Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

ՀՀ վարչական դատարանում երեկ սկսվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նախորդ ամիս դատարանը նախքան դատական նիստ հրավիրելը բավարարել է այն, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունը, որը գործով որպես երրորդ անձ է ներգրավվել, իր հերթին միջնորդել է դատարանին վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։  Դատարանը արգելեց նիստի լուսանկարահանումը  Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ գործը դատարանում քննվում է դռնբաց (բացառությամբ օրենքով սահմանված հիմքերի), որին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն, իսկ լուսանկարահանումը, նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, կատարվում է դատավարության՝ նիստին ներկա մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ: Ըստ նույն  հոդվածի՝ եթե դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ: Երեկվա դատական նիստին, երբ Infocom–ը խնդրեց դատարանի թույլտվությունը նիստի լուսանկարահանման համար, նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը առանց կողմերի դիրքորոշումը ճշտելու հայտարարեց, որ չի թույլատրում իրեն լուսանկարել։ Մենք հետաքրքրվեցինք, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն իրենց լուսանկարելու վերաբերյալ, ինչին արձագանքելով՝ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը դեմ արտահայտվեց։ Նախագահող դատավորը, արձանագրելով, որ կողմը եւս դեմ է, ցանկացավ շարունակել նիստը, սակայն մենք խնդրեցինք հայտնել մյուս կողմերի՝ հայցվորի եւ պատասխանողի դիրքորոշումը՝ մեջբերելով նաեւ վերոնշյալ հոդվածի պահանջները։ Դատավորը, սակայն, նշեց, որ մենք անհարկի ձգձգում ենք դատական նիստը եւ այդպես էլ առանց հայցվորի ու պատասխանողի դիրքորոշումը սահմանված ընթացակարգով ճշտելու՝ սահմանափակեց լուսանկարահանման մեր իրավունքը։  Թեեւ նիստը դռնբաց էր, ՊՈԱԿ–ի բազում գիտաշխատողներ հնարավորություն չունեցան ներկա գտնվելու նիստերի դահլիճում, քանի որ այն չափազանց փոքր էր, տեղերը՝ խիստ սահմանափակ։ Արդյունքում, վերջիններս ստիպված եղան դռան հետեւից՝ միջանցքից, ոտքի վրա հետեւել նիստի ընթացքին։ Կառուցապատող ՓԲԸ–ի կարծիքով՝ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը  Ներկայացնելով միջնորդությունը՝ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նախ հայտնեց, որ նախքան շինթույլտվությունը ստանալը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով․ «Մինչ այս գործող ջրանցքը անցնում էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ազատության պողոտա 26/1 հասցե հողատարածքով։ Ըստ հաստատված նախագծի՝ պետք է իրականացվի արդիականացում եւ շրջանցում, որպեսզի ընկերության հողատարածքից դուրս լինի ջրանցքը, միեւնույն ժամանակ քանի որ ջրանցքը նախկին կառույց է, բաց ջրատարով է հոսում, արդիականացման արդյունքում ժամանակակից խողովակաշարով է անցնելու եւ նախ, խուսափելու ենք ջրի կորստից, որովհետեւ մինչ այս կատարված հաշվարկների համաձայն՝ մոտ 40 տոկոս կորուստ է եղել, դրանից բացի, նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ վիճակն է բարելավվելու, տարածքն ասֆալտապատվելու է, բերվելու է բավականին նորմալ տեսքի»,– նշեց նա՝  հավելելով, որ դրա արժեքը մոտ 87 միլիոն դրամ է, ինչը ՓԲԸ–ն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը ընդգծեց, որ ոչ ոք, այդ թվում՝ հայցվորը, չի առարկում, որ բարեկարգման կամ խնայողության տեսանկյունից նախաձեռնությունը պիտանի է, այլ նշում է, որ այն շինարարությունը, որ իրականացվում է, եւ այն մեթոդով, որ իրականացվում է, վտանգ է ներկայացնում ՊՈԱԿ–ի եւ ՊՈԱԿ–ի աշխատակիցների համար։ Սա հաշվի առնելով՝ դատավորը հորդորեց միջնորդությունը ներկայացնել այս մտավախությունը փարատելու համատեքստում։ Շարունակելով իր ելույթը՝ Մարիամ Ղուլյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը վարչական ակտի կասեցման հիմքերի վերաբերյալ, ըստ որի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ եւ դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձեւավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանություն։ Ըստ Ղուլյանի՝ հայցվորի միջնորդությամբ չի ապացուցվել հիմնավոր կասկածը, որ շինարարությունը վերջինիս զգալի վնաս կպատճառի․ «Միջնորդությամբ նշվել է, որ ծանր տեխնիկայի կիրառումը վտանգում է աշխատակիցների կյանքն ու առողջությանը, վնաս է պատճառում լաբորատորիայում գտնվող գերզգայուն եւ թանկարժեք սարքավորումներին, սակայն այդ սարքավորումների ցանկը, ինչպես նաեւ տատանման մասով որեւէ հիմնավորում չի ներկայացվել»,– ասաց նա։ Ղուլյանի խոսքով՝ շինաշխատաքների հիմնական մասն արդեն իսկ արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ․ «Իսկ նման վերացական հիմնավորմամբ կարելի է միջնորդել, որ կասեցվի ՀՀ տարածքում իրականացվող բոլոր շինաշխատանքները, որովհետեւ միշտ էլ կարող են ձայնի կամ այլ առումներով փողոցի շինաշխատանքները որեւէ մեկին անհարմարություն պատճառել, բայց դա չի նշանակում, որ պետք է որեւէ շինաշխատանք ՀՀ–ում չիրականացվի»։ Փաստաբանը հայտնեց նաեւ, որ ՓԲԸ–ն, դրսեւորելով բարձր պատասխանատվություն, կնքել է պայմանագիր, որի շրջանակում պետք է իրականացվի հետազոտություն եւ տրվի եզրակացություն՝ շինաշխատանքների արդյուքնում հայցվոր ընկերության շենքի կոնստրուկտիվ տարրերի եւ այդ շենքում սարքավորումների վրա ազդեցության մասով։ Բացի այդ, կնքել է ապահովագրական երկու պայմանագիր, որով ապահովագրվել են շինաշխատանքների հետեւանքով երրորդ անձանց պատճառված մարմանական եւ գույքային վնասները։ Մարիամ Ղուլյանը կարեւորեց այն հանգամանքը, որ աշխատանքների կատարումը կրում է հրատապ բնույթ, քանի որ ջրատարը ունի հանրային մեծ նշանակություն․ այն միակ ջրատարն է, որ սպասարկում է Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական տարածքների կանաչապատ տարածքների եւ անտառտնտեսությունների, ինչպես նաեւ Ջրաշեն, Մուշավան, Նոր Խարբերդ այգեգործական ընկերությունների ոռոգման ջրի մատակարարումը․ «Առկա պայմաններում հիշյալ շրջանները ամբողջովին կզրկվեն ոռոգման ջրի մատակարարումից, իսկ շինարարության նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընտրությունը պայմանավորված է հենց ոռոգման սեզոնի ավարտով, երբ հնարավոր է եղել ջրատարը ապամոնտաժել»,– ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքները ավարտել մինչ 2023 թ ոռոգման ժամանակաշրջանը՝ մարտ ամիսը։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը միացավ ՓԲԸ–ի դիրքորոշմանը։ Դատավորը խնդրեց հայտնել միջնորդության իրավական հիմքերը Նախագահող դատավորը հիշեցրեց, որ շինաշխատանքները կասեցնելու մասին դատարանի որոշմանը համաձայն չլինելու դեպքում կողմը իրավունք ուներ այն բողոքարկել վերադաս դատարանում, եւ խնդրեց հայտնել, թե իրավական ինչ հիմքով է ՓԲԸ–ն միջնորդություն ներկայացնում նույն դատարանին, այլ ոչ թե բողոք՝ վերադաս, այսինքն՝ Վերաքննիչ վարչական դատարանին։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը նշեց, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք եւս ներկայացվել է, սակայն այն դեռեւս չի քննվել։ Միեւնույն ժամանակ Ղուլյանը կարծիք հայտնեց, որ նույն դատարանը եւս զրկված չէ իր որոշումը փոխելու հնարավորությունից եւ մեջբերեց Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, որի հիման վրա էլ նա ներկայացրել է միջնորդությունը։  Հիշյալ հոդվածը սահմանում է, որ Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորել որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը: Դատավորը, սակայն, նշեց, որ հիշյալ հոդվածը կասեցման որոշումը փոփոխելու լիազորություն դատարանին տալիս է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կողմի միջնորդության հիման վրա, ապա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է փաստաբանը պատկերացնում այն իրավիճակի հանգուցալուծումը, երբ ինքը, ենթադրենք, բավարարի կառուցապատողի միջնորդությունը, շինաշխատանքները վերսկսվեն, որից հետո Վերաքննիչ դատարանը մերժի ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ կասեցման որոշումը, ամեն դեպքում, օրինական էր։ Այդ դեպքում ծագելու է այն հարցը, թե որ դատարանի որոշումն է պետք հիմք ընդունել․ «Եթե այս միջնորդության քննության արդյունքում կայացվի կասեցումը վերացնելու որոշում, ապա Վերաքննիչ դատարանում տվյալ բողոքի շարունակության իմաստը այլեւս չի լինի»,– պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ առկա է այդպիսի դատական պրակտիկա։ Նա նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ շինաշխատանքները կասեցնելու որոշում կայացնելիս դատարանի տրամադրության տակ միայն հայցվոր կողմի ապացույցներն են եղել, եւ այս առումով իրենց դիրքորոշումը կարող է նշանակալից լինել։ Տիգրան Նաղդալյանի խոսքով՝ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը մի շարք հարցեր հղեց կառուցապատող ընկերությանը` այդ թվում, հետաքրքրվելով՝ տեղյա՞կ են արդյոք նրանք, թե ՊՈԱԿ–ի տարածքում քիմիական ինչ նյութեր են պահվում, վտանգավորության ինչ աստիճան ունեն դրանք, ինչ սարքեր են առկա եւ ինչ նշանակության։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը հայտնեց, որ նախքան շինաշխատանքների կատարումը իրենք դիմել են՝ խնդրելով տրամադրել հիշյալ սարքավորումների, նյութերի ցանկը հենց այդ ամենը հասկանալու համար, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։  Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու չեն պատասխանել դիմումին, ինչին արձագանքելով՝ Նաղդալյանը պարզաբանեց, որ այդ տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։ «Հայտնեիք, որ պետական գաղնտիք է»,– ասաց դատավորը։ «Մենք պարտավոր չենք պատասխանել, հանդիպում եղել է, այդ ժամանակ տեղեկացրել ենք, որ կան սարքավորումներ, որոնք երկակի նշանակության են, այսինքն՝ եւ քաղաքացիական, եւ ռազմական, իրականացվում են փորձարկումներ, որոնք ռազմական բնույթի են, դրանք եւս չեն կարող բացահայտվել»,– ասաց Նաղդալյանը՝ հավելելով միայն, որ ՀՀ–ում սնդիկի ողջ պաշարները այդտեղ են պահվում։  Նաղդալայնը նաեւ չհամաձայնեց այն պնդմանը, թե գործող ջրանցքով հնարավոր չէ ոռոգման ջրի մատակարարում իրականացնել։ Ակնհայտ անհիմն որակելով ներկայացված միջնորդությունը՝ նա դատարանին խնդրեց այն մերժել։  Որպես ապացույց՝ փաստաբանը դատարանին ներկայացրեց լազերային 11 կրիչ, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, թե շինաշխատանքները ինչպիսի ցնցումներ են առաջացնում կենտրոնում․ «Ցնցումները ուղղված չեն միայն սարքերի փչացմանը, օրերով իրականացվում են քիմիական սինթեզներ, փորձաքննություններ տարբեր մարմինների, ՊՈԱԿ–ի գիտահետազոտողների կողմից, ուսումնական գործընթաց է իրականացվում, շուրջ 300 ուսանողներ ուսումնառում են այնտեղ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցնցումների հետեւանքով փորձաքննությունների տվյալները ճշգրիտ չեն ստացվում։ Ըստ Նաղդալյանի՝ աշխատողների կյանքը եւ առողջությունը եւս վտանգված է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը անհնար է դարձել, եւ անձինք հարկադրված պարապուրդի են մատնվում։ Արդյունքում, Կենտրոնի 131 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ՊՈԱԿ–ի տնօրեն Սահակ Գասպարյանին՝ խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ՝ այն հիմնավորմամբ, որ շինարարությունը խաթարում է իրենց բնականոն աշխատանքը, առաջացած աղմուկը եւ տատանումները բացասաբար են անդրադառնում աշխատակիցների մտավոր գործունեության վրա, ցնցումներից ապակիները դղդրում են, ապակյա տարաները եւ փորձանոթները՝ ցնցվում, իսկ լաբարատոր կշեռքները եւ սարքավորումները խախտվում ու խաթարվում են։ Դրանից բացի, ըստ Նաղդալյանի, վտնագված են ծառայությունների մատուցման, այդ թվում արտասահմանյան պատվիրատուների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման, բազմաթիվ գիտական թեմաների իրականացման ժամկետները, իսկ շինաշխատանքների հետագա իրականացման դեպքում դրանք կդառնան անհնարին։ Նաղդալյանը դատարանին ներկայացրեց մի շարք պայմանագրեր եւ համագործակցության հուշագրեր տարբեր համալսարանների հետ։  Խոսելով արդեն իսկ կրած վնասների մասին՝ փաստաբանը հայտնեց, որ վնասվել է իրենց մասնաշենքերից մեկին մատակարարող ջրի խողովակը, որոշ ժամանակով ջրամատակարարումը այդտեղ դադարեցվել է, հետագայում ժանգաջուր է եկել, իսկ խողովակը խամուտով ամրացվել է։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարիամ Ղուլյանը ասաց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել ամբողջովին փոխելու վնասված խողովակը, սակայն ՊՈԱԿ–ը չի համաձայնել։  Ըստ Նաղդալյանի՝ փոխվել է նաեւ այն կենդանիների վարքագիծը, որոնց վրա որոշակի փորձարկումներ են իրականացվում․ «Վնաս ենք դիտարկում նաեւ այն, որ գիտական թիմը օրեր շարունակ փորձարկում է իրականացնում, տվյալներ է ստանում, որ վերլուծի, սակայն հետո պիտի նույնը նորից իրականացնի, քանի որ շինաշխատանքների դեպքում դրանց դադարեցվում են»։ Փաստաբանը կարեւորեց այն հանգամանքը, որ փորված հատվածը հանդիսանում է անվտանգության եւ տարհանման մուտք ու ելք եւ տեխնածին աղետների կամ հրդեհաշիջման աշխատանքների համար մեծ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ 2017–ին, օրինակ, 5-րդ մասնաշենքի նկուղում բավականին խոշոր հրդեհ է եղել, տարհանման աշխատանքներ են իրականացվել, տեխնիկա է մուտք գործել հենց այդ ճանապարհով։ Նաղդալյանն ընդգծեց նաեւ, որ շինարարական աշխատանքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո անգամ շարունակվել են, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Եզրափակելով իր ելույթը՝ փաստաբանը միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝  գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով, որպեսզի ավելի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։  Դատական նիստը հետաձգվեց միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար։    Միլենա Խաչիկյան
12:59 - 13 դեկտեմբերի, 2022
ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից: ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը միավորելու են իրենց ջանքերը մասնագետների վերապատրաստման, կրթական և գիտահետազոտական լրացուցիչ աշխատանքներ կատարելու, համատեղ այլ ծրագրեր իրագործելու համար։ Նախանշված նպատակներին հասնելու համար կողմերը ներդնելու են ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ։ Ըստ համաձայնագրի՝ համագործակցության շրջանակում կազմակերպվելու են նաև գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ և ակադեմիական այլ միջոցառումներ։
15:34 - 30 նոյեմբերի, 2022
Մի՞թե ՀՀ-ի համար մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է,  քան ամբողջ օրգանական քիմիան․ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն

Մի՞թե ՀՀ-ի համար մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է, քան ամբողջ օրգանական քիմիան․ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն

Մի՞թե ՀՀ-ի համար մեկ բնակելի շենքն ավելի կարևոր է, քան ամբողջ օրգանական քիմիան։ Այսօր Մեդիա կենտրոնում «Զարկ տալ գիտությանը՝ հնարավորինս անհարմարություններ պատճառելով գիտնականներին» թեմայով քննարկման ընթացքում այսպիսի հարց հնչեցրեց ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Մեսրոպ Հարությունյանը՝ անդրադառնալով կենտրոնի շուրջ վերջերս տեղի ունեցող իրադարձություններին։  2007 թ․-ին գիտական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանը ու ջրանցքի մի մասը օտարվել են մասնավոր ընկերության։ Դրանից հետո տարածքը 5 անգամ վերավաճառվել է մասնավոր ընկերությունների, իսկ 2019 թ․-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է ձեռք բերել տարածքը և այնտեղ նախատեսում է բազմաբնակարան համալիր կառուցել։ Իսկ վերջերս քաղաքապետարանն առանց գիտնականների համաձայնության որոշել է ինտիտուտի տարածքում գտնվող և կառավարության որոշմամբ մասամբ պատմամշակութային արժեքը կորցրած «Աբուհայաթ» ջրանցքի մի մասը տեղափոխել կենտրոնի տարածք։  Գիտնականները դատարանում բողոքարկում են այս որոշումը, իսկ օրեր առաջ ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի և Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դիմաց։  Նախօրեին էլ գիտնականները ահազանգում էին, որ աշխատանքային ժամի ավարտից հետո կառւոցապատողը կոտրել է կենտրոնի դարպասը։ «Սկսվել է ջրանցքի տեղափոխությունը, որի շինթույլտվությունը տրվել է առանց գիտնականների համաձայնության։ Մեր տարածք մտնելու համար մեզանից գոնե պիտի հարցնեին։ Այդ թույլտվությունը իրենք չունեն։ Բացի դրանից՝ գիշերով գալիս են, մեր աշխատանքային ժամից հետո մեր դարպասները կոտրում են։ Եթե քաղաքապետարանը իրավասու է պետական գույքը վնասելու թույլտվություն տալ, դա արդեն ուրիշ բանի մասին է խոսում»,-ասաց Կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։ Նա ընդգծեց՝ իրենց խնդիրը կառուցապատողի հետ չէ, նրա խոսքով՝  նախարարություններում, քաղաքապետարանում չեն գիտակցում՝ ինչ են անում․ «Կամ գիտակցում են, որովհետև անհամատեղելիության սկզբունքով կարելի է լինելու ասել՝ այս բնակելիին շատ մոտ գիտահետազոտական, այն էլ՝ քիմիական կենտրոն իրավունք չունի լինել։ Կամ կփակեն, կամ ձևական կտեղափոխեն։ Այս գործողությունները առանց հստակեցման վնասելու են։ Ապագային միտված որևէ գործառույթ չես կարող պլանավորել, նախագծել, որովհետև երբ նախագծում ես, այնպես չի, որ մի օրվա մասին պետք է մտածես կամ կես տարվա։ Գոնե առաջիկա 5-7 տարվա մասին պետք է ունենալ պատկերացում։ Հիմա ամենալավ բանը, որ տեղի է ունենում, գիտության ֆինանսավորման ավելացումն է։ Մենք անցած տարի 354 միլիոն դրամ արժողությամբ նոր սարքեր ձեռք բերելու դրամաշնորհային ծրագիր ենք շահել, այս տարի արդեն 425 միլիոնից ավելի էր, և սարքերի պարկը համալրվում է, գիտնականների աշխատավարձը բարձրանում է, բայց, միևնույն ժամանակ, դրամաշնորհ իրականացնելու տեղին վնասում են»։  Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանն ասաց՝ այս ամենը տեղի է ունենում բիզնես ներդրում իրականացնելու հիմնավորմամբ, սակայն բիզնես ներդրումը պետությանը պիտի օգուտ տա, աշխատատեղ ստեղծվի․ «Սա բիզնես ներդրում չի կարելի համարել, որովհետև իրենց համար շատ էժան տարածք են ձեռք բերել մի կերպ և ուզում են առավելագույն օգուտ ունենալ՝ կառուցելով բազմահարկ շենք՝ գրասենյակային տարածքներով և այլն։ Այդ ամբողջը իրենք սարքելու են, վաճառելու են ու վերջ»։ Կենտրոնի փոխտնօրեն Մովսես Հարությունյանն էլ նշեց՝ շինարարության ընթացքը խանգարում է գիտնականների բնականոն գործունեությանը․ «Ճիշտ է, դեռ մեր տարածք չեն մտել․ դարպասները ջարդել են, բայց երկու կորպուս գիտնականները ամեն օր բողոքում են, որ չեն կարողանում աշխատել աղմուկից։ Սա արտադրություն չի, գիտական աշխատանք է, գիտնականը մտածում է։ Շատերն ասում են՝ թույլտվություն ունեն, թող թույլտվությունը բացեն, կարդան։ Գրած է «26/1 հասցեում ոռոգման համակարգի արդիականացում»։ Ես չեմ հասկանում, հայերեն չգիտե՞ք։ Արդիականացումը տեղափոխում չի, իսկ գծագրերով տեղափոխում է։ Պետությունը գումարներ է ծախսում գիտության համար, բարձրացրել է ֆինանսավորումը, բայց  գիտնականները գումարը ստանան, աշխատանք չանե՞ն»։ Տնօրեն Սահակ Գասպարյանն էլ ընդգծեց, որ բազմիցս նամակներ են գրել վարչապետին ու նախարարություններին, բայց ապարդյուն․ «Սակայն անձամբ ինքս դարձել եմ ֆուտբոլի գնդակ, և նման է հայկական ֆուտբոլի թիմի, այսինքն՝ վերջում գնդակը հայտնվում է մեր դարպասում, մենք տուժում ենք։ Անձամբ ես դիմել եմ վարչապետին, որպեսզի համապատասխան մասնագետների հրավիրի, քննարկենք այս հարցը։ Իր կիրառած բառերով՝ պիտի ինստիտուցիոնալ լուծում տրվի այս հարցին։ Եթե մենք պիտի տեղափոխվենք, մինչև տեղափոխվելը ոչ մի շինարարական աշխատանք չի կարելի թույլ տալ։ Եթե մեզ չեն տեղափոխելու, ես առաջարկել եմ նույնիսկ վարչապետին և նրանց, ում դիմել եմ, կամ համարեք գերակա շահ, որովհետև մեր կենտրոնը կարևոր նշանակություն ունի, հետ գնեք իրենցից, սա դարձնենք նորմալ կենտրոն, կամ փոխանակի, ուրիշ տարածք առաջարկի»։Անդրադառնալով ակադեմիական քաղաք հիմնելու մասին վարչապետի հայտարարությանը՝ Գասպարյանն ասաց՝ այդ քաղաքն արդեն կա․ «Մեր տարածքին հարակից քանի՞ գիտական ինստիտուտ կա․ Ֆիզիկայի ինստիտուտը, Կենսաքիմիայի ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ իրարից 200-300 մետր հեռավարության վրա։ Ի՞նչ իմաստ ունի ծախսեր անել, այդ ամենը տեղափոխել այլ քաղաք, արդեն կա այդ քաղաքը»։   Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջիցՆանե Ավետիսյան
14:33 - 24 նոյեմբերի, 2022
Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին

Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին նախ Երևանի քաղաքապետարանի, ապա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առջև։ Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26 հասցեում գտնվող ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել:Կենտրոնի աշխատակիցները բազմիցս դեմ են արտահայտվել այս գործընթացին՝ պնդելով, որ դա կվնասի գիտական կառույցի բնականոն գործունեությանը։Այսօրվա բողոքի ակցիայի պատճառն էլ այն է, որ օրեր առաջ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ ներկայացուցիչները այցելել են Գիտատեխնոլոգիական կենտրոն ու հայտարարել, որ իրենց տարածքով անցնող ջրանցքը Կենտրոնի տարածք տեղափոխելու շինթույլտվություն ունեն։ Կենտրոնը, սակայն, այդ մասին նախապես չի ծանուցվել։Բողոքի ակցիային մասնակցող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը վաղուց կա, սակայն վերջին տարիներին անընդհատ տեղեկություններ են ստանում նոր հատվածների օտարման մասին․ «Ցավալին այն է, որ ոչ մի անգամ ո՛չ կենտրոնի տնօրինությունը, ո՛չ աշխատակիցներից որևէ մեկը ոչ քաղաքապետարանից, ոչ նախարարություններից, ոչ էլ համապատասխան բաժիններից նախապես ծանուցում չի ստանում։ Ամեն անգամ իմանում ենք հենց կառուցապատողից։ Նախնական խնդիրը մեր ջրավազանի տարածքի օգտագործումն էր։  Մարդիկ մի անգամ գիշերով եկան, ջարդեցին, մտան, այդ ամեն ինչը անցավ գնաց։ Սկզբում հորատման գործընթացն էր, բայց շինթույլտվությունը չկար, բայց անցած շաբաթվա մեջ եկան, զգուշացրին, որ ունեն իրավունք վերջերս փոփոխված կարգավիճակ ունեցող ջրատարի հատվածը փոխելու, մեր տարածքով անցկացնելու։ Այդ ջրատարը անցնում է  քիմիական երկու մասնաշենքերի դիմացով, այսինքն՝ տեղափոխելու դեպքում իրենք պետք է մեր ճանապարհը օգտագործեն»։Հարությունյանն ասում է, որ սպասվող շինարարական պրոցեսը խանգարելու է Կենտրոնի բնականոն աշխատանքին, սակայն ավելի կարևոր հանգամանք կա․ Քիմիական երկու մասնաշենքերում կան քիմիական պահեստներ, որոնք բավականին խորն են և ցանկացած տեսակի գործընթացի դեպքում խնդիր է լինելու նաև աշխատակիցների համար․ «Մինչև այս էլ մենք բարձրաձայնել ենք, որ ինստիտուտում կան բավականին հզոր ու նուրբ սարքեր, այդ սարքերից նորերն ենք ստանալու և ունենալու ենք սարքերի խափանում։ Մենք ամեն օր սարքի համար դիմում ենք ներկայացնում, շահում ենք, բայց փաստացի ունենում ենք խնդիր նաև այդ ուղղությամբ»։  Նրա խոսքով՝ քաղաքապետարանից պահանջում են, որ իրենց տրվի շինթույլտվությունը հաստատող փաստաթղթերը, պատասխանատու կառույցները հաշվի նստեն Կենտրոնի տնօրինության հետ, բոլոր տեսակի քննարկումները իրականացվեն համատեղ։Արփինե Հարությունյանի խոսքով՝ կառուցապատողները դեռևս չեն մտել ինստիտուտի տարածք, տարածքից դուրս՝ ջրամատակարարման հետ կապված են գործողություններ իրականացնում։Հարությունյանի պնդմամբ՝ Հայաստանում ամեն քայլափոխի նորակառույցներ կան, որոնք ոչինչ չեն տալու, և երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ «Այսօր մեր կենտրոնում բազմաթիվ դրամաշնորհներ կան, ունենք միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ։ Ստացվում է՝ մենք մի տեղում պիտի զբաղվենք գիտությամբ, հաջորդ պրոցեսում ստիպված լինենք պայքարել մեր կառույցի համար․․․դա անհեթեթ է։ Բացի այդ՝ այսպիսի կառույց մենք չունենք Հայաստանում։ Եթե Հայաստանում պիտի քիմիա գիտությունը զարգանա ու շարունակվի, ուրեմն պետությունը պիտի հասկանա, որ նախ անհրաժեշտ է  ունեցածը պահել, դրա վրա զարգացնել, ոչ թե քանդել, դրանից հետո որոշի՝ սարքել, թե չսարքել։ Մենք պարբերաբար ունենում ենք ուղեղների արտահոսք, իսկ կենտրոնի չլինելը հանգեցնելու է աշխատակիցների արտահոսքի դեպի այլ կառույցներ, որը ենթադրում է սովորական արտադրական պրոցես, ինչը գիտություն չէ։ Երկրորդ խնդիրը Հայաստանից դուրս գալն է։ Այսինքն՝  պետությունը պիտի ընտրի՝ երիտասարդին թողնում է Հայաստանում, թե ասում է՝ դուրս արի։ Եթե մարդիկ սովորել են, աշխատել են, ունեն ինչ-որ հստակ պլաններ, գործառույթ, դա փոփոխելը՝ առանց իրենց հետ հաշվի նստելու, ճիշտ չէ»։ Գիտաշխատողը վստահ է նաև՝ Կենտրոնին այդքան մոտ ապրող բազմաբնակարան շենքի բնակիչները մի օր անհարմարություն են զգալու, և դրվելու է Կենտրոնի աշխատել-չաշխատելու, այնուհետև Կենտրոնը տեղափոխելու հարցը․ «Բայց եթե անգամ տեղափոխելուց խոսեն, պիտի ունենան կառույց, իսկ այսօր, քանի որ մենք այդ ամենը չունենք ու մեզ հստակ որևէ պլան չի տրվել, գործերի հաջորդականություն չի ներկայացվել, մենք պայքարելու ենք մեր ունեցածի համար»։  Քիչ հետո Երևանի քաղաքապետարանում ընդունեցին ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրինությանը։  Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գտնվող Պետական գույքի կառավարման կոմիտեն համաձայնություն էր տվել, որպեսզի քաղաքապետարանը  ջրանցքի անցկացման շինթույլտվություն տա կառուցապատողին։ Դրանից հետո Կենտրոնի աշխատակիցները շարժվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։ Կենտրոնի տնօրինությունն էլ հանդիպեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ու ՏԿԵ փոխնախարրի հետ։ Կենտրոնի գիտության գծով փոխտնօրենը, ով մասնակցել էր Քաղաքապետարանում ու ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպումներին, մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանում կար շինթույլտվությունը հաստատող փաստաթուղթ, որը իրենց տրամադրելու են․  «Մարդիկ չեն տիրապետում այդ խնդիրները ճիշտ լուծելու գործընթացին։ Մենք ասում ենք՝ փաստաթուղթ կա շինթույլտվության վերաբերյալ, ասում են՝ ոչ մի փաստաթուղթ չկա, քաղաքապետարանում պարզվում է, որ փաստաթղթեր կան։ Նույն օրը, երբ դիմել ենք քաղաքապետարան, այստեղից պատասխան է եկել, որ շինթույլտվության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա։ Բայց պարզվեց, որ քաղաքապետարանում փաստաթուղթ կա, որը դարձյալ չտրամադրեցին, որովհետև պաշտոնական պատասխանով են տալու։ Այդ փաստաթուղթը մեզ անհրաժեշտ է դատարանում բողոքարկման համար․ այստեղ  հանցավոր անգործությունից սկսած հանցավոր համաձայնությունով վերջացրած ամեն ինչ երևում է, որովհետև մարդիկ փորձում են, այսպես ասած, խոչընդոտները վերացնելով, անհամատեղելի շենք կառուցել մի վայրում, որտեղ չի կարելի։ Ժամանակին, երբ այդ տարածքը օտարվել է, եղել է օտարման ոչ ենթակա, ու այդ պահանջով քաղաքապետարանը պիտի գնար, վերականգներ իր իրավունքները այդ հողակտորի հանդեպ, որն էլ չի արվել։ Տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել, ու փորձում ենք հասկանալ՝ ընդհանրապես ուր ենք գնում, որովհետև այդ շինարարությունը ու Կենտրոնը անհամատեղելի են»։ Իսկ ՏԿԵ նախարարությունում կենտրոնի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց խնդիրները ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ու ՏԿԵ փոխնախարարը վաղը գալու են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու։ Նանե Ավետիսյան  
18:42 - 16 նոյեմբերի, 2022
Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա. ԳԱԱ նախագահության ուղերձը

Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա. ԳԱԱ նախագահության ուղերձը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա առթիվ: Ներկայացնում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ուղերձը. «Նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու գիտության կարևոր դերը մարդկության կյանքում, պետությունների զարգացման գործում, ընդգծելու գիտնականների դերը, ովքեր բացահայտում են անհայտը, ստեղծում՝ նորը: Այս տարի Գիտության համաշխարհային օրվա թեման է «Հիմնարար գիտությունները հանուն կայուն զարգացման»: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր գործունեությամբ զարգացնում է Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունները: Երկրի զարգացումը և անվտանգությունը հենված են գիտության նվաճումների վրա: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը շնորհավորում է գիտական հանրությանն այս օրվա կապակցությամբ: Մեր հարգելի գիտնականներին մաղթում ենք մասնագիտական հաջողություններ: Հավատացե՛ք Ձեր ուժերին, համառորեն շարժվե՛ք դեպի զարգացում և նորարարություններ, առաջ տարե՛ք Ձեր գաղափարները: Յուրաքանչյուր օրը Ձեզ համար նոր հնարավորություն է»:
16:23 - 10 նոյեմբերի, 2022
STARMUS VI. Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխը երիտասարդ գիտնականներին խորհուրդ է տալիս շատ աշխատել մեծ խնդիրների վրա

 |armenpress.am|

STARMUS VI. Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխը երիտասարդ գիտնականներին խորհուրդ է տալիս շատ աշխատել մեծ խնդիրների վրա |armenpress.am|

armenpress.am: «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 7-ին հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները, գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Մեր հյուրն է Նոբելյան մրցանակակիր, ամբողջ աշխարհում հայտնի գիտնական, ում հետազոտության ոլորտը մոտ է մեր ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների հետաքրքրությունների շրջանակներին», - ասել է Աշոտ Սաղյանը և ներկայացրել պրոֆեսոր Քըրթ Վյութրիխի անցած գիտական ուղին: Ըստ աղբյուրի՝ Քըրթ Վյութրիխը հանդես է եկել ելույթով: Նա ներկայացրել է գիտության մեջ հաջողության հասնելու իր փորձը: Դիմելով երիտասարդ գիտնականներին՝ Քըրթ Վյութրիխն ասել է. «Եթե դուք ուզում եք նկատելի լինել, եթե ուզում եք ինչ-որ մի բան ղեկավարել գիտության ոլորտում, պետք է լսեք խորհուրդներ և շատ-շատ աշխատեք մեծ խնդիրների վրա: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց կրթությունը ստանան լավ համալսարաններում, երիտասարդ գիտնականները խրախուսվեն և առաջնորդեն գիտությունը, հանդիպեն այն գիտնականներին, ովքեր կարողանում են աշխատել մեծ խնդիրների վրա և իրենց ուսանողներին էլ են դա սովորեցնում: Ես մարզիկ էի, գիտությունն ինձ համար երեկոյան զբաղմունք էր, և ես երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ: Գիտության մեջ դու աշխատում ես և հանկարծ հայտնաբերում ինչ-որ մի բան: Ճանաչումը կարող է տևել 20 տարի և ավելի: Հետո միայն կարող են որոշել, դա արժանի է Նոբելյան մրցանակի, թե՝ ոչ: Երիտասարդ գիտնականները պետք է հասկանան, որ հաջողությունը միանգամից չի լինում, դա շատ դժվար աշխատանք է: Դու չես կարող վստահ լինել, որ Նոբելյան կոմիտեն քեզ կհավատա: Պետք են տարիներ, որպեսզի հաստատվեն քո ուսումնասիրությունները: Դուք պետք է շատ աշխատեք, թեպետ Ձեր ընտանիքն այնքան էլ երջանիկ չի լինում դրանից: Նոբելյան մրցանակ ստանալիս ինձ հետ էր իմ կինը, և դա փոխհատուցումն էր այն դժվար կյանքի, որը նա տեսել է, որովհետև ես անընդհատ լինում էի աշխատավայրում»,- ասել է Նոբելյան մրցանակակիրը: Նշվում է, որ Քըրթ Վյութրիխը կարևորել է հիմնարար գիտական հետազոտությունների նշանակությունը ցանկացած կիրառական արդյունքի ստացման համար: Նա նշել է, որ, օրինակ, COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստացման աշխատանքները հիմնված են մի քանի տասնամյակ տևած հիմնարար հետազոտությունների վրա: Նոբելյան մրցանակակիրը խոսել է նաև իր կողմից մշակված միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդի, պրիոնների մասին: Այնուհետև ծավալվել է հարց ու պատասխան:
19:26 - 07 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արամ Պապոյանը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արամ Պապոյանը

ՀՀ ԳԱԱ նախագահության՝ սեպտեմբերի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից։ Արամ Պապոյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ծրագրային առաջնայնությունները: Նա նշել է, որ իրականացնելու է ինստիտուտի գիտական ուղղությունների վերագնահատում՝ հաշվի առնելով գիտաչափական տվյալները, միջազգային գիտության արդի միտումները, ինչպես նաև՝ ՀՀ տնտեսական զարգացման ու երկրի պաշտպանունակության առաջնայնությունները: Ինստիտուտի գիտական ստորաբաժանումները նոր կառուցվածք են ունենալու՝ միտված գիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր թեմաների յուրացման ճկունությանը, ներքին համագործակցության, կադրային ու ենթակառուցվածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Քայլեր են ձեռնարկվելու ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացման համար: «Անհրաժեշտ են կտրուկ քայլեր՝ ուղղված ԲՈՒՀ-երի շրջանավարտների, այլ ոլորտներում աշխատանքի անցած և արտերկրում աշխատող երիտասարդների՝ ինստիտուտի աշխատանքներում ներգրավմանը»,- ասել է Արամ Պապոյանը: Նա կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնիկական մշակումների խթանումը, համագործակցությունը ՀՀ այլ գիտական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի հետ: Արամ Պապոյանը ծնվել է 1959 թվականին Երևանում: Ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Գիտական ուղին անցել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ինժեներ-ստաժորից մինչև ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնում նա ընտրվել է 2006 թվականին: Նրա գիտական հետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկային, ատոմային ֆիզիկային և սպեկտրասկոպիային, քվանտային և ոչ գծային օպտիկային, օպտիկական պատկերագրմանը: Արամ Պապոյանը 190 աշխատության հեղինակ է, այդ թվում՝ 4 գլուխ գրքերում, 85 հոդված գրախոսվող ամսագրերում, 28 հոդված գիտաժողովների ժողովածուներում, 73 գիտաժողովների թեզիսներ:
17:59 - 06 սեպտեմբերի, 2022
Հատիս լեռան տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են. ՀՀ ԳԱԱ

Հատիս լեռան տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են. ՀՀ ԳԱԱ

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես,  նշված է. «1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է,  Հայաստանի տարածքի չորրորդական  հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիաների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել են ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։ ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկա  են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։ Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական  հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած  շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։ Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսնկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»։
16:41 - 12 հուլիսի, 2022
Ընդունելությունը, որին արժանացել եմ, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը. Արտեմ Փաթափության

 |armenpress.am|

Ընդունելությունը, որին արժանացել եմ, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը. Արտեմ Փաթափության |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ակադեմիայի անունից շնորհավորեց գիտնականին մեծ նվաճման կապակցությամբ և ընդգծեց, որ սա նաև մեր հայ ազգի նվաճումներից մեկն է: «Մենք պայմանավորվել ենք պարոն Փաթափությանի հետ: Իր հաջորդ այցը Հայաստան կլինի ակադեմիայի հրավերով: Կլինեն հանդիպումներ, զեկույցներ»,- ասաց նա: Արտեմ Փաթափությանն էլ հավելեց, որ այն ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը, գիտական նվաճումները: «Ես սկսել եմ իմ աշխատանքը մի լաբորատորիայում, բայց երբեք չէի պատկերացնի, որ գիտությունը կարող է մասնագիտություն լինել: Բայց հետո սիրահարվեցի այդ աշխատանքին: Զարմանալի է, որ հենց Նոբելյան մրցանակը դարձավ շարժառիթ, որ ես հպարտանամ իմ ինքնակենսագրականով և հաստատություններով, որտեղ ուսանել եմ: Գիտությամբ զբաղվել եմ հաճույքով և նվիրումով»,-ասաց նա Նշենք, որ Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
17:05 - 16 հունիսի, 2022
Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կնպաստի անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետ իրականացմանը. ԳԱԱ

Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կնպաստի անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետ իրականացմանը. ԳԱԱ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) բարձր է գնահատում մեր երկրում տիեզերական առաջատար տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ գրանցված կարևոր քայլը՝ կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ «Urdaneta» փոքր արբանյակով: Արբանյակից տվյալների ստացման և օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ-ն, որտեղ ընդգծված է, որ այսօրինակ տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում մշակութաստեղծ քայլ է, որը հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ գիտելիքը, պատրաստելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների և հիմքեր դնելու նոր մշակումների և տեխնոլոգիաների ստեղծման համար: «Այս առումով առանձնակի կարևորություն ունի գիտարար հետազոտությունների իրականացումը մի շարք ոլորտներում՝ տվյալների մշակում, գեոլոկացիա, պատկերների ճանաչում և այլն: Այս աշխատանքներում ներգրավելով ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի գիտնականներին, ոլորտի մասնագետներին, կարելի է առաջադրել հիմնարար և կիրառական բնույթի զարգացման էական ծրագրեր: Հայաստանի գիտնականներն անցյալում ունեցել են մեծ ներդրում տիեզերական հետազոտությունների ոլորտում. Վիկտոր Համբարձումյան, Արտեմ և Աբրահամ Ալիխանյաններ, ովքեր իրականացրել են հետազոտություններ աստղաֆիզիկայի և տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ոլորտներում, Գրիգոր Գուրզադյան, ով մասնակցել է «Orion-1» և «Orion-2» ուղեծրային աստղադիտարանների ստեղծմանը և զբաղվել է մոլորակային միգամածության ուսումնասիրությամբ։ Մեր գիտահետազոտական ինստիտուտներում այսօր էլ իրականացվում են մի շարք կարևոր հետազոտություններ, օրինակ, արբանյակներից ստացված տվյալների մշակումը, տիեզերական աղբի մշտադիտարկման և չեզոքացման խնդիրը և այլն: Հետևողական քայլերով անհրաժեշտ է վերականգնել մեր նախկին հզորությունը՝ ուղղելով այն երկրի կենսական խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումը կնպաստի մեր անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման և այլ կարևոր աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Հուսով ենք, որ գիտության ոլորտում վերջին շրջանում Հայաստանի կառավարության որդեգրած դրական միտումները կկրեն շարունակական բնույթ և հնարավորություն կընձեռեն գիտական հանրությանը գրանցելու նոր նվաճումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:15 - 27 մայիսի, 2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

2021 թ. ՀՀ ԳԱԱ-ն գործունեությունն իրականացրել է հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու խնդիրների պայմաններում. ապրիլի 29-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ: Աշոտ Սաղյանն անդրադարձել է ակադեմիայի կարգավիճակին, առանձնահատկություններին, գիտական ներուժի համալրմանը, գիտության երիտասարդացմանն ուղղված պետական քաղաքականությանը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտակազմակերպական գործունեությունը: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով: 
16:09 - 29 ապրիլի, 2022
Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է անվանի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից:  Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրների, զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ: Ամփոփ անդրադարձ է եղել նաև այս շաբաթավերջին նախատեսված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որի շրջանակում ներկայացվելու է Հայաստանի ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները: ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Յուրի Հովհաննիսյանը հանդես է գալու «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:
13:09 - 28 ապրիլի, 2022
ՀՀ գիտական համայնքը դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները

ՀՀ գիտական համայնքը դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները

Հայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։ «Օգտվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրադրությունից՝ ալիևյան վարչակարգը, խախտելով ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, շարունակում է անթաքույց դրսևորել հակահայկական և հայատյաց կեցվածք, վարել ընդգծված ռասիստական քաղաքականություն: Ադրբեջանի նախագահը վերջին պատերազմից հետո իր ելույթներում, ինչպես սեփական հանրության, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում բացահայտորեն իրականացնում է ազգամիջյան ատելության քարոզ, հնչեցնում է բռնության և ագրեսիայի կոչեր: Թիրախավորելով Հայոց պատմությունը՝ բացահայտ կերպով արտահայտում է իր ծավալապաշտական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ: Դիմելով արդեն իսկ Ադրբեջանի համար ավանդույթ դարձած հարևան ժողովուրդների պատմության նենգափոխման լկտի կեղծարարությանը՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթներով և գործունեությամբ, ինչպիսին էր նաև Բաքվում ռազմավարի պուրակի հիմնումը, շարունակում է մոլորեցնել և ապակողմնորոշել սեփական ժողովրդին՝ միտումնավոր սերմանելով այլատյացություն ու բռնություն, հրահրելով հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Ադրբեջանի նախագահի և նրա հովանու ներքո գործող բռնատիրական վարչակարգն իրականացնում է Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների բնիկ ժողովուրդների պատմության կեղծարարությունը, յուրացնելով նրանց մշակութային և նյութական բազմահազարամյա ժառանգությունը, նենգափոխելով քարտեզներն ու տեղանունները: Հայաստանի Հանրապետության գիտական հանրույթը կոչ է անում ՀՀ պետական կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային գիտական հասարակությանը և ողջ մարդկությանը դատապարտել Ի. Ալիևի ազգայնամոլական և ռասիստական կոչերն ու ծավալապաշտական գործողությունները։ Միաժամանակ դիմում ենք Հայաստանում և Սփյուռքում բոլոր հայկական կառույցներին և կազմակերպություններին՝ կոչ անելով հավուր պատշաճի ուշադրություն դարձնել և արձագանքել Ադրբեջանում պատերազմից հետո շարունակվող ազգայնամոլական հայատյաց քաղաքականության ծավալների աննախադեպ աճին, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանն ու բարօրությանը», - նշված է հայտարարության մեջ։ Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբետ Խառատյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էդիկ Մինասյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Տեր-Ղևոնդյան, պատմական գիտ. դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյան, պատմական գիտ. դոկտոր Անուշավան Զաքարյան, պատմական գիտ. դոկտոր Հայկազուն Ալվրցյան, պատմական գիտ. դոկտոր Գուրգեն Մելիքյան, բանասիրական գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյան, պատմական գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ռոբերտ Ղազարյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Ալիկ Ղարիբյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ Աշոտ Սողոմոնյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Արկադի Ակոպով, պատմական գիտ. թեկնածու Մելինե Անումյան, պատմական գիտ. թեկնածու Լիլիթ Հովհաննիսյան, պատմական գիտ. թեկնածու Անահիտ Խոսրոևա, պատմական գիտ. թեկնածու Վահե Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու Հակոբ Մուրադյան, պատմական գիտ. թեկնածու Վարուժան Գեղամյան, պատմական գիտ. թեկնածու Մհեր Աբրահամյան, պատմական գիտ. թեկնածու Արտյոմ Սարգսյան, պատմական գիտ. Թեկնածու
20:07 - 23 ապրիլի, 2022
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԽ համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի բռնազավթված տարածքները դեօկուպացնելու համար․ մտավորականների հայտարարությունը

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԽ համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի բռնազավթված տարածքները դեօկուպացնելու համար․ մտավորականների հայտարարությունը

80 մտավորական հայտարարություն են տարածել՝ կոչ անելով սատարել Արցախի ԱԺ-ում ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին․ «Ավելի քան 30 տարի առաջ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը: Անցած 34 տարիների ընթացքում արցախցիները ստեղծել են պետական կառավարման կենսունակ մարմիններ, անցկացրել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ և հիմնել ժողովրդավարական ինստիտուտներ։ Արցախը կայացած ինքնիշխան ժողովրդավարական պետություն է: 1991-1994 և 2016 և 2020 թվականերին Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացմամբ: Արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը բռնազավթված է, իսկ նրա բնակչությունը՝ հայրենազրկված: Արցախում Ադրբեջանը շարունակել է վաղուց որդեգրած ցեղասպանական իր ծրագիրը, որի նկատմամբ միջազգային հանրության լռությունը տարակուսանք է հարուցում: Մեր բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ հայտարարում ենք, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են: Սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական և քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու և հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանն զորավիգ լինել հայրենի հողում ազատ ապրելու արցախցիների իրավունքին, գործադրել հասարակական, իրավական և քաղաքական առավելագույն ջանքեր՝ ի կատարումն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի իրագործման և հայրենազրկված քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելուն: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար:» Հայտարարության տակ ստորագրել են Բարսեղյան Վանյա - Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարտիրոսյան Ռադիկ - ԳԱԱ ակադեմիկոս Սուվարյան Յուրի - ԳԱԱ ակադեմիկոս Աղալովյան Լենսեր - ԳԱԱ ակադեմիկոս Կոստանյան Ռադիկ ԳԱԱ ակադեմիկոս Թավադյան Լևոն - ԳԱԱ ակադեմիկոս Մելքոնյան Աշոտ - ԳԱԱ ակադեմիկոս Սաֆրաստյան Ռուբեն - ԳԱԱ ակադեմիկոս Պողոսյան Գևորգ - ԳԱԱ ակադեմիկոս Հարությունյան Ռուբեն - ԳԱԱ թղթակից անդամ Մաթևոսյան Հրանտ - ԳԱԱ թղթակից անդամ Իշխանյան Արթուր - ԳԱԱ թղթակից անդամ Մանասյան Ալեքսանդր - ԳԱԱ թղթակից անդամ Հախումյան Արսեն - ԳԱԱ թղթակից անդամ Թավադյան Աշոտ - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր Աթայան Կամո - մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելքումյան Միքայել  - տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր Դանիելյան Գևորգ - իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Հարությունյան Վաչագան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ասլանյան Գագիկ - տնտեսգիտության թեկնածու, դոցենտ Շեկյան Լենարդ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Պետրոսյան Սլավա - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Բալայան Կիմ – իրավաբան Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայրունի Աշոտ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Շեկյան Համլետ – տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Իսկանդարյան Գոհար - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Զոհրաբյան Էդիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Գրիգորյան Հովիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Եղիազարյան Կարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Գևորգյան Մարինե - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Ավետիսյան Արա - ԳԱԱ թղթակից անդամ Աղասյան Արարատ - ԳԱԱ թղթակից անդամ Ասատրյան Աննա - արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Շահինյան Սմբատ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Չիթչյան Ռոբերտ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Հարությունյան Արկադի – քիմիական գիտ. թեկնածու Գևորգյան Տիգրան - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ Սահակյան Վարդան - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Էվոյան Գագիկ – ՏՏ ոլորտի առաջատար մասնագետ Գալստյան Վովա Սարգսյան Ջեմմա Մաթոսյան Ռիմա – փաստաբան, իրավախորհրդատու Գալոյան Ասյա - բանասեր Հարությունյան Ալվինա – ֆիզիկոս –ինժիներ Գասպարյան Վահան – բանասիրական գիտ. թեկնածու Աբրոյան Արմեն – ճարտարապետույան թեկնածու Կարապետյան Բակուր – գրող հրապարակախոս Արիստակեսյան Կարեն – բանասեր Գևորգյան Գևորգ – ռազմական գործիչ Գրիգորյան Գրիգոր – պահեստազորի գնդապետ Եգորյան Նորայր – պահեստազորի փոխգնդապետ Պողոսյան Վլադիմիր Պողոսյան Արթուր - իրավաբան Հովակիմյան Ռաֆայել – հիմնադրամի նախագահ Սարգսյան Ջիվան – դերասան Բարսեղյան Մարտին - փաստաբան Մամիկոնյան Սերեյ – բժիշկ Առաքելյան Սեյրան – պատմաբան Պողոսյան Աշխունջ - պատմական գիտ. թեկնածու Մանուկյան Մանուկ – տնտեսգետ Ղուկասյան Կարեն – տնտեսագետ Հաջյան Վրեժ – պատմաբան Խդրյան Կարեն – իրավաբան Լալայան Հովհանես - պահեստազորի գնդապետ Հայրապետյան Ավետ – պատմաբան Հակոբյան Նորայր – իրավաբանական գիտ. թեկնածու, փաստաբան Թաթոյան Ռուսլան – լրագրող Աղայան Աննա – փիլիսոփա Առուշանյան Ալբերտ   Ավագյան Նելլի – բանասեր Խոյեցյան Աշոտ – ֆիննանսիստ Ղահրամանյան Սլավիկ – գործարար Հակոբյան Աստղիկ – երկրաբան Մինասյան Կարեն – իրավաբան Նավասրդյան Գարիկ – իրավաբան Բարսեղյան Աղասի – բանասեր (օտար լեզուների մասնագետ) Խաչատրյան Խորեն – ֆիզիկոս Ղևոնդյան Վահրամ – շինարար Հովսեփյան Արթուր – շինարար Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ»։
13:14 - 02 մարտի, 2022
ԳԱԱ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ

ԳԱԱ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրագործվող հայկական մշակութային ցեղասպանության ծրագրի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի մշակույթի նախարարի 2022 թ. փետրվարի 3-ի պաշտոնական հայտարարությունից միանշանակ պարզ է դառնում, որ Ադրբեջանը, շարունակելով իր հայատյաց քաղաքականությունը, հստակ ծրագրված գործողություններով հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականություն՝ այս անգամ արդեն բացահայտ կերպով սպառնալով վերացնել ու ջնջել Արցախի հայկական եկեղեցիների ու այլ սրբավայրերի արձանագրությունները։ Հայտարարությունից բխում է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության մասնագետներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից, ովքեր «ուսումնասիրությունից» հետո պետք է հեռացնեն Արցախում (Ղարաբաղում) «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»։ Արցախի տարածքի քրիստոնեական հուշարձանները և դրանց վրա եղած գրությունները մեկ դարից ավելի է, ինչ մասնագետների կողմից ուսումնասիրվում են և դրանց իսկությունը կամ ազգային պատկանելությունը երբևիցե խնդրահարույց չի եղել (չհաշված պատմական իրողությունները կեղծելու դիլետանտական փորձերն ու հայտարարությունները): Արցախի տարածքում գտնվող հայ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր քրիստոնեական հուշարձանախմբեր Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը հանդիսանում են հայկական ճարտարապետության առանցքային օրգանական մասը: Արցախի զարգացած միջնադարի մոնումենտալ կառույցները՝ եկեղեցիները, գավիթները, զանգակատներն իրենց ստեղծագործական կառուցվածքով  (կոմպոզիցիայով) և դեկորով սերտորեն առնչվում են պատմական Սյունիքի և Այրարատի նախորդող ժամանակաշրջանի նույնատիպ կառույցների հետ, ինչը հետազոտություններով փաստել են հայկական միջնադարյան ճարտարապետությունն ուսումնասիրող արտասահմանյան հեղինակավոր գիտնականները ևս, այդ թվում՝ Ժան Միշել Թիերին (Ֆրանսիա), Պաոլո Կունեոն (Իտալիա) և այլք: Վիմագիր արձանագրությունների և այդ արձանագրություններով  մեր օրերն հասած տվյալների գիտական վերլուծությամբ ժխտվում է  դրանց «աղվանական» լինելու հանգամանքը, ուստի որպես արցախահայության մշակութային ժառանգության «աղվանականացման» լավագույն տարբերակ, ընտրվել է վիմագիր տվյալների իսպառ ոչնչացումը, ինչպես ցույց է տալիս Նախիջևանի տարածքի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման «ադրբեջանական փորձը»։ Ադրբեջանում չկան քրիստոնեական մշակույթի ու հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, ինչի վկայություններն են իրենց իսկ հրապարակումները, որոնք սահմանափակվել են իսլամական ճարտարապետության ներկայացումով։ Նախ, անգամ եթե պայմանականորեն ընդունենք, որ դրանք հետագայի հավելում են, ապա, ըստ հուշարձանների պահպանության ընդունված չափորոշիչների, այդ դեպքում ևս դրանց վերացումը մշակութային վանդալիզմ է, քանի որ հաջորդող դարերում արված ավելացումները տվյալ ճարտարապետական հուշարձանի պատմության անբաժանելի մասն են: Կասկածից վեր է, որ վերոհիշյալ հանձնաժողովը ստեղծվել է  հայկական մշակութային ցեղասպանության ծրագիրը կյանքի կոչելու, արցախահայության մշակութային ժառանգությունն իր իսկության և ինքնության իրական տիրոջից օտարելու, տարածաշրջանի պատմությունը համալիր խեղաթյուրելու նպատակով։ Այս հայտարարությամբ Ադրբեջանն ի լուր աշխարհի, մեկ անգամ ևս հռչակում  է, որ աներկբա խախտում է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունն իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։ Արցախի հուշարձանների՝ աղվանական լինելու տեսության նպատակն է փորձել իբրև թե պատմականորեն հիմնավորել Արցախի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները և, գիտությունը ծառայեցնելով իրենց ցեղասպանական նկրտումներին, նախ՝ հիմնավորել Արցախի Հանրապետության այժմ բռնազավթված տարածքներում հայկական ներկայության ոչնչացումը, ապա նաև՝ «պատմամշակութային» կեղծ նախադրյալներ ստեղծել այժմ ռուսական խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքից ներս սողոսկելու համար: Արցախի հուշարձանների վիմագրագիտական համակողմանի ուսումնասիրությունը, որը ներառում է այդ արձանագրությունների հնագրագիտական, լեզվաբանական, արվեստաբանական, աստվածաբանական, գրական-աղբյուրագիտական և, հատկապես, պատմագիտական քննությունը, միանշանակ ապացուցում է այդ եկեղեցիների և դրանց արձանագրությունների և այլ ռեկվիզիտների հայկականությունը: Համաշխարհային փորձից հայտնի է, որ ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով հորինված որևէ արձանագրություն: Ավելին, լեզվական առումով ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ տեղի գրավոր խոսքում արտահայտվում են գրչության միջավայրի լեզվական իրողությունները՝ բարբառները: Արցախի վիմական արձանագրություններում նկատելի են արցախյան բարբառի տարրերը, մինչդեռ անհնար է գտնել ենթադրյալ աղվաներենի որևէ հետք: Ասվածը ևս մեկ անգամ վկայում է, որ մշակութային այս ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ ճարտարապետական կոթողների որմերին դրոշմելով բարբառի տեղային իր շունչը: Էլ չենք խոսում Արցախի գրչության կենտրոններից մեզ հասած հարյուրավոր ձեռագիր մատյանների գոյության մասին, որոնց հիշատակարանների բովանդակությունն ինքնին լրացնում ու վերահաստատում է վիմագրերում վկայված սկզբնաղբյուրային տեղեկությունները:   Թե՛ ձեռագրերում և թե՛ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով, սովորաբար, դրվում են ոչ ճիշտ տեղում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո, որպես կանոն, փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային ստեղծագործական կառուցվածքի և խորհրդաբանության տեսանկյունից կարող ենք փաստել, որ արցախյան բոլոր նշանավոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որտեղ եկեղեցիների կառուցման մասին վկայող արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո: Պատմագիտական քննությամբ ևս հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող՝ հետագայում ստեղծված, սակայն ավելի վաղ շրջանի վերագրվող որևէ արձանագրություն: Հուշարձաններում, առհասարակ, ընդունված երևույթ է պատմության տարբեր շրջափուլերում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների արձանագրումը: Արցախյան հուշարձաններն այս առումով ևս բացառություն չեն, ուստի հետագա նորոգումների, նոր շինություններով համալրումների, նվիրատվությունների և այլ հիշարժան գործերի դեպքում կարևորվել է վիմագիր կազմելու ավանդույթը: Արցախի եկեղեցիների նման արձանագրությունները ևս վերաբերում են բացառապես հայկական միջավայրին և իրողություններին, ինչը ևս հաստատում է, որ այդ հուշարձաններն իրենց կառուցման օրից մինչև Ադրբեջանի վանդալիզմի այսօրվա դրսևորումները ոչ միայն հայ արվեստի մասն են, այլև դրանց հետագա պատմությունը ևս կապվել է այդ արժեքները ստեղծող հայ ժողովրդի հետ: Դա կրկնակի հաստատվում է նաև կոթողային հուշարձանների՝ հազարավոր խաչքարերի ու տապանաքարերի օրինակով, որոնց հայերեն՝ մեսրոպատառ վիմագրերը ևս հայկական միջավայրի գոյության ուղղակի արտացոլանքն են: Եթե անգամ Արցախի Հանրապետության այժմյան օկուպացված տարածքում մշակութային վանդալիզմի իրականացման փորձ արվի, ապա միևնույնն է, այդ հուշարձանների իրական լուսանկարները, չափագրությունները և արձանագրություններն իրենց վերծանություններով, ռուսերեն ու եվրոպական տարբեր լեզուներով արված թարգմանություններով շարունակելու են մնալ որպես մշակութային ցեղասպանության Ադրբեջանի դեմ ուղղված մեղադրանք՝ ցույց տալով, թե իրականում ինչպիսին են եղել այդ հուշարձանները նախքան Ադրբեջանի պետականորեն իրականացված ոչնչացումը: Փաստորեն, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես  աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայում ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները: Պատմական բազմաթիվ սկզբնաղբյուրների վկայություններից քաջ հայտնի է, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցու հետ։ Առաքելական քարոզության ավանդական շրջանից երեք դար հետո այն պաշտոնապես հաստատվել է Գրիգոր Լուսավորչի և նրա թոռան՝ Գրիգորիսի կողմից 4-րդ դարի սկզբներին  և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի մաս է կազմել։ Աղվանից եկեղեցու իրավազորությունը սկզբնապես տարածվում էր Բուն Աղվանից թագավորության տարածքի վրա, որն ընդգրկում էր Կուր գետի ձախափնյակը՝ մինչև Կասպից ծով, Կովկասյան լեռնաշղթա և Դերբենդի լեռնանցք (եպիսկոպոսանիստն այդ ժամանակ գտնվում էր թագավորության մայրաքաղաք Կապաղակում)։ Սակայն երբ 428 թ. Սասանյան Իրանի արքայից արքան վերացրեց Հայոց Արշակունյաց թագավորությունը և Այսրկովկասում ստեղծեց երեք մարզպանությունների վարչական համակարգ, ընդ որում՝ Հայաստանի արևելյան և հյուսիսային նահանգները (Ուտիքն ու Արցախը՝ Աղվանք-Առանին, իսկ Գուգարքը՝ Վիրք-Վարջանին) մտցնելով հարևան մարզպանությունների կազմի մեջ, Աղվանից եկեղեցու իրավազորությունն անցավ (միջնադարի եկեղեցա-վարչական բաժանման սկզբունքների համաձայն) նաև Կուրի աջափնյակում գտնվող հայկական Ուտիք և Արցախ նահանգների վրա։ Մարզպանության կենտրոնը 462 թ. Կապաղակից Չող-Դերբենդ քաղաքը տեղափոխվելուց հետո այնտեղ հաստատվեց նաև Աղվանից եկեղեցու (որն արդեն արքեպիսկոպոսության-կաթողիկոսության կարգավիճակ էր ստացել) նստոցը։ Սակայն շուտով՝ 6-րդ դարի առաջին տասնամյակներին Աղվանից կաթողիկոսության կենտրոնը տեղափոխվեց Կուր գետի հայկական աջափնյակ՝ նորակառույց մարզպանանիստ Պարտավ քաղաքը (Ուտիք նահանգի Ուտի-Առանձնակ գավառում)։ 16-րդ դարի սկզբում Աղվանից եկեղեցու նստավայրը վերջնականապես հաստատվում է Գանձասարում՝ Արցախի կենտրոնում (նախորդ դարում նրան զուգահեռ կաթողիկոսանիստ էր նաև Ճալեթը՝ Կուրի ձախափնյակում)։ Դրանից հետո այն հանդես է գալիս նաև Գանձասարի կաթողիկոսություն անվամբ՝ իբրև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերից մեկը, որը 19-րդ դարում Ռուսաստանի ցարական իշխանությունների իրավական ակտերով վերածվեց Էջմիածնի կաթողիկոսության միտրոպոլիտության (արքեպիսկոպոսության)։ Զարմանալի է, որ Ադրբեջանի՝ կովկասյան ալբանացիներին վերաբերող հռետորաբանությունում կենտրոնական տեղ է հատկացվում ուդիներին՝ մի ժողովրդի, որը վերջին 200 տարվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և բարոյական ծանրագույն հետապնդումների։ 18-19-րդ դարերում ուդիների բռնի իսլամացման և ձուլման քաղաքական գործընթացը հանգեցրեց Աղվանքի ժառանգության այդ ամենաակներև  ներկայացուցիչների գրեթե իսպառ ոչնչացմանը։  Այդուհանդերձ, Նուխի գավառի, մասնավորապես, Շեքիի, Օղուզի (նախկին Վարդաշենի) և Գաբալայի (նախկին Կուտկաշենի) շրջանների առնվազն 43 ուդիական գյուղերի բնակչությունը պահպանել էր ուդիական (աղվանական) ինքնությունը և, չնայած լեզվական թյուրքացմանը և իսլամացմանը, շարունակել էր հարգել աղվանական պատմական հուշարձանները և սրբավայրերը, տոնել աղվանական տոները, տապանագրերում նշել իրենց ազգային ինքնությունը և այլն։ Հնարավոր է, հենց այդ պատճառով ուդիները 1918-1920 թվականների էթնիկական բախումների ժամանակ թյուրքալեզու ադրբեջանցիների կողմից ենթարկվել են դաժան ֆիզիկական բռնության, ոչնչացման և արտաքսման։ Վերջին ուդիական բնակավայրերի` Վարդաշենի, Միրզաբեյլուի, Սուլթան Նուխիի, Ջոռուռլուի բնակչությունը և Նիժ գյուղի բնակիչների մեծ մասը, փախչելով հետապնդումներից, ստիպված եղան վերջնականապես լքել հայրենիքը, ուր իրենց նախնիներն ապրել էին հարյուրամյակներ շարունակ։ Ուդիների արտաքսումից հետո Ադրբեջանում «վերականգնվում է պատմական ճշմարտությունը»․ Աղվանքի ողջ նյութամշակութային ժառանգությունը ճշգրտվում կամ ոչնչացվում է։ Հայկական մշակութային ժառանգության ժխտողական քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են այսօր Ադրբեջանում մնացած մոտ 2-3 հազար ուդիներին: Զուր չէ, որ Ադրբեջանը չի ստորագրում Տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան (անգլ. European Charter for Regional or Minority Languages, ֆր. Charte européenne des langues régionales ou minoritaires)՝ լեզուների պաշտպանման և սատարման եվրոպական կոնվենցիան, որից օգտվում են ավանդական փոքրամասնությունները։  Այսպիսով՝ - հատկապես կարևորելով «Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթը», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքների ճանաչում, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը, և մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գտնում է, որ  ինչպես նշված է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի նախաբանում և վերահաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016 թվականի «Զինվորականների համար մշակութային ժառանգության պաշտպանության ձեռնարկում», լինելով ողջ մարդկության ինքնության կենսական մասը՝ ժառանգության  ոչնչացումով հենց մարդկությունն է զրկվում իր  անփոխարինելի արժեքներից։  Ըստ այդմ՝ արցախահայության ժառանգության ոչնչացումը կարող է հանգեցնել աշխարհի մշակութային արժեքների անվերադարձ կորստին և աղքատացնել աշխարհի մշակութային բազմազանությունը։ Արցախի ժառանգությունը ստեղծել է արցախահայությունն իր պատկերացումներին ու հմտություններին համապատասխան, իսկ Ադրբեջանի քաղաքականությունն, ինչպես ակնհայտ է,  ուղղված է հենց այդ ժառանգության նենգափոխմանն ու խեղաթյուրմանը։ Ադրբեջանը, համաձայն միջազգային հռչակագրերի և իր իսկ ստանձնած պարտականությունների, հանձնառու է անաղարտ պահել արցախահայության ժառանգությունը, պահպանել նրա իսկությունն ու ամբողջականությունը։ Եվ հենց այդ նույն կոնվենցիան, որը վկայակոչել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, իր 4-րդ հոդվածով արգելում է վանդալիզմի, ոչնչացման կամ ձևափոխման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
11:33 - 23 փետրվարի, 2022