ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Համաճարակի ժամանակ երկրների միջև փոխօգնություն կլինի. ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրին միացել է հատուկ կարծիքով

Համաճարակի ժամանակ երկրների միջև փոխօգնություն կլինի. ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրին միացել է հատուկ կարծիքով

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկման է ներկայացվել «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը: Ըստ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի՝ համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետություններն առանձին-առանձին չեն կարողանում կանխարգելել հիվանդությունների հետագա տարածումը: Համաձայնագրով առաջարկվող փոխօգնությունը կկազմակերպվի համաճարակաբանական մասնագիտացված խմբերի միջոցով: «Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ վերապահումով: Միաժամանակ կարծում ենք, որ այս փաստաթուղթը կտա հնարավորություն՝ մասնակից պետությունների հետ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը հետագա արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշեց Նանուշյանը՝ հավելելով, որ համաձայնագիրն անցած տարի է ստորագրվել Աստանայում: Պաշտոնյան նաև պարզաբանեց, որ Ադրբեջանի վերապահման մեջ նշվում է, թե սույն համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի Հանրապետության կողմից չեն կիրառվելու ՀՀ-ի նկատմամբ մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումը: Իսկ հայկական կողմի հատուկ կարծիքում նշվում է, որ վերոնշյալ դրույթները չեն կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ չեն իրականացվել 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջները՝ ըստ ՄԱԿ-ի կանոնների: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նկատեց, որ թեև կորոնավիրուսի ընթացքում տարբեր երկրների միջև փոխօգնություն եղել է, սակայն այս համաձայնագրով հնարավորություն կտրվի երկրների միջև փոխգործակցության շրջանակն ընդլայնել, գործընթացը կլինի առավել կանոնակարգված, և բոլորը կիմանան իրենց պարտականություններն և իրավունքները:
13:35 - 26 ապրիլի, 2023
Հայկական կողմի՝ խաղաղությանն ուղղված ջանքերը բախվում են Բաքվի ռազմական ոտնձգություններին․ Միրզոյան

Հայկական կողմի՝ խաղաղությանն ուղղված ջանքերը բախվում են Բաքվի ռազմական ոտնձգություններին․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին  մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով: Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունները քննարկել են հանդիպման օրակարգային՝ հատկապես կազմակերպության շրջանակներում հումանիտար ու մշակութային բնագավառներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 2024 թվականին Գյումրի քաղաքը «Համագործակցության սպորտային մայրաքաղաք» և 2026 թվականին Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ որոշումները:  Հայկական կողմի ելույթում նշվել է, որ հանդիպումն անցկացվում է ԱՊՀ կանոնադրության ստորագրման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ առիթ է վերահաստատել ԱՊՀ մասնակից պետությունների հավատարմությունն այդ առանցքային փաստաթղթի հիմնարար դրույթներին, մասնավորապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը, պետական սահմանների անքակտելիությանը, գոյություն ունեցող սահմանների ճանաչմանը և ապօրինի տարածքային նկրտումներից հրաժարվելուն, ինչպես նաև «ԱՊՀ ստեղծման վերաբերյալ համաձայնագրի, այդ համաձայնագրին կից արձանագրության, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների կյանքի կոչման վճռականությանը»: Ընդգծվել է, որ միայն համատեղ կառուցողական ջանքերով հնարավոր կլինի հասնել հստակ և շոշափելի արդյունքների՝ ԱՊՀ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում հայկական կողմից ընդգծվել է, որ իրավիճակի կայունացմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հռետորաբանությանը և շարունակական ռազմական ոտնձգություններին, որոնց հերթական դրսևորումներից էր ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում իրականացված սադրանքը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող ապօրինի արգելափակման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանը ներգրավված բոլոր կողմերից ակնկալում է գործուն քայլեր՝ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարատադության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման անշեղ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ՝ խստագույնս հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։ Անդրադառնալով եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին՝ մատնանշվել է, որ հակառակ միջազգային հանրության, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ և ենթարկելով անմարդկային վերաբերմունքի: Ամփոփելով նշվել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հայկական կողմը հավատարիմ է առկա հանձնառություններին և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար:
17:32 - 14 ապրիլի, 2023
Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով
 |armenpress.am|

Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ-ում սպառնում է անվտանգությանը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունն ԱՊՀ-ի երկրների տարածքում ուղղակի սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության, մասնավորապես` բնակչության առողջության և բնության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ուզբեկստան կատարած այցի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։ «Առանձնահատուկ նշանակություն ունի (խմբ.՝ ԱՊՀ երկրների հետ) մեր համատեղ աշխատանքը մեր երկրների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Դրանք և՛ ահաբեկչության սպառնալիքներն են, և՛ մեր տարածքում ռազմակենսաբանական գործունեության արդյունքում ստեղծված սպառնալիքները, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, և որոնք կենսաբանական անվտանգության առումով շատ վտանգավոր նախադեպեր են ստեղծում: Եվ սա ուղղակի սպառնալիք է բնակչության առողջությանը, ուղղակի սպառնալիք` բնությանը», - Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։
15:36 - 14 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարևոր գործոնն է ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափով: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շեշտելով խորհրդարանականների համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Մաուլեն Աշիմբաևն Ալեն Սիմոնյանին է փոխանցել իրենց երկրում առաջիկայում իրականացվելիք օրենսդրական փոփոխություններին առնչվող տեղեկատվություն, որի արդյունքում առավել ճկուն համագործակցություն է ուղենշվելու ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին հաջորդած և մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը: Նա նշել է, որ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են Հայաստանի Հանրապետության զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը. կան զոհեր և վիրավորներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում և ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ Ղազախստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա այդ հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նաև մտահոգություն է հայտնել պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում Ղազախստանում հայ համայնքի դերակատարությանը: Ղազախ գործընկերն ընդգծել է հայ համայնքի ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքում:
14:48 - 14 ապրիլի, 2023
ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում
 |armtimes.com|

ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում |armtimes.com|

armtimes.com: ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետհանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:  
14:59 - 06 ապրիլի, 2023
Ռուսաստանը չեղարկել է ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակների մասին համաձայնագրերը
 |armtimes.com|

Ռուսաստանը չեղարկել է ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակների մասին համաձայնագրերը |armtimes.com|

armtimes.com: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգի մասին համաձայնագիրը և ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգի մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու օրենքը։ Փաստաթուղթը հրապարակվել է այսօր։ Այդ մասին գրել է ՏԱՍՍ-ը: Այդ համաձայնագրերը ստորագրվել էին 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։ Ինչպես պարզաբանվում է Դաշնային խորհրդի կայքում զետեղված անոտացիայում, այդ փաստաթղթերի հիմնական խնդիրն էր նախկին ԽՍՀՄ զինծառայողների կենսաթոշակային իրավունքների ապահովումը: Համաձայնանագրերը հիմնված էին տարածքային սկզբունքի վրա. եթե թոշակառուն մշտական բնակության էր տեղափոխվում այլ պետություն, նրան նշանակվում էր կենսաթոշակ՝ բնակության պետության օրենսդրությամբ։ «Հաշվի առնելով, որ ԱՊՀ-ում ձևավորվել է կենսաթոշակային նոր օրենսդրություն, երկրները կենսաթոշակային ապահովման պետական համակարգից անցել են վճարվող ապահովագրական մուծումների հիման վրա պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ձևավորման՝ առաջարկվում է չեղյալ հայտարարել հիշյալ համաձայնագրերը, որոնք կորցրել են իրենց արդիականությունը», - ասված է անոտացիայում։ Համաձայնագրերի չեղյալ հայտարարումը չի ազդի զինվորական թոշակառուների կենսաթոշակային իրավունքների վրա. նրանք, ում արդեն նշանակվել են կենսաթոշակներ, կշարունակեն դրանք ստանալ նույն կարգով, ինչպես նախկինում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են ԱՊՀ այլ երկրներ, կենսաթոշակների վճարումը կիրականացվի ՌԴ սահմաններից դուրս մշտական բնակության են մեկնող անձանց ապահովագրական կենսաթոշակի վճարման կարգի համաձայն:
17:32 - 03 ապրիլի, 2023
Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից
 |tert.am|

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից |tert.am|

tert.am: Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը, Jurnal TV-ին ասել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն, գրում է ՏԱՍՍ-ը։«Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտորեն, ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակներին, կշարունակվեն»,- ասել է Պոպեսկուն։Նա նշել է, որ 330 պայմանագրից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։ Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոլդովան Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) չի տեսնում գործընթացներ, որոնք կարող են իրեն հետաքրքրել։Նշենք, որ փետրվարի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային:    
13:34 - 23 փետրվարի, 2023
Մոլդովան մտածում է ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարության շուրջ
 |hetq.am|

Մոլդովան մտածում է ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարության շուրջ |hetq.am|

hetq.am: Մոլդովան Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) չի տեսնում գործընթացներ, որոնք կարող են իրեն հետաքրքրել։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ TV8 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։ Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Մոլդովայի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ մակարդակով հանդիպումներին, իսկ ներկայում Քիշնևում մտածում են այդ կազմակերպությունում մնալու նպատակահարմարության մասին։ «Կազմակերպությունը դառնում է քիչ համապատասխան Մոլդովային»,- նշել է Պոպեսկուն։ Մոլդովայի ԱԳ նախարարը նշել է, որ Քիշնևի համար ազատ առևտրի գոտին չի աշխատում, 2006 թվականից կան խնդիրներ ապրանքների հասանելիության հետ, կան նաև արտահանման առևտրային սահմանափակումներ։ Շարունակությունը՝ hetq.am-ում
11:43 - 13 հունվարի, 2023
Տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցում

Տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցում

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս, դա լավ արդյունք է: Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել, իհարկե, գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը` ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»: Իր հերթին Վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպման համար: Սա արդեն լավ ավանդույթ է դառնում: Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան: Շնորհակալություն հանդիպման համար»: Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:   Լուսանկարները՝ վարչապետի աշխատակազմի Գլխավոր լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»-ի
15:01 - 27 դեկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:
18:19 - 26 դեկտեմբերի, 2022
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների միջև աճող տարաձայնությունների մասին
 |factor.am|

Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների միջև աճող տարաձայնությունների մասին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները շարունակում են համագործակցել՝ չնայած նրանց մեջ առկա տարաձայնություններին, և ձգտում են համատեղ լուծել խնդրահարույց խնդիրները։ «ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ոլորտը մեր ընդհանուր Եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանումն է: Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին՝ դրսից, տարեցտարի միայն աճում են։ Պետք է խոստովանել, որ Համագործակցության անդամ պետությունների միջև ևս ծագում են տարաձայնություններ։ Գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք  ու կհամագործակցենք։ Եթե նույնիսկ խնդրահարույց հարցեր առաջանան, ձգտում ենք դրանք ինքներս լուծել՝ միասին, միմյանց ընկերական  ու միջնորդական օգնություն տրամադրելով»,- ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթում։ ՌԴ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել  ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգ գնալու համար։ Նա նաև նշել է, որ Համագործակցության պետությունների ղեկավարների նման ոչ պաշտոնական հանդիպումները, որպես կանոն, «շատ արդյունավետ են լինում»։
17:54 - 26 դեկտեմբերի, 2022