Քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում․ Իոաննիսյան
14:24 - 21 հունիսի, 2021

Քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում․ Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ քվեարկության օրը իրենց դիտարկած տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տասնյակ խախտումներ։

«Մասնավորապես, դիտարկված տեղամասերի 52%-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խախտումներ, բազմաթիվ տեղամասերում դիտարկվել են տեղամասի ներսում քարոզչության դեպքեր, մասնավորապես՝ տեղամասերի 37.5 %-ում դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին քարոզչություն, 15.7 %-ում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 14%-ում «Քաղաքացիական պայմանագրի», և 4.7-ական տոկոսում «Բարգավաճ Հայաստան»-ի «Ազգային ժողովրդավարական բևեռի օգտին»։

Նա նաև ասաց, որ ընտրատեղամասերում  դիտարկվել են նաև վիճաբանություններ և նույնիսկ ծեծկռտուքի դեպքեր։ «Այդուհանդերձ, դրանք եղել են հատուկենտ, տեղի են ունեցել ձայների հաշվարկի ընթացքում և չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա»։

Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում և վարչական բողոք։

Նա ասաց, որ բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը, մի խումբ խոշոր ձեռնարկությունների կողմից ենթակաների վրա ապօրինի ազդեցության դեպքերը։ «Այդպիսի ձեռնարկությունների թվին են պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ն, ՀԷՑ-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը։ Նույն ուժի նախընտրական հանրահավաքների մասնակցության և այդ ուժի օգտին քվեարկելու պարտադրանքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր և նաև փաստեր եղել են՝ մի շարք ՏԻՄ-երի և դրանց ենթակա կառույցներում»։

Նրա խոսքով՝ էապես, բայց ավելի եզակի են եղել ՔՊ-ի նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերը։ «Այս մտահոգությունները ավելանում են ընտրությունների օրը արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի ֆոնին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել