#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության. հայտարարություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության. հայտարարություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Միաժամանակ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայունությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ հայտարարում, որ շարունակելու է ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում և վերահաստատում համոզմունքն առ այն, որ մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»:
16:11 - 21 հունիսի, 2021
«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վստահեցին մեզ և քվեարկեցին «5165» շարժման օգտին: Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է ձեր վստահության կարևորությունը»,-այս մասին հայտարարություն է տարածալ «5165» շարժումը: «Միևնույն ժամանակ պարտավոր ենք նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ: Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ «5165» շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները: Անկախ հրապարակված պաշտոնական արդյունքներից, «5165» շարժումը համարում է, որ ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար, և մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն Հայի և Հայաստանի»,-ասված է հայտարարության մեջ:
16:09 - 21 հունիսի, 2021
Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՍԴ`կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով․ «Հայոց հայրենիք»

Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՍԴ`կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով․ «Հայոց հայրենիք»

«Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ավարտվեցին 20.06.2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք իրենց անօրինականությամբ և ապօրինությամբ կարելի է որակել որպես ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները։  Տոտալ ընտրակաշառքների բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, Հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումներ, ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկություն, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերում, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումներ, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում անցկացված ընտրություններ և այլն։Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ` ներքոստորագրյալ կուսակցություններս հայտարարում ենք՝1.Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող; 2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ` 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար»:
16:02 - 21 հունիսի, 2021
Ընտրություններն անցան անորոշության, վախի մթնոլորտում, երբ գործող իշխանությունը եւ ընդդիմության մեծ մասը ենթարկվում են Կրեմլի գաղութային  թելադրանքին ու ճնշմանը․ ՀԵՎԿ

Ընտրություններն անցան անորոշության, վախի մթնոլորտում, երբ գործող իշխանությունը եւ ընդդիմության մեծ մասը ենթարկվում են Կրեմլի գաղութային թելադրանքին ու ճնշմանը․ ՀԵՎԿ

ՀԵՎԿ հայտարարությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ․   «ՀայրենակիցներՀայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ), հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, ողջունում է 2021թ․ հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կայանալու փաստը: Միաժամանակ ՀԵՎԿ-ը համարում է անցած ընտրությունները ոչ ազատ եւ ոչ արդար, նկատի առնելով մասնակիցների անհավասար պայմանները, խոսքի ազատության սահմանափակումները, պետական եւ մասնավոր օլիգարխական ԶԼՄ-ների մենաշնորհն ու կողմնակալությունը, ինչպես նաեւ վարչական ու ֆինանսական ճնշումների ու կաշառքների ակնհայտ առկայությունը։ Արդյունքում, բոլոր «հին» վարչակազմերի ներկայացուցիչները հայտնվեցին «նոր» խորհրդարանում, ձեռք բերելով անպատժելիություն անցյալում գործած հանցանքների եւ քաղաքական սխալների համար։2021 թ․ հունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրություններն անցան անորոշության, վախի եւ անվստահության մթնոլորտում, երբ գործող իշխանությունը եւ ընդդիմության մեծ մասը ենթարկվում են Կրեմլի գաղութային  թելադրանքին ու ճնշմանը։ Այս պայմաններում ՀԵՎԿ-ը բացառում է որեւէ համագործակցություն ՀՀ նախկին ու ներկա խամաճիկ քաղաքական գործիչ-գործիքների հետ։ՀԵՎԿ-ը կոչ է անում ժողովրդավարական ուժերին համախմբվել Եվրոպական Հայաստանի գաղափարի շուրջ, քանի որ ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցությունից բացի, մեր պետությունը չունի խաղաղության, անվտանգության, ինքնիշխանության եւ զարգացման այլ երաշխիք»։
15:52 - 21 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված  28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՀ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու: Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է:  Տվյալ անձի ձերբակալման իրավաչափությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որը հունիսի 20-ի իր որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը: ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։    Պատշաճ դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում  առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:22 - 21 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքի համար ընտրության արդյունքներն ընդունելի չեն. դաշինքը կդիմի ՍԴ |pastinfo.am|

«Հայաստան» դաշինքի համար ընտրության արդյունքներն ընդունելի չեն. դաշինքը կդիմի ՍԴ |pastinfo.am|

pastinfo.am: «Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: Այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: «Ընտրության արդյունքներն անսպասելի էր:Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ: Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային»,-ասաց Վահե Հակոբյանը: Նրա պնդմամբ՝ ընտրություններին մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել, հատկապես՝ զինվորականներ են օգտագործվել՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի.«Ինչ կարողացել են, արել են՝ սպառնալիքներով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Սյունիքում զինվորականներ են բերել, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Շուռնուխում Նիկոլի օգտին քվեարկել է 9 հոգի, զորք են բերել՝ նրա համար քվեարկելու, բայց էլի այսպիսի արդյունք չէինք սպասում»,-ասաց Վահե Հակոբյանը: «Հայաստան» դաշինքն, ըստ ամենայնի, վաղը մամուլի ասուլիս կհրավիրի և հայտարարությամբ հանդես կգա:
14:59 - 21 հունիսի, 2021
Եվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով. ՀՔԾ

Եվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով. ՀՔԾ

ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ տարածաշրջանում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։ Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:43 - 21 հունիսի, 2021
Քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում․ Իոաննիսյան

Քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում․ Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ քվեարկության օրը իրենց դիտարկած տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տասնյակ խախտումներ։ «Մասնավորապես, դիտարկված տեղամասերի 52%-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խախտումներ, բազմաթիվ տեղամասերում դիտարկվել են տեղամասի ներսում քարոզչության դեպքեր, մասնավորապես՝ տեղամասերի 37.5 %-ում դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին քարոզչություն, 15.7 %-ում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 14%-ում «Քաղաքացիական պայմանագրի», և 4.7-ական տոկոսում «Բարգավաճ Հայաստան»-ի «Ազգային ժողովրդավարական բևեռի օգտին»։ Նա նաև ասաց, որ ընտրատեղամասերում  դիտարկվել են նաև վիճաբանություններ և նույնիսկ ծեծկռտուքի դեպքեր։ «Այդուհանդերձ, դրանք եղել են հատուկենտ, տեղի են ունեցել ձայների հաշվարկի ընթացքում և չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա»։ Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում և վարչական բողոք։ Նա ասաց, որ բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը, մի խումբ խոշոր ձեռնարկությունների կողմից ենթակաների վրա ապօրինի ազդեցության դեպքերը։ «Այդպիսի ձեռնարկությունների թվին են պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ն, ՀԷՑ-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը։ Նույն ուժի նախընտրական հանրահավաքների մասնակցության և այդ ուժի օգտին քվեարկելու պարտադրանքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր և նաև փաստեր եղել են՝ մի շարք ՏԻՄ-երի և դրանց ենթակա կառույցներում»։ Նրա խոսքով՝ էապես, բայց ավելի եզակի են եղել ՔՊ-ի նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերը։ «Այս մտահոգությունները ավելանում են ընտրությունների օրը արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի ֆոնին»։
14:24 - 21 հունիսի, 2021
Եթե լինեն փաստարկներ՝ կբողոքարկենք ընտրությունների արդյունքները. Արամ Սարգսյան |armtimes.com|

Եթե լինեն փաստարկներ՝ կբողոքարկենք ընտրությունների արդյունքները. Արամ Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն ընտրությունների արդյունքների վերաբերյալ այս պահին ձեռնպահ է մնում տեսակետ հայտնելուց: Վերջին ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորած Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին ընտրությունների արդյունքների վերաբերյալ չունեն այնպիսի փաստեր, որպեսզի որեւէ եզրակացության գան, դրա համար ձեռնպահ են մնում: Հարցին՝ ի՞նչ-որ խնդիրներ կան, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն հայտնում, Սարգսյանը պատասխանեց. «Մեզ համար օրինակ՝ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու հանկարծ Վրաստանից անջատվեց Հայաստանին էլեկտրամատակարարումը այն պահին, երբ հաշվարկներ էին կատարվում: Այդպիսի կարեւոր հարցադրում ունենք, բացատրություն չունենք: Ինչ է կատարվել այդ 5-7 րոպեի ընթացքում՝ դա նույնպես չենք հասկանում: Հարցադրումներ կան եւ երբ մոտ օրերս իսկապես ամփոփվեն արձանագրությունները կհասկանանք, եթե եղել են ինչ-որ ճչացող խախտումներ, ապա կասենք այդ մասին: Այս պահին դեռեւս չենք կարող ասել, որ փաստեր ունենք, բայց, որ հարցեր կան, դա միանշանակ է»:
14:14 - 21 հունիսի, 2021
Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության․ «Հանրապետություն» կուսակցություն

Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության․ «Հանրապետություն» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Հանրապետություն կուսակցությոնը իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են Հանրապետությանը: Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։ Հանրապետությունը շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։ Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը: Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։ Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։ Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման ազգային ժողովին»։
13:43 - 21 հունիսի, 2021
Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Եթե ամբողջ խմբակցությունը հրաժարվում է մանդատից, միայն մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններն են ստանում իրենց մանդատները: Հրաժարված խմբակցության պատգամավորները չեն ստանում ու փաստորեն, մանդատ ստացած անձինք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավորներ: Այս մասին ասյօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից: «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող», - նշեց նա: Հարցին՝ դա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների՝ ԿԸՀ նախագահը  պատասխան չկարողացավ տալ: «Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք», - եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել անցողիկ 7 տոկոսի շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ կմտնի խորհրդարան:
13:35 - 21 հունիսի, 2021
Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան, ադրբեջանա-թուրքական 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի Հանրապետության ներքաղաքական անկայուն իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ՝ չնայած բազմաթիվ արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները՝ հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Հուսով եմ՝ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամրացնել պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը, վերականգնել հանրային համերաշխությունը համազգային հիմնախնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև հետևողական ու արդյունավետ աշխատանք տանել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Հաջողություն եմ մաղթում նաև ժողովրդի որոշակի վստահության արժանացած մյուս քաղաքական ուժերին: Համոզված եմ՝ ստացած յուրաքանչյուր քվե պետք է ծառայեցվի համազգային շահերին ու իղձերին՝ կայուն, կառուցողական ու հարգալից քաղաքական միջավայրում: Պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները մեզ այլ ուղի չեն թողնում, քան դեմ հանդիման կանգնել դրանց և միասնական ջանքերով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները դարձնել ավելի անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք մեր ժողովրդի համար՝ հանուն մեր գալիք սերունդների ու Հայոց Հայրենիքի հարատևման»:
12:56 - 21 հունիսի, 2021
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

«Ավարտվեց մեր պատմության առանցքային շրջափուլերից մեկը:Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով. ««Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար:Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին:Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ:Մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված ու անվտանգ Հայաստանի կառուցման հաստատակամությամբ:Ֆրանսիացիները հրաշալի են ձևակերպել. Երբե՛ք ձեռքերդ վայր չդնես...Չե՛նք դնելու, շարժվելու ենք առաջ՝ արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ:Հ.Գ. Այսօր երեկոյան կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ ընտրությունների ընթացքի, արդյունքների և առաջիկա անելիքների մասին»: Նշենք, որ  «Արդար Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններում չի հաղթահարել 1 տոկոսի շեմը:
12:53 - 21 հունիսի, 2021