Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրումը

Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրումը

Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը: Արձանագրվեց, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել տիար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները: Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.  «Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:
16:19 - 24 մարտի, 2022
ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը   |armenpress.am|

ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կխորացնեն համագործակցությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկման ընթացքում նախարարությունը և ՀԱՕԿ-ը որոշեցին ավելի ակտիվ համագործակցել սպորտի զարգացման մի շարք ոլորտներում, առաջիկայում կշեշտադրվի մարզադպրոցների առաջընթացը: «Օլիմպիական կոմիտեն և նախարարությունը պետք է գտնեն այն ձևաչափը, որով կշարունակեն համագործակցությունը: Պետք է սպորտն առավել զարգացնենք: Այդ հարցում ՀԱՕԿ-ը և Գագիկ Ծառուկյանը հայտնեցին իրենց պատրաստակամությունը»,-ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը նախորդեց Վահրամ Դումանյանի շրջայցը Օլիմպավանում, որտեղ ԿԳՄՍ նախարարը ծանոթացավ մարզիկների համար նախատեսված պայմաններին:
15:06 - 17 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել. «Մեր գնահատականը ես արդեն հրապարակել եմ. դա այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Կարծում ենք, որ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ մեր համազգային, հանրային լավագույն ներուժն այդ մարտահրավերների լուծման հարցում համախմբելու և համագործակցության ուժերը մեկտեղելու, ճիշտ ֆորմատներ գտնելու ուղղությամբ: Իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Այս ընտրությունների արդյունքում նա չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհարժեշտ շեմը, սակայն կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իհարկե, վերջին ամիսներին դժվար իրադարձությունների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցյալ տարի հանդիպելու, իհարկե կարճատև, քննարկելու հնարավորություն ունեցել ենք: Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները՝ քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնավորապես, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց, որովհետև կարծում եմ, որ առավել ևս այս իրավիճակում պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու: Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում: Եվ եթե քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցվելու ցանկություն լինի՝ մենք պատրաստ ենք հնարավորն անելու, որպեսզի դրանք դրվեն, այսպես ասած, իրագործման հոսքագծի վրա: Այնպես որ, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»: Գագիկ Ծառուկյան - Պարոն վարչապետ, ընտրություններից հետո ես ինչպես շնորհակալություն հայտնեցի ժողովրդին, ընտրությունների մասնակիցներին, մեզ ձայն տվողներին, այնպես էլ ասացի, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված, մանդատը չկա, ուրեմն մենք ժողովրդի հետ չենք, չենք շփվելու: Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք:
16:32 - 08 հուլիսի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դերը մեր երկրի քաղաքական կյանքում, գնահատելի համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ կուսակցության արտահայտած կառուցողական դիրքորոշումը՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում ներկայացված չլինելը չի ազդի կուսակցության քաղաքական գործունեության և ակտիվության վրա: Նախագահը կարևոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը և համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ «Բարգավաճ Հայաստան»-ը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ունենալ քաղաքական գործընթացներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ։
11:51 - 25 հունիսի, 2021
«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար |tert.am|

«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար |tert.am|

tert.am: Քվեարկել եմ անվտանգ հայենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ, Ծառուկյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել է, չի ուզում կրկնվել, այսօր այդ օրը չէ։ «Բացառում եմ, և դա մի քանի անգամ ասել եմ»։ Հարցին՝ եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, բողոքարկել, Ծառուկյանն արձագանքեց՝ եթե ամեն ինչ կարգուկանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ «Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կկազմի՞ կոալիցիա, Ծառուկյանն արձագանքեց, որ նման հարցերին պատասխանել է, այսօր այդ օրը չէ։ Դիտարկմանը, թե այսօր Ազատաշենի ընտրատեղամասում կրակոցներ են հնչել, և մի կողմը եղել է ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց, թե տեղյակ է, և կարգ խախտողները պետք է պատասխան տան։
12:49 - 20 հունիսի, 2021
«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|

«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|

hetq.am: Հունիսի 17-ին Երևանի Թումանյան փողոցից մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և նրա համակիրների երթը դեպի Ազատության հրապարակ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց՝ խոսելով ՀՀ անվտանգության մասին, նշեց, որ օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում։ «Դուք բոլորդ տեսաք, որ Ալիևն ու Էրդողանը եկան մեր հող՝ Շուշի, և այնտեղ իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին։ Ես 6 ամիս է՝ ասում եմ, որ պետք է Ռուսաստանի հետ նոր թուղթ ստորագրենք, նրանք իրար հետ թուղթ ստորագրեցին, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, Ադրբեջանի կողքն է լինելու ցանկացած պատերազմի դեպքում, դրա համար ես ասել եմ՝ մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է»,- նշեց Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ Եվրախորհրդի քննարկումների ժամանակ Հայաստանում միայն ԲՀԿ կուսակցության պատգամավորն է Ռուսաստանի օգտին քվեարկում։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավումը Հայաստանին մեծ օգուտներ կտա։  
21:15 - 17 հունիսի, 2021
«Ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնան բուհերից». Գագիկ Ծառուկյան |hetq.am|

«Ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնան բուհերից». Գագիկ Ծառուկյան |hetq.am|

hetq.am: Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը հունիսի 15-ին կայացավ Գյումրիում։  Քարոզարշավի ընթացքում խոսելով ուսանողների մասին՝ Ծառուկյանը նշեց, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողները հաճախ դուրս են մնում համալսարաններից ուսման վարձը չվճարելու պատճառով։ Նրա խոսքով՝ այդ ամենը բացասական կարող է ազդել սովորողի հոգեբանության վրա։ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ պետությունը ուսանողների հետ պայմանագիր կապի, ըստ որի՝ ուսման վարձը վճարում է պետությունը, առանց որևէ տոկոսների, ավարտելուց հետո պետությունը ուսանողին ապահովում է աշխատանքով, ուսանողն աշխատանքի ընթացքում, ստացած աշխատավարձից որոշակի տոկոսներ վճարելով փակում է ուսման վարձը։  Ծառուկյանը նկատեց, որ եվրոպական երկրների մեծամասնությունն աշխատում են հետևյալ սկզբունքով ու պետք է վարձավճարի հնարավորություն չունեցող ուսանողներին հնարավորություն տալ օգտվել որոշակի արտոնություններից։
20:10 - 15 հունիսի, 2021
Գագիկ Ծառուկյանն Արագածոտնի մարզում ներկայացրեց տնտեսական, սոցիալական ծրագրերը

Գագիկ Ծառուկյանն Արագածոտնի մարզում ներկայացրեց տնտեսական, սոցիալական ծրագրերը

Արագածոտնի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպմանը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը:  Նրա խոսքով, երկրի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ներդրումներ բերել, գործարաններ բացել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան: «Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք: Մեր ժողովուրդը շատ ծանր վիճակում է, շատերը պարտքերի, վարկերի, տույժ, տուգանքի տակ են: Մենք շատ լավ պատկերացնում ենք մեր հասարակության առջև ծառացած խնդիրները ու մեր ծրագրում կետ առ կետ նշված են անելիքները, նախատեսվող բարեփոխումները»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նրա կարծիքով, դրսից գումար պետք է բերել ցածր տոկոսով ու նպաստել, որ դրանք ներդրվեն տարբեր ոլորտներում: Նա լուծումներ առաջարկեց մթերումների, արտահանումների հետ կապված՝ նախանշելով համագործակցություն արաբական երկրների հետ:     Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ այս ընթացքում ինչ ասել է, դա գործի է վերածել: Նա կարևորեց երիտասարդ ընտանիքներին աջակցելու հարցը: Այն է՝ պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան բնակարանային խնդիրները հեշտությամբ լուծել: Գագիկ Ծառուկյանը խոսեց անվտանգային հարցերից՝ նշելով, որ թիվ մեկ խնդիրը բանակի հզորացումն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այդ գործընթացի հիմքում կարևորում է պայմանագրային ծառայողների թվի ավելացումը:
20:28 - 14 հունիսի, 2021
Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի․ Գագիկ Ծառուկյան

Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի․ Գագիկ Ծառուկյան

Ցանկացած մարզ ունի իր խնդիրն ու պրոբլեմը․ այսօր բոլորս էլ գիտենք՝ Սյունիքի մարզը ամենահարուստ տարածքներից մեկն է։ Այս մասին այսօր Սյունիքում քարոզարշավի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայասատան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Ըստ Ծառուկյանի՝ այսօր սյունեցիների առաջնային խնդիրը սահմանի անվտանգութան ապահովումն է․ «Ադրբեջանցին սահմանին կանգնեցրել է 50 հոգի, մենք՝ 2 հոգի․ դա սխալ է․ այսօր 50-ի դիմաց 50 պիտի կանգնի»։ Ծառուկյանը նշեց, որ անվտանգության ապահովման համար պետք է բարեկամ երկրի՝ Ռուսատանի հետ, ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք։ «Մեր հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, ինքնակամ սահմանները չպահի,այլ պետությունը այդ հարցը կարգավորի։Երբ ռուս զինվորը հայ զինվորի հետ կանգնի սահմանին, իմացեք, որ ճանճ չի կարող անցնել»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։ Ծառուկյանը նշեց, որ իրենց կուսակցության ծրագրային առաջնահերթությունը ՀՀ անվտանգությունն ապահովելն է․ «Այսօր սեւ ու սպիտակ չպիտի անենք, խմբերի չպիտի բաժանվենք, մի ազգ, մի պետություն ենք, պետք է համախմբվենք»։
21:07 - 13 հունիսի, 2021
Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է |1lurer.am|

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է |1lurer.am|

1lurer.am: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է։ Եթե իրենց չընտրեն, միևնույնն է, չեն նեղանալու՝ Արարատի մարզում հանդիպման ժամանակ հայտարարել է Ծառուկյանը։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը կարևորել է վարկերի համաներումը, ընդգծել՝ մարզում ամենաբերրի հողերն են, սակայն ժողովուրդը, միևնույնն է, վարկեր ունի: «Գյուղատնտեսական վարկեր պետք է լինեն 0 տոկոս։ Մինչև երեք միլիոն վարկերը պետք է ներվեն ժողովրդին։ Ժողովուրդը չի կարողանում վարկերի տակից դուրս գալ։ Մինչև երկու միլիոն մարդու վարկ պետք է ներեն։ Դրանից հետո գոնե 2 տոկոսանոց վարկեր տրամադրեն։ Գագիկ Ծառուկյանը վստահ է՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի։ Գյուղոլորտի կառավարումից խոսելով՝ կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձավ իր գործարանների կառավարիչների աշխատանքին՝ նույնը ակնկալելով պետական համակարգից»,-նշել է ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։Օրենքով պետք է վերահսկեն վերավաճառողների գործունեությունը՝ ասել է Ծառուկյանը։ Որպեսզի վերավաճառողն արտադրողից շատ եկամուտ չունենա։ Հայկական արտադրանքը սպառման մեծ ներուժ ունի արաբական երկրներում։ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին, ինչո՞ւ է ջուրը թափվում Արաքս, մինչդեռ կարող էր անվճար հասնել գյուղացուն։ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև արտագաղթին։ Նշել՝ ամեն ինչ անելու են, որ մարդիկ չլքեն Հայաստանը։ Խոսելով երկրի անվտանգության հիմնախնդիրներից՝ շեշտել է՝ մեր ապագան Ռուսաստանի հետ է:Երկրի զարգացմանն ուղղված՝ «Բարգավաճ Հայաստանը» 30 կետից բաղկացած ծրագիր ունի: Եթե չկիրառեն, իրավիճակը կվատթարանա՝ վստահեցրել է Գագիկ Ծառուկյանը։ Ծրագրով նախատեսում են առողջապահության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել. բյուջեից հատկացրած 250 միլիոն դոլարը, ըստ Ծառուկյանի, բավարար չէ։Վարչապետի թեկնածուն նաև ներդրումներից է խոսել, ընդգծել՝ իր առաջարկներն այս իշխանության օրոք չեն ընդունվում: Խոսքն ավարտել է պնդումով՝ չլուծվող խնդիր չկա, արդյունավետ կառավարում է անհրաժեշտ։
23:23 - 12 հունիսի, 2021
Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|

Պետք է աշխատատեղեր ստեղծել, որ մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել․ Գագիկ Ծառուկյան |armtimes.com|

armtimes.com: Կա՞ մարդ, որ վարկ չունի: Ո՞վ է ձեր վարկերը փակելու: Բոլորիդ ունեցվածքները գրավի տակ են չէ՞, բայց ո՞վ է լուծելու այդ հարցերը: Եթե չփակեցիք ունեցվածքը տանելու են չէ՞ ձեռքներիցդ: Այսօր Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, կուսակցության առաջին համար Գագիկ Ծառուկյանը: «Մարդը էսօր կանգնած ա ունեցվածքը կորցնելու ճանապարհի եզրին, այսօր հիմնական խնդիր դա է, ժողովուրդ ջան, եթե սենց շարունակվի ձեր ունեցվածքը կորցնելու եք»,- ասաց Ծառուկյանը: Նա ասաց, որ առօրյա կյանքում շփվում է՝ տեսնում է, մարդիկ աշխատանք են ուզում ու պիտի մարդկանց կարողանան ապահովել աշխատանքով. «Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի, որպեսզի իրենց տունը պահեն, էսօր էստեղ մասնագետ չկա, ուզենաս գտնես՝ չկա»: Նրա խոսքով՝ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ Հայաստանում ներգաղթ սկսվի ու հանրապետությունում սովորած մասնագետները ստիպված չլինեն աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
20:52 - 11 հունիսի, 2021
Ծառուկյանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կարիք է տեսնում |armenpress.am|

Ծառուկյանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը առաջնային հարց է համարում Հայաստանի անվտանգության ապահովումը, որի համար կարևորում է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը: Ծառուկյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Տավուշում քաղաքացիների հետ հանդիպմանը: Նա նախ հիշեցրեց ԲՀԿ-ի կարգախոսը՝ «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»: «Այսօր առանց անվտանգ հայրենիքի մենք չենք կարող ոչինչ անել: Առաջնային խնդիրը՝ պետք է կարողանանք ապահովել մեր երկրի, սահմանի, ժողովրդի անվտանգությունը»,-ասաց Ծառուկյանը: Նա հավելեց՝ պետք է վերջ դրվի սահման խախտելու, սահմանային միջադեպերի մասին այլ լուրերին: «Այլ կերպ դա լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ ստորագրենք նոր փաստաթուղթ՝ ռազմաքաղաքական: Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի»,-ասաց ԲՀԿ նախագահը: Նա նշեց, որ անվտանգության ապահովումից հետո միայն պետք է զբաղվել տնտեսության զարգացման գործով: Ծառուկյանը խոսեց նաև գյուղատնտեսությունից, վարկերից և այլ հարցերից:  
20:18 - 10 հունիսի, 2021
Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան

Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա․ դա Ռուսաստանն է․ Գագիկ Ծառուկյան

Ես գնում եմ մենակ, իմ թիմի հետ։ Իմ ծրագրերը իրականացնելու համար հարկավոր է, որ կարողանամ ունենալ մեծ ձայներ, որ իմ ասածները անմիջապես կյանքի կոչեմ, մի բան էլ ավել անեմ։ Գավառում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ես ուզում եմ իմ հնարավորությունը, ծանոթությունը, կապերը, փորձը օգտագործելով իմ երկիրը զարգանա, իմ երկիրը հզորանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, գնացողները հետ վերադառնան, մենք կարող ենք անել դա»։ Ծառուկյանը նաև անվտանգությանը վերաբերող հարցերին անդրադարձավ։ «Ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի տարբերակ կա, դա Ռուսաստանն է՝ դարավոր մեր գործընկերը, բարեկամը, հարազատը, որ միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել։ Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային, բարեկամական իրականացնենք, ամրապնդենք և այսօր սահմանների վրա պետք է կանգնած լինի հայ և ռուս զինվորը: Իրենք ուս ուսի տված, ուս ուսի կանգնած, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի, և մենք էլ ապահով լինենք»։ Ծառուկյանը նաև ասաց, որ գումար պետք է ներդնեն փակ գործարանները բացելու համար։ «Մենք պետք է հասնենք զարգացման, աշխատանքի, ներդրման։ Առանց գումարի չի լինելու։ Չի կարող լինի։ Գումար պետք է դնենք տարեկան 2 միլիարդ, միլիարդ ու կես, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսական հողերը մշակենք՝ ինչ-որ կարելի է մշակել, ինչ- որ կարելի է արտադրել։ Լիարժեք դրա սպառումը աշխարհով մեկ կա, որ կարողանան սպառեն, բյուջեի գումարը ավելանա, դրա հիման վրա կարա բարձրանա թոշակը, աշխատավարձը, որ լիարժեք դա պետք է մենք անենք»։ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ անհրաժեշտ է բացել գյուղատնտեսության նախարարությունը։ «Գյուղնախարարը չի կարող 5 հատ նախարարություն լինի միասնական մի հատ ղեկավար։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա»։
17:42 - 08 հունիսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021