Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հունիսի 28-ին Արցախում զոհված 2 զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար: Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,- հայտնում է Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:
12:14 - 01 հուլիսի, 2023
Ադրբեջանի քաղաքականությունը շրջափակման վերջին օրերին զուգորդվում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման փաստերով. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի քաղաքականությունը շրջափակման վերջին օրերին զուգորդվում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման փաստերով. Արցախի ՄԻՊ

Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում։   «Սեփական հանցավոր քաղաքականությունն առաջ մղելու համար տեղեկատվական հող նախապատրաստելու նպատակով ադրբեջանական կողմը պարբերաբար տարածում է կեղծ տեղեկատվություն Արցախի ՊԲ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Ասվածը անտարակուսելիորեն ապացուցվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկու օր առաջ արած հետևյալ հայտարարությամբ․ «Եթե նրանք ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով»։   Այսինքն՝ հրադադարի խախտման մեջ պարբերաբար մեղադրելով հայկական կողմին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել սեփական նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի խախտումները, մոլորեցնել միջազգային դերակատարներին և պնդել Արցախի զինված ուժերի ապառազմականացման անօրինական և չհիմնավորված պահանջը։   Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ 2023 թ․ հունիսի 28-ի ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհվել են Արմո Աբգարյանը (1969 թ. ծնված, Արցախի Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Գագիկ Բալայանը (1987 թ. ծնված, Արցախի Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Սամվել Թորոսյանը (2003 թ. ծնված, Արցախ, ք․ Ստեփանակերտ), Երվանդ Թադևոսյանը (2003 թ. ծնված, Արցախի Քաշաթաղի շրջան), վիրավորում ստացած զինծառայողներ չկան։ Վերոնշյալ բոլոր անձինք զոհվել են ՊԲ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից հեռահար հրետանային միջոցների և ԱԹՍ-ի կիրառման հետևանքով։   Ադրբեջանական այսօրվա ռազմական հարձակման հետևանքով զոհված չորս անձինք ոչ միայն իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանն Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիայից պաշտպանող անձինք են, այլև մարդիկ, որոնք ունեին ընտանիքներ և առօրյա կյանք։ Նրանցից երկուսը՝ 54-ամյա Արմո Աբգարյանը և 36-ամյա Գագիկ Բալայանը, կամավորներ էին Արցախի Գիշի համայնքից, որոնց հիմնական գործունեությունը գյուղատնտեսությունն էր։ Արմոն ուներ չորս երեխա, որից երկուսը անչափահաս, իսկ Գագիկը՝ չորս անչափահաս երեխա։ Ադրբեջանական հանցավոր ռեժիմը պատասխանատու է 2020 թվականի պատերազմի աղետալի հետևանքների դեմ դեռևս պայքարող արցախցիների այս բոլոր անմարդկային տառապանքների և զրկանքների համար։ Հատկանշական է, որ նույնիսկ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը և միջազգային տարբեր դերակատարների կողմից Արցախում առկա իրավիճակի նկատմամբ ուշադրությունը չեն զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որը շարունակում է գործել լիակատար անպատժելիության զգացումով։   Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ուժի և ուժի սպառնալիքի բացահայտ կիրառման ներքո առաջարկելով կա՛մ բռնի հպատակեցում, կա՛մ վտարում սեփական հայրենիքից:   Քանի դեռ միջազգային բոլոր դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների և Արցախի ժողովրդի կյանքի և այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության համար»,- նշված է գրառման մեջ։
20:40 - 28 հունիսի, 2023
21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120․000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների. Արցախի ՄԻՊ

21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120․000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների. Արցախի ՄԻՊ

21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների: Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․ «Մեկ շաբաթից ավել է, ինչ ամբողջությամբ դադարեցված են հումանիտար փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահների կողմից։ Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում վեցամսյա շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Ստեղծված պարենային և դեղորայքիային առանց այն էլ սուղ իրավիճակը գոյաբանական լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեր բնակչությանը: Ադրբեջանը շրջափակման ընթացքում հումանիտար փոխադրումները միշտ էլ գովազդել է ցույց տալու համար, թե իբր միջանցքը արգելափակված չէ, փաստորեն գործիք դարնձնելով հումանիտար հարցերը։ Միջազգային անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է կատարյալ անպատժելիության մթնոլորտում՝ անտեսելով 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ֊ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները։ Ադրբեջանը իրավունքներ է խոստանում՝ հանցավոր կերպով արգելափակելով անգամ հումանիտար հասանելիությունը։ Կարծես թե միջազգային որոշ դերակատարներ կուրորեն հավատում են այդ խոստումներին՝ դիտավորյալ չտեսնելու տալով այն, ինչ իրականում անում է Ադրբեջանը։ Որքա՞ն կարելի է անտեսել իրականությունը։ Ադրբեջանի առաջարկածը էթնիկ զտումն է և բռնի հպատակեցումը՝ երկու դեպքում էլ գործ ունենք նույն հանցանքի հետ, որը կոպտագույնս խախտում է մարդու հիմարար իրավունքները՝ մարդու ինքնորոշումը, կամարտահայտության, կյանքի, առանց խտրականության սեփական հայրենիքում ապրելու իրավունքները։ Արդյոք այս իրավիճակը խոսում է այն մասին, որ միջագզյաին բոլոր դերակատարները չունեն հանձնառություն հրատապ մեթոդներով հակազդելու Ադրբեջանին։ Արդյոք ձեր կողմից նորմալացվում է ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանական քաղաքականությունը։ 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների, իսկ ձեր արածը ընդամենը դրվագային մտահոգություն արտահայտող հայտարարություններ են։ Հումանիտար հասանելիության միտումնավոր խոչընդոտելը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ես կրկին կոչ եմ անում ձեզ՝ վերջ տվեք այս հանցավոր անտարբերությանը, կանխեք Ադրբեջանի կողմից նոր պատերազմական հանցագործությունը, հասկացեք, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պատասխանատվությունը նաև ձեր խղճին է։ Ի վերջո, անտարբերությունն ու անգործությունը հավասարազոր են հանցակցության»:
17:25 - 23 հունիսի, 2023
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար. Արցախի ՄԻՊ

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար. Արցախի ՄԻՊ

Փախստականների համաշխարհային օրն առիթ է՝ նորից խոսելու փախստական և բռնի տեղահանված անձանց իրավունքների մասին։ Թեև տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն բարձրացված հարցերը միջազգային հանրության կողմից այդպես էլ հասցեական ուշադրության չեն արժանացել։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:  «Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Խորհրդային Ադրբեջանի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի և տեղահանության, ինչպես նաև 1990-ականներին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով ավելի քան 500 000 հայ դարձել է փախստական, որոնք, ցավոք սրտի, իրենց կարգավիճակից բխող անհրաժեշտ ուշադրության և աջակցության չեն արժանացել մինչև այսօր։ 2020 թվականի աշնանն ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է Արցախի շուրջ 40 000 քաղաքացիների բռնի տեղահանության, որի հետևանքով մարդիկ կորցրել են իրենց հայրենի տները, հողերը և ունեցվածքը։ Նրանց թվում են մարդիկ, որոնք արդեն երրորդ անգամ են տեղահանվել ադրբեջանական շարունակական ագրեսիայի պատճառով: Ապաստանելով հիմնականում Արցախի այլ բնակավայրերում և Հայաստանի Հանրապետությունում՝ նրանք պատերազմից ավելի քան երկուսուկես տարի անց էլ շարունակում են բախվել սոցիալ-հոգեբանական բազմաթիվ խնդիրների թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կենսագործունեության գրեթե ամեն քայլափոխի։ Այսօր ավելի քան 15 000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում շրջափակման մեջ՝ պայքարելով ինչպես տեղահանության, այնպես էլ շրջափակման հետևանքների դեմ։ Արցախի շրջափակման արդյունքում նրանց համար նախատեսված շուրջ 3700 բնակարանների կառուցումը կասեցվել է՝ Արցախ ներկրված շինանյութի բացակայության պատճառով։ Մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում և հանրակացարաններում։ Շրջափակման հետևանքով Արցախի պետական բյուջեի առջև ծառացած խնդիրների պատճառով Հայաստանում և Արցախում ժամանակավոր կացարանի կարիք ունեցող շուրջ 30 000 բռնի տեղահանված անձինք ժամանակին չեն ստանում բնակարանի վարձի ամսական փոխհատուցումը, ինչի հետևանքով նրանց սոցիալական վիճակն ու բնակարանային պայմանները զգալիորեն վատթարանում են։ Կենսական ենթակառուցվածքների մշտական խաթարման, թերսնման, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների բացակայության, Ադրբեջանի գործողություններից բխող անվտանգության սպառնալիքների պայմաններում փախստականի և բռնի տեղահանված անձանց հոգեկան առողջությունն ավելի է վատանում՝ ի հավելումն նրանց արդեն իսկ գոյություն ունեցող հոգեբանական խնդիրների։ Սրանք ընդամենը խնդիրների մի մասն են։ Բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների և խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից պատրաստվում է զեկույց, որը կհրապարակվի առաջիկայում՝ մանրամասն ներկայացնելով առկա բոլոր մարտահրավերները։ Միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»,- գրել է Ստեփանյանը։
19:41 - 20 հունիսի, 2023
Ադրբեջանը վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման՝ իր իրական մտադրությունները. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Ադրբեջանը վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման՝ իր իրական մտադրությունները. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է

Փակելով Արցախի ժողովրդի համար կենսական նշանակությունը ունեցող միջանցքը՝ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, այլև վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման իր իրական մտադրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները: Սրանով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը ապահովելու իր միջազգային պարտավորությունները և անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը: Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների և նրանց ուղեկցող անձաց փոխադրումը, որոնք ստիպված հետ են վերադարձել Ստեփանակերտ: Բացի այդ, չեղարկվել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ֊Գորիս մայրուղով։ Ադրբեջանն օգտագործում է բացառապես միայն ԿԽՄԿ և ռուս խաղաղապահների միջոցով դեպի Արցախ մարդասիրական փոխադրումների և օգնության իրականացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունների խոչընդոտումը՝ որպես Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, վախի տարածման, հոգեբանական ճնշման և Արցախում անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ: Արցախի ժողովրդի համար Լաչինի միջանցքի կարևորությունն ու մարդասիրական նշանակությունը հստակ արտացոլվել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով միջանցքի համար սահմանվել է հատուկ է ռեժիմ: Փակելով Արցախի ժողովրդի համար կենսական նշանակությունը ունեցող միջանցքը՝ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, այլև վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման իր իրական մտադրությունները: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ահազանգել է միջազգային հանրությանը Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգի մասին։ Այսօրվա միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է մեր մտահոգությունները և ընդգծում առկա սպառնալիքների աճող բնույթը, քանի որ Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների դիտավորյալ և հանցավոր արգելափակումն ավելի են խորացնում Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը»,- նշված է հայտարարության մեջ: Հակարիի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:    Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
18:14 - 15 հունիսի, 2023
Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  հունիսի 12-ին հերթական չհայտարարված այցն են կատարել «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ՝ դիտարկելու պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմաններին, խնամքին և բուժմանը ծանոթանալու նպատակով աշխատակիցները նաև առանձնազրույցներ են ունեցել հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրինության և պահվող անձանց հետ: «Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին: Հարկ է նշել, որ նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային անբարենպաստ պայմանների, այդ թվում՝ ժամանցի և տեսակցությունների սենյակների բացակայության խնդիրը դեռևս մնում է չլուծված: Շրջայցի ընթացքում վերհանված խնդիրները Պաշտպանը ներկայացնելու է պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը»:
11:22 - 14 հունիսի, 2023
Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ. ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հագարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախի Հանրապետությունում, ընդ որում, նրանց ընտանիքները ևս բնակվում են Արցախում: «Տվյալ անձինք շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով, և այժմ, առողջական խնդիրների լուծումից հետո, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը թույլատրել է նրանց ելքն Արցախից՝ կամայական ու ապօրինի կերպով արգելելով մուտքը: Ադրբեջանի կողմից ցուցաբերված ոտնձգությունների հետևանքով խախտվել են այդ անձանց ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլև ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինի կերպով տեղադրված անցակետը և այդ ճանապարհով անձանց, մեքենաների ու բեռների ազատ տեղաշարժը խոչընդոտող այլ միջոցները խախտում են ոչ միայն մարդու իրավունքների միջազգային հանրահայտ նորմերը, այլև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ 6-րդ կետը, որով նախատեսվում է անձանց, մեքենաների և բեռների անվտանգ ու անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ադրբեջանը տարբեր քարոզչական տեսանյութերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր միջանցքը արգելափակված չէ և ապահովված է մարդկանց ազատ տեղաշարժը: Այնինչ անցակետի առկայությունը, անձնագրային, բեռների ու այլ տիպի հսկողության միջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից արդեն նշանակում են խոչընդոտներ անխափան տեղաշարժի համար՝ հարուցելով ոչ միայն անվտանգության, այլև՝ ցանկացած պահի խափանիչ կամայական այլ միջոցներ կիրառելու էական ռիսկեր: Արձանագրվող դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են ադրբեջանական պետական քարոզչության սնանկությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:53 - 13 հունիսի, 2023
«Բաքուն Արցախի տնտեսությանը պատճառել է ավելի քան 340 միլիոն դոլարի վնաս»․ Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է հրապարակել

«Բաքուն Արցախի տնտեսությանը պատճառել է ավելի քան 340 միլիոն դոլարի վնաս»․ Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է հրապարակել

Բաքուն արդեն կես տարի շրջափակել է Արցախը՝ խախտելով 120 հազար մարդու իրավունքները, տնտեսությանը պատճառելով ավելի քան 340 միլիոն դոլարի վնաս․ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է նոր զեկույց, որում ամփոփում է արդեն վեց ամիս շարունակվող շրջափակման հարուցած խնդիրները։ Մոտ 73 հազար տոննայի փոխարեն ներկրվել է 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ, գրում է Գեղամ Ստեփանյանն իր զեկույցում։ Լաչինի միջանցքով գրեթե 58 անգամ ավելի քիչ մեքենա է շարժվում, այն էլ՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով։ Ամիսներ շարունակ արցախցիները զրկված են մի շարք մթերքներից կամ ձեռք են բերում կտրոնով։ Արցախի պետական համալսարանի դասախոս Սիլվա Խաչատրյանն ասում է՝ թանկացումները շարունակվում են, կտրոնային համակարգն էլ իրեն չի արդարացնում։ «Մի կիլո կեռասը 5 հազար 500 դրամ էր, 6 հազար, էս վերջերս իջել է՝ 4 են ասում, այ էս ձևի վիճակ է։ Տեղական մրգերն էլ, բանջարեղենն էլ նմանապես․ մի ամիս շարունակ կարտոֆիլը 3 հազարից չէր իջնում։ Ահավոր թանկ գներ են։ Կոնֆետները, որ 1200-1300 դրամ էին, բոլորը դարձել են 4 հազար, 5 հազար», - ասաց Խաչատրյանը։ Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1400 քաղաքացի զրկված է վիրահատվելուց, արձանագրում է Արցախի օմբուդսմենը։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանն արդեն 117 օր ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, 154 օր էլ ամբողջությամբ խաթարված է էլեկտրամատակարարումը։ Չնայած այս խնդիրներին, Սիլվա Խաչատրյանն իր ուսանողներին հուսադրում է չընկճվել։ Կինը հիշում է 1990-ականները, երբ որդու ծնվելու օրը ևս լույս չկար, այն ժամանակ ավելի վատ էր, ասում է։ «Երեխաները, որ ծնվել են, հենց ծնունդի գիշերն էլ մթության մեջ է ծնվել, նկուղում եմ պահել, մեծացրել։ 4 տարի հոսանք չի եղել առհասարակ, ոչ թե ժամերով չի եղել, այլ առհասարակ չի եղել, և ոչ թե ապրանքը եղել է թանկ, այլ ընդհանրապես ոչ թանկ ոչ է-ան չի եղել, 4 տարի շրձափակում է եղել, մենք դիմացել ենք, մենք պայքարել ենք, մենք հաղթել ենք», - ասց Խաչատրյանը։ Արցախի օմբուդսմենը նաև ընդգծում է՝ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Լաչինի միջանցքը բացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև նոր խոչընդոտ է ստեղծել՝ Հակարի կամրջի վրա անցակետ տեղադրելով։ Բաքուն, միևնույն ժամանակ, շարունակաբար պնդում է, թե Արցախի ճանապարհը բաց է։  
10:13 - 13 հունիսի, 2023
Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան. Արցախի ՄԻՊ

5-րդ օրն է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից սահմանափակ քանակով մարդիկ են տեղափոխվել Հայաստան եւ նույնչափ էլ Հայաստանից են վերադարձել Արցախ: Այս մասին հունիսի 6-ին, Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ հավելել, որ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ: ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երեւում: «Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերեւան, սա քարոզչական նպատակ է հետապնդում, ցույց տալու, որ տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունը անցնում է Հակարիի անցակետով: Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր Խաչինը ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տան, որ խնդիր չկա եւ այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը տարածելով այդ տեսանյութերը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով եւ միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է: «Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության, խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը: Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հակարիի կամրջի մոտ անցակետ դնելուց հետո ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Կարմիր Խաչին արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Երկար բանակցություններից հետո ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արդեն մի քանի անգամ Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան: «Ադրբեջանը դիտավորյալ էր խոչընդոտում բուժառուների տեղափոխումը, դա հատուկ էր արվում, որպեսզի Արցախի քաղաքացիները սկսեն օգտվել այսպես կոչված «անցակետից»: Վստահ եմ, որ ոչ միայն բուժառուները, այլեւ Կարմի Խաչի ներկայացուցիչները, որոնք անարգել ելումուտ պետք է ունենան Արցախ, այսօր անձնագրային ստուգում են անցնում: Մտահոգիչն այն է, որ մարդիկ, որոնք գտնվում են Ադրբեջանի թիրախում եւ հայտարարված թշնամի են Ադրբեջանի համար, նրանց անձնագրային տվյալները հայտնվում են Ադրբեջանի տրամադրության տակ, ինչը խորացնում է անվտանգային սպառնալիքները արցախցիների նկատմամբ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը: Օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում կան մարդիկ, որոնք անցնում են ադրբեջանական քրեական գործերով, հետեւաբար ըստ ՄԻՊ-ի՝ այդ մարդիկ չեն կարող օգտվել այդ անցակետով, քանի որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնի եւ կարող է առեւանգել նրանց: Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ որեւէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց երրորդ կողմի հայ քաղաքացիները կարողանան տեղափոխվել այս կամ այն բնակավայր, քանի որ դա ադրբեջանական կողմին հիմք կտա պնդելու, որ ազատ տեղաշարժը վերականգնվել է: «Քանի դեռ մարդիկ այդ ճանապարհով անցնում են երրորդ կողմի ուղեկցությամբ, ուրեմն առկա են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական սպառնալիքներ: Այդ իրավիճակում խոսել միջանցքի բաց լինելու կամ շրջափակման վերացման մասին՝ տրամաբանական չէ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը:
13:10 - 07 հունիսի, 2023
Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակում Բաքվից պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով» |azatutyun.am|

Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակում Բաքվից պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով» |azatutyun.am|

azatutyun.am: «Արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով». Բաքվի լրատվամիջոցներն են այս վերնագրով կադրեր տարածում, որոնցում նաև կանայք, երեխաներ են անձնագրային ստուգման հերթում։ Ի դեպ, սա արդեն երկրորդ տեսանյութն է։ Մի տարբերություն կա՝ առաջինում ադրբեջանցի տղամարդիկ են անցակետի խցիկում, հիմա կանայք են։ «Ու էդ անցակետ կոչվածն Արցախի ժողովրդի համար անընդունելի է և սա մեկ հոգու կարծիք չէ, երկու հոգու կարծիք չէ, սա համընդհանուր մեր ժողովրդի կարծիքն է», - «Ազատությանն» ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ Ադրբեջանը ուզում է բարեկիրթ երևալ և ցուցադրել, թե հենց սա է ինտեգրումը։ «Սա կատարյալ սուտ ու կեղծիք է, և անձամբ ես էլ, տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ, սա միշտ ընդգծում եմ՝ անգամ այն հանգամանքը, որ մարդիկ տեղաշարժվում են խաղաղապահների և Կարմիր խաչի ուղեկցությամբ, արդեն իսկ խոսում է, որ խոչընդոտված է ազատ տեղաշարժի իրավունքը», - ասաց Ստեփանյանը։ Կադրերում երևում է նաև արցախցիներին տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենան։ Երկու օր առաջ են նրանք վերսկսել Հայաստան գալու կամ Արցախ վերադառնալու հրատապ կարիք ունեցող մարդկանց տեղափոխությունը։ 28 հոգու Հայաստան են բերել, 27 -ին վերադարձրել Արցախ։ Ենթադրվում է, որ նկարահանումը հենց այդ ժամանակ է արվել։ Այս պահին էլ Գորիսի հյուրանոցներում 132 արցախցիներ կա, որ ցուցակագրված սպասում են իրենց հերթին։ Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ մարդիկ պատրաստ են երրորդ կողմի ուղեկցությամբ անցնել ադրբեջանական անցակետով, միայն թե հասնեն իրենց հարազատներին, բայց դա ամենևին չի նշանակում համակերպվել Հայաստան-Արցախ սահմանագծին կանգնած զինված ադրբեջանցիների ներկայության հետ։ Արցախի հանրայինի տեսախցիկն է արձանագրել, թե ինչ ապրումներով են մարդիկ վերադառնում Արցախ։ «Սրտատրոփ սպաում էինք, էն ա որ մտնեինք էստեղ, բայց որ վախենայինք թշնամուց, տենց բան ընդհանրապես չկա», - ասում էր զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ արցախցի էլ նշում էր․ - «Գործի առումով գնացել եմ, երկու ամիս մնացել եմ էնտեղ, բայց Աստված հաջողություն է տվել, եկանք հեսա մեր հողին, մեր օջախներին հասնենք, որպեսզի պահենք, բարգավաճենք, մեր հողին տեր լինենք»։
11:23 - 06 հունիսի, 2023
Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանե ֆեյսբուքյան ըր էջում գրել է. «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։ Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։ Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»։
17:58 - 30 մայիսի, 2023
Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան

Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան

Ալիևի հայտարարությունները հստակ ցուցիչ են այն բանի, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին բոլոր խոսակցությունները դատարկաբանություններ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ԳԵղամ Ստեփանյանը։ «Արցախի Հանրապետության պետականությունն ու պետական մարմինները ձևավորվել են Արցախի ժողովրդի կամարտահայտության արդյունքում՝ ինքնորոշման բնական իրավունքի իրացման ճանապարհով և միտված են սպասարկելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Դրանց դեմ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և դրանցում պարունակվող սպառնալիքները փաստացի ևս մեկ անգամ բացահայտում են, թե ինչ նպատակներ են թաքնված բանակցությունների ժամանակ «իրավունքների և անվտանգության ապահովման» ադրբեջանական խոստումների ներքո։ Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, այլ իրավունքների և ազատությունների ապահովման մասին խոսակցությունները հիմնազուրկ են և իրականությունից կտրված։ Ավելին, դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվում են հայատյացության օրակարգը և Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ զտման քաղաքականությունը քողարկելու համար։ Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ քաղաքացիական անձանց դաժանաբար սպանողը, հայկական մշակութային արժեքների և անգամ հայկական գերեզմաների դեմ պատերազմ վարողը կամ շուրջ կես տարի Արցախի ժողովրդին դիտավորյալ շրջափակման մեջ պահող ու առանց գազամատակարարում և էլեկտրամատակարարում թողած Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել։ Իրողություններն առավել քան պարզ են ու հասկանալի․ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Հիշեցնում եմ բոլոր այն կողմերին, որոնք, այս պարզ ճշմարտությունները հասկանալով հանդերձ, չտեսնելու են տալիս կամ դիտավորյալ զբաղվում են ինքնախաբեությամբ, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխման պատասխանատվություն ունի միջազգային հանրությունը՝ որպես հավաքական հանրույթ, իսկ այդ պատասխանատվության ձախողումը բոլորի հանցակցությունն է»,- գրել է նա։
20:10 - 29 մայիսի, 2023
Արցախի ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել 150-օրյա շրջափակման հետևանքով իրավունքի խախտումների վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել 150-օրյա շրջափակման հետևանքով իրավունքի խախտումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Այդ մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ից:   Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:   Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝   • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամ (367,500-ի փոխարեն՝ 1,839 մուտք և ելք).   • Ճանապարհով գրեթե 54 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (138,000-ի փոխարեն՝ 2,558 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից).   • Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (60,000 տոննայի փոխարեն՝ 4,623 տոննա).   • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա.   • Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1200 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից.   • Ադրբեջանը հանրագումարային 85 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.   • Արդեն 121 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների.   • Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ.   • Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս.   • Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ:   Ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ 80 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից անօրինական անցակետ է տեղադրել Հակարի գետի կամրջի մոտ: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։   Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:   Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։   Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:   Զեկույցին հնարավոր է ծանոթանալ այստեղ` https://artsakhombuds.am/hy/document/1022:
16:40 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը
 |armenpress.am|

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։ Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ին սահմանային անցակետ է տեղադրել Հաքարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Բաքվից հայտարարել են, որ անցակետի տեղադրման մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
15:26 - 10 մայիսի, 2023
Արցախի շրջափակմամբ և անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է. Արցախի ՄԻՊ

Արցախի շրջափակմամբ և անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Այսօր աշխարհը նշում է մամուլի ազատության համաշխարհային օրը, որն ընդգծում է մամուլի անկախ և պաշտպանված լինելու կարևորությունը: Արցախի ժողովրդի իրավունքների համատարած խախտումներին զուգահեռ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը տեղեկատվական մեկուսացման մեջ պահելու ուղղությամբ։ Պետք է հստակ արձանագրենք, որ անգամ մինչև շրջափակումն օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն Արցախ խոչընդոտվում էր, շատ քչերին էր հաջողվում մուտք գործել Արցախ, տեղում իրավիճակին ծանոթանալու և լուսաբանելու համար։ Այսօր Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու («Լաչինի միջանցք») վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու տեսանկյունից։ Մամուլի ազատության միջազգային օրն առիթ է երախտագիտություն հայտնելու բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո իրենց օբյեկտիվում են պահել Արցախի ժողովրդի խնդիրներն ու գոյաբանական սպառնալիքները՝ երբեմն վտանգելով նաև սեփական կյանքն ու առողջությունը։ 2020թ. Արցախում պատերազմը լուսաբանող 7 լրագրողներ վիրավորվել են, և սպանվել է լրագրողներին ուղեկցող մեկ անձ: Լրագրողները թիրախավորվել են ոչ թե ռազմական գործողությունների կիզակետում, այլ քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ: Արժանին պետք է մատուցել նաև արցախյան լրատվադաշտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք սահմանափակ հնարավորությունների պայմաններում, իրականացնում են կարևորագույն աշխատանք Արցախում առկա իրավիճակն աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մամուլի ազատության համաշխարհային օրը, Արցախից մեր հիմնական ուղերձն ու կոչն ուղղված է միջազգային լրատվամիջոցներին՝ ջանքեր գործադրելու Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակն ու Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական հանցավոր գործողություններն ու դրանց հետևանքները միջազգայն լսարանին հասցնելու համար»։
19:17 - 03 մայիսի, 2023
Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման․ Արցախի ՄԻՊ
 |azatutyun.am|

Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման․ Արցախի ՄԻՊ |azatutyun.am|

azatutyun.am: Լաչինի միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հույս հայտնելով, որ հենց այս հարցի շուրջ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ բանակցությունները։ Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Ստեփանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, մասնավորապես, ինչի՞ շուրջ են արդեն երկրորդ օրը շարունակվող բանակցությունները խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ։ Ստեփանյան․ - Հիմնական պահանջը, որ ներկայացվում է, այն է, որ միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է։ Եվ գիտեք, սա նաև բազմիցս բարձրաձայնվել է հենց Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական շրջանակների կողմից, և սա, կարծես թե, ռուսական կողմի համար կարմիր գիծ է եղել միշտ, և ես ենթադրում և հույս ունեմ, որ այսօր ընթացող բանակցությունները հենց այս հարցի շուրջ են, որ որևէ ձևով թույլ չտրվի միջանցքի վրա ադրբեջանական անցակետի ներկայությունը, որովհետև ռուսական խաղաղապահները, կարծում եմ, իրենք ևս հասկանում են, որ անցակետի առկայությունը միջանցքի վրա Արցախի ժողովրդի համար անընդունելի է և դա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման։ «Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, Ձեր լավատեսությունն ինչո՞վ է պայմանավորված, եթե հենց նրանց ներկայությամբ են բերել այս անցակետը տեղադրել և չեն միջամտել, փաստորեն։ Ստեփանյան․ - Լավատեսություն չէի ասի, ուղղակի հույս արտահայտեցի։ Իհարկե, չենք կարող ասել, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի։ Ես կարող եմ ասել, թե մենք ինչ հանգուցալուծում ենք տեսնում, իսկ մեզ համար այդ հանգուցալուծումը պետք է լինի եռակողմ հայտարարության շրջանակներում, ըստ որի, այսպես կոչված, Լաչինի միջանցքը, որը որ 5 միլոմետր լայնություն ունի և ամբողջությամբ պետք է լինի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:28 - 26 ապրիլի, 2023