակոծություններից հետո Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտեց հատուկ հանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ադրբեջանի քաղաքականությունը որակեց որպես մշակութային ցեղասպանություն: Ղազանչեցոցը՝ ձևախեղումներից հետո 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտեց Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը՝ նշելով, որ դա ոչ միայն բացահայտ մարտահրավեր է Հաագայի դատարանի որոշմանը, այլև հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար: Ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանը առաջնահերթ և հրատապ խնդիր է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի կողմից առաջարկված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ: 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնված 44-օրյա լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և առհասարակ պատմական Արցախից հայկական հետքը վերացնելու ուղղությամբ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ պատմական ու մշակութային կոթողներ են հիմնովին ոչնչացվել, պղծվել, ձևախեղվել՝ սկսած Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարից՝ մինչև այլ տարբեր սրբավայրեր և հուշակոթողներ: Մշակութային այդ հանցագործությունների և վանդալիզմի դեպքերից շատերը արձանագրված են war.karabakhrecords.info հարթակում: Ադրբեջանցիները պղծում են հայկական գերեզմանները Աղվանքը, որը հայտնի է նաև «Կովկասյան Ալբանիա» անունով, կովկասյան հնագույն պետություններից է եղել, որը սահմանակցում էր Մեծ Հայքին՝ զբաղեցնելով ներկայիս Ադրբեջանի տարածքի մի մասը: Տարածաշրջանում քրիստոնեության տարածումից հետո այս երկրում ապրող ժողովուրդները առաքելական քրիստոնյաներ դարձան և սերտորեն կապված էին Հայ Առաքելական Եկեղեցու հետ: 10-11-րդ դդ. ի վեր, հատկապես սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքներից հետո Աղվանքը աստիճանաբար քայքայվեց և դադարեց գոյություն ունենալ իբրև ոչ միայն պետական, այլև պատմաաշխարհագրական միավոր: Հայաստանը և Աղվանքը   Աղվանքի պատմությունը տարածաշրջանի ամենաքիչ ուսումնասիրված  խնդիրներից է, այդ թվում՝ Հայաստանում: Ամեն դեպքում, թե ի՞նչ կապ ունեն միայն 1918 թ. ստեղծված Ադրբեջանի [Դեմոկրատական] Հանրապետությունը և ժամանակակից ադրբեջանցիները Աղվանքի և աղվանական ժառանգության հետ՝ օբյեկտիվ և անաչառ պատմագիտության տեսանկյունից պարզ չէ, քանի որ նրանք ո՛չ Աղվանից ժողովուրդների կրոնն ու մշակույթն են ժառանգել, ո՛չ էլ նույնիսկ նրանց երկրի անվանումը: Աղվանից ժողովուրդներից մեզ հայտնի և մինչև մեր օրերը հասած թերևս միակ ժողովուրդը ուտիները կամ ուդիներն են, որոնց Բաքվի վարչակարգը ամեն կերպ օգտագործում է իր քաղաքական նպատակների համար՝ նրանց միջոցով փորձելով յուրացնել հայկական սրբավայրերն ու պատմամշակութային այլ կոթողները ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի, այլև նույնիսկ պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում:   Ուդիները՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում   Հեղինակներ՝ Արամ Սարգսյան Անժելա Համբարձումյան
16:38 - 15 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:     Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:  Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
14:07 - 14 փետրվարի, 2022
ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ

 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ. «Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական  վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում»:
16:27 - 10 փետրվարի, 2022
Իմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները. ՄԻՊ

Իմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները. ՄԻՊ

Հունվարի 25-ին մասնակցել եմ միջազգային նոր ծրագրի մեկնարկի, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է`  1) Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. նպատակ ունեի այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսել ենք դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ եղան քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ. մեր գործընկերները հետևողական եղան այս հարցում: Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016 թվականին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը`որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով: 2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում: 3) Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում: 4) Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում: 5) ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկողության ուժեղացում և շատ այլ միջոցառումներ: Հունվարի 25-ին մասնակցել եմ «Հաշվետու ինստիտուտները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Մասնակցել եմ առցանց, քանի որ այս օրերին այցով գտնվում եմ Բրյուսելում: Այս ամենը կիրականացվի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի ղեկավարությամբ, որ այս կարևոր ծրագրի վերաբերյալ մեր առաջարկները ներառեցին: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»,-գրել է ՄԻՊ-ը։
10:42 - 27 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանը ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին

Արմեն Սարգսյանը ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Քրիսթինե Վայգանդին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ողջ եռանդը կներդնի մեր երկրում երեխաների համար արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Քրիսթինե Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ գրասենյակը շարունակելու է համագործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից: Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին՝ առաջարկելով ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել նրանց: Մտքեր են փոխանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել նաև նախագահ Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը:
16:17 - 17 դեկտեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

Անահիտ Ավանեսյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին: Այս մասին հայտնում են Առողջապահություն նախարարությունից, նշելով, որ նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղությամբ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը: Գրասենյակի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը` ուղղված երեխաների ու կանանց առողջության պահպանմանը, ինչպես նաև սնուցման վիճակի բարելավմանը: Անահիտ Ավանեսյանը խոսել է ՀՀ մարզերում անցկացվող «Վաղ տարիքի երեխաների սնուցումը, աճը և զարգացումը» թեմայով դասընթացների մասին, կարևորել ծրագրի շարունակականությունը: Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում սպասվող բարեփոխումները: Անահիտ Ավանեսյանը շեշտել է հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների  բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: «Հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ և հատկապես հետպատերազմյան շրջանով պայմանավորված իրավիճակը` հոգեկան առողջության պահպանումը մեր առաջնահերթություններից է»,-ասել է նախարարը: Նախարար Ավանեսյանը կարևորել է նաև մարզերում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ բարեփոխումների արդյունքում մարզերում առողջության առաջնային օղակի և հիվանդանոցների աշխատանքը կդառնա ավելի ներդաշնակ, իսկ բժշկական ծառայությունները` ավելի որակյալ: Անդրադարձ է եղել նաև իմունականխարգելման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանին պատվաստանյութերի մատակարարման, սառցային շղթայի հզորացման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման, ապատեղեկատվության հաղթահարման հարցերին:
17:24 - 26 նոյեմբերի, 2021
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ |armtimes.com|

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կառույցում դեռևս կոնսենսուս չկա. Ստոլտենբերգ |armtimes.com|

armtimes.com: ՆԱՏՕ-ի երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել այն հարցում, թե արդյո՞ք Ուկրաինան պետք է մաս կազմի կազմակերպությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, կիրակի օրը HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ի անդամ լինելու համար դուք պետք է համապատասխանեք չափանիշներին: Մենք օգնում ենք նրան (Ուկրաինային) պայքարել կոռուպցիայի դեմ, բայց կազմակերպության 30 անդամներ պետք է ընդհանուր կարծիքի գան, և ՆԱՏՕ-ում դեռևս կոնսենսուս չկա»,- ասել է նա: Ստոլտենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդել է հարաբերությունները Ուկրաինայի հետ, սակայն պարզաբանել է, որ այս երկիրը չի ենթարկվում կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։ 2008 թվականի ապրիլին Բուխարեստի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունեց քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը, ի վերջո, կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն հրաժարվեց երկու երկրներին տրամադրել Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP), որը իրավական ընթացակարգի առաջին քայլն է կազմակերպությանն անդամակցելու համար:  Բրյուսելի փորձագետների կարծիքով՝ վերջին 12 տարիների ընթացքում Կիևն ու Թբիլիսին բավականին հեռացել են դաշինքին միանալու հեռանկարից։ ՆԱՏՕ-ն չի ընդունում տարածքային չլուծված խնդիրներ ունեցող պետություններին, քանի որ նրանց անդամակցությունը կարող է ամբողջ դաշինքը ներքաշել ռազմական հակամարտության մեջ։ 2019 թվականի փետրվարին Գերագույն Ռադան հավանություն է տվել սահմանադրության փոփոխություններին, որոնք ամրագրում են Ուկրաինայի ձգտումները դեպի ՆԱՏՕ՝ «եվրաատլանտյան կուրսի անշրջելիություն» ձևակերպմամբ։ Մինչև 2020 թվականը Ուկրաինայի զինված ուժերի լիարժեք համատեղելիության ապահովումը ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ ամրագրված է 2015 թվականին ընդունված ռազմական դոկտրինում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, սեպտեմբերի վերջին մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, խոստովանել է, որ մինչ այժմ փոխհամաձայնություն չկա դաշինքում Ուկրաինային մուտք տալու ժամկետների վերաբերյալ։
10:44 - 15 նոյեմբերի, 2021
Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների միջազգային օր |armenpress.am|

Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների միջազգային օր |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված համաժողովում հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմից: «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կովկասյան լեզվաընտանիքի վրա, դա Եվրասիական մայրցամաքում ամենափոքր լեզվաընտանիքն է, սակայն այն տասնյակ լեզուներ է ընդգրկում: Աբխազերենը մեկն է այն լեզուներից, որը հնագույն ժամանակներից ի վեր ներկայացնում է Կովկասը: Բոլոր այդ լեզուները, բացառությամբ վրացերենի, գտնվում են անհետացման վտանգի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին՝  նշելով, որ պետք է փոխել ստեղծված իրավիճակը: «Դիմում եմ ձեզ՝ կազմակերպությանը մի նախաձեռնությամբ, որի նպատակն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն ու ներգրավվածությունը՝ սահմանելու կովկասյան լեզուների միջազգային օր: Մենք պետք է փրկենք դրանք»,- ասել է նա: Կովկասյան լեզվաընտանիքում հաշվվում է ավելի քան 30 լեզու, որոնք միավորված են 4 խմբում:
17:49 - 13 նոյեմբերի, 2021