G7-ի առաջնորդները ընդունել են գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարություն |1lurer.am|
15:43 - 14 հունիսի, 2021

G7-ի առաջնորդները ընդունել են գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Կիրակի Քարբիս Բեյում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարները եռօրյա գագաթնաժողովի արդյունքներից հետո ընդունել են ընդհանուր հայտարարություն, որում ներառված են քննարկված բոլոր հարցերը, գրում է ТАСС-ը: Դրանցից մեկը վերաբերում է Բելառուսի իրավիճակին: G7-ի երկրները Մինսկին կոչ են արել անցկացնել նոր «ազատ ու արդար» նախագահական ընտրություններ:

«Մենք ռեժիմին կոչ ենք անում փոխել կուրսը և իրականացնել ԵԱՀԿ անկախ փորձագիտական ​​առաքելության առաջարկությունները, իմաստալից երկխոսություն սկսել հասարակության բոլոր խավերի հետ և անցկացնել նոր ազատ ու արդար ընտրություններ»,- գրված է  25 էջանոց փաստաթղթում:

G7-ի երկրները կհամագործակցեն Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպի հարցով և պատասխանատվության կենթարկեն գործում ներգրավված անձանց: Ինքնաթիռում էր Բելառուսում գործող NEXTA ալիքի հիմնադիրներից Ռոման Պրոտասևիչը, որին Բելառուսի իրավապահները ձերբակալել են օդանավակայանում: «Մեծ յոթնյակի» մասնակիցները Մինսկի այդ քայլը համարում են շարունակական հարձակումներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և միջազգային իրավունքի վրա:

G7-ն անդրադարձել է նաև Մյանմայում տիրող իրավիճակին: Այդ երկրում հեղաշրջումից հետո իշխանության եկած զինվորականներին կոչ է արվել դադարեցնել բռնություններն ու ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին:

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Հյուսիսային Կորեայի իշխանությանը կոչ են արել իրականացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, ինչպես նաև վերսկսել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ: Փհենյանին կոչ է արվել նաև լուծել մարդու իրավունքների խնդիրը և կարգավորել Ճապոնիայի առևանգված քաղաքացիների հարցը:

«Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնել են աջակցել Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտներին, նշել են «Նորմանդական ձևաչափով» բանակցությունների կարևորությունը:

Բացի այդ, նրանք Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունը և գործել իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև դուրս բերել «զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի արևելյան սահմանից և Ղրիմի թերակղզուց»:

Փաստաթղթում ասվում է նաեւ, որ G7-ի առաջնորդները Ռուսաստանին համարում են «հակամարտության կողմ, այլ ոչ թե միջնորդ»:

Ինչ վերաբերում է Չինաստանին, գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման հարցերում Չինաստանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին:

«Ինչ վերաբերում է Չինաստանին և մրցակցությանը համաշխարհային տնտեսությունում, կշարունակենք խորհրդակցությունները գլոբալ տնտեսության արդար և թափանցիկ գործունեությունը խաթարող մարտահրավերի շուրջ»: «Մեծ յոթնյակի» ղեկավարները Պեկինին էլ են կոչ արել հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Խոսքը վերաբերում է հատկապես Սինցզյանին և Հոնկոնգին:

G7-ը սատարել է Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսումը, սակայն Թեհրանին կոչ է արել դադարեցնել հրթիռային ծրագրի մշակումը:

«Մեծ յոթնյակի» ղեկավարների ուշադրությունից չի վրիպել նաև կլիմայի խնդիրը: Նրանք մտադիր են Փարիզյան համաձայնագրով նախատեսված կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ֆինանսավորումը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի:

G7-ն անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարին և պատվաստումների թեմային: Կողմերը պարտավորվել են հաջորդ տարվա ընթացքում աշխարհին տրամադրել 1 մլրդ դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ: Նախատեսվել է ավելցուկային դոզաներ բաժանել ամենաաղքատ երկրներին և տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և բաշխման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել