Բորիս Ջոնսոն

Վերահաստատում եմ իմ լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Բորիս Ջոնսոնը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Վերահաստատում եմ իմ լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Բորիս Ջոնսոնը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հարգելի վարչապետ, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ։ Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր տեսլականը Հայաստանի համար։ Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի՝ ամուր ժողովրդավարական հիմքեր կառուցելու հանձնառությունը։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն ընտրական դիտորդներ է ուղարկել՝ ամրապնդելու ընտրողների վստահությունը, և մենք հանձնառու ենք ընթացիկ գործնական աջակցություն տրամադրել բարեփոխումների Ձեր ծրագրին։ Միացյալ Թագավորությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի հետ՝ դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին, առաջին հերթին՝ Covid-19 համավարակի հաղթահարման և կլիմայական փոփոխության ոլորտներում։ Հույս ունեմ հյուրընկալել Ձեզ այս տարի նոյեմբերին Գլազգոյում կայանալիք COP26 համաժողովին։ Կցանկանայի վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո լիովին բանակցված, կայուն և խաղաղ կարգավորման օգտին։ 2020 թվականի հակամարտությունից հետո Միացյալ Թագավորությունն առաջին երկիրն էր, որ հումանիտար օգնություն տրամադրեց ԿԽՄԿ աշխատանքների միջոցով։ Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների վերականգնման ուղղությամբ։ Կրկին շնորհավորում եմ Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները»:
14:34 - 17 օգոստոսի, 2021
Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում։ «Մենք ամեն ինչ արել ենք անդամակցության ծրագիրը ստանալու համար, և հիմա եկել է ժամանակը, որ մեր գործընկերներն ու դաշնակիցներն աջակցեն Ուկարինային՝ հստակ քայլերով ու որոշումներով», - ըստ նախագահական նստավայրի, ասել է Զելենսկին։ Վերջինս նաև պնդել է, թե լավ կլիներ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա չորեքշաբթի կայանալիք բանակցություններից առաջ նախ իր հետ հանդիպեր։ «Ուկրաինան ամեն օր է ապացուցում, որ մենք ավելի պատրաստ ենք լինել ՆԱՏՕ-ում, քան եվրոպական երկրներից շատերը», - ասել է Զելենսկին։
09:31 - 15 հունիսի, 2021
Բորիս Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը |tert.am|

Բորիս Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Դոնբասի շուրջ ստեղծված իրադրությունը։ Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում իրավիճակի սրման, ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական զորախմբի ավելացման և մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը խափանելու Ռուսաստանի փորձերի մասին»,- ասված է գրասենյակի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես Զելենսկին նշել է Twitter-ի իր էջում, Ջոնսոնի հետ զրույցում նա հայտնել է, որ «Ռուսաստանի գործողությունները լուրջ մարտահրավեր են նետում Ուկրաինայի անվտանգությանը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ամբողջ Եվրոպային» և Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել «հաստատուն աջակցության համար»։ «Նախագահ Զելենսկիի հետ զրույցում հայտնել եմ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ապակայունացնող ակտիվության վերաբերյալ մեր մտահոգության մասին։ Ես հաստատել եմ Միացյալ Թագավորության հաստատուն աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- Twitter-ի իր էջում գրել է Ջոնսոնը։
09:14 - 06 ապրիլի, 2021
Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Մոսկվային կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:Միևնույն ժամանակ, նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ աnհապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։
13:40 - 03 փետրվարի, 2021
ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ
 |azatutyun.am|

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններին: Նախագահ Բայդենը նշել է միջազգային կազմակերպությունների հետ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համագործակցության կարևորությունը հատկապես կլիման պաշտպանելու և կորոնավիրուսի համավարակը զսպելու հարցերում: Բայդենը խոսել է տրասնատլանտյան կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին, կարևորելով հավաքական անվտանգության և ընդհանուր արժեքների պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի առաքելությունը: Բայդենը և Ջոնսոնը վերահստատել են հավատարմությունը մարդու իրավունքների և դեմոկրատիայի գաղափարներին:      
16:09 - 24 հունվարի, 2021
Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. The Times |armenpress.am|

Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. The Times |armenpress.am|

armenpress.am: The Times բրիտանական պարբերականը հրապարակել է «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։ Հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև․  Փորձեք պատկերացնել, եթե կարող եք, որ Գերմանիան ռազմական միջամտություն է իրականացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը՝ ուղարկելով ահաբեկիչներին Իսրայելի պետության դեմ կռվելու, օգտագործելով սեփական կործանիչ ինքնաթիռներն իսրայելական ինքնաթիռները խոցելու նպատակով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ ռմբակոծելու քաղաքացիական բնակավայրերը։ Անհնար է պատկերացնել, քանզի ժամանակակից Գերմանիան խորապես մտահոգված է իր պատմական հիշողությամբ և համապատասխան բարոյական պատասխանատվությամբ։ Հոլոքոստի հերքումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում կան հրեա զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։ Փաստացի, ճիշտ հակառակ իրավիճակը Թուրքիայում է, որտեղ, քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն է համարվում 1915թ․ սառնասրտորեն ծրագրված և տեղի հայ բնակչության հանդեպ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելը, և որտեղ նույնիսկ այնպիսի մեծագույն ստեղծագործողները, ինչպիսիք են Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆաքը, ենթարկվել են հետապնդման՝ թույլ տալու համար իրենց գեղարվեստական կերպարներին կիրառել նմանատիպ արտահայտություններ։Այսպիսով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։ Այդ տարածքը, որտեղ բնակչության գերակշռող մասը մշտապես կազմել է հայկական բնակչությունը, Ստալինի կողմից տրվել է այն ժամանակվա Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը։ Սովետական Միության փլուզումից հետո տեղի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին: Սա հանգեցրեց պատերազմի, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվել են, շատերը՝ տեղահանվել, իսկ ապա Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն է հաստատվել, մինչ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսեց մարտական գործողությունները։ Բոլորովին նոր է, արտաքին ուժի՝ Թուրքիայի ուղիղ միջամտությունը նախկինում զուտ տեղային բնույթ կրող հակամարտությանը։Սա Թուրքիայի որդեգրած վճռականության վերջին օրինակն է՝ նախկին Օսմանական կայսրության տարածքում ծագած ցանկացած հակամարտության մեջ հանդես գալու որպես իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավոր։Թուրքիան այդպես վարվեց Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ անդամ երկրի կողմից․ դեռևս միայն ֆրանսիական կառավարությունն է պատրաստ դա մատնանշել։ ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ առումով անկարող էր ասել (ուր է թե՝ անել) որևէ բան Թուրքիայի այս ռազմավարության առնչությամբ, ինչը հարկադրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախորդ տարվա նոյեմբերին որակել կազմակերպությունը որպես «մեռած ուղեղ»։ Նույն Մակրոնն էր, որ նախորդ շաբաթ հրապարակայնորեն հայտարարեց Անկարայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իսլամիստների ուղարկման մասին, ինչի վերաբերյալ նա տեղին նշեց․ «Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը»։Ի հեճուկս դրան` բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է։ Հատկապես այն պատճառով, որ արտասովոր հայ ազգը, որը պաշտոնապես առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ Հռոմեական կայսրությունից շատ առաջ, մշտապես գրավիչ է եղել որոշ անգլիացիների համար։ Լորդ Բայրոնը հայտարարել է․ «Հայերենն Աստծո հետ խոսելու լեզուն է» (և այդ նպատակով փորձել է սովորել հայերեն)։ Ուիլյամ Գլադստոնն ասել է՝ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»։ Ավելի ուշ, վարչապետ Ուինսթոն Չերչիլը պարզ արտահայտել է այդ ժողովրդի հետ կատարվածը․ «1915թ․ թուրքական կառավարությունը սկսեց և անխղճորեն իրագործեց տխրահռչակ մեծածավալ կոտորածը և հայերի տեղահանումը Փոքր Ասիայում։ Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»։ Եվ իսկապես, Օսմանյան կայսրությունն աղետալի պարտություն կրեց 1912-1913թթ. Բալկանյան պատերազմներում, ինչը հանգեցրեց իրենց միլիոնավոր մահմեդական հայրենակիցների տեղահանմանը դեպի արևելք: Այն ժամանակ հենց կազմավորվեցին Անատոլիայի նահանգները, տեղահանված մահմեդակնների համար որպես նոր «հայրենիք» օգտագործելու և երբեմնի Հայոց թագավորություն կոչվող (մինչ այն կկլանվեր Օսմանյան կայսրության կողմից) հայերի պատմական հայրենիքը հայաթափելու նախագիծը: Այդպես, մոտավորապես 1.5 միլիոն հայեր սպանդի ենթարկվեցին իրենց իսկ բնակավայրերում կամ (կանանց և երեխաների դեպքում) արտաքսվեցին անապատ՝ մահվան երթերի: Նրանց փափագած ունեցվածքն ու կարողությունը, իսկ հայերը հոյակապ առևտրականներ էին, բաժանվեց նրանց սպանդի կազմակերպիչների միջև: Սա Հիտլերի «Լեբենսրաում»-ի քաղաքականության նախադեպն էր: Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրող կողմի ապացույցներում առկա էր գերմանացի բռնապետի՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին իր գեներալների հետ Օբերզալցբերգում կայացած հանդիպման մասին արձանագրությունը/վկայությունը, որի ընթացքում Հիտլերը հռետորական հարց էր ուղղել. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»: Այս ցեղասպանության կազմակերպիչների հռետորաբանությունը կրում էր նացիստների կողմից առաջ քաշված կենսաբանական գերակայության այլասերված գաղափարական հենքի դրոշմը: Դիարբեքիրի նահանգապետ, բժիշկ Մեհմեդ Ռեսիդը հայտարարել էր. «Մենք նրանց կոչնչացնենք, այլապես նրանք կոչնչացնեն մեզ…հայ ավազակները վնասակար մանրէների ամբողջություն են, որոնք վարակել են հայրենիքի մարմինը: Մի՞թե մանրէները ոչնչացնելը բժիշկի պարտքը չէ»: Իմիջայլոց, Միացյալ Թագավորության վարչապետի ընտանիքն անմիջականորեն և հերոսաբար առնչվել է այս դրվագին: Բորիս Ջոնսոնի հորական կողմից նախապապ Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր է եղել, ով հետագայում մուտք է գործել քաղաքականություն և դարձել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Հավանաբար, նա ավելի, քան Օսմանյան կայսրության որևէ այլ հասարակական գործիչ վճռական էր տրամադրված Հայոց ցեղասպանությունն իրականացրած հազարավորներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում։1919թ․-ին նա գրում էր․ «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լի է ապուշներով։ Մենք հափշտակել ենք մեր իսկ կողմից արտաքսված և սպանդի ենթարկված մարդկանց կարողությունը, ինչը պատմականորեն եզակի հանցագործություն է՝ հանցագործություն, որից սարսռում է ամբողջ աշխարհը»: Մասնավորապես, հենց այս մեկնաբանություններն էին, որ հանգեցրին Ստամբուլի վարսավիրանոցներից մեկից Քեմալի առևանգմանը և նրա հետագա քարկոծմանն ու Լինչի դատաստանին ենթարկմանը: Ականատեսներից մեկի հուշերում նկարագրվում էր, թե ինչպես կախաղան բարձրացվեց նրա արնաշաղախ մարմինը, որին զետեղված մագաղաթի կտորի վրա գրված էր «Արթին Քեմալ»: Ոճրագործների կարծիքով հայկական Արթին անունը նրա կրծքին դաջելը դիակը պղծելու «լավագույն» տարբերակն էր: Որքան որ ինձ հայտնի է, Բորիս Ջոնսոնը հպարտանում է իր թուրքական արմատներով: Երբ նա ընտրվեց վարչապետի պաշտոնում, թուրքական մամուլը նրան կնքեց «Օսմանցի թոռ» մականվամբ: Չնայած այս ամենին, նա երբեք հանրայնորեն չի հիշատակել իր նախնիի սպանությունը կամ դրա դրդապատճառները: Ես խիստ կասկածում եմ, որ նա դրա մասին հիշատակած լինի սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Էրդողանի գրասենյակը հայտարարություն էր տարածել առ այն, որ երկու առաջնորդները քննարկել են առևտրաշրջանառության չափերը 20 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելուն ուղղված քայլերը և ռազմական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը:Վերոնշյալը երեք հարց է ի հայտ բերում․ արդյո՞ք Էրդողանն այն անձնավորությունն է, ում վաճառվող զենքի ծավալը պետք է ավելացվի բրիտանական իշխանությունների կողմից, ինչպե՞ս իրեն կզգա վարչապետը, եթե այդ զենքերն օգտագործվեն ավելի շատ հայերի սպանելու համար, և՝ ի՞նչ կասեր նրա նախապապը:
21:54 - 13 հոկտեմբերի, 2020
Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար բրիտանացիները կտուգանվեն 10 000 ֆունտ ստերլինգով |hetq.am|

Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար բրիտանացիները կտուգանվեն 10 000 ֆունտ ստերլինգով |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ինքնամեկուսացման ռեժիմի խախտման պարագայում, օրինախախտներին կտուգանի մինչև 10 000 ֆունտ ստերլինգով (մոտ 13 000 ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է «BBC»-ն։  Սեպտեմբերի 28-ից այն անձինք, որոնց կորոնավիրուսի թեստը կլինի դրական, ինչպես նաև վարակակիրների հետ շփված անձինք, ստիպված կլինեն ինքնամեկուսացվել, հակառակ դեպքում կտուգանվեն։ Նոր հակակորոնավիրուսային սահմանափակումները ներառում են նաև ցածր եկամուտներ ունեցող անձանց 500 ֆունտի սահմաններում օգնություն և տուգանքներ բոլոր այն գործատուներին, որոնք կպաժտեն ինքնամեկուսացման մեջ գտնվող իրենց աշխատակիցներին։  Սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը։ Ընդ որում, նա վստահեցրել է, որ իշխանությունները իրավիճակը պահում են վերահսկողության տակ։ Սեպտեմբերի 19-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 422 նոր դեպք, մահացել՝ 27-ը։
17:59 - 20 սեպտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարշի և ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարշի և ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։ Երկու հեռախոսազրույցի ժամանակ էլ վարչապետը հաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին և ՄԱԿ-ի ու ԱՀԿ-ի ջանքերին՝ համակարգելու համավարակի դեմ համաշխարհային արձագանքը։ Վարչապետ Ջոնսոնն ու ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նաև ընդգծել են անկախ հետաքննության կարևորությունը՝ պարզելու կորոնավիրուսի ծագման պատճառները, ինչն ապագայում թույլ կտա խուսափել նման ճգնաժամի կրկնությունից։  Վարչապետ Ջոնսոնը նաև վերահստատել է իր մասնակցությունը մայիսի 28-ին կայանալիք ՄԱԿ-ի կազմակերպած, «Ֆինանսական աջակցությունը հանուն զարգացման կորոնավիրուսի պայմաններում» տեսակոնֆերանսին։ ՄԱԿ-ի երկու մարմինների ղեկավարները վերհաստատել են իրենց աջակցությունը «Համաշխարհային պատվաստանյութի գագաթնաժողովին», որը տեղի կունենա հունիսի 4-ին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ։   Աղբյուր՝ thenational.ae: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:37 - 27 մայիսի, 2020
Կորոնավիրուսի համավարակին պետք է տրվի համաշխարհային համակարգված արձագանք․ Թրամփն ու Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել |reuters.com|

Կորոնավիրուսի համավարակին պետք է տրվի համաշխարհային համակարգված արձագանք․ Թրամփն ու Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել |reuters.com|

reuters.com: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնեցին, որ կորոնավիրուսի համավարակին պետք է տրվի համաշխարհային համակարգված արձագանք, այդ մասին իրենց առանձին արված հայտարարություններում նշում են Դաունինգ սթրիթն ու Սպիտակ տունը։ Հայտարարությունները հետևեցին 2 առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցին։  Թրամփն ու Ջոնսոնը վերահաստատեցին  G7 և G20 շրջանակներում իրենց սերտ համագործակցությունը, որ նպատակ է հետապնդում վերաբացել համաշխարհային տնտեսությունները ու ապահովել բժշկական օգնության և պարագաների հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև առևտրին վերաբերող հարցերը։  «Առաջնորդները մտադիր են շարունակել համատեղ աշխատանքը՝ ամրապնդելու երկկողմանի հարաբերությունները, ներառյալ ազատ առևտրի մասին պայմանագրի կնքումը հնարավորինս սեղմ ժամկետներում», - հայտնել է Դաունինգ սթրիթի խոսնակը։ Աղբյուրը՝ reuters.com Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:27 - 22 ապրիլի, 2020