Արագածոտնի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակիչների հետ հանդիպմանը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը: Նրա խոսքով, երկրի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ներդրումներ բերել, գործարաններ բացել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան:
«Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք: Մեր ժողովուրդը շատ ծանր վիճակում է, շատերը պարտքերի, վարկերի, տույժ, տուգանքի տակ են: Մենք շատ լավ պատկերացնում ենք մեր հասարակության առջև ծառացած խնդիրները ու մեր ծրագրում կետ առ կետ նշված են անելիքները, նախատեսվող բարեփոխումները»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նրա կարծիքով, դրսից գումար պետք է բերել ցածր տոկոսով ու նպաստել, որ դրանք ներդրվեն տարբեր ոլորտներում: Նա լուծումներ առաջարկեց մթերումների, արտահանումների հետ կապված՝ նախանշելով համագործակցություն արաբական երկրների հետ:
Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ այս ընթացքում ինչ ասել է, դա գործի է վերածել: Նա կարևորեց երիտասարդ ընտանիքներին աջակցելու հարցը: Այն է՝ պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան բնակարանային խնդիրները հեշտությամբ լուծել:
Գագիկ Ծառուկյանը խոսեց անվտանգային հարցերից՝ նշելով, որ թիվ մեկ խնդիրը բանակի հզորացումն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն այդ գործընթացի հիմքում կարևորում է պայմանագրային ծառայողների թվի ավելացումը:
comment.count (0)