ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-46, Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն, իրականացնելու է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում։ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։  2019թ. Հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև 6 կմ ճանապարհահատվածը։ 2021թ.-ին նախատեսված է Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի հիմնանորոգում‚ իսկ 2022թ. Կհիմնանորոգվի դեպի Կապան ևս 10 կմ ճանապարհահատված։ Այդպիսով կունենանք Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային՝ 40 կմ բարեկարգ‚ ասֆալտապատ ճանապարհ։ Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։
11:32 - 28 հուլիսի, 2020
Ոռոգման համակարգերի արդիականացում՝ 50 միլիոն դոլարով

Ոռոգման համակարգերի արդիականացում՝ 50 միլիոն դոլարով

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Այս մասին հայտնում է ՀՏԶՀ-ն:  Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Տպավորիչ են հատկապես սպասվող արդյունքները. ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում: Ընդհանուր կառավարումն իրականացվում է ՏԿԵ նախարարության կողմից:
15:08 - 27 հուլիսի, 2020
Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք ստացել են բնակարանի գնման վկայագրեր

Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք ստացել են բնակարանի գնման վկայագրեր

Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայությունից, 1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր։ Այս անգամ ևս կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակը արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։ Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։ Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։ Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:
14:28 - 27 հուլիսի, 2020
Չսահմանված վայրերում առեւտուրը վերացնելու համար նոր նախագիծ է շրջանառվում․ առաջարկվում է առգրավվել ապրանքը |armtimes.com|

Չսահմանված վայրերում առեւտուրը վերացնելու համար նոր նախագիծ է շրջանառվում․ առաջարկվում է առգրավվել ապրանքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ առաջարկելով չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում վաճառվող ապրանքն առգրավվել, այնուհետեւ դրանք իրացնել համայնքի կողմից։ Համապատասխան նախագիծն արդեն իսկ քննարկման է ներկայացվել։ Այն վերաբերում է, թե՛ Երեւան քաղաքին, թե՛ մնացած բոլոր համայնքներին։ Եթե ապրանքների սեփականատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաեւ այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապա ապրանքները մինչեւ վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվում է տվյալ գործով կայացված վարչական ակտով՝ դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո: Եռօրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում արագ փչացող ապրանքներն իրացվում են տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Իրացման արդյունքում գոյացած գումարը փոխանցվում է համայնքի հաշվին ու տնօրինվում միայն տվյալ գործով կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց եւ անբողոքարկելի դառնալուց հետո՝ ակտի եզրափակիչ մասում նշելով բռնագանձման եւ վերադարձման ենթակա գումարների չափերի մասին: Վերցված ապրանքների իրացման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:     Անձը, որից վերցվել են սահմանված առարկաները, կարող է դրանք ստանալ տուգանքի առավելագույն գումարի եւ այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության համար անհրաժեշտ գումարները վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արագ փչացող ապրանքների դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՏԿԵ նախարարությունը նշել է, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա առեւտրի եւ առհասարակ առեւտրի իրականացման հետ կապված առկա չեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան նշված գործունեությունն իրականացնել որոշակի կանոնակարգումներին եւ ընթացակարգերին համապատասխան։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առեւտրի իրականացման գործունեությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առեւտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:
12:30 - 27 հուլիսի, 2020
Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

Լիճքից մինչև Մեղրի 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լիճք բնակավայրի խաչմերուկից մինչև Մեղրի 10 կմ երկարությամբ ճանապարհահատվածում (կմ 364+000 – կմ 374+000) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։ Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։ Հիմնանորոգման շրջանակում իրականացվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, ջրահեռացման համակարգերի վերականգնում, երկու կամուրջների նորոգում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ նշագծում։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 միլիարդ 12 միլիոն դրամ։
10:12 - 27 հուլիսի, 2020
Սուրեն Պապիկյանը երեք մարզերում հետևել է  ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Սուրեն Պապիկյանը երեք մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։ Պատասխանատուները վստահեցրել են, որ պատշաճ ուշադրություն է դարձվում որակի վերահսկմանը, իսկ թերություների դեպքում դրանք պարտադիր շտկվում են։ Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Չքնաղ-Ձորագլուխ 5․4 կմ ճանապարհահատվածում։ Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է, աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերին։ Նախարար Պապիկյանի հետ զրույցում պատասխանատուները նշել են,որ նախագծային որոշ աշխատանքների ավարտից հետո նորոգման աշխատանքները կշարունակվեն ավելի լայն թափով: Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նաև մարզի Վարդաբլուր համայնքի կենտրոնական փողոցի 2 կմ ճանապարհահատվածը։ Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ։ Վերջին անգամ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է 1980-ական թվականներին։ Հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են Սիփան-Ավշեն եզդիաբնակ համայնքներն իրար կապող 6․1 կմ ճանապարհահատվածում։ Ճանապարհը կառուցվել է մոտ 40 տարի առաջ և մեծ նշանակություն ունի երկու համայնքների համար։ Նախարարն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է համայնքային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ․ բարեկարգ ճանապարհն իր հերթին կնպաստի ազգային փոքրամասնություններով բնակեցված այս համայնքներում կյանքի աշխուժացմանը։ Շիրակի մարզում նախարար Պապիկյանը մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ հետևել է Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման մայրուղու Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարության պատասխանատուների խոսքով իրականացվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջրահեռացման համակարգերը: Ճանապարհը վերջին անգամ հիմնովին նորոգվել է 2000-ական թթ: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում` 10 սմ ասֆալտբետոնե ծածկի տեղադրմամբ: Հոռոմ-Արթիկ հանրապետական նշանակության ճանապարհի տարբեր հատվածներում ևս իրականացվում են հիմնանորոգման, ինչպես նաև միջին նորոգման աշխատանքներ: Նախարար Պապիկյանը ծանոթացավ Գուսանագյուղով անցնող ճանապարհի հիմնանորոգման ընթացքին, որտեղ ներկայումս իրականացվում են հողային և ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ: Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը ևս նախատեսվում է հիմնանորոգել այս տարի: Շրջայցի ընթացքում այս հատվածում նկատված խնդիրները ուսումասիրելիս նախարար Պապիկյանը հորդորեց պատասխանատուներին հետևողականություն ցուցաբերել, շտկել նախագծային թերությունները և տեմպ հաղորդել ճանապարհի շինարարությանը: Վերադարձին  նախարարն Արմավիրի մարզում հետևել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` ՏԿԵ  նախարարության պատվիրակությամբ:
21:43 - 24 հուլիսի, 2020
Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 12 կմ-ում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Մասնավորապես‚ շինաշխատանքներ են կատարվում Մ-2-ի  270+000-կմ 277+000 հատվածում։ 7 կմ երկարությամբ այս հատվածի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 590 միլիոն ՀՀ դրամ։ Շինաշխատանքները կատարում են «Ոսմար» և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ները։ Մ-2-ի կմ284+400-կմ289+100 հատվածում հիմնանորոգման աշխատանքներ է կատարում «Ապառաժ» ՍՊԸ-ն։ 4.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 420 միլիոն ՀՀ դրամ։ Երկու հատվածներում էլ հիմնանորոգումը մեկնարկել է հունիսին‚ ըստ պայմանագրի‚ աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից հետո 150 օրվա ընթացքում։ Շինարարների կողմից կատարվելու են հողային աշխատանքներ, ճանապարհիպատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծման աշխատանքների իրականացում:
17:11 - 24 հուլիսի, 2020
Մ-2 միջպետական ճանապարհի կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Մ-2 միջպետական ճանապարհի կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Մ-2 միջպետական ճանապարհի կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է, ՏԿԵ նախարարությւոնը։ Մ-2 , Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 82+000-կմ 91+600 հատվածի (երկարությունը՝ 9.6 կմ) հիմնանորոգման աշխատանքների պատճառով կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի։ Փակ հատվածը շրջանցելու համար առաջարկվում է երթևեկության անվտանգության ապահովման սխեմա՝ շրջանցիկ ճանապարհահատված։ Նշենք‚ որ շինաշխատանքներ իրականացնող կապալառու կազմակեպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ ՀՀ դրամ։
17:23 - 22 հուլիսի, 2020
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 265+000 – կմ 270+000 հատվածում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ, մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում կատարելու է հողային աշխատանքներ, գաբիոնների, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի (C1 տիպի ազդանշանային սյուների և արգելափակոցների), երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում: Հիմնանորոգումը մեկնարկել է հունիս ամսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 180 օրվա ընթացքում: Հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 615 միլիոն դրամ։
10:40 - 21 հուլիսի, 2020
Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն |armenpress.am|

Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը: «Ընդերքօգտագործման իրավունքները տրամադրվելու են ոչ թե մինչև  50 տարի ժամկետով, այլ մետաղականների համար մինչև  25 տարի և ոչ մետաղականների համար 20 տարի ժամկետով: Այս նախագծով կարգավորվում են նաև իրավունքի գրավադրման հետ կապված հարաբերությունները՝ ինչպես հանքարդյունաբերող զարգացած երկրներում: Մենք առաջարկում ենք, որ ըներքօգտագործման իրավունքը գրավադրվի միայն այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը ներգրավող միջոցները կծախսի հենց տվյալ  լիցենզիայի, տվյալ իրավունքի շրջանակում աշխատանքների համար և ոչ թե այլ բիզնեսների և այլ նպատակների համար»,-ասաց Շուշանյանը: Բացի այդ  սահմանվել է, որ ընդերքօգտագործման իրավունքները կերկարաձգվեն կամ կընդլայնվեն այն դեպքերում, երբ ընդերքօգտագործողը տվյալ պահի աշխատանքներն իրականացրած լինի առնվազն 70 տոկոսով: Առաջարկվում են նաև բնապահպանական ուղղությամբ մի շարք բարեփոխումներ, օրինակ՝ մինչև 500 հազար արտադրողականությամբ հանքավայրերի համար չոր պոչերի տեխնոլոգիայի պարտադիր կիրառում,  ինչպես նաև բոլոր մետաղական հանքավայրերի համար փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառելիություն և Հայաստանում վերընթաց պոչամբարների արգելում: Նախագծով կարգավորվում են նաև ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգերը և հստակեցվում: Փաթեթը քվեարկությամբ ստացավ 98 «կողմ» ձայն:
15:15 - 16 հուլիսի, 2020
2 մլրդ 646 մլն դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

2 մլրդ 646 մլն դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2020 թվականի ինն ամսում կհատկացվի 2 մլրդ 646 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 16-ի նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ սրանք 2019 թվականի մեկնարկած և 2020 թվականին ավարտվող սուբվենցիոն ծրագրերն են։ «Խոսքը վերաբերում է 83 համայնքների թվով 106 սուբվենցիոն ծրագրերին։ Նշեմ նաև, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 23-ին 21 ծրագրերի համաֆինանսավորման համար մեր կողմից հատկացվել է 405 մլն դրամ»,- նշեց նախարար Սուրեն Պապիկյանը։ Վարչապետն էլ հայտնեց, որ 700-ից ավել սուբվենցիոն հաստատված ծրագիր կա, և այս տարի սուբվենցիոն ծրագրերն աննախադեպ ծավալ են ունենալու։ «Այս տարի հաստատվել է 701 ծրագիր, ընդհանուր գումարային հաշվարկով շուրջ 44 մլրդ դրամ, որից կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։ Նշված ֆինանսական միջոցները համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2006 թվականի  նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» սահմանված կարգի դրույթների համաձայն` համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման  անհրաժեշտությամբ:
14:09 - 16 հուլիսի, 2020
Ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

Ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում 2019թ. իրականացվել է 43 ծրագիր, մինչև այս տարեվերջ ավարտին կհասցվի 14 ծրագիր, ևս 22 ծրագիր շարունակական կիրականացվի մինչև 2023 թվականը: Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները. 15 միավորված համայնքում ներդրվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր, 9-ում՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ): Ընթացքի մեջ են ևս 9 միավորված համայնքում ՔՍԳ հիմնման աշխատանքները, ակնկալվում է մինչև տարեվերջ ունենալ 49 ՔՍԳ: Գրասենյակների կողմից քաղաքացիներին մատուցվում է պետական մարմինների ավելի քան 60 ծառայություն: 2019թ. հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 17,465 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` 9,597 մլրդ դրամ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ: սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են համայնքային տարբեր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղություններով: 2020թ. հաստատվել է 170 սուբվենցիոն ծրագիր՝ 6,795 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ 3,561 մլրդ դրամ պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Տարածքային համաչափ զարգացման նպատակով ՀՀ մարզերում իրականացվել է առաջնահերթ լուծում պահանջող 210 ծրագիր, որից արդեն ավարտվել է 191-ը, մնացածն ընթացքի մեջ են: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 8 դպրոցում կատարվել են 4.11 մլրդ դրամին համարժեք շինաշխատանքներ, ներկայում ընթացքի մեջ են 7 դպրոցի կառուցման աշխատանքները, 2020թ. նախատեսվում է հայտարարել 15 դպրոցի շինարարական մրցույթները: Շարունակվել են Վեդիի և Կապսի ջրամբարների և ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերը: Անդրադառնալով ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտին՝ նախարարը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ պետբյուջեի հատկացումներով հիմնանորոգվել է 150,4 կմ ճանապարհ, կատարվել են 131,5 կմ միջպետական ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ 2020թ. նախատեսված են 2444 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման և մոտ 80 կմ միջին նորոգման աշխատանքներ։ Շարունակվել են վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով նախատեսված աշխատանքները՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի, «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, ավարտին է հասցվել Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծումը: Նախարարի խոսքով՝ 2019-ը ակտիվ տարի է եղել տրանսպորտի ոլորտի համար, իրականացվել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ, աճել է բեռնա- և ուղևորափոխադրումների ծավալը: Առաջընթաց է արձանագրվել երկաթուղային տրանսպորտի բնագավառում. «Հարավկովկասյան երկաթուղի» կողմից իրականացվել է շարժակազմի արդիականացում՝ 1 նոր էլեկտրագնացքի և 40 նոր կիսավագոնների համալրմամբ, բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների գնային և չվացուցակային քաղաքականությունը: Ընդերքօգտագործման բնագավառում՝ կատարվել են իրավական դաշտի բարելավման, երկրաբանական տեղեկատվության կառավարման համակարգի ներդրման, իրական սեփականատերերի հայտարարագրման ռեգիստրի մշակման և այլ աշխատանքներ: Պայմանագրային պարտավորությունների ուսումնասիրության արդյունքում՝ ընդերքօգտագործողներին տրվել է 569 զգուշացում, վճարվել է 695 մլն դրամ ապառք, կատարվել է 11 ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում, որից 4-ը՝ մետաղական: Տրամադրվել է արդյունահանման՝ 17, ուսումնասիրության՝ 16 թույլտվություն, մերժվել է 32 հայտ: Էներգետիկ ենթակառուցվածքների առումով՝ 2019թ. վերակառուցվել են մի շարք ենթակայաններ, 2020թ. նախատեսվում է, սեփական միջոցների հաշվին, իրականացնել Գեղարքունիքի մարզի «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներ: Արևային և ատոմային էներգետիկայի ոլորտում կատարվել են հզորությունների զարգացման աշխատանքներ, շարունակվել է Հայաստան-Իրան 400 կՎ և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերի իրականացումը: Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Փաշինյանը ՏԿԵ նախարարից հետաքրքրվել է ոլորտային՝ տարածքային զարգացման, հանքարդյունաբերության, աղբահանության, էներգետիկայի, ջրային համակարգի, աղբահանության, պետական գույքի կառավարման ռազմավարությունների ընթացքով: Ս. Պապիկյանը զեկուցել է, որ ռազմավարությունների մի մասի մշակման աշխատանքներն ավարտվել են, փաստաթղթերը ներկայացվել են քննարկման, մյուսները կներկայացվեն սահմանաված ժամանակացույցին համաձայն: Վարչապետ Փաշինյանին նաև մանրամասներ են ներկայացվել համայնքների խոշորացման գործընթացի, կանոնավոր ուղևորափոխադրումների տրանսպորտային արդյունավետ ցանցի ձևավորման, ճանապարհային ծածկույթի պահպանման նպատակով բեռնափոխադրումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ աշխատանքների, 2020թ. սուբվենցիոն ծրագրերի, տեղական հարկերի և տուրքերի վճարման համակարգի ընդլայնման, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տարեկան ազգային զեկույցի կազմման, ինչպես նաև հաշվետու տարում նախատեսված այլ միջոցառումների կատարողականի/ուշացումների վերաբերյալ: Ամփոփելով վարչապետը նշել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման տիրույթը բավական ընդգրկուն է և ներառում է առաջնահերթություն ներկայացնող ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հաշվետու տարում մի շարք ուղղություններով գերատեսչության արձանագրած արդյունքներն ակնառու են, բայց և միաժամանակ պետք է ապահովել կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցի պահպանումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է աշխատանքների հնարավորինս ճշգրիտ պլանավորման կարևորությունը և հանձնարարել աշխատակազմին՝ առավել հետևողական լինել այս հարցում: Վարչապետ Փաշինյանը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ավարտին հասցնել ոլորտային ռազմավարությունների մշակման ու քննարկման աշխատանքները և ներկայացնել հաստատման:
17:26 - 15 հուլիսի, 2020