Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են․ Արցախի ՄԻՊ |news.am|
09:43 - 25 ապրիլի, 2023

Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են․ Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո Արցախում, մեծ հաշվով, իրավիճակի փոփոխություն չկա, որովհետև միջանցքի փակ լինելը երեկ չէ, որ առաջացել է, արդեն 4,5 ամիս է՝ շարունակվում է Արցախի շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Այսինքն՝ այն հումանիտար խնդիրները, որոնք կան շրջափակման հետևանքով, անցակետի տեղադրումից հետո դեռևս որևէ փոփոխության չեն ենթարկվել: Հարցն այն է, որ անցակետի տեղադրումով, ենթադրաբար, Ադրբեջանը խստացնելու է արգելափակումը, շրջափակումը: Ես կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից լինելու են գործողություններ՝ խոչընդոտելու նաև ռուսական խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով հումանիտար բեռների տեղափոխման գործընթացը: Այս պահի դրությամբ այդ մարմիններից դեռ նման տեղեկատվություն չկա, բայց պետք է հաշվի առնենք, որ անցակետի տեղադրումը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը շարունակում է անցակետի կառուցման աշխատանքները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Շուշիի շրջանի երեք գյուղերին՝ Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող, որոնք ունեին որոշակի կապ Հայաստանի հետ, Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այս ընթացքում այդ գյուղերն ազատ հաղորդակցություն չեն ունեցել Հայաստանի հետ, և նրանց ևս հումանիտար ապրանքների մատկարարումն իրականացվում էր խաղաղապահների և Կարմիր Խաչի միջոցով: 

«Այս պահին ստացվում է այնպես, որ այդ համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են, կապ չկա Ստեփանակերտի հետ, կապ չկա նաև Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։

Շարունակությունը՝ news.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել