Մեծ յոթնյակ

ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|

ԱՄՆ-ը պատրաստ է ավարտել Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչև օգոստոսի 31-ը, հայտարարել է Բայդենը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատրաստ է ավարտել ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և պատերազմի ժամանակ ամերիկյան բանակի հետ համագործակցած աֆղանցիների տարհանման գործընթացը մինչև օգոստոսի 31-ը, հակառակ դեպքում, ամերիկացիները կարող են բախվել «Ալ-Քաիդայի» ահաբեկչական հարձակումների աճող սպառնալիքին: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեկ Սպիտակ տանը՝ «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդների հեռավար գագաթնաժողովին հաջորդած ելույթում: «Թալիբան»-ը, հիշեցնենք, զգուշացրել է, որ օտարերկրյա զինվորականների և դիվանագետների դուրսբերումն Աֆղանստանից պետք է ավարտվի մինչև օգոստոսի 31-ը: Բայդենը երեկ հայտարարել է, որ վերջին12 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը: Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում են Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:
12:20 - 25 օգոստոսի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
G7-ի առաջնորդները ընդունել են գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարություն |1lurer.am|

G7-ի առաջնորդները ընդունել են գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Կիրակի Քարբիս Բեյում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարները եռօրյա գագաթնաժողովի արդյունքներից հետո ընդունել են ընդհանուր հայտարարություն, որում ներառված են քննարկված բոլոր հարցերը, գրում է ТАСС-ը: Դրանցից մեկը վերաբերում է Բելառուսի իրավիճակին: G7-ի երկրները Մինսկին կոչ են արել անցկացնել նոր «ազատ ու արդար» նախագահական ընտրություններ: «Մենք ռեժիմին կոչ ենք անում փոխել կուրսը և իրականացնել ԵԱՀԿ անկախ փորձագիտական ​​առաքելության առաջարկությունները, իմաստալից երկխոսություն սկսել հասարակության բոլոր խավերի հետ և անցկացնել նոր ազատ ու արդար ընտրություններ»,- գրված է  25 էջանոց փաստաթղթում: G7-ի երկրները կհամագործակցեն Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպի հարցով և պատասխանատվության կենթարկեն գործում ներգրավված անձանց: Ինքնաթիռում էր Բելառուսում գործող NEXTA ալիքի հիմնադիրներից Ռոման Պրոտասևիչը, որին Բելառուսի իրավապահները ձերբակալել են օդանավակայանում: «Մեծ յոթնյակի» մասնակիցները Մինսկի այդ քայլը համարում են շարունակական հարձակումներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և միջազգային իրավունքի վրա: G7-ն անդրադարձել է նաև Մյանմայում տիրող իրավիճակին: Այդ երկրում հեղաշրջումից հետո իշխանության եկած զինվորականներին կոչ է արվել դադարեցնել բռնություններն ու ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Հյուսիսային Կորեայի իշխանությանը կոչ են արել իրականացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, ինչպես նաև վերսկսել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ: Փհենյանին կոչ է արվել նաև լուծել մարդու իրավունքների խնդիրը և կարգավորել Ճապոնիայի առևանգված քաղաքացիների հարցը: «Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնել են աջակցել Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտներին, նշել են «Նորմանդական ձևաչափով» բանակցությունների կարևորությունը: Բացի այդ, նրանք Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունը և գործել իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև դուրս բերել «զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի արևելյան սահմանից և Ղրիմի թերակղզուց»: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ G7-ի առաջնորդները Ռուսաստանին համարում են «հակամարտության կողմ, այլ ոչ թե միջնորդ»: Ինչ վերաբերում է Չինաստանին, գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման հարցերում Չինաստանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին: «Ինչ վերաբերում է Չինաստանին և մրցակցությանը համաշխարհային տնտեսությունում, կշարունակենք խորհրդակցությունները գլոբալ տնտեսության արդար և թափանցիկ գործունեությունը խաթարող մարտահրավերի շուրջ»: «Մեծ յոթնյակի» ղեկավարները Պեկինին էլ են կոչ արել հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Խոսքը վերաբերում է հատկապես Սինցզյանին և Հոնկոնգին: G7-ը սատարել է Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսումը, սակայն Թեհրանին կոչ է արել դադարեցնել հրթիռային ծրագրի մշակումը: «Մեծ յոթնյակի» ղեկավարների ուշադրությունից չի վրիպել նաև կլիմայի խնդիրը: Նրանք մտադիր են Փարիզյան համաձայնագրով նախատեսված կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ֆինանսավորումը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի: G7-ն անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարին և պատվաստումների թեմային: Կողմերը պարտավորվել են հաջորդ տարվա ընթացքում աշխարհին տրամադրել 1 մլրդ դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ: Նախատեսվել է ավելցուկային դոզաներ բաժանել ամենաաղքատ երկրներին և տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և բաշխման համար:
15:43 - 14 հունիսի, 2021
«Մեծ յոթնյակը» Չինաստանին հակակշռող համաշխարհային ենթակառուցվածքային նախագիծ կստեղծի |1lurer.am|

«Մեծ յոթնյակը» Չինաստանին հակակշռող համաշխարհային ենթակառուցվածքային նախագիծ կստեղծի |1lurer.am|

1lurer.am: «Մեծ յոթնյակի» երկրները Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում այսօր կհայտարարեն համաշխարհային ենթակառուցվածքային նախագծի մասին, որը հակակշիռ կլինի Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» բազմատրիլիոն նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ փոխանցում է Deutsche Welle-ն: Պաշտոնյայի խոսքով՝ Արևմուտքը մինչև այժմ չի կարողացել այլընտրանք առաջարկել Չինաստանի կառավարության «անբավարար թափանցիկությանը, էկոլոգիական ու աշխատանքային ցածր չափանիշներին ու հարկադիր մոտեցմանը», որի պատճառով շատ երկրների վիճակը միայն վատացել է: «Այդ պատճառով էլ «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ հայտարարել ենք հավակնոտ նոր համաշխարհային ենթակառուցվածքային նախաձեռնության մասին», որը կլինի ոչ միայն Չինաստանի նախաձեռնության այլընտրանքը: Պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչպես է ֆինանսավորվելու նախաձեռնությունը, որի շրջանակում ծրագրվել է հարյուր միլիարդավոր դոլարներ հավաքել՝ աղքատ երկրների 40 տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքային բացը մինչև 2035 թվականը լրացնելուն օգնելու համար:
16:21 - 12 հունիսի, 2021
Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում մեկնարկել է G7 գագաթնաժողովը |1lurer.am|

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում մեկնարկել է G7 գագաթնաժողովը |1lurer.am|

1lurer.am: Գրեթե երկու տարվա դադարից հետո G7-ի գագաթնաժողովը վերադառնում է դեմ առ դեմ ձևաչափին: Այն տեղի կունենա հունիսի 11-13-ը Անգլիայի Քորնուոլ դքսությունում: Գագաթնաժողովին, բացի «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներից, կմասնակցեն նաև Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Հարավային Կորեայի պաշտոնյաներ: Քննարկման հիմնական թեմաները կլինեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, գլոբալ առևտրային շղթաների պաշտպանությունը, բաց հասարակության մարտահրավերները և կլիմայի փոփոխությունը: Մասնակիցները պետք է հայտարարեն աղքատ երկրներին կորոնավիրուսի պատվաստանյութ տրամադրելու իրենց որոշման մասին, տեղեկացնում է riafan-ը: Գագաթնաժողովը, սակայն, քաղաքական հանդիպումներից բացի ներառում է նաև այլ միջոցառումներ: Մասնակից երկրների ղեկավարները համատեղ կնկարվեն, կայցելեն թագուհի Էլիզաբեթ Երկրորդի դղյակ, կհանդիպեն արքայազն Չարլզի, Քեմբրիջի դքսերի և 10 միջազգային ընկերությունների ղեկավարների հետ: Լավ եղանակի դեպքում հունիսի 12-ին հյուրերին խորոված կմատուցվի լողափին: 6.5 հազար ոստիկան և մի քանի հարյուր զինվորական պատասխանատու կլինեն գագաթնաժողովի անվտանգության համար: Նրանք տեղավորվելու են հյուրանոցներում և զբոսանավում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարի առաջին անգամ կմասնակցի G7-ին: Նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ տարաձայնությունները:
13:31 - 11 հունիսի, 2021
G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար |armenpress.am|

G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար |armenpress.am|

armenpress.am: Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում: «Մեր գլխավոր նպատակն Է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն Է տնտեսության վերականգնման համար»,- ասել Է ֆոն դեր Լյայենը, որի ելույթը հեռարձակվել Է ԵԽ-ի կայքում: Նա նաեւ հայտարարել Է այն բանի անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները պատվաստանյութեր ձեռք բերելու հավասար եւ արդարացի հնարավորություն ունենան»: «G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի հավաստելու մեր պարտավորությունները եւ գնալու աելի հեռու: Այս հանդպմանը մենք նաեւ կքննարկենք համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունն այդ թվում աղքատ երկրների վրա»,- նշել Է ԵՀ-ի նախագահը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որոնք ֆոն դեր Լյայենը բերել Է իր ելույթի ժամանակ, «ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ գտնվում Է սովի եզրին»: «Մենք պետք Է պայքարենք այդ միտման դեմ՝ ամրապնդելով գլոբալ պարենային համակարգերը»,- հայտարարել Է նա: Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Եվրամիությունը G7-ի շրջանակներում «մտադիր Է տրամադրել հումանիտար օգնության նոր փաթեթ 250 միլիոն եվրոյի չափով սովի դեմ պայքարի համար»: «Այդ գումարից գրեթե 50 միլիոն եվրոն պլանավորվում Է ուղղորդել Սահելի եւ Արեւելյան Աֆրիկայի գոտու երկրներին»,- հավելել Է նա: Նրա խոսքով՝ տարածաշրջանները «խիստ տուժել են համավարակի եւ կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներից»: Մեծ Բրիտանիան մտադիր Է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առոջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավաներից եւ Եվրահանձնաժողովի նախագահից, դրան կմասնակցի Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:34 - 09 հունիսի, 2021
Համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն |1lurer.am|

Համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարություն է տարածել՝ Մեծ յոթնյակի հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, աված է. «COVAX նախաձեռնությունը՝ COVID-19 պատվաստանյութերի համաշխարհային համահավասարությունն ապահովող կառույցը, առաջիկա օրերին առաքելու է իր 65-միլիոներորդ չափաբաժինը, այնինչ պետք է առաքեր առնվազն 170-միլիոներորդը: Երբ հաջորդ ամիս Մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպեն Մեծ Բրիտանիայում, և քանի որ կորոնավիրուսային հիվանդության մահացու երկրորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, շարունակելու է տարածվել Հնդկաստանում և հարևան հարավասիական երկրներում, պակասորդը կկազմի 190 միլիոն չափաբաժին։ Մենք բազմիցս նախազգուշացրել ենք «փայտը ձեռքից գցելու» և ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին առանց պատվաստանյութերի, ախտորոշման և բուժման միջոցների արդարացի հասանելիության թողնելու ռիսկերի մասին: Մտահոգված ենք, քանի որ Հնդկաստանում հիվանդության մահացու ալիքը ցույց է տալիս, թե ինչ կպատահի, եթե չանսան մեր նախազգուշացումներին: Չնայած Հնդկաստանում իրավիճակը ողբերգական է, բայց Հնդկաստանը միակը չէ: Դեպքերի թիվը շեշտակի աճում է, և առողջապահական համակարգերը պայքարում են Հնդկաստանի հարևան երկրներում՝ Նեպալում, Շրի Լանկայում, Մալդիվներում, ինչպես նաև այլ երկրներում՝ Արգենտինայում և Բրազիլիայում: Երեխաներն ու նրանց ընտանիքները չափազանց բարձր գին կվճարեն այս ամենի համար: Որքան երկար վարակն առանց խոչընդոտների տարածվի, այնքան մեծ է վիրուսի մահացու կամ վարակիչ նոր տեսակների առաջացման ռիսկը: Այս համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է՝ ամբողջ աշխարհում: COVAX-ը, ԱՀԿ-ի, Գավիի և CEPI-ի գլխավորությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, որպես իրականացնող գործընկեր, ցույց է տվել այդ ճանապարհը: Բայց COVAX-ում մատակարարումների պակաս կա: Պատվաստանյութեր արտադրող Հնդկաստանում իրավիճակն ունի գլոբալ հետևանքներ, այն է՝ COVAX-ին հասանելի պատվաստանյութերի խիստ կրճատումն է: Ներքին պահանջարկի աճը նշանակում է, որ մինչև մայիսի վերջ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված 140 միլիոն չափաբաժինը չի կարող տրվել COVAX-ին: Եվս 50 միլիոն չափաբաժին, ամենայն հավանականությամբ, չի տրամադրվի նախաձեռնությանը հունիսին: Այս հանգամանքը, ի լրումն պատվաստանյութերի ազգայնականությանը, սահմանափակ արտադրական կարողությունների և ֆինանսավորման բացակայությանը, պատճառ է հանդիսացել, որ COVID-19 պատվաստանյութերի բաշխումը հետ ընկնի ժամանակացույցից: Հաջորդ ամիս Մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպելու են՝ արտակարգ իրավիճակների դադարեցման հնարավոր սցենար մշակելու: Airfinity-ի հետազոտական կառույցի տրամադրած տվյալների նոր վերլուծությունը, որն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միացյալ Թագավորության ազգային կոմիտեի հանձնարարությամբ, փաստում է, որ Մեծ յոթնյակի երկրները և Եվրամիության անդամ պետությունների խումբը կարող են նվիրաբերել պատվաստանյութերի շուրջ 153 միլիոն չափաբաժին, եթե հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին նվիրաբերեն իրենց հասանելի չափաբաժինների 20 տոկոսը: Ըստ էության, նրանք կարո՛ղ են այդպես վարվել՝ միևնույն ժամանակ կատարելով իրենց սեփական բնակչությանը պատվաստելու պարտավորությունները»:
11:31 - 19 մայիսի, 2021
G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։ G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։ G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։
09:24 - 06 մայիսի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում ամենամեծ ուշադրությունը հատկացվել Է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք սկսել ենք առավոտյան 08:45-ին եւ մեկուկես ժամ տեւել Է Չինաստանի շուրջ քննարկումը, այնուհետեւ ավելի փոքր նստաշրջաններն Էին, 30-րոպեանոց նստաշրջաններ՝ Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի շուրջ. 1,5 ժամ՝ Ռուսաստանի շուրջ, ներառյալ Ուկրաինայի եւ Բելառուսի խնդիրների լուծումը. 30 րոպե՝ Աֆղանստանի շուրջ: Դրանով ավարտվել Է նախարարների նիստը»,-հայտարարել Է պաշտոնյան: Ավելի վաղ ճեպազրույցի սղագրությունը տարածել Է Պետդեպարտամենտը: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ համավարակի սկզբից ի վեր առաջին հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 4-ին: Խմբի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանդան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:23 - 05 մայիսի, 2021
«Ղրիմն Ուկրաինա է». G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին |tert.am|

«Ղրիմն Ուկրաինա է». G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Ղրիմի` Ռուսաստանին միանալու 7-րդ տարեդարձի հետ: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:«Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները հաստատել են իրենց կողմից Ռուսաստանի գործողությունների դատապարտումը և պատրաստակամություն հայտնել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:«G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղրիմն Ուկրաինա է», - ասված է «Մեծ յոթնյակ»-ում նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Ըստ նախարարների  հայտարարության՝ Ռուսաստանի՝ Ղրիմի և Սևաստոպոլի «բռնակցումը» օրինականացնելու փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»:G7-ը դատապարտել է նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է այն դրույթից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, ոչ թե միջնորդ», - ասվում է հայտարարության մեջ: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:35 - 18 մարտի, 2021
Մեծ Բրիտանիայի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են Մեծ յոթնյակի երկրները
 |armtimes.com|

Մեծ Բրիտանիայի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել են Մեծ յոթնյակի երկրները |armtimes.com|

armtimes.com: Փետրվարի 19-ին սպասվում էր Մեծ յոթնյակի երկրների՝ G7-ի ղեկավարների հանդիպումը: Այն մեկնարկել է՝ այս անգամ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Հանդիպումն այս անգամ իրականացվում է Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, երկիրն այս տարի նախագահում է աշխարհի տնտեսապես զարգացած յոթ երկրների ոչ պաշտոնական ասոցիացիան: Հանդիպումը սկսվել է երեկոյան , ակնկալվում էր, որ կտևի մոտ երկու ժամ: Այս գագաթնաժողովն առաջինն է 2020 թվականի ապրիլից ի վեր: Մասնակցում են վարչապետները՝ Մեծ Բրիտանիայից Բորիս Ջոնսոնը, Իտալիայից՝ Մարիո Դրագին, Կանադայից՝Ջասթին Թրյուդոն, Ճապոնիայից՝  Յոսիհիդե Սուգան, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Ջոզեֆ Բայդենն ու Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության ներկայացուցիչները ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը :  Այս ձևաչափով սա առաջին հանդիպումն է երեք երկրների ՝ Իտալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրամիության ղեկավարության համար: «Քննարկման հիմնական թեման կլինի համաճարակի դեմ պայքարի միասնական և գլոբալ մոտեցման զարգացումը, «որը կվերացնի ազգայնական և պառակտիչ քաղաքականությունը, որը ստվեր է նետել կորոնավիրուսի դեմ պայքարի նախնական ջանքերին», - ասել է Բրիտանիայի կառավարության ղեկավարը  Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ,  որն այս անգամ նախատեսված է անցկացնել  փակ դռների հետևում: «Համաճարակի վերջին տասներկու ամիսները ցույց տվեցին, որ ոչ մի երկիր չի կարող ապահով լինել, քանի դեռ բոլոր երկրները չեն պաշտպանվել համաճարակից՝ համատարած պատվաստումների միջոցով», - վստահ է Մեծ Բրիտանիայի ղեկավարը՝ հավատալով, որ պատվաստանյութերի ներդրումը «նոր հնարավորություն է տալիս ցույց տալու միջազգային համագործակցության արժեքը: Ջոնսոնը խոստացել է հորդորել G7- ի առաջնորդներին աջակցել ջանքերին ՝ նոր հիվանդությունների դեմ պատվաստանյութեր պատրաստելու ժամանակը հարյուր օրով կրճատելու համար: Դաունինգ Սթրիթից հայտնել են, որ Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ G7- ի առաջնորդները «վերահաստատելու են իրենց աջակցությունը Միացյալ Թագավորության առողջապահական գերակայություններին և քննարկելու են գլոբալ մարտահրավերները լուծելու և կորոնավիրուսից կայուն կանաչ վերականգնում ապահովելու ավելի լայն ջանքեր, ինչպես նաև միջազգային քաղաքականության մի շարք խնդիրներ»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է անհապաղ  2 մլրդ դոլար հատկացնել COVAX միջազգային նախաձեռնությանը օժանդակելու համար և այդ քայլի մասին հայտարարել G7- ի այս հանդիպման ժամանա,  հաղորդում  է Reuters- ը: Մնացած 2 միլիարդ դոլարը կփոխանցվի երկու տարվա ընթացքում,երբ երկրները կսկսեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Մենք ուզում ենք, որ այս 2 միլիարդ դոլարը բազմապատկվի՝ վերածվելով առնվազն  15 միլիարդ դոլարի», - մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկն այս նախաձեռնությունը՝ գնահատելով պատվաստումների համաշխարհային արշավի համար անհրաժեշտ ընդհանուր գումարը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
21:06 - 19 փետրվարի, 2021
«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին |tert.am|

«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին |tert.am|

tert.am: «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները երեքշաբթի ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը: «Քիմիական զենքի ցանկացած կիրառում անընդունելի է և հակասում է նման զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերին: Մենք՝ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարներս, ՌԴ-ին կոչ ենք անում հրատապ կարգով ապահովել լիակատար թափանցիկություն այս սարսափեցնող թունավորման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- նշվում է համատեղ հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ  G7-ի երկրները «ուշադրությամբ կհետևեն», թե ինչ ՌԴ-ում ինչ արձագանք կտրվի Նավալնիի հետ տեղի ունեցածին:  
08:56 - 09 սեպտեմբերի, 2020
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը։ Հունիսի վերջերի փոխարեն այն կանցկացվի տարվա ընթացքում՝ հավանաբար սեպտեմբերին։ Թրամփն աշխարհի զարգացած յոթ երկրների առաջնորդներին մտադիր էր ընդունել Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդ ամառանոցում, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել է մեկնել ԱՄՆ, հարցականի տակ էր նաև Կանադայի վարչապետի մասնակցությունը։ Սակայն Թրամփը, հայտարարելով գագաթնաժողովի հետաձգման մասին, որպես պատճառ կորոնավիրուսը չի նշել։ Նա ասել է, որ G-7-ը ներկայիս կազմով իրենից ներկայացնում է երկրների շատ հնացած խումբ, որն «ամբողջական չի ներկայացնում այն, ինչ կատարվում է աշխարհում»։ Աշխարհի տնտեսապես ամենազարգացած 7 երկրների կազմում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան և Իտալիան։ Թրամփի կարծիքով` այս երկրներից բացի, գագաթնաժողովին պետք է միանան նաև Ռուսաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը։ Թրամփը չի նշել Չինաստանը, որի հետ Վաշինգտոնը լարված հարաբերություններ ունի։ Թրամփը հրաժարվել է G-7-ի գագաթնաժողովը հեռավար անցկացնելու գաղափարից, չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում միջազգային մի շարք համաժողովներ, այդ թվում` G-20-ի գագաթնաժողովը հեռավար են անցկացվել։
19:03 - 31 մայիսի, 2020